ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 օգոստոսի 2025 թվականի N 111-Ն
ԱԽՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել ախտաբանի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
29.08.2025 Ա. Ավանեսյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2025 թվականի օգոստոսի 29-ի
N 111-Ն հրամանի
ԱԽՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ախտաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն ախտաբանաանատոմիական բաժանմունքներում, հյուսվածաբանական լաբորատորիաներում, ինչպես նաև` գիտահետազոտական ինստիտուտների և ուսումնական հաստատությունների համապատասխան լիցենզիա ունեցող ստորաբաժանումներում` օժանդակելով ախտորոշման, բուժման և ոլորտի գիտական զարգացման գործընթացին:
2. Ախտաբան կարող է համարվել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում` բուժական գործ կամ ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ, հետդիպլոմային կրթություն ախտաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Ախտաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Ախտաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության հյուսվածաբանական բաժանմունքի ախտաբան.
2) Հյուսվածաբանական լաբորատորիայի ախտաբան.
3) Ախտաբանաանատոմիական բաժանմունքի կամ դիահերձարանի կամ ախտաբան կամ ախտաբանաանատոմ.
4) Ախտաբանաանատոմիական բաժանմունքի ղեկավար.
5) Հյուսվածաբանական բաժանմունքի ղեկավար.
6) Հյուսվածաբանական լաբորատորիայի ղեկավար.
7) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ. ախտաբանը պետք է իմանա`
1) Մարդու նորմալ անատոմիա.
2) Ախտաբանական անատոմիա.
3) Դիահերձման տեխնիկա.
4) Դիահերձարանի կառուցվածք.
5) Հյուսվածաբանական լաբորատորիայի կառուցվածք.
6) Հյուսվածաբանական պատրաստուկների տեխնիկա և ներկման մեթոդներ.
7) Հականեխման աշխատանքների կատարման հիմունքներ.
8) Հատուկ վտանգավոր վարակային հիվանդություններից մահացածների դիահերձման առանձնահատկություններ.
9) Դատաբժշկական փորձաքննության հիմնական դրույթները` դիակի զննման և դիահերձման ժամանակ բռնի մահվան դեպքերի բացահայտման նպատակով:
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. ախտաբանը պետք է`
1) Տեղեկատվություն ստանա հիվանդության պատմագրից, բժշկական փաստաթղթերից, բժիշկների և հարազատների հետ զրույցից.
2) Կատարի դիակի զննում, դիահերձում; որպես լրացուցիչ մասնագիտացում տիրապետի նորածինների և մեռելածինների հերձման ժամանակ կիրառվող տեխնիկական առանձնահատկություններին, ներառյալ յուրաքանչյուր օրգանի հերձման տեխնիկային.
3) Հերձման ժամանակ վերցնի հյուսվածքներ ձևաբանական հետազոտության համար.
4) Մասնակցի կլինիկո-անատոմիական քննարկումներին.
5) Մասնակցի հյուսվածաբանական լաբորատորիայի աշխատանքներին, տիրապետի գործիքային և ներկման մեթոդներին.
6) Ուսումնասիրի հյուսվածաբանական պատրաստուկները մանրադիտակային եղանակով, կարողանա պատկերները փոխանցել համակարգչին մորֆամետրիայի կատարման և առավել ճշգրիտ ախտորոշում ստանալու նպատակով.
7) Կազմի դիահերձման արձանագրություն` համաձայն Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 23-ի N 67-Ն հրամանով հաստատված ձևանմուշի, նշելով մակրո- և միկրոնկարագիրը, ձևավորի և նախնական և վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշում` առաջնորդվելով Հիվանդության միջազգային դասակարգիչով (ՀՄԴ).
8) Կազմի մահվան մասին բժշկական վկայական, օգտվելով գործող էլեկտրոնային ծրագրերից.
9) Կլինիկական ախտաբանություն նեղ և նաև լրացուցիչ մասնագիտացման դեպքում`
ա. կատարի հեռացված վիրահատական նյութի կամ բիոպտատի ճիշտ հատում` ճիշտ մանրադիտակային ախտորոշում կայացնելու համար.
բ. տիրապետի ներկման և հետազոտման արդիական մեթոդների` իմունոհիստոքիմիական, մոլեկուլային, կլինիկական բջջաբանական և այլ` հիմնավորելով նրանց կիրառման անհրաժեշտությունը.
գ. իրականացնի վիրահատության ժամանակ վերցված նյութի շտապ պատրաստում և գնահատում.
դ. տիրապետի բիոպսիոն նյութի վերցման տեխնիկային.
ե. տիրապետի տարբեր չարորակ ուռուցքների ախտորոշման համար կիրառվող չափորոշիչներին և մեթոդներին.
զ. կարողանա վիրահատական կամ բիոպսիոն նյութի հետազոտությունը նկարագրել և ձևավորել ախտորոշում.
է. տիրապետի կլինիկական բջջաբանության հետազոտման տեխնիկային և կարգին համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ուղեցույցերի.
ը. վարի դիահերձման, հյուսվածաբանական և բջջաբանական հետազոտման գրանցամատյաններ հետազոտման հերթական համարով.
թ. դիահերձումից, հյուսվածաբանական և բջջաբանական հետազոտությունից հետո նյութի արխիվացումը կատարի` համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N519-Ն որոշման հավելվածի 24-րդ կետի.
10) Լինի տեղեկացված Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում գործող օրենսդրական և իրավական ակտերի, բժշկական հաստատությունում աշխատանքի անվտանգության կանոնների, վարակների կանխարգելման և կառավարման կիրառվող կանոնների մասին:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Ախտաբանը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ,
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. ախտաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:
9. Տեխնիկական հմտություններ. ախտաբանը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Ախտաբանը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ.
3) համագործակցել այլ ոլորտի մասնագետների հետ.
4) համագործակցել բազմամասնագիտական խմբի հետ` ապահովելով համալիր բուժման մոտեցում:
7. ԱԽՏԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են ախտաբանի վրա:
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄ ԿԱՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԱԽՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
._____________________________________________________________________.
|1. Իրականացվող բոլոր բժշկական |Դիտորդ | 1 |
|միջամտությունների դիտորդ | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|2. Իրականացվող բոլոր բժշկական |Ոչ լիարժեք կամ | 2 |
|միջամտություններին հսկողության |մասնակի | |
|ներքո մասնակից կլինիկական |կոմպետենտություն | |
|օրդինատոր, ռեզիդենտ | | |
|_______________________________|_____________________|_______________|
|3. Իրականացվող բոլոր բժշկական |Լիարժեք | 3 |
|միջամտությունները հսկողության |կոմպետենտություն | |
|ներքո ինքնուրույն կատարող | | |
|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 4 սեպտեմբերի 2025 թվական: