19.06.2026 -
040.0815.200611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2011 թվականի N 815-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 477 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
1.1. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
(1.1-ին կետը լրաց. 18.06.2026 թիվ 870-Ն որոշում)
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու մասին» N 477 որոշումը:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) խորհրդատվական, փորձագիտական ու գիտամեթոդական ծառայությունների մատուցում.
2) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում ու դրա արդյունքների իրացում.
3) ակադեմիայի աշխատողների հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում ու սպասարկում:
(3-րդ կետը փոփ. 18.06.2026 թիվ 870-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 18.06.2026 թիվ 870-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 26-ի
N 815-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ակադեմիա) Հայաստանի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Ժողկոմխորհի 1943 թվականի նոյեմբերի 10-ի N 702 որոշմամբ ստեղծված ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի իրավահաջորդը հանդիսացող` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ` ակադեմիա) Հայաստանի Հանրապետության` ի դեմս կառավարության, հիմնադրած ինքնակառավարվող իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կազմակերպական-իրավական ձևի և կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով (այսուհետ` օրենք) և սույն կանոնադրությամբ: Ակադեմիան իր կազմում միավորում է ակադեմիայի անդամներին` ակադեմիկոսներին ու ասոցացված անդամներին, ակադեմիայի գիտական բաժանմունքները, ակադեմիայի աշխատակազմը, ակադեմիայի պատվավոր ու արտասահմանյան անդամներին և հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր գլխավոր ու պատվավոր առաջատար գիտաշխատողներին:
3. Ակադեմիան իր գործունեությունն իրականացնում է` համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, օրենքի, այլ իրավական ակտերի ու սույն կանոնադրության:
4. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
5. Ակադեմիայի անվանումն է`
1) հայերեն լրիվ` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպություն.
2) հայերեն կրճատ` ՀՀ ԳԱԱ.
3) ռուսերեն լրիվ` Նեկոմմեռչեսկայա օռգանիզացիյա «Նացիոնալնայա ակադեմիյա նաուկ Ռեսպուբլիկի Առմենիյա».
4) ռուսերեն կրճատ` ՆԱՆ ՌԱ.
5) անգլերեն լրիվ` «National Academy of Sciences of Republic of Armenia» Non-Commercial Organization.
6) անգլերեն կրճատ` NAS RA:
6. Ակադեմիայի գտնվելու վայրն է` ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյանի պող. 24:
2. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
7. Ակադեմիան շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, համարվում է ստեղծված պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:
8. Ակադեմիան Հայաստանի Հանրապետությունում ու նրանից դուրս կարող է ունենալ և ստեղծել հիմնադրամներ, փակ բաժնետիրական ընկերություններ, մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են ակադեմիայի նախագահության կողմից հաստատված կանոնադրությունների համաձայն:
9. Ակադեմիան ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
10. Ակադեմիան իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության բանկերում, ինչպես նաև այլ պետությունների բանկերում` արտերկրում ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր ստեղծելու պարագայում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով: Ակադեմիան և նրա հիմնադրած իրավաբանական անձն իրավունք ունեն բացելու հաշիվներ նաև պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում:
11. Ակադեմիայի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:
12. Ակադեմիան իր կանոնադրության համաձայն`
1) անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է հիմնադրի կողմից ակադեմիային տրամադրված գույքը.
2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
13. Ակադեմիան կարող է ունենալ իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն, անգլերեն գրառումներով), դրոշմակնիք ու ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:
14. Ակադեմիայի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ակադեմիայի պարտավորությունների, իսկ ակադեմիան` հիմնադրի պարտավորությունների համար: Ակադեմիան իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:
3. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
16. Ակադեմիայի գործունեության հիմնական նպատակն է`
1) նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գիտական ու գիտատեխնիկական հետազոտությունների բարձր որակի ապահովմանը.
2) նպաստել Հայաստանի տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական ու մշակութային զարգացմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը.
3) տրամադրել պետությանն ու հասարակությանը գիտական, փորձագիտական խորհրդատվություն, զարգացնել միջազգային գիտական համագործակցությունը, նպաստել գիտական արդյունքների հանրահռչակմանը:
17. Ակադեմիայի առաքելությունն է`
1) խրախուսել հետազոտությունների գերազանցությունը` քննարկումների ու համաժողովների կազմակերպմամբ և գիտահետազոտական աշխատանքների համակարգմամբ.
2) աջակցել հայագիտական հետազոտություններին` կազմակերպելով կամ համակարգելով հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության, մշակույթի ուսումնասիրությունները.
3) կատարել գիտատեխնոլոգիական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ու պետական այլ նախագծերի փորձաքննություն ու ծրագրերի մշտադիտարկում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
4) նպաստել գիտատեխնոլոգիական ոլորտի աշխատողների մասնագիտական վերապատրաստմանը և գիտական աստիճանաշնորհման բարձր որակի ապահովմանը:
18. Ակադեմիայի գործունեության առարկան ձևավորվում է օրենքով նրա առջև դրված հիմնական խնդիրներով ու վերապահված գործառույթներով`
1) գիտատեխնոլոգիական գործունեության բյուջետային ու արտաբյուջետային ֆինանսավորման ձևերով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հետազոտական ծրագրերի, ինչպես նաև այլ պետական ու ոչ պետական գիտատեխնոլոգիական ծրագրերի արդյունքների փորձաքննություն և արդյունավետության գնահատում.
2) Հայաստանի Հանրապետության տնտեսական, տեխնոլոգիական, բնապահպանական, սոցիալական, պատմամշակութային, անվտանգային հիմնախնդիրների վերհանում ու դրանց ուղղությամբ առաջարկությունների, գիտական, գիտատեխնոլոգիական ու ներդրումային ծրագրերի կազմման և ներկայացման համակարգում` համաձայն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի 11-րդ կետի և 12-րդ մասի.
3) օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետի կատարման նպատակով, համապատասխան հարցումների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ պետական մարմիններին փորձագիտական խորհրդատվության տրամադրում` գիտական վերլուծություն պահանջող սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ.
4) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ու լիազորված պետական այլ մարմինների հետ համատեղ` Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակա ուղղությունների, միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, գիտատեխնոլոգիական գործունեության կատարելագործմանն առնչվող օրենսդրական առաջարկությունների` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացում.
5) գիտատեխնոլոգիական առաջընթացի սկզբունքորեն նոր ուղիների բացահայտում, մասնակցություն հայրենական ու համաշխարհային գիտության նվաճումների գործնական կիրառման համար առաջարկությունների մշակմանը` օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի 10-րդ կետի կատարման նպատակով.
6) աջակցություն ներհանրապետական ու միջազգային գիտական համագործակցության կազմակերպմանը, ներպետական ու միջազգային գիտաժողովների կազմակերպում.
7) նպաստում բարձր որակավորման գիտական կադրերի պատրաստմանը, գիտական աստիճանաշնորհման գործընթացին, գիտաշխատողների և մասնագետների որակավորման բարձրացմանը (այդ թվում` արտասահմանյան գիտական կազմակերպություններում), գիտական դպրոցների զարգացմանը.
8) հասարակության մեջ գիտության` որպես գիտելիքահենք տնտեսության զարգացման, ինչպես նաև հանրային վերափոխման գործոնի, հանրայնացում, նպաստում ժամանակակից հետազոտահենք հանրակրթության ու բարձրագույն կրթության եղանակների ներդրմանը, գիտական արդյունքների հանրահռչակում.
9) ակադեմիայի ակադեմիկոսների, ակադեմիայի ասոցացված անդամների, ակադեմիայի արտասահմանյան անդամների և ակադեմիայի պատվավոր անդամների ընտրությունների կազմակերպում և ակադեմիայի պատվավոր դոկտորի տիտղոսների շնորհում:
19. Ակադեմիայի գործառույթներն են`
1) օրենքով սահմանված կարգով գիտական ծրագրերի արդյունքների փորձաքննության ու արդյունավետության գնահատման իրականացման համար փորձագիտական հանձնաժողովների ձևավորումն ակադեմիայի մասնագիտական բաժանմունքներում, մասնակցությունը գիտական ծրագրերի փորձաքննության սկզբունքների, մեթոդների ու գնահատման չափորոշիչների մշակմանը, փորձագիտական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը` համաձայն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետի և 18-րդ մասի.
2) հանրային գիտական կազմակերպությունների գիտական գործունեության հաշվետվությունների գնահատման ու ծրագրերի կատարման ընթացքի մշտադիտարկման նպատակով տարեկան գիտաժողովների (նստաշրջանների) կազմակերպումը, փորձագիտական հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա հաշվետվությունների գնահատումն ու ներկայացումը բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին)` որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ.
3) տնտեսական, տեխնոլոգիական, բնապահպանական, սոցիալական, պատմամշակութային, անվտանգային հիմնախնդիրների վերհանման, վերլուծության ու դրանց ուղղությամբ խորհրդատվությունների տրամադրման, ինչպես նաև առաջարկությունների, գիտական, գիտատեխնիկական ու ներդրումային ծրագրերի կազմման ու պետական մարմիններին ներկայացման նպատակով բաժանմունքներին կից ոլորտային պրոբլեմային խորհուրդների ձևավորումն ու աշխատանքների կանոնակարգումը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների, կապիտալ ներդրումային ծրագրերի ու ինովացիոն նախագծերի քննարկման համար միջգերատեսչական ու միջգիտակարգային քննարկումների կազմակերպումը, մասնագիտական փորձագիտական ու խորհրդատվական խմբերի ձևավորումն ու համակարգումը.
5) հանրային և համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտումը.
6) ոլորտային քաղաքականությունների գիտականորեն կշռադատված, անկախ և թափանցիկ խորհրդատվության տրամադրումը` ապահովելով գիտական արդյունքի փոխարկումը հանրային ու համամարդկային արժեքի.
7) գիտական ոլորտի վիճակի վերլուծության իրականացումն ու հետագա զարգացման միտումների վերաբերյալ կանխատեսումների մշակումը, գիտատեխնոլոգիական գործունեության կատարելագործմանն առնչվող օրենսդրական առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն, մասնակցությունը հիմնարար հետազոտությունների գերակա ուղղությունների որոշմանը.
8) միջգիտակարգային երկխոսության նպաստումը, միջգիտակարգային ծրագրերի մշակումը.
9) հեռանկարային գիտական ուղղություններով ներհանրապետական ու միջազգային գիտական նիստերի, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների, աշխատանքային ժողովների ու խորհրդակցությունների կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին.
10) Հայաստանի Հանրապետության գիտության բնագավառի վերաբերյալ տարեկան զեկույցի պատրաստումն ու հրապարակումը` լիազոր մարմնի սահմանած կարգով ու չափանիշներով.
11) արտասահմանյան ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության պայմանագրերի, հուշագրերի ու ճանապարհային քարտեզների կնքումը, միջազգային գիտական հանրության (այդ թվում` սփյուռքի) հետ համագործակցության կապերի զարգացումն ու համակարգումը, մասնակցությունը միջազգային գիտական ընկերություններին ու ասոցիացիաներին.
12) խորհրդատվական մասնակցությունը հանրապետության գիտական ու կրթական ոլորտների մասնագետների որակավորման բարձրացման ու մասնագիտական վերապատրաստման գործընթացներին, կրթական ծրագրերի ու ձեռնարկների ստեղծմանը.
13) մասնակցությունը դոկտորի գիտական աստիճանի շնորհման գործընթացին` ներառյալ գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների կազմի ձևավորմանը և ակադեմիայում պաշտպանության կազմակերպմանը` լիազոր մարմնի հանձնարարականների հիման վրա.
14) հրատարակչական գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակադեմիայի գիտական ու գիտահանրամատչելի պարբերականների հիմնադրումն ու հրատարակումը, մենագրությունների և այլ գիտական նյութերի հրատարակումը, գիտատեխնիկական տեղեկատվության սեփական ռեսուրսների ստեղծումը, զարգացումն ու տարածումը հայրենական և միջազգային տեղեկատվական համակարգերում.
15) օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետով նախատեսված գիտական մշակույթի տարածումը, գիտաչափական ու գիտագրադարանային արդի ծառայությունների մատուցումը, գիտական գործունեության ու գիտական հետազոտության արդյունքում ստացված գիտելիքի նկատմամբ վստահության ձևավորումն ու գիտության հանրայնացումը.
16) հասարակության շրջանում գիտության ու գիտելիքի դերի, գիտական արդյունքի ու դրանց հեռանկարների հանրայնացումն ու քարոզչությունը, գիտահանրամատչելի նյութերի պատրաստումն ու տարածումը.
17) ակադեմիայի մրցանակների, դրանց շնորհման ընթացակարգերի սահմանումն ու շնորհումը:
20. Ակադեմիան իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացման միջոցով` ինքնավարության, որոշումների ընդունման կոլեգիալության, մասնակցայնության, անկախության, անաչառության ու օբյեկտիվության սկզբունքներով:
21. Ակադեմիայի գործունեության ինքնավարությունն իր կառուցվածքային առանձնահատկությունների որոշման, օրենքով նախատեսված փորձագիտական գործառույթների իրականացումն ինքնուրույն կազմակերպելու և ֆինանսական ռեսուրսներն ինքնուրույն կառավարելու, ինչպես նաև միջազգային գիտական ու ինովացիոն գործունեության ուղղություններն ու մեթոդներն ինքնուրույն ընտրելու իրավասությունն է:
4. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
22. Ակադեմիան իրավունք ունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով` իրականացնելով դրանք անձամբ կամ այդ նպատակով ստեղծված տնտեսական ընկերությունների միջոցով`
1) խորհրդատվական, փորձագիտական ու գիտամեթոդական ծառայությունների մատուցում.
2) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում ու դրա արդյունքների իրացում.
3) ակադեմիայի աշխատողների հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում ու սպասարկում:
23. Ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ակադեմիայի ստացած եկամուտներն ուղղվում են նրա կանոնադրական խնդիրների իրականացմանը:
5. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
24. Ակադեմիայի շահառուները հանրային գիտական, կրթական, գիտաարտադրական, մշակութային ու սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների հետ առնչություն ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձինք են:
6. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25. Ակադեմիան իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
1) տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.
2) ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից` իր կանոնադրական նպատակների իրականացման համար.
3) ստեղծելու հիմնադրամներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, հիմնարկներ.
4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.
5) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն.
6) ձևավորելու իր կառուցվածքը, հաստիքացուցակը, սահմանելու աշխատողների վարձատրության կարգը և չափը` պետական բյուջեից հատկացված և սեփական միջոցների շրջանակներում.
7) կնքելու պայմանագրեր և համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, այդ թվում` գիտական ծրագրերի իրականացման, փորձաքննությունների և խորհրդատվությունների մատուցման վերաբերյալ:
26. Ակադեմիան պարտավոր է`
1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իր կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան.
2) հրապարակել իր գործունեության մասին ամենամյա հաշվետվություն, օրենքով նախատեսված դեպքում` նաև ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտի եզրակացությունը.
3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն ու հաշվապահական հաշվառում.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով տեղեկություն և հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.
5) ապահովել սույն մասում նշված հաշվետվությունների թափանցիկությունն ու դրանց մատչելիությունը.
6) իր կայքում հրապարակել ակադեմիայի գործունեությանը վերաբերող կանոնակարգերն ու այլ տեղեկություններ.
7) բացառել հիմնադրի կողմից ակադեմիայի անհատույց օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում` շենքերի, շինությունների, հողատարածքների` առանց հիմնադրի որոշման գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.
8) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
7. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
27. Ակադեմիայի կառավարման մարմիններն են`
1) ակադեմիայի ընդհանուր ժողովը.
2) ակադեմիայի նախագահությունը.
3) ակադեմիայի կառավարման գործադիր մարմինը` ակադեմիայի նախագահը:
28. Ակադեմիան գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:
29. Ակադեմիայի ղեկավար պաշտոններն են`
1) ակադեմիայի նախագահ.
2) ակադեմիայի փոխնախագահներ.
3) ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար.
4) ակադեմիայի բաժանմունքների ղեկավարներ:
30. Ակադեմիայի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին:
31. Ակադեմիայի ընդհանուր ժողովը (այսուհետ` ընդհանուր ժողով) ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմին է, որի ձևավորումն ու գործառույթները սահմանվում են սույն կանոնադրությամբ:
32. Ընդհանուր ժողովը նախագահում է ակադեմիայի նախագահը: Ընդհանուր ժողովի անդամներ են ակադեմիայի անդամները, բաժանմունքների ընդհանուր ժողովներում ընտրված հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր գլխավոր և պատվավոր առաջատար գիտաշխատողները, որոնց թիվը չպետք է գերազանցի ընդհանուր ժողովի անդամների 25 տոկոսը:
33. Ընդհանուր ժողովը`
1) համաձայն օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի ընտրում է ակադեմիայի նախագահության անդամներին.
2) ընդունում է ակադեմիայի նախագահի կողմից ներկայացված ակադեմիայի տարեկան գործունեության և զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը` նախագահության հաստատմանը ներկայացնելու համար.
3) գնահատում է ակադեմիայի նախագահի կողմից ներկայացված` ակադեմիայի տարեկան գործունեության և զարգացման ռազմավարական ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունները` նախագահության հաստատմանը ներկայացնելու համար.
4) ընտրում է ակադեմիայի ակադեմիկոսների ու ասոցացված անդամների, ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամների.
5) սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով քննարկում ու որոշումներ է կայացնում ակադեմիայի գործառույթներին ու գործունեությանը վերաբերող ընդհանուր ժողովի անդամների բարձրացրած հարցերով:
34. Հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է առնվազն տարին մեկ անգամ` ժողովի օրվանից առնվազն 30 օր առաջ նախագահության որոշմամբ, որին մասնակցելու հրավեր է ուղարկվում ժողովի անդամներին: Ընդհանուր ժողով կարող է հրավիրվել նաև ակադեմիայի նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև ակադեմիայի անդամների 1/3-ի գրավոր պահանջով:
35. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ներկա է ժողովին մասնակցելու գրավոր համաձայնություն տված անդամների` ցուցակային կազմի կեսից ավելին:
36. Ընդհանուր ժողովի ցուցակային կազմը, օրակարգն ու օրակարգային հարցերի քվեարկության ձևը (բաց կամ գաղտնի) հաստատում է ընդհանուր ժողովը:
37. Ակադեմիայի արտասահմանյան ու պատվավոր անդամները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների ու բուհերի ղեկավարներն ընդհանուր ժողովին մասնակցում են առանց քվեարկելու իրավունքի:
38. Ընդհանուր ժողովին առանց քվեարկելու իրավունքի կարող են մասնակցել նաև նախագահության այն անդամները, որոնք ակադեմիայի անդամ չեն, և հրավիրված անձինք` գիտության, կրթության, մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ, պետական ու հասարակական գործիչներ, գործարարներ, որոնց անվանացանկը հաստատում է նախագահությունը:
39. Քվեարկության ժամանակ ընդհանուր ժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե ընդհանուր ժողովում քննարկվում է ժողովի որևէ անդամի վերաբերյալ հարց, ապա տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
40. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է ներկաների 2/3-ը:
41. Սույն կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետի հարցով կազմակերպվում է բաց քվեարկություն` համաձայն սույն կանոնադրության 10-րդ բաժնի ակադեմիայի անդամների ընտրության կարգի, որին մասնակցելու իրավունք ունեն միայն ակադեմիայի անդամները:
42. Ընդհանուր ժողովներն արձանագրվում են և տեսագրվում: Տեսագրված նյութը պահպանվում է առնվազն 5 տարի:
43. Ակադեմիայի նախագահության լիազորությունների ժամկետը 5 տարի է:
44. Նախագահությունը կազմված է տասնմեկ անդամից:
45. Նախագահությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Նախագահության անդամներից երկուսին առաջադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մյուս ութ անդամներին ընտրում է ընդհանուր ժողովը` ակադեմիայի կազմից: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահության անդամ:
46. Նախագահության անդամ չի կարող լինել այն անձը, որը`
1) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ:
47. Նախագահության անվանական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
48. Նախագահության անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով:
49. Նախագահության անդամներն իրավունք ունեն`
1) ներկայացնելու առաջարկություններ նախագահության նիստի օրակարգի ու քննարկվող հարցերի վերաբերյալ.
2) նախապատրաստելու և նախագահության քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, նախագծեր, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու վերաբերյալ.
3) ստանալու տեղեկություն ակադեմիայի գործունեությանը վերաբերող հարցերի մասին.
4) ներկայացնելու սույն կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկություններ.
5) նպաստելու ակադեմիայի արտաբյուջետային միջոցների համալրմանը:
50. Նախագահության անդամները պարտավոր են`
1) մասնակցել նախագահության նիստերին.
2) իրենց պարտականություններն իրականացնել` ելնելով օրենքներից, ենթաօրենսդրական ակտերից, սույն կանոնադրությունից, իրավական այլ ակտերից, ակադեմիայի շահերից:
51. Նախագահության անդամի լիազորությունը դադարեցվում է`
1) նախագահության նախագահին ուղղված սեփական գրավոր դիմումի հիման վրա.
2) նախագահության լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.
4) ստանձնած պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում` նախագահության մնացյալ անդամների քվեների առնվազն երեք քառորդով` նրան առաջադրող մարմնի հաստատմամբ.
5) նրան առաջադրած մարմնի որոշմամբ.
6) նրա մահվան դեպքում:
52. Նախագահության անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է` համաձայն սույն կանոնադրությամբ սահմանված ընթացակարգի:
53. Նախագահությունն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նախագահության նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ` նախագահության նախագահի նախաձեռնությամբ: Նախագահության նիստերը կարող են հրավիրվել նաև նախագահության անդամների 1/3-ի պահանջով` նախագահության նախագահին համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Նախագահության նիստերը կարող են անցկացվել առկա, հեռավար կամ համակցված (առկա ու հեռավար եղանակների զուգակցմամբ) եղանակներով` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
54. Նախագահության որոշումներն ընդունվում են սույն կանոնադրությամբ սահմանված կարգի համաձայն: Նախագահության նիստն իրավազոր է, եթե մասնակցում է նրա անդամների 2/3-ը: Քվեարկության ժամանակ նախագահության յուրաքանչյուր անդամ ունի մեկ քվեի իրավունք: Նախագահության որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Եթե նախագահության նիստում քննարկվում է նախագահության որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) վերաբերյալ հարց, ապա նախագահության տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
55. Նախագահության նիստերն արձանագրվում են: Առկա, հեռավար կամ համակցված եղանակով անցկացված նիստերը նաև ձայնագրվում են և պահպանվում առնվազն 5 տարի:
56. Նախագահությունն իրավասու է`
1) հաստատելու սեփական աշխատակարգը.
2) մշակելու ու հաստատելու ակադեմիայի նախագահի ընտրության կանոնակարգը և կազմակերպելու ընտրություն, ընդունելու որոշում ակադեմիայի նախագահի ընտրության մասին, նշանակելու ակադեմիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ընդունելու ակադեմիայի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման որոշում.
3) ակադեմիայի նախագահի ներկայացմամբ ընտրելու ակադեմիայի փոխնախագահների, ակադեմիայի ակադեմիկոս քարտուղարի և բաժանմունքների ղեկավարների.
4) հաստատելու ընդհանուր ժողովի կողմից երաշխավորված ակադեմիայի տարեկան գործունեության և զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրերը.
5) լսելու և գնահատելու ընդհանուր ժողովի կողմից երաշխավորված` ակադեմիայի տարեկան գործունեության ու զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունները.
6) քննարկելու ակադեմիայի նախագահին անվստահություն հայտնելու հարցը, (եթե նա չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում իր պաշտոնեական պարտականությունները, խախտում է ՀՀ օրենսդրությունը կամ սույն կանոնադրությունը, օբյեկտիվ պատճառներով ի վիճակի չէ կատարելու իր լիազորությունները) և կայացնելու որոշում` նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին.
7) հաստատելու ակադեմիայի կառուցվածքը, փոփոխություններ կատարելու կառուցվածքում, ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու կառուցվածքային ստորաբաժանումներ.
8) հաստատելու ակադեմիայի հաստիքացուցակը, հաստիքացուցակում լրացումներն ու փոփոխությունները.
9) ակադեմիայի նախագահի ներկայացմամբ հաստատելու ակադեմիայի բաժանմունքների, խորհուրդների և հանձնաժողովների գործունեության օրինակելի կանոնակարգերը, ընթացակարգերը, ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, էթիկայի կանոնագիրքն ու ներքին իրավական այլ ակտեր.
10) հաստատելու ակադեմիայի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, դրա փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, ակադեմիայի գործունեության մասին տարեկան հաշվետվությունն ու տարեկան հաշվեկշիռը.
11) սահմանելու ակադեմիայի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, ընդունելու տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման մասին որոշումներ, հաստատելու դրանց կանոնադրությունները.
12) վերահսկելու ակադեմիայի գործունեությունը (այդ թվում` ֆինանսատնտեսական).
13) ընդունելու որոշումներ նախագահության անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
14) կասեցնելու ակադեմիայի նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգներն ու ցուցումները կամ դրանք ճանաչելու ուժը կորցրած.
15) վերահսկելու իր որոշումների կատարման ընթացքը.
16) ընդունելու որոշում ակադեմիայի լուծարման հարցով դատարան դիմելու մասին.
17) նշանակելու ակադեմիայի լուծարման հանձնաժողով (լուծարող), սահմանելու լուծարման կարգն ու ժամկետը, հաստատելու լուծարման միջանկյալ հաշվեկշիռն ու լուծարման հաշվեկշիռը.
18) մշակելու առաջարկություններ ակադեմիայի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին, ընդունելու համապատասխան որոշում և պետական լիազոր մարմնի միջոցով ներկայացնելու այն Հայաստանի Հանրապետության կառավարություն.
19) մշակելու առաջարկություն և ընդունելու որոշում ակադեմիայի վերակազմակերպման մասին և պետական լիազոր մարմնի միջոցով ներկայացնելու այն Հայաստանի Հանրապետության կառավարություն.
20) հաստատելու ակադեմիայի գույքի տնօրինման կարգը.
21) ակադեմիայի նախագահի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով ակադեմիային անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքը վարձակալության տրամադրելու հայտ ներկայացնելու պետական լիազոր մարմին.
22) հաստատելու հարյուր միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերը.
23) ընդունելու որոշում ակադեմիայի ընդհանուր ժողով հրավիրելու մասին, հաստատելու ժողովի մասնակիցների ցուցակը.
24) ընդունելու որոշում ակադեմիայի նախագահի ներկայացմամբ ակադեմիայի անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգը լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելու համար.
25) ակադեմիայի նախագահի ներկայացմամբ հաստատելու ակադեմիայի ակադեմիկոսների և ասոցացված անդամների ընտրությունների համար թափուր տեղերի ցանկը` ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության մասնագիտությունների դասիչների.
26) հաստատելու ակադեմիական էթիկայի` ներառյալ ակադեմիական ազնվության և վարվեցողության սկզբունքներին վերաբերող հարցերի քննման ներքին ընթացակարգը և էթիկայի միջոլորտային հանձնաժողովի ձևավորման կարգը.
27) կայացնելու որոշում` դիմելու ակադեմիայի նախագահին` ակադեմիայի աշխատակցին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին, աշխատակցի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծարելու համար, եթե էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացված հանրային լսումների արդյունքում նրա գործունեության ընթացքում բացահայտվել են ակադեմիական էթիկայի` ներառյալ ակադեմիական ազնվության և վարվեցողության սկզբունքների խախտումներ:
57. Նախագահության իրավասությանը վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
58. Նախագահության նախագահը`
1) հրավիրում և վարում է նախագահության նիստերը, կազմակերպում նիստերի արձանագրության վարումը.
2) ստորագրում է նախագահության որոշումներն ու նիստերի արձանագրությունները.
3) կարող է ստեղծել ժամանակավոր հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին` նախագահության գործունեության իրավասության շրջանակում քննարկումներ անցկացնելու համար.
4) ակադեմիայի անունից ակադեմիայի նախագահի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.
5) իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
59. Նախագահության նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, նախագահության որոշմամբ, կատարում է նախագահության անդամներից մեկը:
60. Ակադեմիայի գործադիր մարմինն ակադեմիայի նախագահն է, որն իրականացնում է ակադեմիայի ընթացիկ գործունեության ընդհանուր ու օպերատիվ ղեկավարումը:
61. Ակադեմիայի նախագահին ընտրում է նախագահությունը` ակադեմիայի ակադեմիկոսների կազմից, փակ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, ցուցակային կազմի ձայների պարզ մեծամասնությամբ: Ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ակադեմիայի նախագահ:
62. Ակադեմիայի նախագահն իր իրավասությունների սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կանոնադրության համաձայն, գործում է միանձնյա:
63. Ակադեմիայի նախագահի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ ու նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով:
64. Ակադեմիայի նախագահը`
1) ղեկավարում է ակադեմիայի վարչական, գիտական, փորձագիտական, տնտեսական, ֆինանսական, միջազգային ու այլ գործունեությունները.
2) նախագահում է ակադեմիայի ընդհանուր ժողովը.
3) ղեկավարում է ակադեմիայի գիտական խորհուրդը.
4) ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ու նախագահության որոշումների կատարումը.
5) ստորագրում է ակադեմիայի կողմից կնքվող պայմանագրերն ու համաձայնագրերը.
6) կազմակերպում է ակադեմիայի բաժանմունքների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների, մասնագիտական խորհուրդների աշխատանքները` ապահովելով դրանց բնականոն ու ներդաշնակ գործունեությունը.
7) ըստ անհրաժեշտության` ձևավորում է ակադեմիայի նախագահին կից խորհրդակցական մարմիններ (հանձնաժողովներ, խորհուրդներ, աշխատանքային խմբեր և այլն).
8) ակադեմիայի ընդհանուր ժողովին է ներկայացնում ակադեմիայի տարեկան գործունեության հաշվետվությունն ու զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը.
9) նախագահության հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի եկամուտների ու ծախսերի նախահաշիվը, ակադեմիայի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունները, ակադեմիայի կառուցվածքը, հաստիքացուցակը կամ դրանց փոփոխությունները.
10) նախագահության հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի բաժանմունքների, փորձագիտական մասնագիտական հանձնաժողովների, պրոբլեմային խորհուրդների գործունեության օրինակելի կանոնակարգերը, ընթացակարգերը, ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, էթիկայի կանոնագիրքն ու ներքին իրավական այլ ակտեր.
11) սույն կանոնադրության համաձայն` կազմավորում է կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինները, սահմանում է աշխատողների լիազորություններն ու պաշտոնեական պարտականությունները.
12) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում աշխատողներին, ներկայացուցչությունների, հիմնարկների տնօրեններին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ, կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների շարունակական վերապատրաստումը.
13) աշխատանքային պայմանագրեր է կնքում աշխատողների հետ, սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում աշխատողների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման պարագայում լուծում է կնքված աշխատանքային պայմանագրերը.
14) ակադեմիայի փոխնախագահի, ակադեմիկոս քարտուղարի կամ բաժանմունքի ղեկավարի սեփական նախաձեռնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքից ազատման դեպքում հրամանով այդ պաշտոնում մինչև վեց ամիս ժամկետով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար անձի, որը համապատասխանում է սույն կանոնադրությամբ ու ներքին իրավական ակտերով տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին.
15) կնքում է մինչև հարյուր միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր` առանց նախագահության որոշման.
16) կասեցնում է բաժանմունքների ու կառուցվածքային այլ ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը.
17) իր բացակայության դեպքում ակադեմիայի նախագահի պարտականությունների կատարումը հանձնարարում է ակադեմիայի փոխնախագահին.
18) տալիս է ակադեմիայի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
19) հաստատում ու լիազոր մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային գիտական կազմակերպությունների հաշվետվությունների գնահատման արդյունքները` որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ.
20) համակարգում է ակադեմիայի բաժանմունքներին կից գործող պրոբլեմային խորհուրդների աշխատանքը, հաստատում ու պետական կառավարման մարմիններին է ներկայացնում պրոբլեմային խորհուրդների նախագծերն ու եզրակացությունները.
21) ակադեմիայի նախագահության որոշմամբ լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի ակադեմիկոսների և ասոցացված անդամների, ինչպես նաև արտասահմանյան և պատվավոր անդամների ընտրության հավելյալ պահանջները` ներառյալ գնահատման հաշվարկի մեթոդաբանությունը, բաղադրիչների քաշային գործակիցները և շեմային արժեքը` ըստ տիտղոսի (ակադեմիկոս և ասոցացված անդամ) ու բնագավառի.
22) նախագահության հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի անդամների, ինչպես նաև արտասահմանյան և պատվավոր անդամների ընտրության մրցույթի կազմակերպման կարգը.
23) ակադեմիայի բաժանմունքների առաջարկությունների հիման վրա կազմում և նախագահության հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի ակադեմիկոսների ու ասոցացված անդամների ընտրությունների համար թափուր տեղերի ցանկը` ըստ գիտական գործունեության մասնագիտությունների դասիչների.
24) ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորմամբ ընդունում է որոշումներ ակադեմիայի պատվավոր կոչումների, մրցանակների ու մեդալների շնորհման մասին.
25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ու ակադեմիայի կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ:
65. Ակադեմիայի նախագահի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին:
66. Ակադեմիայի նախագահի ընտրության արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
67. Ակադեմիայի փոխնախագահներին ու ակադեմիկոս քարտուղարին ընտրում է ակադեմիայի նախագահությունն ակադեմիայի նախագահի ներկայացմամբ` ակադեմիայի անդամներից` 5 տարի ժամկետով, փակ, գաղտնի քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել միևնույն պաշտոնում:
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում