Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Ա ...

 

29.12.2025 -

 

040.1307.031103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

6. ԳՐԱՆՑՎԱԾ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

115. Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն, որպեսզի օդանավով փոխադրման ընդունվի միայն ավիատոմս ունեցող ուղևորի` հաշվառված և գրանցված ուղեբեռը: Արգելվում է որպես ուղեբեռ փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց պատկանող առարկաները, իրերը, փաթեթները, ծանրոցները:

(115-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

115.1 Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է ապահովեն, որպեսզի իրենց ուղևորային փաստաթղթերը և ուղեբեռը հաշվառման ներկայացնեն միայն տվյալ չվերթի ուղևորները, ինչպես նաև օդանավ շահագործողի ներկայացուցչի կողմից հարցում կատարվի ուղևորին ուղեբեռի պատկանելության, դրա փաթեթավորման և պարունակության մասին:

(115.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

115.2. ՈՒղևորների և օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռների համապատասխանության ստուգման նպատակով լիազոր մարմնի կողմից կարող է կիրառվել ուղևոր/ուղեբեռ համապատասխանության և ուղեբեռի պատկանելության հաստատման ընթացակարգ:

(115.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

115.3. Փոխադրման ընդունված այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով, ենթարկվում են զննման, նրանց վրա փակցվում է համապատասխան ձևաթուղթ, որի վրա նշվում են չվերթի համարը, ուղղությունը, օրը, ուղևորի անունը, ազգանունը, զննման ժամը, օրը, ում կողմից է կատարվել զննումը, որից հետո նման ուղեբեռները հանձնվում են պահեստ: Նույն միջոցառումներն են իրականացվում նաև օդանավակայան ժամանող չվերթներով սխալմամբ ուղարկված, կտրոններ չունեցող և առանց ուղեկցողի ուղարկված ուղեբեռների նկատմամբ:

(115.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

115.4. Զննված ուղեբեռի, ինչպես նաև բեռների, փոստի, օդանավային պիտույքների փոխադրման ընդունումից հետո դրանց հետ չթույլատրված շփումը բացառելու նպատակով օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրականացվում է դրանց պահպանում` մինչև դրանք օդանավ բարձելը:

(115.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

116. Օդանավ շահագործողներն ապահովում են, որպեսզի ուղևորների հաշվառված ուղեբեռը փոխադրվի օդանավ` միայն դրանց զննումից հետո: Արգելվում է փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը:

(116-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 763-Ն որոշումներ)

116.1. Փոխադրման ընդունված` չուղեկցվող ուղեբեռը պետք է զննվի առնվազն երկու տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո պետք է կազմվի չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տեղեկանք` նշելով, թե որ չվերթով չի փոխադրվել տվյալ ուղեբեռը, չփոխադրվելու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում, ում կողմից: Տեղեկանքը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին: Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված բեռի և փոստի զննման հաշվառման մատյանում:

(116.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

116.2. Մեկ այլ օդանավ շահագործողից չուղեկցվող ուղեբեռը փոխադրման ընդունելու դեպքում չուղեկցվող բեռը փոխադրման ընդունող օդանավ շահագործողը պետք է նախկին օդանավ շահագործողներից գրավոր հավաստում ստանա այն մասին, որ նախքան չուղեկցվող բեռը փոխադրման ընդունելն այդ ուղեբեռի նկատմամբ կիրառվել են պահանջվող անվտանգության հսկողության միջոցառումները:

(116.2-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)

i

117. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների բեռնային համալիրներում բեռի և փոստի բոլոր առաքումների նկատմամբ պետք է կիրառվեն ավիացիոն անվտանգության միջոցառումներ` զննման ընթացակարգեր, մինչև դրանց բարձումը օդանավ` անկախ բեռների չափսից, բնույթից և խտության աստիճանից: Օդանավ շահագործողը չպետք է ընդունի բեռը կամ փոստը օդանավով փոխադրման, եթե բեռների նկատմամբ չեն իրականացվել ավիացիոն անվտանգության հսկողության` զննման ընթացակարգեր:

Տարանցիկ և տրանսֆեր բեռներն ու փոստը կարող են ազատվել ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներից` զննումից, եթե ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ օդանավի մեկնման օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումները համարժեք են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներին և օդանավի մեկնման օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումները լիազոր մարմնի կողմից ճանաչված են որպես ընդհանրական կանոններին համարժեք: Տարանցիկ բեռներն ու փոստը կարող են ազատվել ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումներից, եթե դրանք մնում են տարանցիկ չվերթ իրականացնող օդանավում:

Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր բեռների ու փոստի նկատմամբ, իսկ օդանավով փոխադրվող բեռը և փոստը, այդ թվում` տարանցիկ և տրանսֆեր բեռներն ու փոստը պետք է պաշտպանված լինեն անօրինական միջամտությունից` ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների իրականացման համար նախատեսված զննման կետից մինչև դրանց փոխադրումն իրականացնող օդանավի մեկնումը: Եթե ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների անցկացումից հետո բեռի և փոստի պաշտպանությունն անօրինական միջամտությունից չի իրականացվել սահմանված կարգով, ապա դրանք ենթակա են զննման:

(117-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

117.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները և գրանցված գործակալները պետք է ապահովեն, որպեսզի այն բեռները, որոնք չեն ենթարկվել ավիացիոն անվտանգության հսկողության չփոխադրվեն օդային տրանսպորտով: Փոխադրման ընդունված բեռներն օդանավով տեղափոխումից առաջ պետք է ենթարկվեն անվտանգության հսկողության (զննման) հետևյալ միջոցներով`

ա) զննում` ռենտգենյան սարքավորմամբ կամ,

բ) զննում` փորձարկման խցիկում կամ,

գ) զննում` պայթուցիկ նյութերի և սարքերի հայտնաբերման համակարգերի կամ,

դ) զննում` վարժեցված շների միջոցով:

Եթե օդանավակայանների պահեստներ բեռների կամ փոստի ընդունման դեպքերում դրանց բնույթի պատճառով տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում հնարավոր չէ պարզել բեռի կամ փոստի պարունակությունը, ապա նմանատիպ բեռները և փոստը զննման նպատակով բացվում և ենթարկվում են զննման տեսուչի կողմից, որի վերաբերյալ կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման հավելվածի N 5 ձևով սահմանված «Առաքողի բացակայությամբ բեռի, փոստի, օդանավի պիտույքների զննման մասին» արձանագրություն` երկու ընթերակաների մասնակցությամբ:

Եթե օդանավակայանների պահեստներ բեռների ընդունման դեպքերում տվյալ բեռի բնույթի պատճառով հնարավոր չէ կիրառել բեռների զննման նշված միջոցներից ոչ մեկը, ապա նմանատիպ բեռների նկատմամբ պետք է կիրառվի 24-ժամյա անվտանգության պահեստավորումը: Նման բեռների մեծածավալ լինելու դեպքում դրանց նկատմամբ կարող է կիրառվել նաև 5-օրյա պահեստավորում:

(117.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)

117.2. Գրանցված գործակալին բեռների անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն է տրամադրում լիազոր մարմինը` իր կողմից սահմանված կարգով:

(117.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)

117.3. (117.3-րդ կետն ուժը կորցրել է 12.06.14 թիվ 608-Ն որոշում)

(117.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն որոշումներ)

117.4. Բեռների զննումից հետո դրանց վրա փակցվում է բեռի զննման գործընթացի իրականացման փաստը հավաստող պիտակ` «Զննված է» մակագրությամբ: Զննման ենթարկված բեռները պետք է մշտապես գտնվեն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո: Բեռների հետ համատեղ կամ որպես բեռ փոխադրման ընդունված անձնական իրերը նույնպես ենթակա են զննման:

(117.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

117.5. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ բեռները ենթակա են զննման այն դեպքում, երբ օդանավով փոխադրման ընթացքում չեն իրականացվել ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

(117.5-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

117.6. Լիազոր մարմնի կողմից բեռների անվտանգության վերահսկողության թույլտվություն ստացած գրանցված գործակալները, հիմք ընդունելով Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ) տիպային անվտանգության ծրագրերը, մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը:

(117.6-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)

 

7. ՓՈՍՏԻ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ՇՏԱՊ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ

 

118. Օդանավերով փոխադրման համար նախատեսված փոստը, սուրհանդակային և շտապ առաքումները, նախքան դրանց օդանավ բարձումը, ենթարկվում են ավիացիոն անվտանգության հսկողության: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների սպասարկման կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(118-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

 

8. ԱՎԻԱՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ, ՕԴԱՆԱՎ ՄԱՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(բաժինը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

 

i

119. Օդանավով առևտրային փոխադրումների իրականացման ընթացքում փոխադրման ենթակա բորտսնունդը և հարակից նյութերը, օդանավային պիտույքները, օդանավ շահագործողի տարբեր պահուստները և պարագաներն անվտանգության ապահովման նպատակով պետք է գտնվեն պատշաճ վերահսկողության տակ, որը պետք է ներառի դրանց մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը, դրանց նկատմամբ զննման ընթացակարգերի կիրառումը և դրանց հետագա պահպանությունը` մինչև օդանավ բարձելը:

Օդանավակայանների կառավարիչները պետք է ապահովեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և առևտրային փոխադրումներ իրականացնող օդանավեր տարվող բորտսննդի և հարակից նյութերի, օդանավային պիտույքների, օդանավ շահագործողի տարբեր պահուստների և պարագաների ավիացիոն անվտանգության հսկողության` զննման իրականացումը, կանխելու համար դրանց միջոցով զենքի, պայթուցիկ նյութերի և սարքավորումների, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի և այլ վտանգավոր առարկաների օդանավ փոխադրումը:

Բորտսննդից և հարակից նյութերից, օդանավային պիտույքներից, օդանավ շահագործողի տարբեր պահուստներից և պարագաներից բացի զննման պետք է ենթարկվեն նաև օդանավերի մաքրման համար օգտագործվող նյութերը և սարքավորումները, սննդամթերքի տարաները, սննդի փաթեթները, խմիչքները, ամենօրյա օգտագործման համար նախատեսված և օդանավ տարվող պարագաները` թերթերը, ականջակալները, օճառը, բարձերը, վերմակները, օդանավի սանհանգույցում օգտագործվող կենցաղային պարագաները, նվերները, գովազդային նյութերը, ճանապարհային հավաքածուները, օդանավի ուղևորասրահներում վաճառվող իրերը, օդանավում օգտագործման համար նախատեսված ցանկացած այլ առարկաներ և իրեր:

Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և առևտրային փոխադրումներ իրականացնող օդանավեր տարվող բորտսննդի և հարակից նյութերի, օդանավային պիտույքների, օդանավ շահագործողի տարբեր պահուստների և պարագաների մատակարարման շղթայի անվտանգությունը պետք է ապահովվի դրանց տեղափոխման ամբողջ ընթացքում` օբյեկտից մինչև օդանավ:

Բորտսնունդ և հարակից նյութեր, օդանավային պիտույքներ, օդանավ շահագործողի տարբեր պահուստներ և պարագաներ մատակարարող կազմակերպությունների տրանսպորտային միջոցները պետք է մշտապես գտնվեն հսկողության տակ, իսկ, մինչև տրանսպորտային միջոց փոխադրման ենթակա նյութերի բարձումը, այդ տրանսպորտային միջոցների բեռնային խցիկը պետք է ենթարկվի դիտողական զննման, իսկ օդանավի մոտ նախքան բորտսնունդ օդանավ հանձնում/ընդունումը` ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից պետք է ստուգվեն նաև բորտսննդի ուղեկցող փաստաթղթերում գրանցված պիտակների համարանիշների տվյալները և տարաներին փակցված անվտանգության պիտակների համարանիշների տվյալները:

Բորտսնունդ և հարակից նյութեր, օդանավային պիտույքներ, օդանավ շահագործողի տարբեր պահուստներ և պարագաներ մատակարարող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների բեռնային խցիկները փոխադրման ընթացքում անօրինական մուտքերից պաշտպանելու նպատակով պետք է լինեն փակ վիճակում և կնքված, իսկ դրանց վնասման կամ անօրինական մուտքերի (բացելու) հետքերի հայտնաբերման դեպքերում դրա մասին պետք է տեղեկացվի մատակարարող կազմակերպությանը, օդանավ շահագործողին կամ օդանավակայանի կառավարչին, իսկ փոխադրվող բորտսնունդը և հարակից նյութերը, օդանավային պիտույքները, օդանավ շահագործողի տարբեր պահուստները և պարագաները պետք է դիտվեն որպես ոչ հուսալի, և արգելվի դրանց փոխադրումը կամ դրանք պետք է հաստատված ընթացակարգերով ենթարկվեն զննման, որպեսզի համոզվեն դրանցում արգելված առարկաների բացակայության մասին:

(119-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 764-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

i

119.1. Օդանավ շահագործողներին ավիասնունդ տրամադրող կազմակերպությունները, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում օդանավերի վերգետնյա սպասարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, անմաքս առևտրի խանութների գործառույթներ և օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն իրենց անվտանգության ծրագրերը` կից ներկայացնելով նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ազգային ծրագրով նախատեսված` պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է սույն կետում նշված կազմակերպություններին` համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը: Սույն կետով նախատեսված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է օդանավ շահագործողներին ավիասնունդ տրամադրող կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի հաստատումը` դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնելով այդ կազմակերպությանը:

(119.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 06.03.2025 թիվ 250-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

i

119.2. Ավիասնունդ տրամադրող կազմակերպությունների տեղամասերի արտադրատարածքները պետք է լինեն ցանկապատված, այդտեղ պետք է սահմանվի անցագրային վերահսկողություն, իսկ կազմակերպության տարածք ներկրվող սննդամթերքը, հեղուկները և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները պարտադիր կարգով ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության` դիտողական զննման, որի վերաբերյալ սննդամթերքի, հեղուկների և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերի ու պարագաների ուղեկցման փաստաթղթերի վրա պետք է դրվի զննման փաստը հաստատող կնիք:

Ավիացիոն անվտանգության հսկողության` ձեռքի մետաղափնտրիչով զննման պետք է ենթարկվեն նաև ավիասննդի արտադրամաս մուտք գործող բոլոր աշխատողներն ու այցելուները: Ավիասնունդ մատակարարող կազմակերպություններում տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից պետք է նշանակվի ավիացիոն անվտանգության մասով պատասխանատու աշխատող, որը պետք է ապահովի կազմակերպության մասով ավիացիոն անվտանգության աշխատանքների իրականացումը, իսկ նրա գործառույթները պետք սահմանվեն կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրում:

(119.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

119.3. Օդանավերի մաքրման համար նախատեսված նյութերն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի ժամանակ ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության` դրանց միջոցով զենքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների և այլ վտանգավոր առարկաների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և փոխադրումը դեպի օդանավ կանխելու համար:

(119.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

119.4. Սույն հավելվածի 119.3-րդ կետում նշված նյութերի պահպանության համար օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում պետք է նախատեսվեն պահեստարաններ, որոնք պետք է գտնվեն մշտական հսկողության տակ:

Արգելվում է չզննված մաքրող նյութերի, հեղուկների և մաքրման պարագաների փոխադրումն օդանավ:

(119.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

 

9. ՕԴԱՆԱՎԻ ՀԱՏՈՒԿ ԶՆՆՈՒՄՆԵՐԸ

 

i

120. Օդանավերը թռիչքից առաջ և հետո ենթարկվում են նախաթռիչքային և հետթռիչքային զննումների: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից:

(120-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)

121. Անօրինական միջամտությունների մասին ահազանգերի դեպքում օդանավը, ուղեբեռը և բեռը զննվում են օդանավակայանի աշխատանքային հրապարակներից անվտանգ հեռավորության վրա գտնվող` այդ նպատակով առանձնացված հատուկ կայանատեղերում:

122. Եթե զննմամբ չեն հայտնաբերվել պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ և իրեր, սակայն սպառնալիքը շարունակվում է, ապա օդանավը, ուղեբեռը և բեռը մնում են հատուկ կայանատեղում այնքան ժամանակ, որքան նախատեսված է տվյալ չվերթի կատարման համար:

123. Անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով օդանավ շահագործողի դիմելու դեպքում օդանավակայանը շահագործող ընկերության գործադիր մարմինը պարտավոր է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել օդանավի անվտանգության ապահովման համար (օդանավի զննում, պահպանում, ուղեբեռի և բեռների զննում, ուղևորների և նրանց ձեռքի իրերի կրկնակի զննում): Այդպիսի դեպքերում պետք է երաշխավորվի նման ծառայությունների համար վճարումը:

 

10. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԴԱՆԱՎՈՒՄ

 

124. ՈՒղևորների փոխադրման համար նախատեսված օդանավերը պետք է սարքավորված և ապահովված լինեն`

ա) օդաչուական խցիկի գնդակաանթափանց դռներով, որոնք պետք է ունենան լայնանկյուն դիտողական սարք` դռան առջևի տարածության և կից ուղևորասրահի դիտման նպատակով,

բ) օդաչուական խցիկի և ուղեկցորդների միջև հատուկ ազդանշանային և հաղորդակցական սարքով (սարքերով),

գ) քողարկված անցումներով (սողանցքներով), որոնք կապահովեն հատուկ խմբի հանկարծակի մուտքն ուղևորասրահ` 2 և ավելի տեղերից,

դ) հակաառևանգման սարքերով, որոնք կբացառեն շարժիչների չթույլատրված աշխատանքը և օդանավի թռիչքը,

ե) թռիչքի ժամանակ ուղևորներից վերցված նյութերի և առարկաների պահպանման համար նախատեսված` փակվող հատուկ տեղամասերով,

զ) հրահանգչական փաստաթղթերով` անօրինական միջամտության գործողությունների ժամանակ անձնակազմի գործողությունների, թռիչքի ընթացքում օդանավում հատուկ զննման անցկացման և օդանավում հայտնաբերված պայթուցիկ նյութերի հետ վարվելու կարգի մասին:

124.1. Օդանավերի անձնակազմերի խցիկների դռները թռիչքի ամբողջ ընթացքում պետք է մշտապես գտնվեն փակ վիճակում, արգելվում է թռիչքի ընթացքում կողմնակի անձանց մուտքն օդանավի անձնակազմի խցիկ:

(124.1-ին կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

125. Թռիչքի ընթացքում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների անվտանգության ապահովման նպատակով, օդանավի հրամանատարի որոշմամբ, կարող է իրականացվել ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննում:

 

VIII. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

i

126. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անձանց, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների և փոստի ավիացիոն անվտանգության հսկողության/զննման ապահովման նպատակով պետք է կիրառվեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի հայտնաբերման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներն ու պայթուցիկ նյութեր հայտնաբերող ծառայողական շներ, ընդ որում`

1) անձանց` ուղևորների, օդանավերի անձնակազմերի անդամների, աշխատողների և այցելուների զննման նպատակով պետք է օգտագործվեն հետևյալ տեխնիկական միջոցները`

ա. անձանց ամբողջական զննման սկաներներ,

բ. մետաղափնտրիչ կամրջակներ,

գ. ձեռքի մետաղափնտրիչներ,

դ. կոշիկների զննման սկաներներ,

ե. պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ.

2) ուղևորների ձեռքի իրերի զննման նպատակով`

ա. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումներ,

բ. պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ,

գ. հեղուկ պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգեր.

3) ուղևորների գրանցված ուղեբեռների զննման նպատակով`

ա. ալգորիթմի վրա հիմնված ռենտգենյան սարքավորումներ,

բ. պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ,

գ. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումներ.

4) բեռների և փոստի զննման նպատակով`

ա. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումներ,

բ. պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումներ,

գ. ալգորիթմի վրա հիմնված ռենտգենյան սարքավորումներ,

դ. պայթուցիկ նյութեր հայտնաբերող ծառայողական շներ:

(126-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

127. Այն օդանավակայանները, որոնք ոչ լրիվ են ապահովված ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներով, պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ և անձնակազմ` ուղևորների ուղեբեռի և բեռների դիտողական զննման համար:

128. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները պետք է տեղադրվեն այնպիսի սրահներում, որոնք համապատասխանում են նման տեխնիկայի շահագործմանը ներկայացվող պահանջներին: Անհրաժեշտության դեպքում հատուկ տեխնիկական միջոցներ կարող են տեղադրվել նաև օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում, ուղևորային համալիրների մուտքերում, ավտոկանգառներում: Ընդհանուր օգտագործման տարածքներում կարող են տեղադրվել տեսահսկման սարքավորումներ, իսկ ուղևորային համալիրների մուտքերում` այդ տարածքներ մուտք գործող անձանց և նրանց ուղեբեռների զննման համար` զննման սարքավորումներ:

(128-րդ կետը փոփ. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)

129. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների մշտական աշխատունակության ապահովման համար դրանց շահագործումը և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվեն համապատասխան պատրաստականություն ունեցող մասնագետների կողմից:

130. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներն ընտրվում, գնվում և ներդրվում են օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմնի կողմից` համաձայնեցվելով լիազոր մարմնի հետ:

i

131. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման համար պետք է ներդրվեն և շահագործվեն հետևյալ հատուկ տեխնիկական միջոցները`

1) ուղևորների ձեռքի իրերի զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ, որը պետք է`

ա. արտաբերի սարքավորման թունելի միջով անցնող առարկաների և իրերի ամբողջական պատկերները, տարանջատի օրգանական և անօրգանական մասերը` դրանք տարբեր գույներով պատկերելու միջոցով և ավտոմատ կերպով կատարի վտանգավոր իրերի ու առարկաների ճանաչում, կարողանա առնվազն երկու անգամ մեծացնել արտապատկերված պատկերի ցանկացած մասը,

բ. ունենա տեսափոխարկելիության հնարավորություն, կարողանա ստանալ միագույն պատկեր` սպիտակը փոխարինի որպես սև, իսկ սևը` որպես սպիտակ, ունենա մոխրագույնի բազմաստիճանավորում, կարողանա ընդգծել պատկերի ուրվագծերը (եզրերը) և տեսանելի արտապատկերել այն նյութերը, որոնց միջով ունակ չէ ներթափանցել, իսկ հաջորդ առարկայի զննմանն անցման դեպքում` զննման համար ընտրված ցանկացած գործառույթ պետք է ավտոմատ կերպով անջատվի և վերագործարկվի, երբ հաջորդ առարկան է զննվում,

գ. ճանաչել մետաղական և ոչ մետաղական հրազենը, դրանց մասերը, բոլոր տրամաչափի ռազմամթերքները, նռնակները և այլ տեսակի բեկորային/պայթուցիկ զենքերը, դանակները, մահակները, թրերը, ռազմական և առևտրային նշանակության պայթուցիկ նյութերը, դետոնատորները և ժամացույցի մեխանիզմները, էլեկտրական սարքավորումները և էլեկտրոնային արտադրանքը, էներգիայի աղբյուրները, հեղուկ նյութերը, գելերը և աերոզոլները,

դ. զննման ռենտգենյան սարքավորման էկրանը պետք է լինի չթարթող և ունենա առնվազն 800 տող (տիպայինը` 1024*1024 պիկսել բարձր որոշողականություն ունեցող էկրան), իսկ զննման ռենտգենյան սարքավորման պատկերի որակը պետք է հնարավորություն տա սարքավորման օպերատորին` տեսնելու օրգանական ապակու վրա տեղադրված 0,254 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը, 0.5105 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը` տեղադրված 11.1 մմ հաստությամբ ալյումինի թիթեղի հետևում, 0.10 մմ հաստությամբ պողպատե թիթեղը, 1.5 մմ հաստությամբ կապարի ձողը` 26 մմ հաստությամբ պողպատե թիթեղի հետևից, էկրանին ցուցադրվող պատկերը պետք է հնարավորություն տա օպերատորին տեսնել 2.0 մմ հաստությամբ պղնձե թերթային ցանցեր (2.0 մմ ակոսներ 4.0 մմ քայլի վրա)` ակոսներով, որոնք և զուգահեռ են և ուղղահայաց են փոխադրիչ ժապավենի շարժման ուղղությանը,

ե. զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչները պետք է համալրված լինեն զննված պատկերների ավտոմատ արխիվացման ծրագրերով: Համակարգը պետք է գրառի զննված առարկաների և իրերի պատկերները, պատկերների զննման ամսաթիվն ու ժամը, պահպանի զննված առարկաների և իրերի պատկերներն առնվազն յոթ օր,

զ. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչն աշխատանքի ռեժիմում պետք է ունենա գեներատորի ռենտգենային ճառագայթման և պատկերի որակի հետևյալ բնութագրերը.

2) ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավ տարվող սննդի զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ, որը պետք է`

ա. հայտնաբերի և ազդանշանի միջոցով ցուցադրի բեռի և փոստի մեջ պարունակվող որոշակի մետաղական նյութերը, ընդ որում` հայտնաբերումը պետք է լինի անկախ բեռների կամ փոստի խմբաքանակից, ձևից, մետաղական նյութի տեսակից, դիրքից,

բ. պետք է ունենա տեսողական ցուցիչ` ցույց տալու համար, որ սարքավորումները գտնվում են աշխատունակ վիճակում, իսկ ռենտգենյան սարքավորումները պետք է լինեն պաշտպանված և հասանելի լինեն միայն լիազորված անձանց և պաշտպանված կողմնակի միջամտության աղբյուրներից, որոնք կարող են ազդել աշխատանքի արտադրողականության վրա, ներառյալ` սարքավորման էկրանի տատանումները, ջերմաստիճանը, ռադիոհաճախականության կապի սարքերը, լարման աստիճանը և տատանումները և շարժման մեջ գտնվող մետաղական զանգվածները,

գ. ռենտգեն սարքավորման փոխադրիչ ժապավենի արագությունը պետք է լինի վայրկյանում առնվազն 0,15 մետր, շահագործման հանձնման օրվանից ռենտգեն սարքավորումը պետք է ունենա առնվազն 1 տարի երաշխավորված շահագործման ժամկետ, առնվազն 6 տարի միջին շահագործման ժամկետ, իսկ արտադրանքի արտադրության օրվանից` առնվազն 1 տարի երաշխավորված պահպանման ժամկետ և շահագործման վայրում սարքավորման վիճակի ստուգման և վերանորոգման իրականացման հնարավորություն,

դ. կահավորված լինի ռենտգեն ճառագայթի ակտիվացման մասին ազդարարող լուսային ազդանշանով, ապահովի ռենտգենյան ճառագայթման անջատման հնարավորություն, իսկ ծանրաբեռնվածության գերազանցման և անսարքությունների դեպքում` էլեկտրական հոսանքի մատակարարման դադարեցման հնարավորություն, ինչպես նաև ապահովի պաշտպանություն ռենտգեն ճառագայթման ազդեցությունից,

ե. ապահովեն ռենտգենյան ճառագայթման այնպիսի մակարդակ, որը չի վնասի ֆիլմերի ժապավենների և լուսանկարչական նյութերի ամբողջականությունը, էլեկտրոնային կրիչները, երբ դրանք անցկացվում են ռենտգեն սարքավորման աշխատանքային թունելով: Ընդ որում, բեռների և փոստի զննման համար նախատեսված ռենտգենյան սարքավորումները պետք է ունենան նաև բազմակի բազմատեսանելիություն/պրոյեկցիայի հնարավորություն,

զ. ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ սարքավորումները պետք է ունենան ռենտգենյան սարքավորման էկրանին վտանգավոր առարկաների պատկերների արտապատկերման ծրագրային ապահովումը (PIOP), որը չպետք է խանգարի ռենտգենյան սարքավորումների աշխատանքին ու շահագործման պայմաններին: Այդ համակարգը պետք է ունենա բավարար հզորության պրոցեսոր, որպեսզի ապահովի համակարգի ծրագրային ապահովման աշխատանքը և այդ ընթացքում բացասական ազդեցություն չգործի սարքավորման պատկերի որակի կամ արդյունավետության վրա.

3) դյուրակիր (ձեռքի, շարժական) մետաղափնտրիչ, որը պետք է`

ա. հայտնաբերի մետաղական առարկաները (100x100x1 մմ չափսերով պողպատե թիթեղ) 0,12-0,15 մետր հեռավորության վրա` սարքի շարժման 0,2-0,5 մ/վ արագությամբ, ունենա մետաղական առարկայի առկայություն ցույց տվող ձայնային ազդանշան և ապահովի բնականոն աշխատանքը օդանավակայանների էլեկտրամագնիսական միջավայրում,

բ. ունենա շահագործման հանձնման օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված շահագործման ժամկետ, առնվազն 3 տարի միջին շահագործման ժամկետ և ապրանքի արտադրության օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված պահպանման ժամկետ, շահագործման վայրում սարքավորման վիճակի ստուգման և վերանորոգման իրականացման հնարավորություն,

գ. ինքնավար էներգիայի աղբյուրից աշխատելիս պետք է պահպանի իր հայտնաբերման բնութագրերը` հոսանքի աղբյուրների 60% լիցքաթափման դեպքում և ապահովի ինքնավար էներգիայի աղբյուրից արտադրանքի շարունակական շահագործման տևողությունը առնվազն 10 ժամ.

4) պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգեր/սարքավորումներ, որոնք պետք է կարողանան հայտնաբերել և ազդանշանի միջոցով ցույց տալ ուղեբեռում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ կամ քիմիական նյութերը` անկախ պայթուցիկ նյութի կամ քիմիական նյութի քանակից, տեսակից, դիրքից և տագնապի ազդանշան ազդարարի այն դեպքերում`

ա. երբ հայտնաբերում է պայթուցիկ կամ քիմիական նյութ,

բ. երբ հայտնաբերում է այնպիսի առարկայի առկայություն, որը խոչընդոտում է պայթուցիկ կամ քիմիական նյութի հայտնաբերմանը,

գ. երբ պայուսակի կամ բեռի պարունակությունը չափազանց խիտ է վերլուծության համար,

դ. ունենա պայթուցիկ նյութեր հայտնաբերելու կարողություն` 1x10-14 գրամ մեկ խորանարդ սանտիմետրում, միաժամանակ, պայթուցիկ գոլորշիների վերլուծության ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 60 վայրկյան, պայթուցիկ նյութի գոլորշիների առկայության դեպքում` արձագանքման ժամանակը պետք է լինի ոչ ավելի, քան 5 վայրկյան, հաջորդ աշխատանքային ցիկլը պետք է լինի ոչ ավելի, քան 30 վայրկյան,

ե. կարողանա աշխատել ինչպես ցանցի սնուցման աղբյուրից, այնպես էլ 9-12 վոլտ լարման ինքնավար աղբյուրից (մարտկոց, կուտակիչ),

զ. ունենա անկախ գործող ձայնային և լուսային ազդանշանային համակարգ, իսկ ձայնային ազդանշանի մակարդակը պետք է հստակորեն տարբերվի օդանավակայանների ֆոնային աղմուկից,

է. ունենա ինքնավար էներգիայի աղբյուրի լիցքաթափման ցուցիչ, որը գործարկվում է էներգիայի աղբյուրների 70% լիցքաթափման ժամանակ (ըստ լարման),

ը. ունենա շահագործման հանձնման օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված շահագործման ժամկետ, առնվազն վեց տարի միջին շահագործման ժամկետ և արտադրանքի արտադրության օրվանից առնվազն մեկ տարի երաշխավորված պահպանման ժամկետ, շահագործման վայրում սարքավորման վիճակի ստուգման և վերանորոգման իրականացման հնարավորություն,

թ. ունենա անվտանգության համակարգ, որը դադարեցնում է էլեկտրական հոսանքի մատակարարումը գործառնական բեռների գերազանցման և անսարքությունների դեպքում,

ժ. համապատասխանի շուրջօրյա ռեժիմով շահագործման բոլոր պահանջներին, շահագործման երաշխիքային ժամկետը` գործարկման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի, միջին շահագործման ժամկետը` ոչ պակաս, քան վեց տարի, երաշխիքային ժամկետը` ոչ պակաս, քան մեկ տարի արտադրման օրվանից.

5) պայթուցիկ նյութերի հետքերը հայտնաբերող սարքավորումները պետք է կարողանան ուղեբեռի կամ բեռների պարունակությունից կամ աղտոտված մակերեսներից հավաքել և վերլուծել մասնիկների հետքերի մակարդակը և ազդանշանի միջոցով ցույց տալ պայթուցիկ նյութերի կամ քիմիական նյութերի առկայությունը,

6) զննման սարքավորումներում հեղուկների, աերոզոլների և գելերի հայտնաբերման նպատակով կիրառվող ծրագրային համակարգերը պետք է կարողանան հայտնաբերել և ազդանշանի միջոցով ցույց տալ հեղուկներում, աերոզոլներում և գելերում վտանգավոր նյութերի որոշակի և ավելի մեծ քանակությունները, ապահովեն, որ զննման ենթարկվող առարկան կամ իրը/տարան տեղադրված և կողմնորոշված լինեն այնպես, որ լիարժեք օգտագործվեն հեղուկների, աերոզոլների և գելերի հայտնաբերման հնարավորությունները: Այդ սարքավորումները պետք է ահազանգեն հետևյալ դեպքերում`

ա. երբ այն հայտնաբերում է վտանգավոր նյութ,

բ. երբ այն տարայում հայտնաբերում է այնպիսի առարկայի առկայություն, որը կանխում է վտանգավոր նյութի հայտնաբերումը,

գ. երբ հնարավոր չէ գնահատել, թե արդյոք հեղուկները, աերոզոլները և գելերն անվնաս են, թե ոչ,

դ. երբ զննման ենթակա տարայի պարունակությունը չափազանց խիտ է վերլուծության համար.

7) անշարժ մետաղափնտրիչ կամրջակ, որը պետք է տեղադրված լինի հարթ մակերևույթի վրա, լինի մեկուսացված, ամուր, չտեղաշարժվի, հատակի մակերևույթը պետք է լինի զերծ խոչընդոտներից, իսկ սարքավորումը պետք է`

ա. կարողանա հայտնաբերել օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված մետաղական առարկաներ` մարդու մարմնի և նրա հագուստի վրա, կահավորված լինի արգելված մետաղական առարկայի առկայության մասին ավտոմատ լուսային և ձայնային ազդանշաններով ազդարարման համակարգով,

բ. բացառի հայտնաբերման սահմանված պարամետրերի չարտոնված փոփոխությունները, իսկ սարքավորման էլեկտրոնային սխեման պետք է ավտոմատ կերպով վերադառնա իր սկզբնական դիրքին` տագնապի ազդանշանն անջատելուց 3 վայրկյան հետո (տագնապի ազդանշանի ավարտը պետք է նշանակի, որ սարքը պատրաստ է շահագործման), սարքավորման միացումից հետո սահմանված գործող ռեժիմին հասնելու ժամանակը չպետք է գերազանցի 3 վայրկյանը,

գ. ապահովվի նորմալ շահագործում` օդանավակայանների էլեկտրամագնիսական միջավայրում, մասնավորապես` ռենտգենյան սարքավորման տեղադրման հետ մեկտեղ, որպես նմանատիպ սարքավորումների խմբի մաս` 2-ից 4 հատ տեղադրված մեկ շարքում, միմյանցից 3-ից մինչև 8 մետր հեռավորության վրա, իսկ սենսորային բլոկների միջև աշխատանքային հեռավորությունը պետք է լինի մինչև 1 մետր,

դ. համապատասխանի շուրջօրյա աշխատանքային ռեժիմով շահագործման հետևյալ պահանջներին` խափանումների միջև միջին ժամանակը` ոչ պակաս, քան վեց հազար ժամ, պլանավորված սպասարկման ժամկետը` շահագործման ժամանակի 5%-ից ոչ պակաս, երաշխավորված շահագործման ժամկետը` մեկ տարի գործարկման օրվանից, իսկ միջին շահագործման ժամկետը` ոչ պակաս, քան վեց տարի, իսկ երաշխավորված պահպանման ժամկետը` արտադրման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի,

ե. ունենա շահագործման վայրում ստուգում և վերանորոգում իրականացնելու հնարավորություն, ապահովված լինի շահագործողական փաստաթղթերով, որոնք բավարար են սարքավորման բնականոն և անվտանգ շահագործումն իրականացնելու համար,

զ. ունենա առնվազն 2 մետր բարձրությամբ և 0,76 մետր լայնությամբ կամարային բացվածք, խորությունը` նվազագույնը 65 սմ. տեսողական ու կարգավորվող ձայնային ազդանշան, ինչպես նաև փոփոխվող հանգամանքներից կախված` զգայունության մակարդակը փոխելու հնարավորություն, իսկ անշարժ մետաղափնտրիչ կամրջակի զգայունությունը պետք է լինի վտանգի աստիճանին համապատասխան, կամրջակի զգայունության կարգավորումը պետք է կատարվի միայն լիազորված անձնակազմի կողմից,

է. կարողանա կուտակել հետևյալ վիճակագրական տվյալները` շահագործման ժամանակը, ուղևորների թիվը, ազդանշանների քանակը (տարանջատելով հիմնական և լրացուցիչ ահազանգերը).

8) զննման ընթացքում կարող են կիրառվել նաև զննման նոր մեթոդներ, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, եթե`

ա. այն օգտագործվում է զննման նոր մեթոդի գնահատման նպատակով,

բ. բացասաբար չի ազդում ավիացիոն անվտանգության ապահովման ընդհանուր մակարդակի վրա,

գ. նոր մեթոդների փորձարկման մասին համապատասխան տեղեկատվությունը հայտնվում է այն անձանց, ում այն վերաբերվում է կամ առնչվում է.

9) անվտանգության սկաներ, որը կիրառվում է անձանց զննման համար և պետք է կարողանա հայտնաբերել մարդու մարմնի վրա կրվող կամ հագուստի մեջ պահված մետաղական առարկաները, ոչ մետաղական և սպառնալիք ներկայացնող առարկաներն ու իրերը: Անվտանգության սկաները հանդիսանում է արգելված առարկաների ու իրերի հայտնաբերման համակարգ, որը արտապատկերում է մարդու մարմնի ամբողջական պատկերը, որի հիման վրա զննման գործառույթ իրականացնող տեսուչը պետք է վերլուծի և հաստատի, որ ստուգվող անձի մարմնի վրա չկան մետաղական և ոչ մետաղական առարկաներ ու իրեր: Եթե զննման գործառույթ իրականացնող տեսուչը հայտնաբերում է անձի մարմնի վրա մետաղական և ոչ մետաղական առարկաներ, այդ մասին պետք է տեղեկացվի զննվող անձին` զննման գործընթացը շարունակելու համար: Անձանց զննման նպատակով կիրառվող անվտանգության սկաները պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին`

ա. հայտնաբերի և ազդանշանի միջոցով ցուցադրի առնվազն որոշակի մետաղական և ոչ մետաղական իրերն ու առարկաները, ներառյալ` պայթուցիկ նյութերը, ինչպես առանձին, այնպես էլ համակցված,

բ. ունենա տեսողական ցուցիչ, որը ցույց կտա, որ սարքավորումը գտնվում է աշխատունակ վիճակում,

գ. տեղադրված լինեն այնպես, որ դրա աշխատանքը չտուժի այլ միջամտության աղբյուրներից:

Անվտանգության սկաներների աշխատունակությունը պետք է ստուգվի ամեն օր, դրանք պետք է օգտագործվեն արտադրողի կողմից սահմանված շահագործման պահանջներին համապատասխան և շահագործման ընթացքում ապահովեն առողջապահական և տեխնիկական անվտանգության պահանջները.

10) տեսահսկման սարքավորումներ, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում (վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ) օդանավերի թռիչք/վայրէջքների, օդանավերի շարժի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման աշխատանքների, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման (հաշվառում, սահմանային վերահսկողություն, զննում, օդանավ նստեցում և այլն) բոլոր գործընթացների, հսկիչ-անցագրային կետերում իրականացվող անձանց և տրանսպորտային միջոցների զննման և անցագրային հսկողության աշխատանքների, ինչպես նաև հասարակական օգտագործման տարածքներում (ընդհանուր սրահներ, ավտոկանգառներ և այլն) օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների (Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Պետական եկամուտների կոմիտե) կողմից անվտանգության կառավարման կենտրոնների միջոցով դիտարկումներ և տեսահսկումներ իրականացնելու նպատակով, ապահովելով տեղեկատվության պաշտպանության և կիբերանվտանգության ապահովման սահմանված պահանջները:

(131-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն, 18.01.18 թիվ 41-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

131.1. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում մինչև հերթափոխի ընդունումը, ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչների և անշարժ մետաղափնտրիչ կամրջակների սպասարկումներ իրականացնող մասնագետները պետք է կատարեն օդանավակայաններում օգտագործվող զննման սարքավորումների թեսթավորում և ստացված տվյալները գրանցեն համապատասխան մատյաններում (պահպանեն թեսթավորման արդյունքները).

1) ձեռքի մետաղափնտրիչը, որն օգտագործվում է ուղևորներին զննելու նպատակով և պետք է բավարարի հետևյալ պահանջները`

ա. հայտնաբերի փոքր չափսերի մետաղյա իրերն առանց դրանց հետ ուղղակի շփում ունենալու,

բ. հայտնաբերի ինչպես երկաթային, այնպես ոչ երկաթային մետաղները` 50 մմ հեռավորությունից,

գ. մետաղափնտրիչի գլխամասը (օղակը) պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որպեսզի կարողանա ճիշտ մատնանշել հայտնաբերված մետաղյա իրի դիրքը,

դ. պետք է համալրված լինի լսելի և (կամ) տեսանելի ազդանշանի ցուցիչով, ընդ որում, ազդանշանային համակարգը պետք է աշխատի անմիջապես (վայրկյանական), իսկ ձայնի տոնը և բարձրությունը պետք է լինեն կարգավորվող: Ազդանշանային համակարգը պետք է տեղեկացնի նաև հայտնաբերված մետաղի քանակի վերաբերյալ (օրինակ` դա կարող է կատարվել մի քանի ձայների կամ ձայնը փոխելու միջոցով).

2) ձեռքի մետաղափնտրիչը պետք է հարմար լինի կրելու և աշխատելու համար, ունենա հստակ աշխատող ազդանշանային համակարգ և միացնելուց հետո չունենա լրացուցիչ կարգավորման կարիք: Ձեռքի մետաղափնտրիչը պետք է ունենա ինքնահսկման համակարգ և ապահովված լինի պատահական անջատումներից.

3) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի զննումներ կարող են իրականացվել նաև պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգերի, պայթուցիկ սարքերի հայտնաբերման համակարգերի, հետքեր հայտնաբերող սարքերի, մարմնի պատկերման սկաներների միջոցով, որոնց տեխնիկական հատկանիշները պետք է համապատասխանեն քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (ԵԿԱԿ) չափորոշիչներին:

(131.1-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)

 

IX. ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

1. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

132. Ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազորված մարմիններն ավիացիոն անվտանգության աշխատանքները կազմակերպելիս պետք է կարևորեն մարդկային գործոնը, վարեն ուշադիր և հետևողական կադրային քաղաքականություն, սահմանեն տարիքի, առողջության, կրթության անհրաժեշտ չափանիշներ` ելնելով այն գործառույթներից, որոնք պետք է կատարի այս կամ այն աշխատողը` կոնկրետ աշխատատեղում կամ պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի հավաքագրման, ընտրության և աշխատանքի ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

(132-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

132.1. Ելնելով քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկ բնույթից` Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում աշխատելու ցանկություն հայտնած բոլոր թեկնածուները պետք է անցնեն բժշկական հետազոտում` նրանց ֆիզիկական և հոգեկան վիճակի ստուգման նպատակով:

(132.1-ին կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

132.2. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցները, համաձայն ԻԿԱՕ «Անվտանգության ղեկավար ձեռնարկ» 8973 փաստաթղթի 8-րդ գլխի, պետք է համապատասխանեն առողջական հետևյալ չափանիշներին`

1) կարողանալ մինչև 25 մետրից առանց ակնոցների և կոնտակտային լինզաների կարդալ տրանսպորտային միջոցի համարանիշները և 50 սանտիմետրից կարդալ տարաների և շշերի պիտակների գրությունները.

2) կարողանալ տարբերել գույները.

3) առանց լսողական սարքի օգնության լսել հեռախոսային հաղորդագրությունները, սարքավորումներից ստացվող ձայնային նշանները և մարդկային ձայնը` սովորական խոսակցության ժամանակ 2,5 մետր հեռավորությունից.

4) կարողանալ տարբերակել հոտերը.

5) չունենալ խոսքի դեֆեկտ (բառերի արտաբերման խանգարումներ),

6) ունենալ իրադրության մեջ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ ընդունելու կարողություն.

7) չունենալ կախվածություն ալկոհոլից, հոգեմետ նյութերից և թմրանյութերից:

(132.2-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

i

133. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած անձինք, մինչև աշխատանքի ընդունվելը, պետք է օդանավակայանի կադրերի և ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներում անցնեն հարցազրույցի փուլ` նրանց մտքի ճկունությունը, կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև հանձնեն ստուգարք ֆիզիկական վարժություններից: Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու համար դիմած անձինք, մինչև աշխատանքի ընդունումը պետք է մասնագիտացված ավիացիոն բժշկական հաստատություններում անցնեն նաև նախնական բժշկական զննում, իսկ աշխատանքի ընդունումից հետո, առնվազն տարեկան մեկ անգամ պարբերաբար բժշկական զննում` սույն ծրագրի 132.2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգման նպատակով:

(133-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)

i

133.1. Օդանավակայանի տնօրինությունը պարբերական բժշկական զննությունը կազմակերպում է` հաշվի առնելով կազմակերպությունում սահմանված աշխատակարգը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև կազմակերպել օդանավակայանի աշխատողների արտահերթ բժշկական զննում` բժշկական զննման համար ներկայացվող ուղեգրում նշվելով արտահերթ զննության ուղարկման հիմնավոր պատճառները:

(133.1-ին կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)

134. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայում ավիացիոն անվտանգության աշխատանքների հատուկ բնույթը` բոլոր թեկնածուները պետք է ենթարկվեն նախնական ստուգման` նրանց բնակության վայրի, աշխատանքային գործունեության, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ճշտման նպատակով: Ազգային ծրագրով սահմանված չափանիշները չբավարարելու դեպքում չի թույլատրվում անձին ընդունել աշխատանքի:

134.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ճանաչված անվտանգության ուսումնական կենտրոններում համապատասխան մասնագիտական պատրաստականություն ստացած և սերտիֆիկացված անձինք:

(134.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)

 

2. ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(2-րդ բաժինը խմբ. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

 

135. Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով լիազոր մարմինը մշակում, հաստատում և ներդնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը` ներառելով ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի համակարգի և ազգային ծրագրով սահմանված կարգով ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներառված բոլոր կազմակերպությունների աշխատողների ուսուցումը և վերապատրաստումը:

i

135.1. Սույն ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերին և ընթացակարգերին տիրապետման նպատակով` քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների և օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների ստորաբաժանումների աշխատողների համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 23.01.2025 թ. N 04-Ն հրամանով սահմանված կարգով պետք է կազմակերպվեն ու անցկացվեն ավիացիոն անվտանգության մասով աշխատողների սկզբնական և հերթական ուսումնական դասընթացներ`

1) սկզբնական և հերթական ուսուցման դասընթացները պետք է անցնեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 23.01.2025 թ. N 04-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրում» ներառված բոլոր կազմակերպությունների` օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող կազմակերպությունների, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, ուղևորների սպասարկումներ և բեռների սպասարկումներ, բորտ սննդի մատակարարումներ, վերգետնյա սպասարկումներ, բեռների սպասարկումներ` ներառյալ բեռնային գործակալների, հայտնի առաքողների և հայտնի մատակարարների, անմաքս առևտրի խանութների և դրանց համար ապրանքներ մատակարարող կազմակերպությունների աշխատակիցները, օդանավակայանում և օդանավերում մաքրման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների, օդանավակայանի ընդհանուր օգտագործման սրահներում գործող սրճարանների, բանկերի, խանութների, առևտրի կետերի, ավտոկայանատեղիների աշխատողները, օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների ստորաբաժանումների (լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախարարության ստորաբաժանումների աշխատողները:

(135.1-ին կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)

135.2. Օդանավակայանների կառավարիչների կողմից տեղերում պետք է կազմակերպվեն ավիացիոն անվտանգության մասով սույն ծրագրի 135.1-ին կետում նշված կազմակերպությունների աշխատողների հրահանգավորումներ, դասընթացներ և սեմինարներ` իրենց մասով օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին և պահանջներին տիրապետելու նպատակով, ինչպես նաև կազմակերպվեն ուսումնավարժանքներ` արտակարգ իրավիճակներում գործելու պլաններից բխող գործողությունների իրազեկվածության, կանոնների և անհրաժեշտ հմտությունների տիրապետման համար:

i

135.3. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների մուտքերի պահպանության ստորաբաժանումների աշխատողների սկզբնական ուսուցումները պետք է անցկացվեն աշխատանքի վայրում` 36 ժամ տևողությամբ, ընդ որում, դասավանդումը պետք է իրականացվի սերտիֆիկացված հրահանգիչների կողմից, որից հետո պետք է տեղում հանձնեն թեստ` ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով: Հերթական ուսուցումները պետք է անցկացվեն սկզբնական ուսումնական դասընթացից հետո յուրաքանչյուր տարին մեկ անգամ` 12 ժամ տևողությամբ:

135.4. Օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների և պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատակիցները պետք է անցնեն սկզբնական և հերթական ուսուցում, որպեսզի պահպանեն սկզբնական ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ձեռք բերեն ավիացիոն անվտանգության միջոցառումների զարգացմանը զուգընթաց նոր կարևոր գիտելիքներ, հմտություններ և ունակություններ: Հերթական ուսուցման հաճախականությունը պետք է լինի յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ` 12 ժամ տևողությամբ, որից հետո տեղում պետք է հանձնեն թեստ` նոր ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով:

135.5. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող օպերատորների սկզբնական ուսուցման դասընթացը պետք է ունենա 52 ժամ տևողություն, որից 12 ժամը պայթուցիկ հետքեր հայտնաբերող սարքավորումների մասով և 25 ժամ գործնական ուսուցում զննման ռենտգենյան սարքերով: Ուսուցումը պետք է բաղկացած լինի լսարանային ժամերից, համակարգչային ուսուցման ժամերից և իրական զննման սարքավորումների վրա պարապմունքների համատեղությունից: Ուսուցման գործընթացը պետք է իրականացվի սերտիֆիկացված հրահանգիչների կողմից, որից հետո պետք է տեղում հանձնեն թեստ` ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով:

Սկզբնական ուսուցման ավարտից հետո զննման օպերատորները պետք է աշխատանքի վայրում անցնեն փորձաշրջան` երեք ամիս ժամկետով, ավիացիոն անվտանգության ծառայության փորձառու աշխատակցի հսկողության պայմաններում, որից հետո Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի սահմանած կարգով` լիազոր մարմնի կողմից պետք է կազմակերպվի և անցկացվի զննող օպերատորների սերտիֆիկացում և սերտիֆիկացման դրական արդյունքների դեպքում իրավունք կստանան ինքնուրույն իրականացնել զննող օպերատորի գործառույթներ:

Զննման օպերատորները յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է անցնեն 12 ժամ տևողությամբ հերթական ուսուցում, որից հետո կրկին լիազոր մարմնի կողմից պետք է սերտիֆիկացվեն:

(135.5-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)

135.6. Ավիացիոն անվտանգության մասով դասավանդում կարող են իրականացնել միայն լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացված հրահանգիչները: Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ պետք է իրականացվի ավիացիոն անվտանգության մասով դասավանդող հրահանգիչների սերտիֆիկացում, որից հետո նրանք կարող են ավիացիոն անվտանգության մասով դասավանդման իրավունք ստանալ:

135.7. Ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների թեկնածուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին` ունենան բարձրագույն կրթություն, առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ ավիացիոն անվտանգության ոլորտում, տիրապետեն ավիացիոն անվտանգության ազգային և միջազգային փաստաթղթերի պահանջներին, ուսուցում անցած լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության, ԻԿԱՕ կամ ԵԿԱԿ մասնագիտացված ուսումնական հաստատություններում «Հրահանգիչներ» ծրագրով, ունենան հրահանգչի սերտիֆիկատ և լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացումից հետո իրավունք ստանան իրականացնել ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների գործառույթներ:

135.8. Ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի գործառույթներ իրականացնող մասնագետները ուսուցում պետք է անցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի N 274-Ն որոշմամբ սահմանված կարգերով, իսկ սերտիֆիկացումը` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում: Լիազոր մարմնի կողմից սերտիֆիկացումից հետո կարող են իրականացնել ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի գործառույթներ:

136. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպություններն ազգային ծրագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրի հիման վրա մշակում, լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում և իրականացնում իրենց ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ուսումնական ծրագրեր (պատրաստման ու վերապատրաստման)` կից ներկայացնելով նաև «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է սույն կետում նշված կազմակերպություններին` համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը: Սույն կետով նախատեսված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է սույն կետում նշված կազմակերպության կողմից ներկայացված ծրագրի հաստատումը` դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնելով վերջինիս:

(136-րդ կետը փոփ. 06.03.2025 թիվ 250-Ն որոշում)

135. Ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունները ազգային ծրագրի կատարումն ապահովելու նպատակով մշակում և իրականացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստման ու վերապատրաստման ծրագրեր, որոնք ենթակա են հաստատման լիազոր մարմնի կողմից:

Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով լիազոր մարմինը մշակում և իրականացնում է վերապատրաստման ծրագրեր քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության անձնակազմի համար` ներառելով վերապատրաստումը մարդկային հնարավորությունների բնագավառում:

(135-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)

136. Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստումն ու վերապատրաստումն իրականացվում են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության մշակած ծրագրերի համաձայն:

 

X. ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

137. Անօրինական միջամտության գործողությունների դեմ կիրառվող պատասխան միջոցառումների նպատակն ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքի և առողջության պահպանումն է:

138. Հայաստանի Հանրապետության օդանավակայանները պետք է լինեն բաց և հասանելի` անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ դարձած օդանավերի համար: Այդ օդանավերը պետք է ապահովվեն օդային երթևեկության կառավարման մարմինների սպասարկման, կապի միջոցների, լուսաազդանշանային սարքավորումների, օդանավակայանի գետնավարման ուղու և թռիչք-վայրէջքային գոտու օգտագործման գերակայությամբ:

i

139. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր օդանավակայանի համար անօրինական միջամտության գործողությունների հակազդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ղեկավարների համատեղ հրամանով հաստատված գործողությունների կազմակերպման և իրականացման կարգերով` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, թռիչքների յուրահատկությունները, առկա ուժերի և միջոցների առկայությունը:

(139-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

140. Պարտադիր պետք է նախատեսվեն հակազդման գործողություններ հետևյալ դեպքերում`

ա) գետնի վրա օդանավի զավթման,

բ) թռիչքի ընթացքում օդանավի զավթման,

գ) օդանավի կամ օդանավակայանի կարևոր օբյեկտների նկատմամբ կիրառվող անօրինական միջամտության գործողությունների,

դ) օդանավի կամ օդանավակայանի կարևոր օբյեկտների նկատմամբ կիրառվող անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքի,

ե) անանուն սպառնալիքի, որի դեպքում պարտադիր կարգով իրականացվում են`

օդանավի ուղեբեռների և բեռների զննում` մեկուսացված հատուկ սրահներում,

օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննում,

օդանավի զննում` թռիչքի ընթացքում:

141. Օդանավի կամ կարևոր օբյեկտի նկատմամբ նախապատրաստվող անօրինական միջամտության գործողության մասին տեղեկատվության ստացման դեպքում օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում ավիացիոն անվտանգության ուժեղացման համար, այդ թվում` օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության, օդանավակայանի ամբողջ տարածքի հսկողության ամրապնդման, կողմնակի անձանց հայտնաբերման ու վնասազերծման համար:

142. (142-րդ կետն ուժը կորցրել է 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

i

143. Ազգային ծրագրի 139-րդ կետով նախատեսված համատեղ հրամանով իրականացվող համատեղ և համաձայնեցված գործողությունների ղեկավարումն իրականացվում է տվյալ հրամանով սահմանված կարգով ստեղծված օպերատիվ շտաբների կողմից:

(143-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

i

144. Օպերատիվ շտաբի աշխատանքներն ապահովելու նպատակով օդանավակայաններ շահագործող ընկերությունների գործադիր մարմինները պետք է առանձնացնեն և հատկացնեն հատուկ կահավորված տարածքներ` ապահովված օդանավակայանի տարածքի տեսադիտման սարքերով և կապի միջոցներով, այդ թվում` հնարավորության սահմաններում, անօրինական միջամտության ենթարկված օդանավի հետ կապով:

(144-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)

145. Այն դեպքում, երբ անօրինական միջամտության գործողությունների ենթարկված օդանավը մտնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածք և ցանկանում է վայրէջք կատարել Հայաստանի Հանրապետության որևէ օդանավակայանում, օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդանավի թռիչքի անվտանգության ապահովման նպատակով պարտավոր է ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն, հաշվի առնելով ինքնաթիռի վթարային վայրէջքի հնարավորությունը, և ձեռնարկել պատշաճ գործողություններ, թռիչքի բոլոր փուլերն արագացնելու համար` ներառյալ վայրէջքի թույլտվության հատկացումը:

i

146. Անօրինական միջամտության գործողության ենթարկված օդանավի թռիչքը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թույլատրվում է միայն այն դեպքում, երբ օդանավում գտնվող ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքին իրական վտանգ և սպառնում:

(146-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)

146.1. Օդանավակայանների կառավարիչները մշակում են օդանավակայանի ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը և այն ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը:

Օդանավակայանում ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքերում օդանավակայանի տնօրինությունն ապահովում է`

1) դեպքի վայրի առաջնային արգելափակումը և այդ տարածքի շրջափակումը.

2) ուժեղացնում է անցագրային ու ներօբյեկտային վերահսկողության աշխատանքների իրականացումը.

3) սահմանում է ավիացիոն անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ.

4) առանձնացնում է հատուկ տարածք ղեկավարման կետ` հագեցած կապի միջոցներով, այդ թվում նաև` օդանավի հրամանատարի հետ կապով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով.

5) առանձնացնում է մեկուսացած տեղ` հարձակման ենթարկված օդանավի կայանման համար.

6) ապահովում է մշտական պատրաստության մեջ գտնվող վթարափրկարարական աշխատանքներ իրականացնող անձնակազմի և ավիացիոն անվտանգության ծառայության անձնակազմի անդամների ուսուցումը` օդանավակայանում առաջացած ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով:

(146.1-ին կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)

147. Այն դեպքում, երբ անօրինական միջամտության ենթարկված օդանավն անցնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքով, օդային երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր է թռիչքի անվտանգության ապահովման նպատակով այդ օդանավին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդանավի գտնվելու ամբողջ ընթացքում: Օդային երթևեկության կառավարման կենտրոնը թռիչքի մասին ամբողջ տեղեկատվությունը պետք է հաղորդի այն պետություններին, որոնց տարածքով անցնում է տվյալ օդանավի հայտնի կամ հավանական երթուղին, հայտնի կամ ենթադրվող վայրէջքի օդանավակայանին, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել անհրաժեշտ անվտանգության միջոցներ:

148. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական միջամտության գործողությունների իրականացման դեպքում համապատասխան տեղեկատվությունը հաղորդվում է`

ա) այն պետությանը, որտեղ գրանցված է տվյալ օդանավը,

բ) օդանավ շահագործող պետությանը,

գ) այն պետությանը, որի քաղաքացիները միջադեպի ընթացքում զոհվել, վիրավորվել կամ բռնվել են,

դ) բոլոր այն պետություններին, որոնց քաղաքացիները գտնվում են նշված օդանավում:

149. Անօրինական միջամտության գործողությունների մասին տեղեկատվությունը նաև հաղորդվում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:

150. Քաղաքացիական ավիացիայի նկատմամբ կատարված անօրինական միջամտության գործողությունների դեպքում քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմինը պատրաստում և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն է ուղարկում հետևյալ 2 փաստաթուղթը`

ա) անօրինական միջամտության գործողությունների մասին նախնական ծանուցում` քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության որևէ աշխատանքային լեզվով (ռուսերեն, անգլերեն, արաբերեն, իսպաներեն, ֆրանսերեն)` անօրինական միջամտության գործողությունների իրականացման պահից 30 օրվա ընթացքում,

բ) անօրինական միջամտության գործողությունների մասին վերջնական ծանուցում` անօրինական միջամտության գործողությունների իրականացման պահից 60 օրվա ընթացքում:

151. Անօրինական միջամտության գործողություններից հետո մեկշաբաթյա ժամկետում պետք է իրականացվի միջադեպի վերլուծություն` ձեռնարկված հակազդման միջոցների արդյունավետության աստիճանը պարզելու և անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար:

Ելնելով անօրինական միջամտության գործողությունների բնույթից և հետևանքներից` հակազդման միջոցառումների մասնակիցներից վերցվում են գրավոր հաշվետվություններ, որտեղ նրանք պետք է հայտնեն իրենց գործողությունների, դերի, առաջացած խնդիրների, անձնակազմի անդամների և ուղևորների հետ փոխգործունեության, կապի միջոցների արդյունավետության մասին, ինչպես նաև կարծիք հայտնեն հակազդման գործողությունների պլանի վերանայման կամ փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկման և վերլուծության արդյունքներն ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն իր երաշխավորությունների հետ միասին տրամադրում է բոլոր մասնակիցներին` ընդհանուր իրավիճակի բարելավման և բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկման համար:

Բոլոր այն փոփոխությունները, որոնց քննարկումից հետո ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն անհրաժեշտ կհամարի կիրառել թերությունների վերացման համար, սեղմ ժամկետներում պետք է հայտնի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն:

(151-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն որոշումներ)

 

XI. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

152. Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները ֆինանսավորվում են ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունների հաշվին:

153. Կատարված ծախսերի ֆինանսավորման նպատակով ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունները կարող են իրենց կողմից մատուցված ավիացիոն անվտանգության ծառայությունների (ուղևորների հատուկ զննում, օդանավերի և օբյեկտների պահպանություն) դիմաց գանձել վճարներ:

154. Ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունների կողմից ավիացիոն անվտանգության ծառայությունների սակագները ներկայացվում են լիազոր մարմին` հաստատման:

 

(հավելվածը փոփ. 14.05.2020 թիվ 764-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2003
N 1307-Ն
Որոշում