Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒ ...

 

30.10.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1581-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԵՍՔԸ, ՁԵՎԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԷՋԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը, տեսքը, ձևը և էջերի քանակը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի նկարագիրը, տեսքը և ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում ամրագրման ենթակա բոլոր տվյալների լրացման, այդ թվում` ամրագրման ենթակա որևէ տվյալի բացակայության դեպքում բացակայող տվյալների լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի համար կիրառվող անվտանգության միջոցները` համաձայն N 4 հավելվածի.

5) գաղտնի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» 2026 թվականի մայիսի 11-ի ՀՕ-210-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2026 թ. հոկտեմբերի 30
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1581-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԵՍՔԸ, ՁԵՎԸ ԵՎ ԷՋԵՐԻ ՔԱՆԱԿԸ

 

1. ԱՆՁՆԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԵՍՔԸ ԵՎ ԷՋԵՐԻ ՔԱՆԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (այսուհետ` անձնագիր) քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար:

2. Անձնագրի արտաքին չափերը և թույլատրելի շեղումները պետք է համապատասխանեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթեր» 8-րդ հրատարակության 9303 փաստաթղթի «Մեքենայաընթեռնելի անձնագրերի և TD3 չափի այլ մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթերի տեխնիկական պահանջները» վերնագրով 4-րդ մասի 2-րդ գլխով սահմանված պահանջներին:

3. Անձնագիրը բաղկացած է շապիկից, պոլիկարբոնատային տվյալների թերթից և վիզայի էջերից: Անձնագիրը բաղկացած է 42 համարակալված էջերից, որոնցից պոլիկարբոնատային տվյալների թերթի առաջին կողմը անձնագրի 1-ին էջն է և տիտղոսաթերթը, պոլիկարբոնատային տվյալների թերթի երկրորդ կողմը անձնագրի 2-րդ էջն է և քաղաքացու տվյալների էջը, իսկ անձնագրի 3-42-րդ էջերը ներառյալ վիզայի էջերն են: Անձնագրի էջերը համարակալվում են արաբական թվանշաններով: Վիզայի էջերի համարները լրացուցիչ արտացոլվում են նաև հայկական այբբենական թվային համակարգով` համապատասխանաբար 3-րդ էջի «գ» նշագրումից մինչև 42-րդ էջի «խբ» նշագրումը` սույն հավելվածի NN 3-23 ձևերին համապատասխան: Անձնագրի անկյունները կլորացված են:

4. Անձնագրի շապիկի գույնը մուգ կարմիր է (PANTONE 195 C (#782F40)): Շապիկի երեսի վերևի մասում հայերեն, գլխատառերով, իսկ դրանից ներքև անգլերեն, համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հայաստանի Հանրապետության զինանշանից ներքև հայերեն, գլխատառերով, իսկ դրանից ներքև անգլերեն, համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը: Ստորին մասում պատկերվում է էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթի միջազգային խորհրդանշանը:

5. Շապիկի վրա պատկերված Հայաստանի Հանրապետության զինանշանը, գրառումները և էլեկտրոնային մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթի միջազգային խորհրդանշանը ոսկեգույն են:

6. Անձնագրի շապիկի ներքին էջն ունի գունային անցումներով ձևավորված բաց ֆոն: Էջի կենտրոնական մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծը` Երևան քաղաքի տեղադրության նշմամբ և «ԵՐԵՎԱՆ» մակագրությամբ: Էջի վերին և ստորին հատվածներում կրկնվող ձևով տպագրվում է «ARM» մակագրությունը: Էջի ստորին մասում հայերեն և անգլերեն տպագրվում են «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը» բառերը: Էջի գրաֆիկական պատկերները, դրանց գունային լուծումները, չափերը և տեղաբաշխումը համապատասխանում են սույն հավելվածի N 2 ձևին:

7. Պոլիկարբոնատային տվյալների թերթը տեղադրվում է անմիջապես անձնագրի շապիկից հետո:

8. Պոլիկարբոնատային տվյալների թերթը պատրաստված է պոլիկարբոնատի սպիտակ և թափանցիկ շերտերից` նախատեսված լազերային փորագրման համար: Պոլիկարբոնատային տվյալների թերթի կազմում ներառվում են դրանում ինտեգրված էլեկտրոնային բաղադրիչը, դրա ալեհավաքը և ոչ պոլիկարբոնատային կցակարը:

9. Տիտղոսաթերթի վերին մասում հայերեն և անգլերեն տպագրվում են «Հայաստանի Հանրապետություն» և «Անձնագիր» բառերը: Տիտղոսաթերթի կենտրոնական մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի ներքևում հայերեն և անգլերեն տեղադրվում է անձնագրի տրամադրման, անձի ինքնությունը հավաստելու և որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործվելու վերաբերյալ տեքստը` սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան: Տիտղոսաթերթի ստորին մասում և պոլիկարբոնատային տվյալների թերթի կցակարի վրա ամրագրվում է անձնագրի համարը: Տիտղոսաթերթի գրաֆիկական պատկերները, մակագրությունների դասավորությունը, գունային լուծումները և այլ տեսանելի տարրերը համապատասխանում են սույն հավելվածի N 2 ձևին:

10. Պոլիկարբոնատային տվյալների երկրորդ էջը (քաղաքացու տվյալների էջ) պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթեր» 9303 փաստաթղթի 8-րդ հրատարակության 4-րդ մասի պահանջներին: Այս էջի վերևի մասում հայերեն և անգլերեն, գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառակապակցությունը և «ԱՆՁՆԱԳԻՐ» բառը, իսկ էջի աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության դրոշը: Նշված գրառումներից ներքև, ստորև ներկայացվող հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր հայերեն և անգլերեն նշելու համար հետևյալ տեղեկությունները`

1) տիպ.

2) երկրի կոդ.

3) անձնագրի համար.

4) ազգանուն.

5) անուն.

6) սեռ.

7) քաղաքացիություն.

8) ծննդյան օր, ամիս, տարեթիվ.

9) ծննդյան վայրը` պետությունը.

10) թողարկման ամսաթիվ.

11) տրամադրող մարմին.

12) վավերականության ժամկետ:

11. Պոլիկարբոնատային տվյալների երկրորդ էջի ձախ մասում տեղ է հատկացվում անձնագրի տիրոջ հիմնական գունավոր լուսանկարի համար, իսկ աջ մասում` փոփոխվող կամ բազմակի լազերային պատկերի տեխնոլոգիայով ձևավորված անձնագրի տիրոջ երկրորդական դիմանկարի համար: Էջի աջ մասում` անձնագրի տիրոջ երկրորդական դիմանկարից վերև, պատկերվում է էլեկտրոնային անձնագրի խորհրդանշանը («chip inside» logo): Էջի ստորին մասում` մեքենայաընթեռնելի գոտուց վերև, տեղադրվում է անձնագրի տիրոջ ստորագրության պատկերը` սույն հավելվածի N 3 ձևին համապատասխան: Էջի կենտրոնական աջ մասում պատկերվում է գրաֆիկական պաշտպանական տարր` անձնագրի վավերացման նույնականացուցիչ (DOVID): Էջի ստորին մասում տեղադրվում է երկու տողից բաղկացած մեքենայաընթեռնելի գոտին:

12. Վիզայի էջերն ունեն գունային անցումներով ձևավորված բաց ֆոն: Էջերի վերին հատվածում հայերեն և անգլերեն տպագրվում է «Վիզա» բառը, ինչպես նաև տվյալ էջում ներկայացված թեմատիկ պատկերի անվանումը: Վիզայի էջերի գրաֆիկական պատկերները, մակագրությունների փոխադարձ դասավորությունը, գունային լուծումները և այլ տեսանելի տարրերը համապատասխանում են սույն հավելվածի NN 3-23 ձևերին: Անձնագրի հետին շապիկի ներքին կողմն ունի գունային անցումներով ձևավորված բաց ֆոն: Էջի կենտրոնական մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծը` Երևան քաղաքի տեղադրության նշմամբ և անգլերեն «Երևան» մակագրությամբ: Էջի վերին և ստորին հատվածներում կրկնվող ձևով տեղադրվում է «ARM» մակագրությունը: Քարտեզի ներքևում հայերեն և անգլերեն տեղադրվում է «Այս անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է» գրառումը: Հետին շապիկի ներքին կողմի գրաֆիկական պատկերները, մակագրությունների փոխադարձ դասավորությունը, գունային լուծումները և այլ տեսանելի տարրերը համապատասխանում են սույն հավելվածի N 23 ձևին:

13. Անձնագիրն ունի տվյալների էլեկտրոնային պահոց, որը պարունակում է անձի կենսաչափական տվյալները: Տվյալների էլեկտրոնային պահոցը և դրա ալեհավաքը ինտեգրվում են պոլիկարբոնատային տվյալների թերթում:

 

2. ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԸ

 

Ձև N 1

 

 

Ձև N 2

 

 

Ձև N 3

 

 

Ձև N 4

 

 

Ձև N 5

 

 

Ձև N 6

 

 

Ձև N 7

 

 

Ձև N 8

 

 

Ձև N 9

 

 

Ձև N 10

 

 

Ձև N 11

 

 

Ձև N 12

 

 

Ձև N 13

 

 

Ձև N 14

 

 

Ձև N 15

 

 

Ձև N 16

 

 

Ձև N 17

 

 

Ձև N 18

 

 

Ձև N 19

 

 

Ձև N 20

 

 

Ձև N 21

 

 

Ձև N 22

 

 

Ձև N 23

 

 

Հայաստանի Հանրապետության
     վարչապետի աշխատակազմի
     ղեկավար

 

 

Լ. Մակունց

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1581-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ, ՏԵՍՔԸ ԵՎ ՁԵՎԸ

 

1. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԵՍՔԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը (այսուհետ` նույնականացման քարտ) քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու, այդ թվում` հանրային ծառայությունների համարանիշի կիրառմամբ ծառայություններ ստանալու, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար:

2. Նույնականացման քարտի արտաքին չափերը և թույլատրելի շեղումները պետք է համապատասխանեն քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթեր» 8-րդ հրատարակության 9303 փաստաթղթի «TD1 չափի մեքենայաընթեռնելի պաշտոնական ճամփորդական փաստաթղթերի տեխնիկական պահանջները» վերնագրով 5-րդ մասի 2-րդ գլխով սահմանված պահանջներին:

3. Նույնականացման քարտն ունի տվյալների էլեկտրոնային պահոց, որը ներառում է կոնտակտային և անկոնտակտ հաղորդակցություն ապահովող էլեկտրոնային բաղադրիչ: Տվյալների էլեկտրոնային պահոցի էլեկտրոնային բաղադրիչը և դրանում գործող ծրագրային հավելվածներն ապահովում են քաղաքացու էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման հնարավորությունը:

4. Նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցի կոնտակտային միջերեսը համապատասխանում է ISO/IEC 7816 ստանդարտների շարքի պահանջներին, իսկ անկոնտակտ միջերեսը` ISO/IEC 14443-1, ISO/IEC 14443-2, ISO/IEC 14443-3 և ISO/IEC 14443-4 ստանդարտների պահանջներին` A կամ B տեսակի:

5. Նույնականացման քարտի դիմերեսի վերևի կենտրոնական մասում հայերեն, գլխատառերով, իսկ դիմերեսի վերևի ձախ մասում անգլերեն, գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ» գրառումները, իսկ վերևի աջ մասում պատկերվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

6. Նույնականացման քարտի դիմերեսի ձախ մասում տեղադրվում է քարտի տիրոջ գունավոր լուսանկարը:

7. Նույնականացման քարտի դիմերեսի կենտրոնական մասում տեղադրվում է քարտի տիրոջ փոքր չափի երկրորդական դիմանկարը:

8. Նույնականացման քարտի դիմերեսի աջ և կենտրոնական մասերում հայերենով և անգլերենով, ստորև ներկայացված հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր հետևյալ տվյալները լրացնելու համար`

1) ազգանուն.

2) անուն.

3) սեռ.

4) քաղաքացիություն.

5) ծննդյան օր, ամիս, տարեթիվ.

6) նույնականացման քարտի համար.

7) վավերականության ժամկետ:

9. Նույնականացման քարտի դիմերեսի ներքևի աջ մասում ամրագրվում է քարտի տիրոջ ստորագրությունը: Ստորագրությունն ամրագրվում է օրենքով նախատեսված դեպքերում:

10. Նույնականացման քարտի դարձերեսի ձախ մասում տեղադրվում է էլեկտրոնային բաղադրիչի կոնտակտային հարթակը` ISO/IEC 7816-2:2007 ստանդարտին համապատասխան:

11. Նույնականացման քարտի դարձերեսի վերևի և կենտրոնական մասերում հայերենով և անգլերենով, ստորև ներկայացված հաջորդականությամբ, հատկացվում են տեղեր հետևյալ տվյալները լրացնելու համար`

1) հանրային ծառայությունների համարանիշ.

2) հայրանուն.

3) թողարկման ամսաթիվ.

4) տրամադրող մարմին:

12. Նույնականացման քարտի դարձերեսի վերևի աջ մասում տեղադրվում է անհատականացման ընթացքում փորագրված երկչափ գծակոդ, որում նշվում է նույնականացման քարտի համարը:

13. Նույնականացման քարտի դարձերեսի ներքևի մասում տեղադրվում է երեք տողից բաղկացած մեքենայաընթեռնելի գոտին:

 

2. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ

 

Ձև N 1

 

 

                                                                                                                        ԴԻՄԵՐԵՍ                                                  ԴԱՐՁԵՐԵՍ

 

Հայաստանի Հանրապետության
     վարչապետի աշխատակազմի
     ղեկավար

 

 

Լ. Մակունց

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1581-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈԼՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐԵՎԷ ՏՎՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում ամրագրման ենթակա տվյալների լրացման, ինչպես նաև ամրագրման ենթակա որևէ տվյալի բացակայության դեպքում համապատասխան դաշտի լրացման կանոնները:

2. Անձնագրում և նույնականացման քարտում անձնական տվյալների լրացման համար հիմք են ընդունվում անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները, որոնք անձնագրում և նույնականացման քարտում ամրագրվում են առանց փոփոխության:

3. Քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում լրացվող անձնական տվյալներն ամրագրվում են հայերենով և անգլերենով:

4. Եթե օրենքով պարտադիր չի համարվում անձնագրում կամ նույնականացման քարտում լրացման ենթակա որևէ տվյալի առկայությունը, և այդ տվյալը բացակայում է, ապա անձնագրում կամ նույնականացման քարտում համապատասխան դաշտը չի լրացվում:

 

2. ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Անձնագրի տիպը լրացվում է անգլերեն` «PP»:

6. Տրամադրող երկրի կոդը լրացվում է անգլերեն` «ARM»:

7. Անձնագրի համարը ինը նիշից բաղկացած եզակի համար է, որը ձևավորվում է փաստաթղթի տպագրման ընթացքում: Անձնագրի համարը նույնությամբ ամրագրվում է անձնագրի քաղաքացու տվյալների էջում, մեքենայաընթեռնելի գոտում` ներառյալ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության «Մեքենայաընթեռնելի ճամփորդական փաստաթղթեր» 9303 փաստաթղթի 8-րդ հրատարակության 4-րդ մասի համաձայն ձևավորված ճշգրտող թիվը, տվյալների էլեկտրոնային պահոցում:

8. Անձնագրում քաղաքացու ազգանունը և անունը հայերեն և անգլերեն ամրագրվում են բնակչության պետական ռեգիստրում առկա գրառմանը համապատասխան:

9. Անձնագրում ծննդյան վայրը լրացվում է բնակչության պետական ռեգիստրում առկա ծննդավայրի տվյալների հիման վրա: Որպես ծննդավայր նշվում է պետությունը: Պետությունը անձնագրում նշվում է ISO 3166-1:2020 միջազգային ստանդարտի համապատասխան եռատառ ծածկագրով: Եթե բնակչության պետական ռեգիստրում որպես ծննդավայր նշված է քաղաք, գյուղ կամ այլ բնակավայր կամ վարչատարածքային միավոր, ապա տվյալ բնակավայրի կամ վարչատարածքային միավորի պատկանելությունը որևէ պետության որոշվում է ISO 3166-2:2020 միջազգային ստանդարտով, իսկ այդ ստանդարտով որոշելու անհնարինության դեպքում` միջազգային պաշտոնական աշխարհագրական տեղեկատուների հիման վրա:

10. Անձնագրում սեռի նշումը հայերեն կատարվում է «Ա»` արական սեռի դեպքում, և «Ի»` իգական սեռի դեպքում, իսկ անգլերեն` «M»` արական և «F»` իգական սեռի դեպքում:

11. Անձնագրում քաղաքացիությունը լրացվում է բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տվյալին համապատասխան: Անձի` այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում անձնագրում ամրագրվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը անձնագրում նշվում է միայն անգլերեն` «ARM»:

12. Անձնագրում ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը լրացվում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա` սույն որոշման N 1 հավելվածի N 3 ձևին համապատասխան` ամսաթիվը և տարին նշելով թվերով, իսկ ամիսը` տառերով` հայերեն և անգլերեն:

13. Անձնագրի թողարկման օրը, ամիսը և տարեթիվը լրացվում են այն օրը հիմք ընդունելով, երբ լիազոր մարմինը հրահանգել է մասնավոր գործընկերոջը տպագրել անձնագիրը:

14. Անձնագրի վավերականության ժամկետը լրացվում է` հաշվի առնելով անձնագրի թողարկման ամսաթիվը և օրենքով անձի համապատասխան տարիքային խմբի համար սահմանված վավերականության ժամկետը:

15. Անձնագիր տրամադրող մարմինը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն է, որն անձնագրում նշվում է միայն հայերեն` ՆԳՆ:

16. Քաղաքացու լուսանկարը և ստորագրությունն ամրագրվում են անձնագրի անձնական տվյալների էջում և տվյալների էլեկտրոնային պահոցում, իսկ մատնադրոշմները` տվյալների էլեկտրոնային պահոցում, եթե օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն այդ կենսաչափական տվյալները հավաքագրվել են:

 

3. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Նույնականացման քարտում քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը հայերեն և անգլերեն ամրագրվում են բնակչության պետական ռեգիստրում առկա գրառմանը համապատասխան:

18. Նույնականացման քարտում քաղաքացու անվան և հայրանվան անգլերեն գրառման նկատմամբ կիրառվում են անձնագրում անվան և ազգանվան անգլերեն գրառման կանոնները:

19. Յուրաքանչյուր նույնականացման քարտի դրա տպագրման ընթացքում տրվում է ինը նիշից բաղկացած եզակի համար: Նույնականացման քարտի համարն ամրագրվում է նույնականացման քարտի տեսանելի զննման գոտում, մեքենայաընթեռնելի գոտում և տվյալների էլեկտրոնային պահոցում:

20. Նույնականացման քարտում սեռի նշումը հայերեն կատարվում է «Ա»` արական սեռի դեպքում, և «Ի»` իգական սեռի դեպքում, իսկ անգլերեն` «M»` արական և «F»` իգական սեռի դեպքում:

21. Նույնականացման քարտում քաղաքացիությունը լրացվում է բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության տվյալին համապատասխան: Անձի` այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում նույնականացման քարտում ամրագրվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը նույնականացման քարտում նշվում է «ARM»:

22. Նույնականացման քարտում ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը լրացվում են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա` սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան:

23. Նույնականացման քարտի թողարկման օրը, ամիսը և տարեթիվը լրացվում են այն օրը հիմք ընդունելով, երբ լիազոր մարմինը հրահանգել է մասնավոր գործընկերոջը տպագրել նույնականացման քարտը:

24. Նույնականացման քարտի վավերականության ժամկետը լրացվում է` հաշվի առնելով քարտի թողարկման ամսաթիվը և օրենքով նույնականացման քարտի համար սահմանված վավերականության ժամկետը` սույն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան:

25. Նույնականացման քարտ տրամադրող մարմինը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն է, որը հայերեն նշվում է` ՆԳՆ, անգլերեն` MIA:

26. Նույնականացման քարտում քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը լրացվում է բնակչության պետական ռեգիստրում տվյալ քաղաքացուն տրամադրված հանրային ծառայությունների համարանիշին համապատասխան:

27. Քաղաքացու լուսանկարը և ստորագրությունն ամրագրվում են նույնականացման քարտի դիմերեսի տեսանելի զննման գոտում և տվյալների էլեկտրոնային պահոցում, իսկ մատնադրոշմները` տվյալների էլեկտրոնային պահոցում, եթե օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն այդ կենսաչափական տվյալները հավաքագրվել են:

 

Հայաստանի Հանրապետության
     վարչապետի աշխատակազմի
     ղեկավար

 

 

Լ. Մակունց

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1581-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անձնագրի և նույնականացման քարտի անվտանգության միջոցները նախատեսված են փաստաթղթերը կեղծումից, վերարտադրումից, դրանցում ամրագրված տվյալների կամ փաստաթղթի առանձին տարրերի փոփոխումից կամ փոխարինումից պաշտպանելու համար:

 

2. ԱՆՁՆԱԳՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

2. Անձնագրի շապիկի արտաքին մակերեսը պատվում է քիմիական նյութերի և բարձր ջերմաստիճանի ազդեցության նկատմամբ դիմացկուն պաշտպանական նյութով:

3. Անձնագրի շապիկի վրա Հայաստանի Հանրապետության զինանշանը և էլեկտրոնային անձնագրի միջազգային խորհրդանշանն ամրագրվում են տաք դրոշմման եղանակով:

4. Անձնագրի շապիկի ներքին էջը պատրաստվում է կեղծումից պաշտպանված, ուլտրամանուշակագույն ճառագայթումը չարտացոլող թղթից և պարունակում է գունային անցումային պատկերներից, գիլյոշներից, բարակ գծերից և պոզիտիվ ու նեգատիվ միկրոտեքստերից կազմված պաշտպանական դիզայն:

5. Անձնագրի շապիկի ներքին էջում կիրառվում է ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի ֆլուորեսցենտ թանաքով պաշտպանական դիզայն` Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների, առնվազն երկու գունային անցումային էֆեկտների և միկրոտեքստի կիրառմամբ:

6. Անձնագրի տիտղոսաթերթը պարունակում է գիլյոշներից և բարակ գծերից կազմված պաշտպանական դիզայն, իսկ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշը տպագրվում է ֆլուորեսցենտ թանաքով:

7. Անձնագրի քաղաքացու տվյալների էջի պաշտպանական ֆոնային դիզայնը ներառում է`

1) առնվազն երկու տեսանելի գունային անցումային պատկեր.

2) առնվազն երկու` ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի գունային անցումային պատկեր.

3) գիլյոշներ և բարակ գծեր.

4) սկանավորումից պաշտպանող տարրեր:

8. Անձնագրի տվյալների էջում`

1) էլեկտրոնային անձնագրի միջազգային խորհրդանշանն արտացոլվում է օպտիկապես փոփոխական թանաքով.

2) կիրառվում են շոշափելի պաշտպանական տարրեր, որոնց մի մասը պարունակում է միկրոտեքստ.

3) ամրագրման ենթակա փոփոխական տվյալներն ամրագրվում են լազերային փորագրման եղանակով, իսկ անձնագրի համարի լազերային փորագրումն ունի շոշափելի էֆեկտ:

9. Անձնագրի տվյալների էջում կիրառվում են`

1) մեծ չափի երկրորդական պատկեր` փոփոխվող կամ բազմակի լազերային պատկերի տեխնոլոգիայի կիրառմամբ.

2) հիմնական դիմանկարը պաշտպանող և Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ դիզայն ունեցող օպտիկապես փոփոխական հոլոգրաֆիկ պաշտպանիչ տարր.

3) ինֆրակարմիր ճառագայթմանը արձագանքող պաշտպանական թանաք:

10. Անձնագրի ներքին էջերի պաշտպանական ֆոնը ներառում է գիլյոշներ, բարակ գծեր և առնվազն երկու տեսանելի գունային անցումային պատկեր` Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները, բնաշխարհը, մշակութային կամ ճարտարապետական տարրերը ներկայացնող զարդանախշերով:

11. Յուրաքանչյուր ներքին էջի համարը տպագրվում է տեսանելի թանաքով` էջի եզրին մոտ, ընդ որում հաջորդական էջերի համարների տեղադրությունը չի համընկնում: Էջի համարը կրկնվում է նաև ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի ֆլուորեսցենտ թանաքով:

12. Անձնագրի ներքին էջերը պարունակում են ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի ֆլուորեսցենտ պաշտպանական դիզայն` Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների և առնվազն երկու գունային անցումային էֆեկտների կիրառմամբ:

13. Անձնագրի ներքին էջերի թղթում ներառվում են բնական լույսի ներքո անտեսանելի և ուլտրամանուշակագույն լույսի ներքո բազմագույն` երեք գույնով ֆլուորեսցենտ պաշտպանական մանրաթելեր և Հայաստանի Հանրապետության խորհրդանիշը պատկերող բազմերանգ ջրանիշ:

14. Անձնագրի համարը`

1) 3-րդ էջում ամրագրվում է տեսանելի սև թանաքով.

2) լազերային պերֆորացիայի եղանակով ամրագրվում է անձնագրի յուրաքանչյուր ներքին էջում` բացառությամբ պոլիկարբոնատային տվյալների էջի.

3) լազերային փորագրման եղանակով ամրագրվում է տիտղոսաթերթում:

15. Անձնագրի էջերը գրքույկին ամրացվում են կեղծումից պաշտպանված կարով:

16. Պոլիկարբոնատային տվյալների էջն անձնագրի գրքույկին ամրացվում է պաշտպանական կցակարի միջոցով այնպես, որ տվյալների էջի հեռացման կամ փոխարինման փորձը հանգեցնի տեսանելի և անդառնալի վնասման: Տվյալների էջի ամրացման կառուցվածքը պետք է նվազեցնի դրա շերտազատման հնարավորությունը:

 

3. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

17. Նույնականացման քարտը պատրաստվում է տարբեր շերտերից կազմված ամբողջությամբ պոլիկարբոնատային հիմքով:

18. Նույնականացման քարտի պաշտպանական ֆոնային դիզայնը ներառում է`

1) առնվազն երկու տեսանելի գունային անցումային պատկեր.

2) առնվազն երկու` ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի գունային անցումային պատկեր.

3) գիլյոշային պատկերներ.

4) բարակ գծեր.

5) սկանավորումից պաշտպանող տարրեր:

19. Նույնականացման քարտի պաշտպանական դիզայնում կիրառվում են պոզիտիվ և նեգատիվ միկրոտեքստեր` մինչև 250 միկրոմետր ներառյալ չափով, այդ թվում` դիտավորյալ սխալներ պարունակող միկրոտեքստեր:

20. Նույնականացման քարտի վրա կիրառվում են`

1) օպտիկապես փոփոխական թանաքով տպագրված պաշտպանական տարր.

2) քարտի դիմային կողմում Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ դիզայնով օպտիկապես փոփոխական պաշտպանիչ տարր.

3) ինֆրակարմիր ճառագայթմանը արձագանքող պաշտպանական թանաք:

21. Նույնականացման քարտը պարունակում է շոշափելի պաշտպանական տարրեր, որոնց մի մասը ներառում է միկրոտեքստ:

 

Հայաստանի Հանրապետության
     վարչապետի աշխատակազմի
     ղեկավար

 

 

Լ. Մակունց

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հոկտեմբերի 2026 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2026
N 1581-Ն
Որոշում