(ուժը կորցրել է 13.03.12 թիվ 201-Ն որոշում)
i
041.0505.070705
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2005 թվականի N 505-Ա
i
ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն որոշման 3-րդ կետին համապատասխան`
(նախաբանը փոփ. 25.12.08 թիվ 1082-Ա որոշում)
i
1. Հաստատել Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 25.12.08 թիվ 1082-Ա որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 09.03.11 թիվ 173-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2005 թվականի հուլիսի 7-ի
N 505-Ա որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի (այսուհետ` ծրագիր) համակարգող խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով գործող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն որոշման համաձայն:
(1-ին կետը փոփ. 25.12.08 թիվ 1082-Ա որոշում)
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ու հիմնադրամի միջև ստորագրված փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի իրավունքները բխում են համաձայնագրի դրույթներից:
i
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի համակարգման խորհուրդ:
(4-րդ կետը փոփ. 25.12.08 թիվ 1082-Ա որոշում)
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային ծրագրի իրականացման համակարգումն է:
i
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ` հիմնարկ) կառավարման մարմին:
(6-րդ կետը փոփ. 25.12.08 թիվ 1082-Ա որոշում)
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում մինչև 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունների հաստատումը,
բ) ծրագրի իրականացման ընթացքում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ,
գ) գյուղական ֆինանսավորման կառույցի վարկավորման կանոնակարգի հաստատումը և դրա մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելը,
դ) ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և բյուջեի քննարկումն ու հաստատումը,
ե) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին և ծրագրի բյուջեին համապատասխան հաշվետվությունների հաստատումը,
զ) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման և (կամ) վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` նախապես համաձայնեցնելով հիմնադրամի հետ,
է) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը,
ը) հիմնադրամի մասնագետների այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և ծրագրի իրականացման արդյունքները պատվիրակության հետ քննարկելն ու արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը,
թ) ծրագրի ավարտից հետո դրա իրականացման արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. Հիմնարկի տնօրենը ծրագրի իրականացման ընթացում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում ծագած հարցերը հիմնարկի տնօրենի ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են տարեկան 2 անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման մասին հիմնարկի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ հիմնարկի տնօրենի առաջարկությամբ: Արտահերթ նիստերը գումարվում են առաջարկն ստանալու մասին խորհրդի անդամներին տեղեկացնելու օրվանից ոչ ավելի, քան 15 օրվա ընթացքում:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ խորհրդի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստի անցկացումից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: Հիմնարկի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատման և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:
20. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
21. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն է:
22. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
i
23. Խորհուրդն ունի 14 անդամ: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(23-րդ կետը փոփ. 25.12.08 թիվ 1082-Ա որոշում)
24. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ապա ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է խորհրդի որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ: Խորհրդի անդամը խորհրդի նիստի որոշմանն իր անհամաձայնության մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:
25. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարը:
26. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:
27. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
28. Խորհրդի քարտուղարը հիմնարկի տնօրենն է:
29. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագիծ.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և դրանց պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու պետական կառավարման մարմիններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
30. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին` հիմնադրամի համաձայնությամբ:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
31. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` հիմնադրամի համաձայնությամբ:
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2005 թվականի հուլիսի 7-ի
N 505-Ա որոշման
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
Ս. Բալասանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Նռանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ
Ա. Գիզիրյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Վ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության գլխավոր մասնագետ
Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության
արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի
ֆինանսական ծրագրավորման վարչության
գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային
տնտեսության բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական
ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Կ. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման
վարչության ֆինանսաբյուջետային բաժնի պետ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի փոքր և
միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ
Մ. Սարգսյան - Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Ղուկասյան - ՀՀ բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Վիրաբյան - «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի
վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական
հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)»
(կազմը փոփ. 25.12.08 թիվ 1082-Ա, 02.07.09 թիվ 549-Ա, 09.03.11 թիվ 173-Ա որոշումներ)