ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/0264/04/18
Սնանկության գործ թիվ ԵԴ/0264/04/18 2025 թ.
Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան
Դատավորներ` Հ. Ենոքյան
Ն. Գաբրիելյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Գ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Վ. Քոչարյան
2025 թվականի մարտի 6-ին
գրավոր ընթացակարգով քննելով Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2022 թվականի որոշման դեմ` ըստ Կոմիտեի դիմումի` «ԱԴԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.02.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 17.12.2021 թվականի վճռով հաստատվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի (այսուհետ` Կառավարիչ) կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը և Ընկերության սնանկության գործն ավարտվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.06.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.12.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կառավարիչը պարտավոր է իրականացնել օրենքով սահմանված որոշակի գործողություններ` պարտապանին պատկանող գույքի և այլ ակտիվների հավաքագրման նպատակով: Ընդ որում, այդ գույքի և այլ ակտիվների հայտնաբերման համար Կառավարիչը պարտավոր է իրականացնել գույքագրման աշխատանքներ, պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծություն, ուսումնասիրել պարտապանի ֆինանսական ու տնտեսական վիճակը, հարցումներ կատարել գույքի գրանցում կամ հաշվառում իրականացնող համապատասխան մարմիններ, ինչպես նաև հայտնաբերված դեբիտորական պարտավորությունների հավաքագրման նպատակով կատարել օրենքով սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կառավարչի կողմից որևէ գործողություն չի իրականացվել պարտապանին պատկանող` շահութահարկի հաշվարկով նշված ակտիվների հայտնաբերման ուղղությամբ, ինչպես նաև վերջինիս կողմից չեն ներկայացվել այդպիսի տեղեկություններ հավաքագրելու հնարավորության կամ անհնարինության մասին վկայող փաստեր: Արդյունքում, պարտապանի` որևէ գույք չունենալու հանգամանքը Կառավարչի կողմից չի հիմնավորվել, այն պարագայում, երբ վերջինս զրկված չի եղել որոշակի գործողություններ կատարելուց, մասնավորապես` կառավարիչն առնվազն հնարավորություն է ունեցել ակտիվների առկայության կամ բացակայության մասին բացատրություն վերցնել Ընկերության տնօրենից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ընկերության գույքի կազմում դեռևս առկա են գույք և դրամական միջոցներ, որոնք չեն գույքագրվել ու իրացվել, ուստի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի ավարտված լինելը դեռևս հիմք չէ կառավարչի կողմից կատարված գործողությունները բավարար համարելու և սնանկության գործն ավարտելու համար: Այսինքն` Կառավարչի կողմից պարտապանի ակտիվների հավաքմանն ուղղված գործողությունները թերի են կատարվել, հետևաբար սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդությունը հիմնավոր չէ:
Բացի այդ, միևնույն փաստական հանգամանքների առկայության պայմաններում Դատարանը 31.08.2021 թվականին մերժել է Կառավարչի միջնորդությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքով սնանկության գործն ավարտելու վերաբերյալ այն հիմնավորմամբ, որ Կառավարչի կողմից չի պահպանվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի պահանջը, այն է` Կառավարչի վերջնական հաշվետվությունը չի պարունակում ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքագրման վերաբերյալ կամ այդպիսի տեղեկությունների հավաքագրման անհնարինության վերաբերյալ, սակայն որոշ ժամանակ անց Կառավարիչը նույնաբովանդակ միջնորդություն է ներկայացրել, որը Դատարանը բավարարել է, այն դեպքում, երբ Կառավարչի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը և կից փաստաթղթերը եղել են նույնաբովանդակ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանը 17.02.2020 թվականի վճռով, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը, Կոմիտեի դիմումը բավարարել է` Ընկերությանը ճանաչել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 1-6).
2) Դատարանի 21.02.2020 թվականի «Պարտապանին փաստաթղթեր ներկայացնելուն պարտավորեցնելու մասին» որոշումն Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանի կողմից չի ստացվել և ծրարը հետ է վերադարձվել Դատարան (հատոր 2-րդ, գ.թ. 59-62).
3) Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանը Կառավարչի կողմից ուղարկված «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի պահանջը և պարտատերերի պահանջների նախնական ցուցակը ստացել է 10.04.2020 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 8).
4) Դատարանի 22.04.2020 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումն Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանն ստացել է 29.04.2020 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 75,76).
5) 04.04.2020 թվականին Կառավարչի կողմից Դատարան ուղարկած գրության համաձայն` «24.03.2020թ.-ին ք. Երևան, Ռոստովյան փողոց 20/5 հասցեում` իմ կողմից նշանակված «Ադամ գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի գույքագրումը չկայացավ` «Ադամ գրուպ» ՍՊ ընկերությունը տվյալ հասցեում չհայտնաբերվեց /չնայած պատշաճ ծանուցմանը ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչը չներկայացավ/ և հետևաբար հնարավոր չէ կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածների պահանջները»: Գույքագրման մասին ծանուցումները և գույքագրման արձանագրությունը գրությանը կից չեն ներկայացվել (հատոր 3-րդ, գ.թ. 2,3).
6) 09.04.2020 թվականին Կառավարչի կողմից ուղարկված ծանուցագրի համաձայն` «2020թ. ապրիլի 22-ին ժամը 14:00-ին Ձեզ հրավիրում ենք մասնակցելու «Ադամ գրուպ» ՍՊ ընկերության կողմից գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրմանը, որը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Պտղնի, 3-րդ այգետարածք, 4-րդ թաղամաս թիվ 46 այգետնակ հասցեում: Միևնույն ժամանակ, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով տեղյակ եմ պահում Ձեզ, որ վերոգրյալ գույքը գնահատելու նպատակով հրավիրվելու է անկախ գնահատող» (հատոր 3-րդ, գ.թ. 13).
7) Դատարանի 13.05.2020 թվականի «Պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին» որոշումն Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանն ստացել է 27.05.2020 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 35).
8) Դատարանի 21.08.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումն Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանն ստացել է 03.09.2020 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 104).
9) Կառավարիչը 28.07.2021 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության գործով վերջնական հաշվետվություն` միաժամանակ միջնորդելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով ավարտել Ընկերության սնանկության գործը (հատոր 4-րդ, գ.թ. 61-64).
10) Կոմիտեն 13.08.2021 թվականին Ընկերության սնանկության գործն ավարտելու միջնորդության դեմ առարկություն է ներկայացրել` այն հիմնավորմամբ, որ Կառավարչի կողմից պարտապանի գույքի և այլ ակտիվների, այդ թվում` դեբիտորական պարտավորությունների հայտնաբերման ու հավաքագրման գործողությունները թերի են կատարվել (հատոր 4-րդ, գ.թ. 79-86).
11) Դատարանի 31.08.2021 թվականի որոշմամբ Կառավարչի միջնորդությունը մերժվել է (հատոր 4-րդ, գ.թ. 88-92).
12) Կառավարիչը 15.11.2021 թվականին կրկին Դատարան է ներկայացրել սնանկության գործով վերջնական հաշվետվություն` միաժամանակ միջնորդելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով ավարտել Ընկերության սնանկության գործը: Հաշվետվությանը կից ներկայացվել է Կադաստրի կոմիտեի 16.03.2020 թվականի թիվ ԱՏ-16032020-99-0299 տեղեկանքը, որի համաձայն` Ընկերության անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ, Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից 17.03.2020 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն` Ընկերության անվամբ 16.03.2020 թվականի դրությամբ գրանցված, հաշվառված, ինչպես նաև 01.01.2015 թվականից մինչև 16.03.2020 թվականն ընկած ժամանակահատվածում հաշվառումից հանված տրանսպորտային միջոցներ չկան, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25.11.2019 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը, որի համաձայն` թիվ 05534072 կատարողական վարույթն ավարտվել է, քանի որ կատարողական գործողությունների ընթացքում Ընկերության անվամբ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել (հատոր 4-րդ, գ.թ. 105-112).
13) Կոմիտեն 22.11.2021 թվականին Ընկերության սնանկության գործն ավարտելու միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն (հատոր 4-րդ, գ.թ. 122, 123):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով սնանկության վարույթն ավարտելու համար անհրաժեշտ` կառավարչի կողմից իրականացվող գործողություններին և դրանց առանձնահատկություններին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար:
Նույն հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի կազմում ներառվում են պարտապանին պատկանող ցանկացած գույքը, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը նույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծությունը ներկայացնելու ժամկետը ողջամիտ ժամկետով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով նշանակված կառավարիչը պարտավոր է իրականացնել օրենքով սահմանված որոշակի գործողություններ` պարտապանին պատկանող գույքի և այլ ակտիվների հավաքագրման ուղղությամբ: Մասնավորապես` պարտապանի գույքային դրությունն ուսումնասիրելու նպատակով սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օգտագործել գույքագրման արդյունքում ձեռք բերված ֆինանսական տվյալները, ձեռնարկել միջոցներ` պարտապանին պատկանող, սակայն երրորդ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը վերադարձնելու ուղղությամբ: Սնանկության գործով կառավարիչը պարտավոր է նաև պարտապանի գույքային դրությունը պարզելու և տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ կատարել համապատասխան մարմիններին, հաշվապահական հաշվետվությունների ստուգման ու գույքագրման արդյունքում տարաձայնությունների հայտնաբերման դեպքերում բացահայտել անհամապատասխանության պատճառները, ձեռնարկել միջոցներ գույքի վերադարձման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում վերականգնել անշարժ գույքի փաստաթղթերը և իրականացնել այդ գույքի պետական գրանցում, սահմանված կարգով հայց ներկայացնել ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու ու վնասները հատուցելու պահանջով: Վերոնշյալ գործողություններն ուղղված են պարտապանին պատկանող գույքի հայտնաբերմանը և, համապատասխանաբար, դրանց` սնանկության վարույթում պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելուն:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատավորին է ներկայացնում պարտապանի վերջնական հաշվետվությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարան ներկայացված վերջնական հաշվետվությանը կցվում են`
ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.
բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.
գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:
Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է պարտատերերի պահանջների ամբողջական բավարարման անհնարինության պայմաններում սնանկության գործը պարտապանի լուծարմամբ ավարտելու կարգը: Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո վերջինս պարտավոր է դատարան ներկայացնել վերջնական հաշվետվություն, որը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն, սնանկության գործն ավարտելու վերաբերյալ: Ընդ որում վերջնական հաշվետվությունն ինքնին բավարար չէ սնանկության գործն ավարտելու համար: Օրենսդիրն ամրագրել է դրույթ առ այն, որ վերջնական հաշվետվությանը կառավարիչը պետք է կցի նաև պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը, պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները, պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը (տե՛ս ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2021 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սնանկության գործը հնարավոր է ավարտել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացմամբ, այնպես էլ` պարտապանի լուծարումով: Սնանկության գործը պարտապանի լուծարումով ավարտելու իրավական հիմքերից մեկը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածն է: Այդ հիմքով սնանկության գործը կարող է ավարտվել, եթե պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները սահմանված կարգով բաշխելուց հետո այլևս բացակայում է այլ գործողությունների կատարման անհրաժեշտությունը: Այդ դեպքում կառավարիչը դատարան պետք է ներկայացնի սնանկության գործով վերջնական հաշվետվությունը, որը պետք է պարունակի`
1) ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ,
2) միջնորդություն, որում հիմնավորվում է պարտապանի սնանկության գործն ավարտելու անհրաժեշտությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործն ավարտելու համար էական է այն հանգամանքը, թե արդյոք կառավարիչը ձեռնարկել է իրենից կախված անհրաժեշտ ու բավարար միջոցներ պարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ և արդյոք ներկայացրել է դրանց հավաքագրման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ հստակ տեղեկություններ: Այսինքն` սնանկության գործով կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել իրենից կախված և պարտապանի գույքի հայտնաբերման համար էական նշանակություն ունեցող գործողություններ:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով սնանկության գործն ավարտելու հարցը քննարկելիս դատարանները պետք է պարզեն`
1) արդյո՞ք միջնորդությանը կից ներկայացվել են պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը, պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները, պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը,
2) արդյո՞ք կառավարիչը ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար միջոցներ պարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ,
3) արդյո՞ք կառավարչի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը պարունակում է ամփոփ և հստակ տեղեկատվություն ակտիվների հավաքման վերաբերյալ,
4) արդյո՞ք միջնորդության մեջ նշված հիմնավորումները բավարար են սնանկության գործն ավարտելու համար:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 17.02.2020 թվականի վճռով, հիմք ընդունելով մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը, Կոմիտեի դիմումը բավարարել է` Ընկերությանը ճանաչել է սնանկ: Այնուհետև Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանը Կառավարչի կողմից ուղարկված «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի պահանջը և պարտատերերի պահանջների նախնական ցուցակն ստացել է 10.04.2020 թվականին:
Դատարանի 22.04.2020 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումն Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանն ստացել է 29.04.2020 թվականին:
04.04.2020 թվականին Կառավարչի կողմից Դատարան ուղարկված գրության համաձայն` «24.03.2020թ.-ին ք. Երևան, Ռոստովյան փողոց 20/5 հասցեում` իմ կողմից նշանակված «Ադամ գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող գույքի գույքագրումը չկայացավ` «Ադամ գրուպ» ՍՊ ընկերությունը տվյալ հասցեում չհայտնաբերվեց /չնայած պատշաճ ծանուցմանը ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչը չներկայացավ/ և հետևաբար հնարավոր չէ կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածների պահանջները»: Գույքագրման մասին ծանուցումները և գույքագրման արձանագրությունը գրությանը կից չեն ներկայացվել:
09.04.2020 թվականին Կառավարչի կողմից ուղարկված ծանուցագրի համաձայն` «2020թ. ապրիլի 22-ին ժամը 14:00-ին Ձեզ հրավիրում ենք մասնակցելու «Ադամ գրուպ» ՍՊ ընկերության կողմից գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրմանը, որը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Պտղնի, 3-րդ այգետարածք, 4-րդ թաղամաս թիվ 46 այգետնակ հասցեում: Միևնույն ժամանակ, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով տեղյակ եմ պահում Ձեզ, որ վերոգրյալ գույքը գնահատելու նպատակով հրավիրվելու է անկախ գնահատող»:
Դատարանի 13.05.2020 թվականի «Պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին» որոշումն Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանն ստացել է 27.05.2020 թվականին:
Դատարանի 21.08.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումն Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանն ստացել է 03.09.2020 թվականին:
Կառավարիչը 28.07.2021 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության գործով վերջնական հաշվետվություն` միաժամանակ միջնորդելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով ավարտել Ընկերության սնանկության գործը:
Կոմիտեն 13.08.2021 թվականին Ընկերության սնանկության գործն ավարտելու միջնորդության դեմ առարկություն է ներկայացրել` այն հիմնավորմամբ, որ Կառավարչի կողմից պարտապանի գույքի և այլ ակտիվների, այդ թվում` դեբիտորական պարտավորությունների հայտնաբերման ու հավաքագրման գործողությունները թերի են կատարվել: Մասնավորապես` 11.04.2016 թվականին պարտապանի կողմից ներկայացված «ռեզիդենտի շահութահարկի» 2015 թվականի տարեկան հաշվարկի 6-րդ բաժնի համաձայն` պարտապանը 31.12.2015 թվականի դրությամբ ունի 8.575.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքի ակտիվներ` հիմնական միջոցներ` 6.262.000 ՀՀ դրամ, հումք (նյութեր), կիսապատրաստուկներ` 135.000 ՀՀ դրամ, ապրանքներ` 2.100.000 ՀՀ դրամ, դրամական միջոցներ` 75.000 ՀՀ դրամ: Առարկությանը կից ներկայացվել է Ընկերության «ռեզիդենտների շահութահարկի» հաշվարկը:
Դատարանի 31.08.2021 թվականի որոշմամբ Կառավարչի միջնորդությունը` թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով ավարտելու մասին, մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. «(...) կառավարչի կողմից չի պահպանվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի առաջին մասի պահանջը, այն է` Կառավարչի վերջնական հաշվետվությունը չի պարունակում ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, կամ այդպիսի տեղեկությունների հավաքագրման անհնարինության վերաբերյալ, քանի որ ՀՀ ՊԵԿ առարկության և առարկությանը կից ներկայացված ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի համաձայն` պարտապանը 31.12.2015 թվականի դրությամբ ունեցել է և/կամ ունի ակտիվներ, վերոգրյալի հաշվառմամբ դատարանի գնահատմամբ կառավարիչը չի ներկայացրել հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ»:
Կառավարիչը 15.11.2021 թվականին կրկին Դատարան է ներկայացրել սնանկության գործով վերջնական հաշվետվություն` միաժամանակ միջնորդելով ավարտել Ընկերության սնանկության գործը: Հաշվետվությանը կից ներկայացվել է Կադաստրի կոմիտեի 16.03.2020 թվականի թիվ ԱՏ-16032020-99-0299 տեղեկանքը, որի համաձայն` Ընկերության անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ, Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից 17.03.2020 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն` Ընկերության անվամբ 16.03.2020 թվականի դրությամբ գրանցված, հաշվառված, ինչպես նաև 01.01.2015 թվականից մինչև 16.03.2020 թվականն ընկած ժամանակահատվածում հաշվառումից հանված տրանսպորտային միջոցներ չկան, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25.11.2019 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը, որի համաձայն` թիվ 05534072 կատարողական վարույթն ավարտվել է, քանի որ կատարողական գործողությունների ընթացքում Ընկերության անվամբ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:
Կոմիտեն 22.11.2021 թվականին Ընկերության սնանկության գործն ավարտելու միջնորդության դեմ ներկայացրել է առարկություն:
Դատարանի 17.12.2021 թվականի վճռով հաստատվել է Ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը և Ընկերության սնանկության գործն ավարտվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Կառավարիչը վերջնական հաշվետվությամբ հայտնել է, որ պարտապանի, նրա ակտիվների, գույքի, պարտավորությունների, գործարքների, պայմանագրերի և այլնի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով սնանկության գործով կառավարչի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում բռնագանձման ենթակա այլ գույք չի հայտնաբերվել, ինչը հաստատվում է նաև ՀՀ ԱՆ ՀԿԾ-ի Պեկ. Օգտին, դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի 25.11.2019թ. թիվ 05534072 կատարողական վարույթն ավարտելու մասին որոշմամբ:
Սույն սնանկության վարույթի շրջանակներում դատարանի և կառավարչի կողմից կատարած հարցմանն ի պատասխան ստացված տվյալների համաձայն պարտապանի անվամբ բռնագանձման ենթակա այլ գույք կամ ակտիվներ գրանցված չեն, որպիսի փաստական հանգամանքը հաստատվում է միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող փաստերում նշված գրություններով և տեղեկանքներով»:
Վերաքննիչ դատարանը 03.06.2022 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 17.12.2021 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին` պատճառաբանելով, որ «(...) սնանկության գործով կառավարիչն իրականացրել է համապատասխան, անհրաժեշտ և բավարար գործողություններ պարտապանի ակտիվների մասին տեղեկություններ հավաքագրելու և դրանք գույքագրելու ուղղությամբ»:
Վերաքննիչ դատարանը Կոմիտեի այն դիրքորոշումը, որ «կառավարիչն առնվազն հնարավորություն է ունեցել բացատրություններ վերցնել Ընկերության տնօրենից` ակտիվների առկայության կամ բացակայության վերաբերյալ», համարել է առարկայազուրկ այն պատճառաբանությամբ, որ «Դատարանի` պարտապանի, նրա գույքի, հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման կատարումն ապահովել է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: Իսկ տվյալ մարմնի կողմից կատարված գործողությունների արդյունքում ստացված տեղեկատվությունն առավել քան հավաստի է»:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով Կոմիտեի հայտնած այն դիրքորոշմանը, որ «պարտապանի կողմից 11.04.2016 թվականին ներկայացված «Ռեզիդենտի շահութահարկի» 2015 թվականի տարեկան հաշվարկի 6-րդ բաժնի համաձայն` պարտապանը 31.12.2015 թվականի դրությամբ ունեցել է 8.575.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով ակտիվներ, հիմնական միջոցներ` 6.262.000 ՀՀ դրամ, հումք (նյութեր), կիսապատրաստուկներ` 135.000 ՀՀ դրամ, ապրանքներ` 2.100.000 ՀՀ դրամ, դրամական միջոցներ` 75.000 ՀՀ դրամ», Վերաքննիչ դատարանը գտել է, որ «պարտապանի 31.12.2015 թվականի դրությամբ ունեցած ակտիվների մասին տեղեկությունը որևէ կերպ չի կարող վկայել այդ ակտիվների արդիականությունը նաև սնանկության վարույթում պարտապանի ակտիվների հավաքագրման փուլում, քանի որ նախ 2015 թվականին պարտապան Ընկերությանը բնորոշ չեն եղել սնանկության հատկանիշներ, վերջինի սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը Դատարան է մուտքագրվել միայն 27.03.2018 թվականին, ավելին` պարտապանը սնանկ է ճանաչվել դիմում ներկայացնելուց հետո շուրջ 2 տարի անց` 17.02.2020 թվականին: Իսկ գործարար շրջանառությունում դինամիկայի հաշվառմամբ դժվար է պատկերացնել տնտեսվարողի, ում ակտիվները 4-5 տարի շարունակ կարող են անփոփոխ մնալ»:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Սնանկության վարույթի բոլոր մասնակիցները հանդիսանում են գույքագրման աշխատանքների արդյունավետ իրականացման շահառու, քանի որ գույքագրումը, ըստ էության, համարվում է գույքի գնահատման աշխատանքների նախապատրաստական փուլ, որից հետո իրականացվելու է գույքի գնահատում, որի արդյունքում և ուրվագծվելու է սնանկության վարույթի հետագա ընթացքը` կողմերից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանալու գնահատել սնանկության վարույթից իր ակնկալիքը: Գույքագրման աշխատանքների իրականացման համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքը որևէ հստակ ընթացակարգ չի սահմանում, սակայն դրանց ապահովման նպատակով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում ներառված են որոշ պարտադիր պայմաններ: Այսպես, սնանկության վարույթի մասնակիցները պետք է ծանուցվեն այդ աշխատանքների ժամանակի և վայրի մասին, պարտապանը պարտավոր է ներկա լինել ու աջակցել գույքագրմանը, ապահովել գույքի հասանելիությունը և տրամադրել տեղեկություններ գույքի վերաբերյալ: Գույքագրման փուլի արդյունքը գույքագրման ակտն է: Թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքը գույքագրման ակտի վերաբերյալ որևէ պահանջ չի ներկայացնում, այնուհանդերձ այն պետք է պարունակի գույքի յուրաքանչյուր միավորի ամբողջական նկարագիրը, ներառի տեղեկություններ դրա էական բնութագրիչների, առանձնահատկությունների վերաբերյալ: Դրանում ներառված տեղեկատվությունը պետք է հնարավորություն տա պատկերացում կազմելու գույքի վերաբերյալ: Հենց այս փաստաթուղթն է, որ պետք է հիմք հանդիսանա գույքի գնահատման և կառավարման մեթոդների ընտրության համար: Որպես կանոն, այն կազմվում է սնանկության գործով կառավարչի կողմից, իսկ գույքագրման մասնակիցները այն ստորագրում են` տալով իրենց համաձայնությունը արձանագրվածին: Գույքագրմանը մասնակցած վարույթի մասնակիցներն ունեն գույքագրման ակտի վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացնելու իրավունք: Դրանք պետք է ներկայացվեն գրավոր` այդ մասին նշում կատարելով գույքագրման ակտի վրա և դրան կցելով իրենց առարկությունները: Գույքագրման ակտն ստորագրելուց խուսափելու դեպքում կառավարիչն այդ մասին նշում է կատարում գույքագրման ակտում:
Սույն գործով Կառավարիչը 15.11.2021 թվականին Դատարան է ներկայացրել սնանկության գործով վերջնական հաշվետվություն, որով միջնորդել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով ավարտել Ընկերության սնանկության գործը և, ի հավաստում դրանում նշված տեղեկությունների, ներկայացրել է Ընկերության անվամբ գրանցված գույքի բացակայության վերաբերյալ Կադաստրի կոմիտեի ու Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից տրված տեղեկանքները, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 25.11.2019 թվականի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշումը, որով հաստատվում է, որ թիվ 05534072 կատարողական վարույթն ավարտվել է` պայմանավորված կատարողական գործողությունների ընթացքում Ընկերության անվամբ գույք և դրամական միջոցներ հայտնաբերված չլինելու հանգամանքով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Կառավարչի կողմից Ընկերությանը պատկանող գույքի և ակտիվների հավաքագրումը և գույքագրումը պատշաճ չեն կատարվել: Նշված պնդումը Վճռաբեկ դատարանը պատճառաբանում է նրանով, որ Կառավարչի կողմից 04.04.2020 թվականին Դատարան ուղարկված գրությամբ վերջինս նշել է, որ 24.03.2020 թվականին Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 20/5 հասցեում Ընկերությանը պատկանող գույքի գույքագրում չի կայացվել` նշված հասցեում Ընկերությունը չի հայտնաբերվել, հետևաբար հնարավոր չի եղել կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածների պահանջները, սակայն նշված գրությանը կից Կառավարիչը Դատարան չի ներկայացրել ու գործում առկա չեն գույքագրման մասին «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված ծանուցումները և գույքագրման արդյունքներն ամփոփող գույքագրման ակտը: Ինչ վերաբերում է գործում առկա 22.04.2020 թվականի` գույքագրում կատարելու մասին արձանագրությանը, ապա այն վերաբերում է Ընկերության կողմից «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում գրավադրված` երրորդ անձ գրավատու Ալբերտ Աղայանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի գույքագրմանը: Այսինքն` սույն գործով Կառավարիչը բավարարվելով միայն երրորդ անձ գրավատու Ալբերտ Աղայանին սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրմամբ և օտարմամբ, ըստ էության, համարել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ, 56-րդ և 58-րդ հոդվածներով սահմանված պահանջները կատարված, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից` ի հակառակ դրան պատճառաբանելով, որ սնանկության գործով կառավարիչն իրականացրել է համապատասխան, անհրաժեշտ և բավարար գործողություններ պարտապանի ակտիվների մասին տեղեկություններ հավաքագրելու ու դրանք գույքագրելու ուղղությամբ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է` պայմանավորված կատարողական գործողությունների ընթացքում Ընկերության անվամբ գույք և դրամական միջոցներ հայտնաբերված չլինելու հանգամանքով, այնուամենայնիվ, միայն կատարողական վարույթն այդ պատճառաբանությամբ ավարտելու մասին որոշման առկայությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ հաստատված համարելու, որ Կառավարիչն իրականացրել է համապատասխան, անհրաժեշտ ու բավարար գործողություններ պարտապանի ակտիվների մասին տեղեկություններ հավաքագրելու և դրանք գույքագրելու ուղղությամբ, քանի որ Կառավարիչն առնվազն զրկված չի եղել Ընկերությանը պատկանող ակտիվների հայտնաբերման կամ դրանց հայտնաբերման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ Ընկերության տնօրենին հարցում կատարելու ու պարզաբանում ստանալու հնարավորությունից, որպիսի գործողությունն իրագործելու դեպքում նոր միայն կարող էր գալ նման եզրահանգման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարված գործողությունների արդյունքում ստացված տեղեկատվությունն առավել քան հավաստի լինելու հիմքով Ընկերության տնօրենից ակտիվների առկայության կամ բացակայության վերաբերյալ բացատրություններ վերցնելու կառավարչի հնարավորություն ունենալն առարկայազուրկ համարելով, անտեսել է մասնավորապես այն, որ Կառավարչի ուղարկած «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի պահանջն ու պարտատերերի պահանջների նախնական ցուցակը, Դատարանի 13.05.2020 թվականի «Պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին» որոշումը և Դատարանի 21.08.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումն Ընկերության տնօրեն Արտակ Բարխուդարյանի կողմից ստացված լինելու պայմաններում Կառավարիչը պարտավոր էր չսահմանափակվել միայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարված կատարողական գործողություններով ու ինքնուրույն, կառավարչին տրված լիազորությունների հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում` Ընկերության տնօրենին հարցում կատարելու, պարտապանի գույքի գույքագրումը պատշաճ կատարելու միջոցով պետք է հնարավորինս փորձեր բացահայտել Ընկերության ակտիվների առկայության կամ բացակայության հանգամանքը:
Ավելին, Կառավարիչը բացակայող պարտապանի գտնվելու վայրը հայտնի դառնալուց հետո հնարավորություն ունեցել է, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումները, որի համաձայն` բացակայող պարտապանի և (կամ) նրա գույքի հայտնաբերման դեպքում կառավարչի միջնորդությամբ դատարանը կարող է որոշում կայացնել` սնանկության պարզեցված ընթացակարգի դադարեցման և նույն օրենքով նախատեսված սնանկության ընդհանուր ընթացակարգերին անցնելու մասին, միջնորդություն ներկայացնել Դատարան` սնանկության պարզեցված ընթացակարգը դադարեցնելու ու նույն օրենքով նախատեսված սնանկության ընդհանուր ընթացակարգերին անցնելու հարցը քննարկելու համար, ինչը նույնպես կարող էր նպաստել բացահայտելու Ընկերության ակտիվների առկայության կամ բացակայության հանգամանքը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում անդրադառնալ սնանկության գործն ավարտելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը դատարանի կողմից մերժվելուց հետո կրկին ներկայացված նույնաբովանդակ միջնորդությունը բավարարելու հարցին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավունքի որոշակիության վերաբերյալ ձևավորած կայուն նախադեպային պրակտիկայի համաձայն` իրավունքի որոշակիությունը դրսևորվում է տարբեր ձևերով, մասնավորապես դրա տարրերից մեկն է դատական ակտերի վերջնականությունը և պարտադիրությունը, որը ենթադրում է դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտը կասկածի տակ չդնելու պահանջը (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, կետ 61):
Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ դատական ակտերի պարտադիրությունը և վերջնականությունը ենթադրում է res judicata սկզբունքի հարգում, որը, երաշխավորելով վճիռների վերջնականությունը, նպաստում է ներպետական դատավարության կողմերի իրավունքների պաշտպանությանը և ծառայում է դատական համակարգի կայունության ապահովմանը (տե՛ս Գվուդմունդուր Անդրի Ավստրաուդսոն ընդդեմ Իսլանդիայի թիվ 26374/18 գանգատով Եվրոպական դատարանի 01.12.2020 թվականի վճիռը, կետ 238):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության հարցին, արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային տարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ res judicata սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության խաթարման և ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա: Res judicata սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության և համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է դատարանների հեղինակությունն ու վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Իրավական պետության հայեցակարգից և դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահության, այլ կերպ ասած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը, ինչից էլ բխում է ներպետական դատարանների վերջնական դատողությունները հարգելու ու դրանք կասկածի տակ չդնելու կանոնը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը ենթադրում է հարգանք դատական իշխանության հեղինակության նկատմամբ, ինչպես նաև դրանով հաստատված հանգամանքների անհերքելիություն, երբ բացառվում է նույն փաստերի հակասական գնահատումը, որը կարող է անորոշություն առաջացնել և դիտարկվել որպես իրավական որոշակիության ու իրավունքի գերակայության սկզբունքների խախտում (տե՛ս, ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության դիմումի թիվ ԱՎԴ2/0105/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.09.2024 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում իրավական որոշակիության վերաբերյալ Եվրոպական դատարանի ու ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը 31.08.2021 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործն ավարտելու վերաբերյալ Կառավարչի միջնորդությունը մերժել է այն պատճառաբանությամբ, որ. «Կառավարչի կողմից չի պահպանվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է` Կառավարչի վերջնական հաշվետվությունը չի պարունակում ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ կամ այդպիսի տեղեկությունների հավաքագրման անհնարինության վերաբերյալ, քանի որ ՀՀ ՊԵԿ առարկության և առարկությանը կից ներկայացված ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի համաձայն` պարտապանը 31.12.2015 թվականի դրությամբ ունեցել է և/կամ ունի ակտիվներ, (...) Կառավարիչը չի ներկայացրել հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ»: Մինչդեռ Դատարանը, Կառավարչի կողմից 15.11.2021 թվականին Ընկերության սնանկության գործն ավարտելու վերաբերյալ կրկին ներկայացված միջնորդությունը բավարարելով, որևէ անդրադարձ չի կատարել, թե նախորդ միջնորդությունից չորս ամիս անց ինչ լրացուցիչ գործողություններ են կատարվել պարտապանի ակտիվների հավաքագրման ուղղությամբ, որն էլ Դատարանի մոտ համոզմունք է ձևավորել սնանկության վարույթն ավարտելու մասին եզրահանգման գալու համար, այն պայմաններում, երբ առաջին անգամ ներկայացված միջնորդության մերժման հիմքում դրված է եղել այդ նույն հանգամանքը:
Վերոգրյալը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Կառավարչի կողմից սնանկության գործն ավարտելու վերաբերյալ առաջին անգամ ներկայացված միջնորդությունը Դատարանի կողմից մերժվելուց հետո Կառավարչի համար պետք է ակնհայտ լիներ, որ պարտապանի անվամբ հաշվապահական փաստաթղթերով առկա է եղել գույք, ինչի հայտնաբերման ուղղությամբ պարտավոր է եղել ձեռնարկել միջոցներ, ինչը չի արել և որն էլ անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքով սնանկության գործն ավարտելու վերաբերյալ Կառավարչի միջնորդությունը բավարարելով և Ընկերության սնանկության վերաբերյալ գործն ավարտելով, իսկ Վերաքննիչ դատարանն էլ այն համարելով իրավաչափ, եկել են սխալ եզրահանգման, հետևաբար Կառավարչի կողմից 15.11.2021 թվականին ներկայացված Ընկերության սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո կրկին քննելու և դատական ակտ կայացնելու համար անհրաժեշտ է գործի նոր քննություն:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Սնանկության դատարան` վերը նշված ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Սնանկության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421203851326