Սեղմել Esc փակելու համար:
ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 158-Ն

 

ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել այրվածքաբանի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    25.12.2025                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 25-ի

թիվ 158-Ն հրամանի

 

ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Այրվածքաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն այրվածքաբանության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Այրվածքաբան կարող է համարվել անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն այրվածքաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, կլինիկական ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Այրվածքաբանը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Այրվածքաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության այրվածքաբան.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության այրվածքաբան.

3) Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ.

4) Ցերեկային ստացիոնարի այրվածքաբան.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն).

6) Մանկական այրվածքաբան:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ և ունակություններ. այրվածքաբանը բժշկական գիտելիքների հիմնական ոլորտներն են`

1) Կլինիկական ֆարմակոլոգիա.

2) Այրվածքային վիրաբուժություն.

3) Պլաստիկ վիրաբուժություն.

4) Ընդհանուր վիրաբուժություն.

5) Մանկական վիրաբուժություն.

6) Պրոպեդևտիկա.

7) Մանկական պրոպեդևտիկա.

8) Ֆիզիոթերապիա.

9) Ինտենսիվ թերապիա.

10) Մանկական ինտենսիվ թերապիա.

11) Անհետաձգելի բուժօգնություն.

12) Դեսմուրգիա.

13) Քույրական գործ.

14) Տրանսֆուզիալոգիա.

15) Մանկական տրանսֆուզիոլոգիա.

16) Վնասվածքաբանություն-օրթոպեդիա.

17) Մանկական վնասվածքաբանություն-օրթոպեդիա.

18) Հոգեբանություն.

19) Մանկական հոգեբանություն.

20) Աղետների բժշկություն.

21) Ցավի կառավարում.

22) Երեխաների ցավի կառավարում.

23) Լաբորատոր և գործիքային հետազոտություններ:

6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. այրվածքաբանը պետք է`

1) Ունենա ընդհանուր պրակտիկայի բժշկի հմտություններ.

2) Կարողանա կատարել փակեղահատում (լամպասային) կտրվածքներ.

3) Կարողանա իրականացել նեկրէկտոմիա.

4) Կարողանա իրականացնել մաշկի և մաշկի փոխարինիչների փոխպատվաստում.

5) Կարողանա կատարել անդամահատում (էկզարտիկուլյացիա).

6) Ճանաչի, ախտորոշի և համապատասխան բուժօգնություն տրամադրի տերմինալ իրավիճակներում.

7) Տրամադրի առաջին և շտապ բուժօգնություն անհետաձգելի վիճակներում.

8) Տիրապետի արտակարգ իրավիճակներում աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին, բուժտարհանման միջոցառումներին.

9) Իմանա բժշկական փաստաթղթերի հետ պատշաճ աշխատանքի սկզբունքներ:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Այրվածքաբանը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. այրվածքաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9. Տեխնիկական ունակություններ. այրվածքաբանը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Այրվածքաբանը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:

 

7. ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Այրվածքաբանն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Բժշկական                        |Կոմպետենտության     |Կոմպետենտության|

|միջամտություն                   |աստիճան             |մակարդակ       |

|________________________________|____________________|_______________|

|1. Իրականացվող բոլոր բժշկական   |Դիտորդ              |       1       |

|միջամտությունների դիտորդ        |                    |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ  |                    |               |

|________________________________|____________________|_______________|

|2. Իրականացվող բոլոր բժշկական   |Ոչ լիարժեք կամ      |       2       |

|միջամտություններին հսկողության  |մասնակի             |               |

|ներքո մասնակից կլինիկական       |կոմպետենտություն    |               |

|օրդինատոր, ռեզիդենտ             |                    |               |

|________________________________|____________________|_______________|

|3. Իրականացվող բոլոր բժշկական   |Լիարժեք             |       3       |

|միջամտությունները հսկողության   |կոմպետենտություն    |               |

|ներքո ինքնուրույն կատարող       |                    |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ  |                    |               |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
25.12.2025
N 158-Ն
Հրաման