(ուժը կորցրել է 18.08.15 թիվ 760-Ա որոշում)
i
041.0312.060608
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2008 թվականի N 312-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թ. հունիսի 5-ի
N 312-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշմամբ: Սույն աշխատակարգով սահմանվում են խորհրդի նիստերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով:
3. Խորհուրդն իր գործունեությամբ հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:
II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ ուղղված աշխատանքների համակարգումն է:
5. Խորհուրդը պարբերաբար հրավիրվող իր նիստերի ընթացքում ըստ բնագավառների քննության է առնում և ընդունում խորհրդատվական բնույթի որոշումներ նշված հարցերի վերաբերյալ`
1) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) երևույթի քրեականացման և գործող օրենսդրության կիրարկման բնագավառում`
ա. օրենսդրական դաշտի կատարելագործում.
բ. օրենքների կիրարկելիության ապահովում,
գ. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հանցագործության հետապնդման արդյունավետ իրականացում.
2) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման բնագավառում`
ա. բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում,
բ. բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական մարմինների աշխատողների իրազեկվածության մակարդակի բարձրացում,
գ. անչափահասների շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում,
դ. զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման գործընթացում.
3) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանության և աջակցության բնագավառում`
ա. զոհերի բացահայտում և նրանց վերադարձի կազմակերպում,
բ. զոհերին անհրաժեշտ օժանդակության իրականացում:
6. Բացի նշված հարցերից` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ ուղղված աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով խորհուրդը քննության է առնում և ընդունում որոշումներ միջազգային, տարածաշրջանային և միջգերատեսչական համագործակցության, համապատասխան ուսումնասիրություններ կատարելու և թրաֆիքինգի երևույթի հետ առնչություն ունեցող այլ հարցերով:
7. Խորհրդի իրավասությունների մեջ մտնող հարցերով համապատասխան նյութերը պատրաստում և խորհրդի քննարկմանն է ներկայացնում աշխատանքային խումբը, որն ստեղծվել է խորհրդի ընթացիկ աշխատանքը կազմակերպելու նպատակով:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
9. Խորհուրդը կազմված է նախագահից, անդամներից և քարտուղարից, որոնք խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են խորհրդի նախագահի կողմից, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Ըստ անհրաժեշտության, խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:
11. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին:
12. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը:
13. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող նիստից առնվազն 2 օր առաջ:
15. Խորհրդի նիստերն սկսվում են նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
16. Խորհրդի որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը:
17. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են աշխատանքային խմբի ղեկավարը, քարտուղարը, կարող են մասնակցել նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
18. Խորհրդի նախագահը`
1) ղեկավարում է խորհրդի գործունեությունը.
2) նշանակում է խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը և հաստատում օրակարգը.
3) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
4) հաստատում է խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը.
5) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
19. Խորհրդի անդամները`
1) իրավունք ունեն`
ա. հարցեր ներկայացնելու խորհրդի քննարկմանը,
բ. առաջարկություններ ներկայացնելու խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
գ. խորհրդի որոշումների վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք,
դ. ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.
2) պարտավոր են`
ա. մասնակցել խորհրդի աշխատանքներին,
բ. կատարել խորհրդի որոշումները և նրա նախագահի հանձնարարականները:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
20. Խորհրդի քարտուղարը`
1) արձանագրում է խորհրդի նիստերը և կազմում խորհրդի որոշումների նախագծերը.
2) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերվող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստերում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) իրականացնում է խորհրդի և նրա նախագահի հանձնարարականները:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: