Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 սեպտեմբերի 2025 թվականի N 122-Ն

 

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել դատաբժշկական փորձագետի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    12.09.2025                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի սեպտեմբերի 12-ի

N 122-Ն հրամանի

 

ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Դատաբժշկական փորձագետը, այդ թվում, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքիմիական, կենսաքիմիական, դատահյուսվածքաբանական և բժշկաքրեագիտական ենթատեսակներով փորձաքննություն կատարող փորձագետն իրականացնում է առողջապահական բնագավառի մասնագիտական գործունեություն դատաբժշկական փորձաքննություն բժշկական հիմնական մասնագիտությամբ հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դատաբժշկական փորձաքննություն հիմնական տեսակով, ինչպես նաև լաբորատոր ախտորոշիչ և ախտաբանաանատոմիական տեսակներով:

2. Դատաբժշկական փորձագետ կարող է հանդիսանալ այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն դատաբժշկական փորձաքննություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Դատաբժշկական փորձաքննություն տեսակի, այդ թվում, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքիմիական, կենսաքիմիական, դատահյուսվածքաբանական և բժշկաքրեագիտական ենթատեսակներով փորձաքննություն իրականացնող փորձագետ հանդիսացող անձանց բարձրագույն կրթության և որակավորման վերաբերյալ պահանջները կանոնակարգված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ.-ի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն:

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Դատաբժշկական փորձագետն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Դատաբժշկական փորձագետ, դատակենսաբան փորձագետ, դատագենետիկ փորձագետ, դատաքիմիկ (կենսաքիմիկ) փորձագետ, դատահյուսվածքաբան փորձագետ, բժշկաքրեագետ փորձագետ, ախտաբանաանատոմ, ախտաբանաանատոմ-հյուսվածաբան.

2) Կրթությանն ու որակավորմանը համապատասխան ստորաբաժանման ղեկավար (կենտրոնի պետ, ծառայության ղեկավար, բաժնի պետ, բաժանմունքի պետ).

3) Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) տեղակալ.

4) Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. բուժական գործ մասնագիտությամբ բժշկի որակավորմանը համապատասխան բժշկական գիտելիքների իմացություն` առողջապահական բնագավառի կրթական ծրագրերի և իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ`

1) Փորձագետի եզրակացության կազմում` համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունների օրենսգրքերի և այլ իրավական ակտերի պահանջների.

2) Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված օբյեկտների (գործի նյութեր, բժշկական փաստաթղթեր, հետազոտելի նմուշներ և այլն) հետազոտություն.

3) Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված օբյեկտների հետազոտության արդյունքում ստացված տվյալների համադրում, վերլուծություն, մեկնաբանում և առաջադրված հարցերին համապատասխան հիմնավորված պատասխանների` եզրակացությունների կազմում.

4) Դիակի և կենսաբանական ծագման նմուշների (իրեղեն ապացույցների) հայտնաբերման վայրում անհրաժեշտ փորձագիտական նկարագրության և այլ գործողությունների իրականացում.

5) Դիակի հագուստների, կոշիկների ուսումնասիրություն, դրանց վիճակի, այդ թվում, վնասվածության և աղտոտվածության նկարագրություն.

6) Կենսաբանական ծագման նմուշների (իրեղեն ապացույցների) հայտնաբերման, նկարագրման, վերցման և փաթեթավորման գործընթացում վարույթն իրականացնող մարմնին փորձագիտական օժանդակություն:

7) Դատաբժշկական փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.

ա. դիակի դատաբժշկական փորձաքննության (հետազոտության) կատարում.

բ. դիակի և նրա մասերի արտաքին հետազոտության կատարում.

գ. դիակի և նրա մասերի ներքին հետազոտության կատարում.

դ. լրացուցիչ հետազոտությունների համար կենսաբանական օբյեկտների վերցնում, դրանց հետազոտությունների կազմակերպում և իրականացում.

ե. մահվան մասին բժշկական վկայականի լրացում.

զ. ուղեգրերի լրացում (անհրաժեշտության դեպքում).

է. մահվան վրա հասնելու ժամանակի որոշում.

ը. դիակի վնասվածքների հայտնաբերում, դրանց բնույթի և տեղակայության, պատճառման մեխանիզմի, առողջությանը պատճառված վնասի ծանրության, վնասվածքների և մահվան միջև պատճառահետևանքային կապի պարզում.

թ. դիակի ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում, դրանց բնույթի և տեղակայության, ծագումնաբանության, վնասվածքների և ախտաբանական փոփոխությունների, ինչպես նաև անբարենպաստ, այդ թվում, մահվան ելքի միջև պատճառահետևանքային կապի պարզում.

ժ. անհայտ, կմախքացած, արտաշիրիմված, այրված, ուշ դիակային փոփոխությունների ենթարկված դիակների դատաբժշկական փորձաքննության իրականացում.

ժա. պտղի և նորածնի դիակների դատաբժշկական փորձաքննության իրականացում.

ժբ. դիակի և նրա մասերի ներքին հետազոտման կարգի և ծավալի պլանավորում` պայմանավորված հայտնաբերված վնասվածքներով, ախտաբանական փոփոխություններով և դեպքի հանգամանքների վերաբերյալ առկա տեղեկատվությամբ.

ժգ. դիակի և նրա մասերի լրացուցիչ գործիքային և լաբորատոր հետազոտությունների անհրաժեշտության և ծավալի որոշում.

ժդ. դիակի և նրա մասերի ներքին հետազոտման արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն.

ժե. լրացուցիչ գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն.

ժզ. դիակի դատաբժշկական փորձաքննության (հետազոտության) արդյունքների վերլուծություն և մեկնաբանություն.

ժէ. մահվան պատճառի(ների) պարզում, դատաբժշկական ախտորոշման, դատաբժշկական փորձաքննության եզրակացության (կարծիքի) ձևակերպում.

ժը. կլինիկական և դատաբժշկական ախտորոշումների միջև համեմատական հետազոտություն, անհամապատասխանությունների, դրանց պատճառների պարզում.

ժթ. կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննության իրականացման պլանավորում.

իա. կենդանի անձանց դատաբժշկական փորձաքննության (հետազոտության) իրականացում վնասվածքների, հիվանդությունների և ախտաբանական փոփոխությունների կամ վիճակների բոլոր դեպքերում.

իբ. կենդանի անձանց վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակած մարմնի կողմից ներկայացված նյութերի, բժշկական և այլ փաստաթղթերի հետազոտություն.

իգ. փորձաքննվողի օբյեկտիվ հետազոտության իրականացում.

իդ. լրացուցիչ նեղ մասնագիտական, կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների անհրաժեշտության պարզում, դրանց կազմակերպում, ստացված արդյունքների վերլուծություն և կիրառում.

իե. առողջությանը պատճառված վնասի ծանրության պարզում.

իզ. աշխատունակության կորստի պարզման փորձաքննության կազմակերպում և իրականացում.

իէ. տարիքի պարզման փորձաքննության կազմակերպում և իրականացում.

իը. առողջական վիճակի փորձաքննության կազմակերպում և իրականացում, այդ թվում, սիմուլյացիայի, դիսիմուլյացիայի, ագրավացիայի, արհեստական հիվանդությունների և ինքնավնասման պարզում.

իթ. հղիության ընդհատման, դեմքի, գլխի, ականջի կամ կզակի անջնջելի այլանդակման, ինչպես նաև օրգանի կամ օրգանի գործառույթի կորստի, թմրամոլության, թունամոլության հասցնելու դեպքերում դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.

իժ. սեռական հանցագործությունների դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.

լա. անձի նույնականացման դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.

լբ. բուժաշխատողների մասնագիտական պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարզման դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.

լգ. փաստաթղթային նյութերի և այլ տվյալների հիման վրա դատաբժշկական փորձաքննության կազմակերպում և իրականացում.

8) Դատակենսաբան փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.

ա. փորձաքննությանը ներկայացված օբյեկտի (իրեղեն ապացույցի) ակնադիտական հետազոտություն, կենսաբանական ծագման կասկածելի հետքերի հայտնաբերում, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան դրանց առանձնացում և մշակում, հետքերում կենսաբանական ծագման նյութի (արյուն, սերմնահեղուկ, քրտինք, թուք, մեզ և այլն) առկայության հաստատում, դրանց տեսակային և խմբային պատկանելության որոշում, համեմատական հետազոտության և անհրաժեշտ վերլուծությունների իրականացում.

բ. կենսաբանական ծագման նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.

գ. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.

դ. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում.

9) Դատագենետիկ փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.

ա. փորձաքննությանը ներկայացված օբյեկտի (իրեղեն ապացույցի) ակնադիտական հետազոտություն, կենսաբանական ծագման կասկածելի հետքերի հայտնաբերում, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան դրանց առանձնացում և մշակում, ստացված նմուշներից ԴՆԹ-ի անջատում, այդ թվում, ավտոմատացված գործիքային մեթոդների և մանուալ մեթոդների կիրառմամբ.

բ. անջատված ԴՆԹ-ի որակական և քանակական ցուցանիշների գնահատում` քանակական ՊՇՌ մեթոդների կիրառմամբ, ԴՆԹ-ի դեգրադացիայի մակարդակի և հնարավոր ինհիբիտորների որոշմամբ.

գ. կարճ տանդեմային լոկուսների, ինչպես նաև Y-կարճ տանդեմային լոկուսների ամպլիֆիկացման գործընթացի իրականացում` կոմերցիոն առկա համակարգերի կիրառմամբ, պրոֆիլացման գործընթացի իրականացում` ԴՆԹ սեքվենավորման և ԴՆԹ անալիզի ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների կիրառմամբ.

դ. պրոֆիլացման արդյունքների որակական վերահսկման և վերծանման նպատակով GeneMapper (ԳենՄապպեր) ծրագրային ապահովման կիրառմամբ տվյալների կենսաինֆորմատիկական վերլուծություն.

ե. դեպքի վայրից վերցված նմուշներից և ռեֆերենս նմուշներից ստացված ԴՆԹ բնութագրերի գենետիկական նույնականացման կիրառվող համակարգերով համեմատական հետազոտության և վերլուծության իրականացում.

զ. ԴՆԹ խառնուրդների վերլուծություն, հիմնական և երկրորդային բաղադրիչների հնարավոր տարանջատմամբ, քիչ քանակությամբ ԴՆԹ պարունակությամբ նմուշների, վնասված և դեգրադացված կենսանյութի հնարավոր վերականգնում, հետազոտության և վերլուծության իրականացում.

է. դատագենետիկական փորձաքննության արդյունքների վիճակագրական վերլուծություն և հավանականության հաշվարկների ճշգրիտ իրականացում` կենսամաթեմատիկական տարբեր մոդելների կիրառմամբ, այդ թվում, պատահական համընկնման հավանականության և հավանականության հարաբերակցության հաշվարկմամբ, ինչպես նաև այլ պոպուլյացիոն գենետիկական տվյալների բազաների կիրառմամբ.

ը. կենսաբանական ծագման նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.

թ. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.

ժ. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում.

10) Դատաքիմիկ (կենսաքիմիկ) փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.

ա. փորձաքննությանը ներկայացված օբյեկտի (իրեղեն ապացույցի) ակնադիտական հետազոտություն, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան դրանց մշակում, հայտնաբերման ենթակա նյութերի (թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ցնդելի նյութեր, դրանց մետաբոլիտներ և այլն) դուրս մղման, անհրաժեշտ քիմիական մշակման, ստացված լուծամզվածքի հետազոտման համար ոչ անհրաժեշտ այլ նյութերից մաքրման իրականացում.

բ. հետազոտելի նմուշում հայտնաբերման ենթակա նյութերի (թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ցնդելի նյութեր, դրանց մետաբոլիտներ և այլն) առկայության պարզում` գործիքային (գազային, հեղուկային քրոմատոգրման և այլ) մեթոդների կիրառմամբ ստացված արդյունքների գնահատման և վերլուծության իրականացում.

գ. հայտնաբերված նյութերի քանակական ցուցանիշների պարզում.

դ. կենսաբանական ծագման նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.

ե. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.

զ. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում.

11) Դատահյուսվածքաբան փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները.

ա. մարդկային ծագման հյուսվածքային նմուշների վերցման, պահպանման, մշակման, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան մանրադիտակային և այլ հետազոտությունների համար անհրաժեշտ նմուշների պատրաստման, դրանց հետազոտման, արդյունքների գնահատման և վերլուծության իրականացում.

բ. վնասվածքային և ոչ վնասվածքային ծագման փոփոխությունների տարբերակիչ ախտորոշում, դրանց առաջացման վաղեմության պարզում.

գ. մարդկային ծագման հյուսվածքային նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.

դ. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.

ե. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում.

12) Բժշկաքրեագետ փորձագետը պետք է ունենա հետևյալ հմտությունները`

ա. մարդկային ծագման հյուսվածքային նմուշների վերցման, պահպանման, մշակման, կիրառելի մեթոդաբանությանը համապատասխան մանրադիտակային և այլ հետազոտությունների համար անհրաժեշտ նմուշների պատրաստման, դրանց հետազոտման, արդյունքների գնահատման և վերլուծության իրականացում.

բ. վնասվածքային ծագման փոփոխությունների, յուրահատկությունների, պատճառման մեխանիզմի, պատճառող առարկայի առանձնահատկությունների պարզման համար անհրաժեշտ հատկանիշների գնահատում, համեմատական հետազոտություն և վերլուծություն.

գ. մարդկային ծագման հյուսվածքային նմուշների հետ այլ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, արդյունքների մշակում և վերլուծություն.

դ. լաբորատոր սարքավորումների, միջոցների և նյութերի հետ աշխատանքի սահմանված կանոնների և սկզբունքների իմացություն, լաբորատոր անհրաժեշտ պայմանների շարունակական ապահովման կազմակերպման և հետևելիության իմացություն.

ե. լաբորատոր գործընթացների իրականացման և ստացվող արդյունքների հավաստիության վրա ազդեցության ռիսկերի գնահատում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Դատաբժշկական փորձագետը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. դատաբժշկական փորձագետը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9. Տեխնիկական հմտություններ. դատաբժշկական փորձագետը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Դատաբժշկական փորձագետը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ:

 

7. ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են դատաբժշկական փորձագետի վրա:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի.

13. Ախտորոշիչ և փորձագիտական կոմպետենտությունների մակարդակներ են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ փորձագիտական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և փորձագիտական հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|Բժշկական միջամտություն         |Կոմպետենտության      |Կոմպետենտության|

|                               |աստիճան              |մակարդակ       |

|_______________________________|_____________________|_______________|

|1. Իրականացվող բոլոր բժշկական  |Դիտորդ               |       1       |

|միջամտությունների դիտորդ       |                     |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |                     |               |

|_______________________________|_____________________|_______________|

|2. Իրականացվող բոլոր բժշկական  |Ոչ լիարժեք կամ       |       2       |

|միջամտություններին հսկողության |մասնակի              |               |

|ներքո մասնակից կլինիկական      |կոմպետենտություն     |               |

|օրդինատոր, ռեզիդենտ            |                     |               |

|_______________________________|_____________________|_______________|

|3. Իրականացվող բոլոր բժշկական  |Լիարժեք              |       3       |

|միջամտությունները հսկողության  |կոմպետենտություն     |               |

|ներքո ինքնուրույն կատարող      |                     |               |

|կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |                     |               |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 սեպտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
12.09.2025
N 122-Ն
Հրաման