Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

27.02.2025 -

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են`

1) ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը.

2) կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները.

3) սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր և ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ.

4) ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքներ:

 

Հոդված 2. Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը

 

Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագրերով, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ հոդ. փոփ. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 3. Պետական մշակութային քաղաքականության սկզբունքները

 

Պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) մշակույթի ոլորտում կառավարման պետական, հասարակական և ժողովրդավարական բնույթը.

2) մշակութային և ստեղծագործական գործունեության ազատությունը.

3) մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը.

4) միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների նկատմամբ նախապատվությունը.

5) մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը.

6) պետություն-մասնավոր հատված համագործակցությունը. 

7) պետական աջակցության ծրագրերի մասնակցության մեկնարկային պայմանների հավասարությունը` անկախ մասնակցի կարգավիճակից. 

8) արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը.

9) մշակութային միջոցառումների բազմազանության ապահովումը. 

10) մշակույթի ապակենտրոնացումը` մարզերում պետական մշակութային քաղաքականության ընդլայնումը և համայնքների մշակութային կյանքի ակտիվացումը:

(3-րդ հոդ. փոփ. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 4. Պետական մշակութային քաղաքականության նպատակները

 

Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են`

1) հասարակության կողմից մշակույթի` որպես զարգացման միջոցի գիտակցումը.

2) նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը.

3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը, ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողների գործունեության խթանումը, բարենպաստ միջավայրի ձևավորումը.

4) քաղաքացիական հասարակության ձևավորումը:

(4-րդ հոդ. փոփ. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

i
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները և բովանդակությունը.

մշակույթ` մարդկանց, սոցիալական խմբերի կամ հասարակական միավորումների կողմից նյութական և հոգևոր ոլորտներում ստեղծված արժեքների, համոզմունքների, սովորույթների, ավանդույթների, զգայությունների, մտածողության և հասարակական համակեցության կանոնների, վարքագծի ու գործողությունների ամբողջություն, սոցիալական, տնտեսական և ժամանցային համալիր գործունեություն, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը և պահպանությունը, ձևավորում է հասարակության ինքնությունը և համախմբում նրանց ընդհանրական արժեքների շուրջ.

մշակութային գործունեություն` մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանում, ստեղծում, տարածում և մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում և իրացում.

մշակութային արժեքներ` մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ).

մշակութային բարիքներ` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).

մշակութային ոչ առևտրային կազմակերպություն` կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.

ստեղծագործական գործունեություն` մշակութային արժեքների ստեղծում և մեկնաբանում.

ստեղծագործական աշխատող` մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ.

ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող` մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ առաջարկող և ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձ. 

 մշակութային գործունեությամբ զբաղվող անձ` սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող մշակութային կազմակերպությունում գրանցված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով ստեղծագործական գործունեություն իրականացնող անձ. 

 ստեղծարար արդյունաբերություն` նոր գաղափարների, ստեղծագործական բովանդակության և նորարարությունների արտադրության, մշակութային արժեքների ստեղծման, մշակութային տարբեր արտադրանքների և ծառայությունների ձևավորման, հանրայնացման, փոխանցման, իրացման, վերավաճառքի, բաշխման և սպառման համակարգ.

ստեղծագործական աշխատողների միություն` ստեղծագործական աշխատողների կամավոր միավորում, որն ունի հասարակական միավորման կարգավիճակ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել է ստեղծագործական աշխատողների շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու համար.

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն` անցյալում ստեղծված նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների ամբողջություն, որը համաշխարհային ժառանգության բաղկացուցիչ մաս է` անկախ սեփականության իրավունքից, անհատների ու համայնքների, այդ թվում` ազգային փոքրամասնությունների համար ունի մշակութային, հոգևոր, գեղագիտական, զգայական, գիտական, տնտեսական կարևոր նշանակություն, հիմնարար գործոն է Հայաստանի Հանրապետության մշակութային բազմազանության խթանման և կայուն զարգացման համար. 

Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն` մշակութային արժեքների ամբողջություն (ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտները և ոչ նյութական մշակութային ժառանգությունը), որը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների և այլ էթնոմշակութային խմբերի համար ունի ազգային նշանակություն.

պետական մշակութային քաղաքականություն` պետության գործունեությունը մշակույթի ոլորտում և սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որով ղեկավարվում է պետությունը մշակութային քաղաքականություն իրականացնելիս:

(6-րդ հոդ. փոփ. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 7. Սույն օրենքի գործողության ոլորտները

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման,

2) կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների,

3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայնի, լուսանկարչության, բեմական, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի,

4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության և արհեստների, ժողովրդական մշակույթի,

5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության,

6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի և մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման,

7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության),

8) գրադարանային, արխիվային և հրատարակչական գործի,

9) գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության,

10) մշակութաբանության և մշակույթի ոլորտում գիտական գործունեության,

11) միջազգային մշակութային համագործակցության,

12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման և մեկնաբանման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորումների և այլ միջոցների արտադրության,

13) մշակութային գործունեության այլ ոլորտներում:

 

Հոդված 8. Ազգային փոքրամասնությունների մշակույթների նկատմամբ վերաբերմունքը

 

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:

 

ԳԼՈՒԽ II
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 9. Մշակութային կյանքին մասնակցելու և մշակութային գործունեություն իրականացնելու իրավունքը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

Հոդված 10. Ստեղծագործական գործունեություն իրականացնելու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն:

Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ և՛ մասնագիտորեն, և՛ ոչ մասնագիտորեն (սիրողաբար):

 

Հոդված 11. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հաղորդակցվելու մշակութային արժեքներին, մշակութային գործունեության բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուներից օգտվելու:

 

Հոդված 12. Կրթություն ստանալու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց տարիքային սահմանափակման, հումանիտար և գեղարվեստական կրթություն ստանալու, այդ կրթության ձևերն ու միջոցներն ընտրելու:

 

Հոդված 13. Ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքից իր սեփական ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու:

 

Հոդված 14. Մշակութային կազմակերպություններ ստեղծելու իրավունքը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու մշակութային կազմակերպություններ:

 

Հոդված 15. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքը մշակույթի ոլորտում

 

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ մշակութային գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ և ստանձնում են հավասար պարտավորություններ, բացառությամբ օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:

 

ԳԼՈՒԽ III
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության մշակութային հարստությունը

 

Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանվածությունը, պահպանությունը և օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

Մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու առանձնահատկությունները, դրանց նկատմամբ պետական աջակցություն ցուցաբերելու ձևերը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուները

 

Հայաստանի Հանրապետության հարստություն համարվող գրադարանային, թանգարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոնո հավաքածուների պահպանության, գործառության և համալրման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց:

 

ԳԼՈՒԽ 4. 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԻՆՔՆԱԶԲԱՂ ԿԱՄ ԱՆԿԱԽ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(4-րդ գլխի վերնագիրը փոփ. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 18. Պետությունը և ստեղծագործական աշխատողները

 

Պետությունը`

1) խթանում է ստեղծագործական աշխատողների` մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը.

1.1) խթանում է ստեղծարար արդյունաբերության ոլորտներում ձեռնարկատիրության զարգացումը, օժանդակում ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող և մշակույթի ոլորտում աշխատող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց, կազմակերպություններին.

1.2) խթանում է ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողների և մշակույթի ոլորտի աշխատողների ցանցային ներգրավվածությունը, գաղափարների գեներացումը, նորարարական և ստեղծագործական գաղափարական թիմերի ձևավորումը, մասնակցայնության ու համագործակցության մոտիվացումը. 

 1.3) նպաստում է մշակույթի ոլորտում հասարակության և տնտեսության զարգացմանն ուղղված համընթաց գործողությունների, ներդրումների, կապիտալի ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրմանը, կառավարմանը.

2) ապահովում է ստեղծագործական աշխատողների աշխատանքի և զբաղվածության համար պայմաններ.

3) աջակցում է ստեղծագործական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը:

(18-րդ հոդ. փոփ. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 18.1. Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները

 

1. Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործառույթներ` համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի և պայմանագրի: 

 2. Մշակույթի ոլորտի յուրաքանչյուր պետական կազմակերպության աշխատողի կարգավիճակը, աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց ներկայացվող պահանջները և օրինակելի նկարագիրը սահմանում է լիազորված պետական մարմինը:

 3. Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունը իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ: Ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները, արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը: 

 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար մշակույթի ոլորտի տվյալ կազմակերպությունը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով` համաձայն լիազորված պետական մարմնի սահմանած կարգի: 

 5. Ատեստավորման հանձնաժողովը մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում` համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում:

 6. Ատեստավորման գործընթացում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման դեպքերը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

 7. Ատեստավորման հանձնաժողովի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման դեպքում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի` աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգավորումները:

(18.1-ին հոդ. լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 19. Պետությունը և ստեղծագործական աշխատողների միությունները

 

Պետությունը աջակցում է ստեղծագործական աշխատողների միությունների գործունեությանը, նրանց ընձեռում մշակութային քաղաքականության մշակմանը մասնակցելու հնարավորություն, նկատի առնում նրանց առաջարկությունները ստեղծագործական աշխատողների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի ապահովման, սոցիալական պաշտպանվածության ոլորտներում ծրագրեր մշակելիս:

 

ԳԼՈՒԽ V
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 20. Պետության գործունեությունը մշակույթի ոլորտում

 

Պետությունը`

1) նպաստում է մշակութային գործունեության իրականացմանը, մշակութային արժեքներին և ծառայություններին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծմանը.

2) չի միջամտում քաղաքացիների ու մշակութային կազմակերպությունների մշակութային և ստեղծագործական գործունեությանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

3) աջակցում է ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը.

4) աջակցում է ստեղծագործող երիտասարդներին, դեբյուտանտներին, շնորհալի պատանիներին և նորաստեղծ ստեղծագործական խմբերին:

 

ԳԼՈՒԽ VI
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

i
Հոդված 21. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը և հաստատում մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագիրը.

i

2) մշակույթի պահպանման, հանրահռչակման և զարգացման նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը.

3) օրենքով սահմանում է բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տարիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային զինծառայողներ) մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ.

4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.

5) մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները.

6) սահմանում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմները. 

7) հաստատում է մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը. 

8) հաստատում է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում` ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը և չափերը. 

9) հաստատում է պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների (այդ թվում` ստեղծագործական) վերապատրաստման և ատեստավորման, դրա համապատասխան արդյունքի գրանցման դեպքում հավելավճարների (ելույթավճարների) տրամադրման, ինչպես նաև սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենշային կարգերը. 

10) հաստատում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը.

11) սահմանում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների համաֆինանսավորման սկզբունքները, կարգը և չափորոշիչները:

(21-րդ հոդ. փոփ. 23.05.11 ՀՕ-183-Ն, 07.02.24 ՀՕ-55-Ն, 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 22. Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները

 

Մշակույթի ոլորտում պետական կառավարում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետև` լիազորված պետական մարմին):

Լիազորված պետական մարմինը`

1) իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում է մշակութային օրենսդրության ու մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագրերի մշակմանը.

2) մասնակցում է մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների (ստանդարտների), մեթոդական ձեռնարկների և ծրագրերի մշակմանը.

3) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է մշակույթի ոլորտում արտաքին քաղաքականության ձևավորմանը.

4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն մշակութային արժեքների արտահանման և ներմուծման նկատմամբ.

5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու առաջարկություններ.

6) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով.

7) վարում է մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը, ինչպես նաև` մշակութային կազմակերպությունների հաշվառումը.

8) հայտնաբերում, հաշվառում, ուսումնասիրում, վերականգնում և պահպանում է մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները).

9) վարում է մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները.

9.1) մշակում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

10) կազմակերպում է մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ առաջարկություն:

(22-րդ հոդ. փոփ. 23.05.11 ՀՕ-183-Ն, 28.02.24 ՀՕ-121-Ն, 22.01.22 թիվ ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 23. Մարզպետի իրավասությունները մշակույթի ոլորտում

 

Մարզպետը`

1) ապահովում է մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը, կազմակերպում է պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ, նպաստում է ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.

2) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ` մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.

3) կազմակերպում է մարզի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահպանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը.

4) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ իրավասություններ:

(23-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-100-Ն օրենք)

 

Հոդված 24. Համայնքի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում

 

Համայնքի ղեկավարը`

1) ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը.

2) որպես պարտադիր լիազորություն` կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները.

3) որպես պատվիրակված լիազորություն` կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ.

4) որպես կամավոր լիազորություն` աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.

5) որպես կամավոր լիազորություն` աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.

6) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ VII
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

(7-րդ գլխի վերնագիրը փոփ. 23.05.11 ՀՕ-183-Ն օրենք)

 

Հոդված 25. Մշակույթի և մշակութային գործունեության ֆինանսավորումը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում մշակույթը պահպանելու, տարածելու և զարգացնելու պետական երաշխիքների հիմքը բյուջետային ֆինանսավորումն է:

(2-րդ մասն ուժը կորցրել է 27.02.2025 թվականից` 22.01.25 ՀՕ-22-Ն օրենք)

(3-րդ մասն ուժը կորցրել է 27.02.2025 թվականից` 22.01.25 ՀՕ-22-Ն օրենք)

(25-րդ հոդ. փոփ. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 26. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը

 

Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և իր ստեղծման նպատակին համապատասխանող մշակութային և ձեռնարկատիրական գործունեություն:

Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն այնքանով, որքանով այդ գործունեությունը համապատասխանում և ծառայում է կազմակերպության ստեղծման նպատակին: Այդպիսի գործունեություն է համարվում մշակութային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին համապատասխանող ու շահութաբեր ապրանքների արտադրությունը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև գույքային և ոչ գույքային իրավունքների իրացումը:

Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության կամ օրենքով նախատեսված այլ գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի կամ համապատասխան թույլտվության հիման վրա:

Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(26-րդ հոդ. փոփ. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 26.1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը

 

1. Մշակութային առանձին կազմակերպությունների` թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Համապետական» կարգավիճակ:

2. «Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են մարզի շրջանակում` բավարարելով մարզի բնակչության մշակութային պահանջմունքները: 

3. «Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում` բավարարելով համայնքի բնակչության մշակութային պահանջմունքները: 

4. Գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատում, ինչպես նաև համապատասխան կարգավիճակը շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` լիազորված պետական մարմնի առաջարկությամբ:

(26.1-ին հոդ. լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն, խմբ. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 26.2. Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակները և գործառույթները

 

1. Մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակներն են` 

1) օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը. 

2) աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը.

3) իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր.

4) նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը: 

2. Հիմնադրամն իրականացնում է պետական մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների`

1) մարկետինգային գործառույթները. 

2) վարչատնտեսական գործընթացի կառավարումը, այդ թվում` հաշվապահական հաշվառումը, գնումների գործընթացը, ընթացիկ տեխնիկական սպասարկումը. 

3) մշակույթի տվյալ ոլորտը կարգավորող օրենքներով սահմանված այլ գործառույթներ: 

 3. Հիմնադրամի գործառույթների իրականացման կարգը (ներառյալ պետական մարմինների հետ փոխգործակցության մեխանիզմները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(26.2-րդ հոդ. լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ VIII
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

 

Հոդված 27. Միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը և առաջնային ուղղությունները

 

Հայաստանի Հանրապետությունը աջակցում է միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, խրախուսում քաղաքացիների ու կազմակերպությունների ինքնուրույն և ուղղակի մասնակցությունը միջազգային մշակութային փոխանակություններին:

Հայաստանի Հանրապետության միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը, նրա առաջնային ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերով:

(27-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն օրենք)

 

Հոդված 28. Ապօրինի արտահանված և ապօրինի ներմուծված մշակութային արժեքների փոխանակության քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքից ապօրինի արտահանված և իր տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձման համար միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացնում է նպատակաուղղված մշակութային քաղաքականություն:

(28-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն օրենք)

 

Հոդված 29. Մշակութային գործակցությունը օտարերկրյա պետություններում

 

Հայաստանի Հանրապետությունը (այլ պետությունների և Սփյուռքի հետ համատեղ) աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային կենտրոնների ու կազմակերպությունների գործունեությանը, նպաստում ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը:

 

ԳԼՈՒԽ IX
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 30. Պատասխանատվությունը մշակութային օրենսդրությունը խախտելու համար

 

Մշակութային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն սահմանվում է օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ X
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 31. Պետական ծրագրերը ներկայացնելը

 

(31-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.02.2025 թվականից` 22.01.25 ՀՕ-22-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 18
Երևան
ՀՕ-465-Ն

 

 

pin
ՀՀ 20.11.2002
N ՀՕ-465-Ն օրենք