ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 օգոստոսի 2025 թվականի N 106-Ն
ՊԼԱՍՏԻԿ ԵՎ ՎԵՐԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը
Հրամայում եմ
1. Հաստատել պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
27.08.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2025 թվականի օգոստոսի 27-ի
թիվ 106-Ն հրամանի
ՊԼԱՍՏԻԿ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում (բուժական գործ), հետդիպլոմային կրթություն պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա), հավաստագիր և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Առողջության առաջնային պահպանման ծառայության պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ.
2) Հիվանդանոցային բժշկական հաստատության պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ.
3) Արտահիվանդանոցային բժշկական հաստատության պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ.
4) Ցերեկային ստացիոնարի պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժ.
5) Խորհրդատու (բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություններում).
6) Փորձագետ.
7) Հիվանդանոցային պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության բաժանմունքի վարիչ.
8) Հիվանդանոցային պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ծառայության ղեկավար.
9) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է`
1) Տիրապետի մարդու նորմալ և պաթոլոգիկ անատոմիային` հյուսվածքային և օրգանային մակարդակով` ներառյալ մաշկային, ենթամաշկային, մկանային, ջլային, նյարդային, անոթային և ոսկրային հյուսվածքների կառուցվածքը և ֆունկցիան.
2) Տիրապետի դեմքի և մարմնի կենսաբանական ծերացման մեխանիզմներին, ինչպես նաև մաշկի և հյուսվածքների տարիքային փոփոխություններին.
3) Տիրապետի հյուսվածքների վնասման, բորբոքման, վերքի սպիացման, նեկրոզի և վերականգնման (ռեգեներացիայի) պրոցեսներին` բջջային և համակարգային մակարդակներում.
4) Տիրապետի մարմնի գեղագիտական կառուցվածքի գնահատման չափանիշներին` ներառյալ ոսկրային հիմքը, մկանային հավասարակշռությունը և մաշկի որակը, որոնք հիմք են հանդիսանում պլաստիկ վիրահատությունների համար.
5) Տիրապետի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության բոլոր հիմնական ենթաոլորտներին` էսթետիկ, վերակառուցողական և դաստակի վիրաբուժություն, ինչպես նաև բոլոր պլաստիկ և վերակառուցողական վիրահատությունների առանձնահատկություններին.
6) Տիրապետի բարդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին, ներառյալ վերքերի ինֆեկցիայի, նեկրոզի և սպիացման խնդիրները.
7) Տիրապետի ինֆեկցիոն հսկողության կանոններին` կիրառելով դրանք նախավիրահատական և հետվիրահատական փուլերում` պացիենտի անվտանգությունն ապահովելու նպատակով.
8) Տիրապետի պացիենտների հոգեբանական վիճակի գնահատման հմտություններին` կանխատեսելով հնարավոր դժգոհություն կամ բարդույթային ռեակցիաներ.
9) Տիրապետի ժամանակակից թվային գործիքներին` պլաստիկ վիրահատության պլանավորման և արդյունքի գնահատման համար.
10) Տիրապետի լազերային, ուլտրաձայնային, ռադիոհաճախականության և այլ մեթոդների օգտագործման սկզբունքներին պլաստիկ վիրաբուժության մեջ.
11) Տիրապետի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներին, ապահովի բժշկական օգնության որակը և պացիենտի անվտանգությունը.
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է`
1) Պլանավորի, կազմակերպի և իրականացնի այնպիսի վիրահատական միջամտություններ, որոնք ներառված են պլաստիկ վիրաբույժի մասնագիտական գործունեության սահմաններում, համապատասխանում են սեփական ունակություններին, կարողություններին և որակավորմանը.
2) Պլանավորի, կազմակերպի և իրականացնի այնպիսի վիրահատական միջամտություններ, որոնք համապատասխանում են տվյալ բուժական հաստատության արտոնագրերին (լիցենզիաներին), իսկ հաստատությունը հագեցած է անհրաժեշտ այնպիսի սարքավորումներով, լաբորատորիայով, ծառայություններով և արտոնագրված մասնագետներով, որոնց անխափան գործունեությունը կապահովի վիրահատության անվտանգությունը.
3) Մեկ վիրահատության սահմաններում երկու և ավելի վիրաբուժական միջամտություններ միաժամանակ կամ հաջորդաբար իրականացնելիս ադեկվատ գնահատի սեփական և թիմային ունակությունները, կարողությունները և որակավորումը, ինչպես նաև միջամտության ծավալի, բարդության և տևողության ավելացման հետ կապված հնարավոր ռիսկերը.
4) Բարդ, ծավալուն, երկարատև ու համակցված վիրահատություններ պլանավորելիս, կազմակերպելիս և իրականացնելիս, հատկապես բարձր ռիսկային խմբում գտնվող բուժառուների դեպքում, առաջնորդվի թիմային աշխատանքի սկզբունքով, անմիջականորեն ընդգրկելով այլ պլաստիկ վիրաբույժներ, կամ այլ բժիշկներ: Անհրաժեշտության դեպքում կազմակերպի կլինիկական քննարկում կամ կոնսիլիում, հրավիրելով առավել փորձված գործընկերներ.
5) Տիրապետի հրազենային և պայթյունային վնասվածքներով հիվանդների ծանրության աստիճանի գնահատման, վիրահատական բուժման, վերքերի վարման և հետվիրահատական ռեաբիլիտացիայի առանձնահատկություններին.
6) Տիրապետի տարբեր ծագումնաբանության հյուսվածքային դեֆեկտների լրացման տեղային, կղզյակային և միկրովիրաբուժական եղանակներին.
7) Տիրապետի դեմքի և վերջույթների հյուսվածքների պարզ ու համակցված դեֆեկտների լրացման առանձնահատկություններին.
8) Կազմակերպի և իրականացնի վնասվածքային անդամահատման դեպքում վերջույթի կոնսերվացումը, հակաշոկային միջոցառումները և վերապատվաստումը.
9) Իրականացնի հիվանդի առողջական վիճակի ամբողջական նախավիրահատական գնահատում` ընդգրկելով բժշկական պատմությունը, ֆիզիկական զննությունը և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները.
10) Իրականացնի կլինիկական և պարակլինիկական տվյալների մանրակրկիտ վերլուծություն` հիմնավորելու վիրահատական որոշումների կայացումը.
11) Իրականացնի վիրահատական տեխնիկայի ընտրություն` հարմարեցված պացիենտի անհատական առանձնահատկություններին, հիվանդության բնույթին և նպատակներին.
12) Իրականացնի վիրահատական միջամտությունների ընթացքում հնարավոր բարդությունների արդյունավետ կառավարում և ռիսկերի նվազեցում.
13) Իրականացնի հետվիրահատական վերքերի մշակում, մշտական հսկողություն և անհրաժեշտ վերականգնողական պլանավորում` սպիի նվազեցման և գործառնական վերականգնման ապահովման նպատակով.
14) Իրականացնի անհատականացված մոտեցում` հաշվի առնելով պացիենտի առողջական, հոգեբանական և սոցիալական առանձնահատկությունները` բարելավելու բուժման արդյունքները և գոհունակությունը.
15) Իրականացնի առաջին և շտապ բժշկական օգնության տրամադրում անհետաձգելի իրավիճակներում, արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներ.
16) Իրականացնի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժական պրոֆիլի պացիենտների մասնագիտական փորձաքննություն.
17) Իրականացնի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժական պրոֆիլի պացիենտների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ,
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
9. Տեխնիկական հմտություններ. պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ.
3) համագործակցել այլ ոլորտի մասնագետների հետ.
4) համագործակցել բազմամասնագիտական խմբի հետ` ապահովելով համալիր բուժման մոտեցում:
7. ՊԼԱՍՏԻԿ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են պլաստիկ և վերակառուցողական վիրաբույժի վրա:
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՊԼԱՍՏԻԿ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|1. Իրականացվող բոլոր բժշկական |Դիտորդ | 1 |
|միջամտությունների դիտորդ | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|2. Իրականացվող բոլոր բժշկական |Ոչ լիարժեք կամ | 2 |
|միջամտություններին հսկողության |մասնակի | |
|ներքո մասնակից կլինիկական |կոմպետենտություն | |
|օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|3. Իրականացվող բոլոր բժշկական |Լիարժեք | 3 |
|միջամտությունները հսկողության |կոմպետենտություն | |
|ներքո ինքնուրույն կատարող | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2025 թվական: