ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 հուլիսի 2025 թվականի N 58-Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով`
Հրամայում եմ
1. Հաստատել նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում` այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի` նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար Ժ. Անդրեասյան
7/24/2025
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի
2025 թվականի հուլիսի 24-ի
N 58-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ` ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական կրթական ծրագրերի, այդ թվում այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային), լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
2. Նախադպրոցական հիմնական կրթական ծրագրերը մշակվում են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` ԿԶՆԱԿ) կողմից և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` Նախարարություն):
3. Նախարարությունը ծրագիրը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն, որը 20 աշխատանքային օրվա ընթացքում ծրագրի վերաբերյալ տրամադրում է մասնագիտական կարծիք` իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոնների) մասնագետների ներգրավմամբ:
4. Դրական մասնագիտական կարծիքի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված հիմնական կրթական ծրագիրը երաշխավորում է գործածության Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով:
5. Բացասական եզրակացության դեպքում այն վերադարձվում է ԿԶՆԱԿ-ին` կցելով կարծիքը և հիմնավորումները:
6. ԿԶՆԱԿ-ը 30-օրյա ժամկետում ներկայացված դիտարկումների հիման վրա լրամշակված ծրագիրը ներկայացնում է Նախարարություն, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում երաշխավորում է գործածության Նախարարի հրամանով:
7. Այլընտրանքային է համարվում նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի բազմազանություն առաջարկող, զարգացման որևէ ոլորտի գերակայմամբ կամ հիմնական ծրագրից առնվազն երկու բաղադրիչով տարբերվող նախադպրոցական կրթական ծրագիրը, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
8. Այլընտրանքային կրթական ծրագրերն են`
1) հեղինակային կրթական ծրագիր, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
2) փորձարարական կրթական ծրագիր, որը որոշակի ժամկետով ներդրված նորարարական (նոր) կրթական ծրագիր կամ կրթության կազմակերպման և գնահատման նոր մեթոդաբանություն է, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը, ներդրումը` պահպանելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
3) միջազգային կրթական ծրագիր, որը միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր է, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
9. Լրացուցիչ կրթական ծրագիրը նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում` այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր է, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը:
10. Նախադպրոցական ծառայության կրթական ծրագիրը նախադպրոցական հիմնական ծրագրի մեկ կամ մի քանի բաղադրիչների ներառմամբ կազմված կամ հիմնական ծրագրի ծավալի առավելագույնը 2/3-ը ներառող ծրագիր է, որը մասնակիորեն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
11. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով սահմանված կրթական ծրագրերը` որպես երաշխավորված նախադպրոցական ծրագիր, ենթակա են գործածության սույն կարգի պահանջներին համապատասխան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ` պատվիրատու) կողմից փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց և Նախարարի հրամանով հաստատվելուց հետո:
12. Սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծրագրերի փորձաքննությունն իրականացնում է ԿԶՆԱԿ և մանկավարժի որակավորում շնորհող բուհը` իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոնների) մասնագետների ներգրավմամբ:
13. Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունն ընդգրկում է փորձաքննության ներկայացված այլընտրանքային կրթական ծրագրի ամբողջական վերլուծությունը սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, որը ներառում է փաստարկներ և հիմնավորումներ ծրագրային նյութի բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:
14. Հեղինակային կրթական ծրագիրը փորձաքննության է ներկայացվում օրենքով սահմանված կարգով որպես մտավոր սեփականություն գրանցվելուց հետո:
15. Փորձարարական կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա` սույն կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխան բովանդակություն ապահովելու և սույն կարգի 11-րդ կետի պահանջներին համապատասխան դրական եզրակացության առկայության դեպքում`
1) պատվիրատուի տրամադրած փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է ԿԶՆԱԿ` փորձաքննության: 15 աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննություն իրականացնելու արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով` այդ մասին գրավոր տեղեկացնելով պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները: ԿԶՆԱԿ-ը կարող է պատվիրատուին դիմել և ստանալ լրացուցիչ նյութեր կամ պարզաբանումներ: Դրական եզրակացության հիման վրա ծրագիրը երաշխավորվում է գործածության.
2) փորձարարական կրթական ծրագրի իրականացման ժամանակահատվածում ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ իրականացնում է մշտադիտարկում` ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդաբանության, նպատակաուղղվածության վերաբերյալ.
3) ԿԶՆԱԿ-ը փորձարարական կրթական ծրագրի ներդրման սահմանված ժամկետի ավարտին ներկայացնում է ամփոփիչ եզրակացություն, որը դրական լինելու դեպքում փորձարարական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա` ըստ տարիքային խմբերի.
4) ուսումնական յուրաքանչյուր տարվա ընթացքում պատվիրատուն ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդների կիրառելիության արդյունավետության վերաբերյալ կարող է ներկայացնել առաջարկություններ, որոնք սույն կետի պահանջներին համապատասխան կարող են երաշխավորվել գործածության:
16. Միջազգային կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա, եթե առկա է տասը և ավելի օտարերկրյա պետություններում որպես նախադպրոցական ծրագիր իրականացվելու մասին տեղեկանք կամ միջպետական նախնական համաձայնություն, ինչպես նաև առկա է դրական եզրակացություն:
17. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով սահմանված կրթական ծրագրերը փորձաքննության են ներկայացվում պատվիրատուի կողմից:
18. Այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների կրթական ծրագրերը (թղթային (ըստ անհրաժեշտության) կամ էլեկտրոնային տարբերակով) պատվիրատուից ստանալուց հետո Նախարարությունն այն տրամադրում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված կառույցներին (լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների կրթական ծրագրերի դեպքում` ԿԶՆԱԿ-ին), որոնք 15 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով` այդ մասին գրավոր տեղեկացնելով պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները: Փորձաքննություն իրականացնող կառույցները կարող են պատվիրատուին դիմել և ստանալ լրացուցիչ նյութեր կամ պարզաբանումներ:
19. Սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով սահմանված կրթական ծրագրերի փորձագիտական եզրակացությունը Նախարարությունը տրամադրում է պատվիրատուին` ներկայացված կարծիքի հիման վրա կրթական ծրագիրը լրամշակելու և 30 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն ներկայացնելու հնարավորությամբ: Նախարարությունը լրամշակված ծրագիրը տրամադրում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված կառույցներին, որոնք 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն:
20. Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա Նախարարը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված այլընտրանքային կրթական ծրագիրը հրամանով երաշխավորում է գործածության:
21. Բացասական եզրակացության դեպքում այն վերադարձվում է պատվիրատուին` կցելով եզրակացությունը և հիմնավորումները:
22. Փորձագիտական բացասական եզրակացության վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում պատվիրատուն 30 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել Նախարարություն` սույն կարգի պահանջներին համապատասխան կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:
23. Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:
24. ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ իրականացնում է սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծրագրերի մշտադիտարկում և արդյունքները ներկայացնում Նախարարություն:
25. Չափորոշչի փոփոխության դեպքում սույն կարգով սահմանված կրթական ծրագրերը պետք է համապատասխանեցվեն փոփոխված չափորոշչին` «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պահանջն ապահովելու նպատակով, մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը` սույն կարգով նկարագրված ընթացակարգով:
i
26. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից օգտագործվող ուսումնական նյութերի` ձեռնարկների, ուսումնաօժանդակ նյութերի և ուսումնադիտողական պարագաների, ուսումնամեթոդական ուղեցույցների, ուսումնամեթոդական գրականության, ուսումնադիդակտիկ նյութերի, ինչպես նաև մանկական գրականության փորձաքննության և գործածության երաշխավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանով սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2025 թվական: