ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 օգոստոսի 2025 թվականի N 108-Ն
ՌԱԴԻՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել ռադիոլոգի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
27.08.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2025 թվականի օգոստոսի 27-ի
թիվ 108-Ն հրամանի
ՌԱԴԻՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ռադիոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն ռադիոլոգիա մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Ռադիոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ռադիոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Ռադիոլոգը կարող է անցնել նեղ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Ռադիոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության ռադիոլոգ.
2) Հիվանդանոցային ռադիոլոգիական բաժանմունքի վարիչ.
3) Առողջության առաջնային պահպանման ծառայության ղեկավար.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. ռադիոլոգը պետք է տիրապետի.
1) Գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթղթերի վարման կարգին, իրավաբանական ակտերին, կլինիկական ուղեցույցներին, չափորոշիչներին, գործելակարգերին, ընթացակարգերին.
2) Բժշկական հաստատությունում աշխատանքի անվտանգության կանոններին.
3) Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և կառավարման սկզբունքներին.
4) Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական աշխատանքային պայմանների պահպանմանը.
5) Աղետների բժշկության հիմնական գիտելիքներին, մասնավորապես.
ա. իմանա արտակարգ իրավիճակների դասակարգումը և Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների բժշկա-տակտիկական բնութագրերը.
բ. իրականացնի աղետի վայրի գնահատում և վերլուծություն, տուժածների զննում և վիճակի գնահատում.
գ. կատարի վնասվածքների նախնական ախտորոշում, բուժօգնության հերթականության ընտրություն (պլան), տեսակավորում (տրիաժ), տուժածների շտապ դուրսբերում և տեղափոխում.
դ. տեղեկացված լինի արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներին.
6) Ճառագայթային ախտորոշման ընդհանուր հարցերին.
7) Ռադիացիոն անվտանգության և պաշտպանության հիմունքներին.
8) Տերմինալ իրավիճակների, շնչառության սուր խանգարումների, շնչուղիների անցանելիության խանգարումների (ասֆիքսիա), ջրահեղձման, հոսանքահարման կամ կայծակնահարման, կոմատոզ վիճակների, արնահոսությունների, շոկերի, մարմնի տարբեր հատվածների վերքերի, բաց և փակ վնասվածքների, քիմիական այրվածքների, գերսառեցման և ցրտահարության ախտորոշմանը և համապատասխան բուժօգնության տրամադրմանը: Աղետից տուժածներին բուժօգնության ժամանակ հիմնական բուժական մանիպուլյացիաների և վերակենդանացման միջոցառումների տրամադրմանը: Տուժածների դուրս բերման և տեղափոխման, ինչպես նաև հատուկ փրկարարական հմտությունների որոշակի ծավալի իրականացմանը.
9) Առողջապահության նախարարության հիմնական կամ նպատակային ծրագրերի մասին ընդհանուր տեղեկություններին.
10) Ապացուցողական բժշկության հիմունքներին.
11) Հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ-10).
12) Բուժօգնության որակի և անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներին.
13) Թիմային աշխատանքի սկզբունքներին, կարևորությանը: Պացիենտների և գործընկերների հետ ճիշտ հաղորդակցման հիմունքներին.
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. ռադիոլոգը պետք է`
1) Իմանա ճառագայթային ախտորոշման ոլորտում ճառագայթային աղբյուրները և դրանց առանձնահատկությունները, կարողանա տալ ստացված պատկերների ֆիզիկական և բժշկական հիմնավորումը.
2) Իմանա ռադիոմետրիայի, ռադիոգրաֆիայի, սկանավորման, շերտագրման հիմունքները և հնարավորությունները.
3) Իմանա ճառագայթային ախտորոշման տարբեր մեթոդների ցուցիչ հնարավորությունները, տեղը և անհրաժեշտությունը տարբեր նոզոլոգիաների ժամանակ.
4) Կարողանա իրականացնել ճառագայթային հետազոտություններ, այդ թվում`
ա. նևրոլոգիայում.
բ. էնդոկրինոլոգիայում.
գ. սրտաբանությունում.
դ. անոթաբանությունում.
ե. պուլմոնոլոգիայում.
զ. ստամոքս-աղիքային ուղու հիվանդությունների ժամանակ.
է. ոսկրաբանությունում.
ը. հեմատոլոգիայում.
թ. ուռուցքաբանությունում.
ժ. մանկաբուժությունում.
ժա. լիմֆատիկ համակարգի ախտահարման դեպքում.
ժբ. վնասվածքաբանությունում և օրթոպեդիայում.
ժգ. տրանսպլանտոլոգիայում.
ժդ. ուրոնեֆրոլոգիայում.
ժե. գինեկոլոգիայում.
ժզ. դիմածնոտային բժշկության ոլորտում.
5) Կարողանա կատարել ճառագայթային ախտորոշման և այլ մասնագիտական աշխատանքների և գործառույթների կոորդինացված գործողությունները (վերակենդանացման, վիրաբուժական և այլն, բուժական ընթացքը հսկելու անհրաժեշտության դեպքերում).
6) Կարողանա տեղեկատվություն ստանալ մեծահասակների և երեխաների հետազոտությունների վերաբերյալ (ուղեգրեր, հիվանդության պատմություն, ամբուլատոր քարտեր).
7) Պացիենտներից, ծնողներից և նրանց հարազատներից կարողանա պատշաճ հավաքագրել տվյալները և վերլուծել ստացված տեղեկությունները.
8) Կարողանա կատարել նշանակված մեթոդների կիրառում.
9) Կարողանա կատարել անհրաժեշտ հետազոտություններ և բժշկական օգնության ցուցաբերում` գործող չափորոշիչներին համապատասխան.
10) Դրսևորի ախտորոշման, հետազոտությունների, արդյունքների մեկնաբանության ալգորիթմների իմացություն.
11) Անհրաժեշտության դեպքում կարողանա նշանակել լրացուցիչ հետազոտություններ, հիմնավորել այդ հետազոտությունների կարևորությունը, մեկնաբանել հետազոտության արդյունքները, անցկացնել նախորդ արդյունքների հետ համեմատություններ.
12) Կարողանա մեկնաբանել ճառագայթային հետազոտությունների ժամանակ ստացված քանակական և որակական տվյալները.
13) Կարողանա մեկնաբանել լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտությունը:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Ռադիոլոգը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. ռադիոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
9. Տեխնիկական հմտություններ. ռադիոլոգը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Ռադիոլոգը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:
7. ՌԱԴԻՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են ռադիոլոգի վրա:
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՌԱԴԻՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են`
1) Մակարդակ 1: Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2: Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3: Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար` բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|Բժշկական միջամտություն |Կոմպետենտության |Կոմպետենտության|
| |աստիճան |մակարդակ |
|_______________________________|_____________________|_______________|
|1. Իրականացվող բոլոր բժշկական |Դիտորդ | 1 |
|միջամտությունների դիտորդ | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|2. Իրականացվող բոլոր բժշկական |Ոչ լիարժեք կամ | 2 |
|միջամտություններին հսկողության |մասնակի | |
|ներքո մասնակից կլինիկական |կոմպետենտություն | |
|օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|3. Իրականացվող բոլոր բժշկական |Լիարժեք | 3 |
|միջամտությունները հսկողության |կոմպետենտություն | |
|ներքո ինքնուրույն կատարող | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 2 սեպտեմբերի 2025 թվական: