Սեղմել Esc փակելու համար:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐ ...

 

10.01.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1044-Ն

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 7-ի

N 1044-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատու) որակավորման քննությունների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք), սույն կարգով և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:

2. Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գործունեության բնագավառում հայտատուների որակավորումը կազմակերպում և իրականացնում է Կադաստրի կոմիտեն (այսուհետ` կոմիտե)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվող որակավորման քննությունների միջոցով:

i

3. Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք:

(3-րդ կետը փոփ. 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

4. Որակավորման քննության անցկացման նպատակը` հայտատուի` օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների ստուգումն է: Որակավորման քննություն անցկացվում է առնվազն մեկ անգամ` յուրաքանչյուր 3 ամսվա ընթացքում:

 

2. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

i

5. Որակավորման քննություններն ընդունում է Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում մասնագիտական որակավորման գործող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

(5-րդ կետը փոփ. 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

i

6. Հանձնաժողովը ձևավորվում է օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, որի կազմում ընդգրկվում են կոմիտեի երկու ներկայացուցիչ` հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրի առաջարկությամբ առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող մեկական գնահատող` ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Որակավորման հանձնաժողովում գնահատող անդամների քանակը չպետք է պակաս լինի երեքից: Որակավորման հանձնաժողովում որպես հանձնաժողովի անդամ ընդգրկելու նպատակով գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից գնահատողներ չառաջարկվելու կամ առաջարկված գնահատողների քանակը երեքից պակաս լինելու դեպքում կոմիտեն իր նախաձեռնությամբ հանձնաժողովում ընդգրկում է առնվազն երկու տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող այլ գնահատողների:

(6-րդ կետը փոփ. 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

7. Հանձնաժողովը`

1) կազմակերպում է հայտատուների մասնագիտական որակավորման քննությունների անցկացման աշխատանքները.

2) որոշում է հայտատուների մասնագիտական որակավորման քննության անցկացման վայրը, օրը, ժամը և դրա մասին հայտարարությունը տրամադրում է կոմիտեին` վերջինիս պաշտոնական կայքում (www.cadastre.am) հրապարակելու համար.

3) նախապատրաստում է քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերն ու խնդիրները և դրանք ներկայացնում է կոմիտեի ղեկավարի հաստատմանը.

4) ամփոփում է որակավորման քննության արդյունքները, կազմում և կոմիտեի ղեկավարին է ներկայացնում արդյունքների վերաբերյալ եզրակացություն պարունակող արձանագրություն: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները.

5) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների կեսից ավելին:

9. Հանձնաժողովի նախագահին, քարտուղարին և անդամներին նշանակում և ազատում է կոմիտեի ղեկավարը:

10. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի քարտուղարը: Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի միաժամանակյա բացակայության դեպքում նիստը հետաձգվում է:

 

3. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Որակավորման քննության անցկացման մասին հայտարարությունը (այսուհետ` հայտարարություն) հրապարակում է կոմիտեն` իր պաշտոնական կայքում www.cadastre.am հասցեով:

12. Հայտարարությունը հրապարակվում է որակավորման քննությունն անցկացվելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` կոմիտեի պաշտոնական կայքում: Հայտարարությունը պաշտոնական կայքից կարող է հանվել որակավորման քննության անցկացման օրվանից ոչ շուտ:

13. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունը`

1) օրենքով սահմանված գործունեության որակավորում ստանալու համար մասնագիտական գիտելիքների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

2) հայտատուների կողմից հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու վերջնաժամկետը: Հայտատուները դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացնել որակավորման քննության մասին հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում.

3) մասնագիտական որակավորման քննության օրը, ժամը և վայրը.

4) դիմումի և դրան կից փաստաթղթերի ներկայացման հասցեն, կոմիտեի իրավասու ստորաբաժանման հեռախոսահամարը.

5) որակավորման քննության պատշաճ անցկացման հետ կապված այլ տեղեկություններ:

14. Օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար հայտատուները կարող են դիմել որակավորման վկայականի ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ:

Հայտատուները չեն կարող դիմել որակավորման վկայական ստանալու համար, եթե դիմումատուի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ:

 

4. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

i

15. Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուները ներկայացնում են`

1) գրավոր դիմում (տրվում է կոմիտեի ղեկավարի անունով, սույն հավելվածին կից ձևին համապատասխան).

2) բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը.

3) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.

4) անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը.

5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով.

6)  (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

(15-րդ կետը փոփ. 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

i

16. Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով` հասարակ գրավոր ձևով տրված կամ նոտարական կարգով վավերացրած լիազորագրի հիման վրա:

(16-րդ կետը փոփ. 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

17. Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը հայտատուների ներկայացրած` սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերը թերի լինելու դեպքում տեղեկացնում է այդ մասին հայտատուին` առաջարկելով մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը շտկել թերությունները կամ համալրել փաստաթղթերի ցանկը:

18. Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուների ներկայացրած դիմումների և կից փաստաթղթերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը և սույն կարգին ստուգում է կոմիտեի իրավասու ստորաբաժանումը, որից հետո որակավորման քննությանը մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր հայտատուին վերաբերող փաստաթղթերի փաթեթը (համարակալված և կարված) և այդ փաստաթղթերի` գործող օրենսդրության համապատասխանության և ամբողջականության մասին տեղեկանքը ներկայացնում է հանձնաժողովին փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետի ավարտից մեկ օր հետո:

19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված տեղեկանքի և փաստաթղթերի հիման վրա հայտատուին որակավորման քննությանը մասնակցելու թույլտվությունը տրամադրում է հանձնաժողովը` կայացնելով արձանագրային որոշում: Որակավորման քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած և չստացած հայտատուների վերաբերյալ տեղեկատվությունը, ներառյալ հայտատուներին որակավորման քննությանը մասնակցելու թույլտվություն տրամադրելու կամ թույլտվություն տրամադրելը մերժելու վերաբերյալ կազմված և հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամների կողմից ստորագրված արձանագրությունը, հանձնաժողովը ներկայացնում է կոմիտեի իրավասու ստորաբաժանմանը որակավորման քննության անցկացման օրվանից առնվազն 7 աշխատանքային օր առաջ: Արձանագրությունն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն հայտատուներին ծանուցում է քննությանը մասնակցելու թույլտվության կամ քննությանը մասնակցելու թույլտվություն տրամադրելը մերժելու և դրա պատճառների մասին:

20. Կոմիտեում վարվում է որակավորման քննության անցկացման համար դիմած հայտատուների տվյալների գրառման համարակալված մատյան: Մատյանում նշվում են յուրաքանչյուր հայտատուի անձը նույնականացնող տվյալները, որակավորման քննության օրը, ժամը, քննության արդյունքը, որակավորման վկայականի համարը, տրման ամսաթիվը, ինչպես նաև կարող են ներառվել այլ տեղեկություններ: Հայտատուի տվյալները մատյանում գրառվում են նրա կողմից ներկայացված փաստաթղթերի ընդունման օրը: Հայտատուների տվյալների գրառման մատյանի ձևը և վարման առանձնահատկությունները սահմանում է կոմիտեի ղեկավարը:

21. Եթե մինչ որակավորման քննությանը մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտման պահը ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին կոմիտեի իրավասու ստորաբաժանումը 1 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կարգով ներկայացնում է կոմիտեի ղեկավարին և հանձնաժողովին:

22. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքում որակավորման քննությունը համարվում է չկայացած և որակավորման քննությանը մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտման պահից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի պաշտոնական կայքից հեռացվում է հայտարարությունը:

i

23. Որակավորմանը մասնակցելու համար դիմած հայտատուն որակավորման քննությանը մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով: Հանձնաժողովը որակավորման քննության անցկացման համար գումարած նիստում ստուգում է հայտատուի ինքնությունը և թույլատրում է նրան մասնակցելու որակավորման քննությանը: Հայտատուների մուտքը սենյակ դադարեցվում է որակավորումն սկսելուց 10 րոպե առաջ: Ուշ ներկայացած հայտատուները չեն կարող մասնակցել որակավորման քննությանը:

(23-րդ կետը փոփ. 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

24. Եթե հանձնաժողովը հայտատուներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել որակավորման քննությանը, ինչպես նաև, եթե հայտատուներից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է արձանագրային որոշում որակավորման քննությունը չկայացած համարելու մասին:

25. Որակավորման քննության հարցաշարը պետք է ներառի նվազագույնը 1000 հարց` ընդգրկելով «Գնահատման գործունեության մասին» օրենքը, Հայաստանի Հանրապետությունում գույքի գնահատման ստանդարտները, ինչպես նաև գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 17-ի «Գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 872-Ն, «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 877-Ն որոշումները և սույն կարգը, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կողմից կազմված մասնագիտական խնդիրներ:

 

5. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

26. Որակավորման քննությունն անցկացվում է տեխնիկական (համակարգչային) միջոցներով, հանձնաժողովի դռնբաց նիստում: Նիստի ընթացքը տեսաձայնագրվում է, ինչպես նաև կարող է առցանց հեռարձակվել քննության նկատմամբ շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ:

27. Որակավորման քննությունն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան տեխնիկական միջոցներով:

28. Որակավորման քննության մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, որակավորման քննության հարցերի լուծման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, բացառությամբ հաշվիչների (calculator):

29. Հանձնաժողովի քարտուղարը հայտատուներին նախօրոք ծանոթացնում է տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին, պարզաբանում է որակավորման քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը: Հանձնաժողովի անդամները պատասխանում են մասնակիցների բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են որակավորման քննության անցկացման ընթացակարգերին և չեն բացահայտում հարցերի լուծումները:

30. Հարցաշարում ընդգրկված յուրաքանչյուր հարց ենթադրում է մեկ ճիշտ պատասխան` առաջարկված երեք կամ չորս տարբերակներից: Հայտատուն նշում է կատարում` ընտրելով մեկ ճիշտ պատասխան: Յուրաքանչյուր սխալ պատասխան հանձնաժողովը գնահատում է զրո միավոր, իսկ ճիշտ պատասխանը` 1-5 միավոր` ըստ հարցի բարդության: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

31. Որակավորման քննության ընթացքում հայտատուներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, որակավորման քննության հարցերի լուծման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին: Հայտատուի կողմից սույն պայմանների խախտման մասին հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

32. Սույն կարգի 28-րդ և 31-րդ կետերում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ հայտատուի հետագա մասնակցությունը որակավորման քննությանը դադարեցվում է, նրա աշխատանքը համարվում է ոչ լիարժեք և ծրագրում գնահատվում է զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովն արձանագրում է:

33. Անհատական հարցաշարը բաղկացած է 80 հարցից, որից 40-ը մասնագիտական օրենսդրությունից (մեկ միավոր) և 40-ը` մասնագիտական խնդիրներ (30 խնդիր երկու միավոր, տաս խնդիր հինգ միավոր):

34. Հանձնաժողովի քարտուղարի կողմից որակավորման քննության սկիզբը հայտարարելուց հետո, համակարգչում նախապես զետեղված հարցաշարից, համակարգչային գեներացման ծրագրի միջոցով, հայտատուին առաջադրվում է անհատական հարցաշար` բաղկացած 80 հարցից:

35. Որակավորման քննությանը հայտատուներին տրվում է 180 րոպե:

36. Հայտատուն համարվում է որակավորումն անցած որակավորման քննության առաջադրանքից առնվազն 120 միավոր ստանալու դեպքում:

37. Հայտատուի կողմից որակավորման քննության առաջադրանքն ավարտելուց, ինչպես նաև որակավորման քննության առաջադրանքը կատարելու համար նախատեսված ժամանակն սպառվելուց հետո, համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով կատարվում է առաջադրանքի ամփոփում, որից անմիջապես պարզ է դառնում հայտատուն որակավորման քննությունն անցել է, թե` ոչ:

38. Մասնակցի պահանջի դեպքում եռօրյա ժամկետում տրամադրվում է մասնակցի լրացրած հարցաթերթիկի թղթային տարբերակը:

39. Եթե հայտատուներից ոչ ոք որակավորման քննության առաջադրանքի համար 35-րդ կետով սահմանված նվազագույն շեմը չի հաղթահարել, կամ դադարեցվել է միակ հայտատուի կամ բոլոր հայտատուների մասնակցությունը որակավորման քննությանը սույն կարգով սահմանված կարգով, ապա հանձնաժողովն ընդունում է արձանագրային որոշում` որակավորման քննության արդյունքում որակավորում չստանալու մասին և այն ներկայացնում է կոմիտեի ղեկավարին:

40. Որակավորման քննության առաջադրանքի որևէ հարցի կամ դրա պատասխանի ճշտության վերաբերյալ հայտատուն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել վերադասության կարգով` կոմիտեի ղեկավարին, ինչպես նաև դատական կարգով:

 

6. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

41. Որակավորման քննությունների արդյունքները հրապարակվում են որակավորումն անցկացվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, կոմիտեի պաշտոնական կայքում: Որակավորման քննության արդյունքների հրապարակման մասին կազմվում է որակավորման քննության արդյունքների հրապարակման թերթիկ, որը հաստատվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

42. Որակավորման քննության արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`

1) որակավորման քննության անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը.

2) որակավորման քննությունն անցած մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը.

3) որակավորման քննության արդյունքների հրապարակման աղբյուրը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:

i

43. Որակավորման քննության արդյունքները հայտատուները կարող են գրավոր բողոքարկել հանձնաժողովին` առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա պատասխանի ճշտության մասով, որակավորման ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքի հիման վրա հանձնաժողովն արձանագրային որոշմամբ մերժում է բողոքը կամ բավարարում` սույն կարգի 36-րդ կետում նշված միավորները հավաքելու դեպքում հայտատուին համարելով որակավորման քննությունը հաղթահարած:

(43-րդ կետը փոփ. 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

44. Որակավորման քննության արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել հայտատուի կողմից` որակավորման քննության առաջադրանքի որևէ հարցի կամ դրա պատասխանի ճշտության (իր արդյունքների մասով) և ընթացակարգային խախտումների մասով: Գրավոր բողոքը քննության է առնվում վերադասության կարգով` կոմիտեի ղեկավարի կողմից: Գրավոր բողոքը պետք է տրվի որակավորման քննության արդյունքները հրապարակվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` կոմիտեի իրավասու ստորաբաժանմանը, որն այն ստանալուց հետո անմիջապես ներկայացնում է կոմիտեի ղեկավարին:

45. Կոմիտեն որակավորման քննության ավարտից 5 աշխատանքային օր հետո պարտավոր է կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակել գրավոր բողոքի առկայության մասին տեղեկություն: Գրավոր բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվեն այն հայտատուի անունը, ազգանունը և հայրանունը, ում որակավորման քննության արդյունքների վերաբերյալ ներկայացվել է գրավոր բողոք:

46. Գրավոր բողոքը քննության է առնում այն կոմիտեում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` կոմիտեի ղեկավարի համապատասխան կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից (այսուհետ` աշխատանքային խումբ), որի կազմում կարող են ընդգրկվել նաև գնահատողի գործող որակավորման վկայական ունեցող անձինք: Հայտատուի չներկայանալն աշխատանքային խմբի նիստին չի խոչընդոտում աշխատանքային խմբին` եզրակացություն տալուն:

47. Բողոքարկման արդյունքում կոմիտեի ղեկավարը, աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) հայտատուի որակավորման վերաբերյալ հանձնաժողովի հրապարակած արդյունքն անփոփոխ թողնելու մասին.

2) հայտատուի որակավորման վերաբերյալ հանձնաժողովի հրապարակած արդյունքը փոփոխելու վերաբերյալ.

3) բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի ժամկետը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներով երկարաձգելու մասին:

48. Բողոքարկման արդյունքում կոմիտեի ղեկավարի ընդունած որոշումը նույն օրը հրապարակվում է կոմիտեի պաշտոնական կայքում:

49. Սույն կարգի 46-րդ կետով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

7. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

50. Հանձնաժողովի դրական եզրակացությունը հիմք է հայտատուին որակավորման վկայական տրամադրելու համար:

i

51. Որակավորման քննության արդյունքների հրապարակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովից ստացված արձանագրությունը, սույն կարգի 54-րդ կետում նշված անդորրագիրը և որակավորման քննությունը հաղթահարած հայտատուներին որակավորման վկայականներ տրամադրելու վերաբերյալ կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծը կոմիտեի իրավասու ստորաբաժանումը ներկայացնում է կոմիտեի ղեկավարին:

(51-րդ կետը փոփ. 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

52. Հանձնաժողովի արձանագրության հիման վրա, այն ներկայացնելուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, կոմիտեի ղեկավարն ընդունում է որոշում հայտատուին որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ: Սույն կարգի 14-րդ կետում նշված` գնահատողի որակավորման գործող վկայական ունեցող անձանց նոր որակավորման վկայականները տրամադրվում են գործող վկայականի` ժամկետը լրանալու հիմքով ուժը կորցնելուն հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:

53. Հանձնաժողովը կոմիտեի իրավասու ստորաբաժանմանն է փոխանցում որակավորման քննության անցկացման փաթեթը, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը`

1) որակավորման քննության անցկացման ընթացքի մասին արձանագրությունը.

2) հանձնաժողովի` իրավազոր չլինելու մասին արձանագրությունը` այդպիսի հանգամանքի առկայության դեպքում.

3) որակավորման քննության արդյունքների հրապարակման թերթիկը.

4) հանձնաժողովին ներկայացրած գրավոր բողոքները.

5) անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

54. Որակավորման քննությունն անցած հայտատուն` որակավորման վկայական ստանալու համար, պետք է որակավորման քննության արդյունքները հրապարակելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե ներկայացնի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով գնահատողի որակավորման վկայական տալու համար պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը կամ օրենսդրությամբ դրան հավասարեցված այլ ապացույց:

55. Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը հայտատուին որակավորման վկայական տրամադրելու մասին որոշումն ստորագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում որակավորման քննությունն անցած հայտատուին տրամադրում է գնահատողի մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է կոմիտեի ղեկավարը:

56. Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը սույն կարգին համապատասխան հավաքագրված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՁԵՎ

 

i

Կադաստրի կոմիտեի ղեկավար

_______________________________________________

                            _______________________________________________

                                          դիմողի անուն, հայրանուն, ազգանուն

                            _______________________________________________

                                                                      հասցե

                            _______________________________________________

                                                   հեռախոս, էլ. փոստի հասցե

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցել գնահատման գործունեության մասնագիտական որակավորման ստուգմանը:

Կից ներկայացնում եմ`

1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը,

3. պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4. մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

 

    Դիմող______________________        ____________________________________

             ստորագրություն                            անուն, ազգանուն

 

______ ______________________20_ թ.

 

(նկար)

 

(ձևը փոփ. 09.01.2025 թիվ 8-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1044-Ն
Որոշում