Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԱԴԴ/3222/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3222/02/14       2023 թ.

    Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Ս. Թորոսյան

                                      Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Մ. Դրմեյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի փետրվարի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սամվել Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Սաթենիկ, Ռաֆայել և Լիլիթ Խաչատրյանների (այսուհետ` Համապատասխանողներ)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ու ըստ Համապատասխանողների հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Ծովինար, Անդրանիկ, Մանյա և Արևիկ Մարտիրոսյանների` վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2020 թվականի որոշման դեմ Համապատասխանողների բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Մարտիրոսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6 հանրակացարանի 33-րդ բնակարանի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Համապատասխանողները պահանջել են Սամվել Մարտիրոսյանին և նրա հետ բնակվող այլ անձանց վտարել իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6 հանրակացարանի 33-րդ բնակարան հասցեում գտնվող բնակելի տնից:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) 26.12.2016 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Մ. Հարթենյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Ա. Պետրոսյան) 15.06.2017 թվականի որոշմամբ Սամվել Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2020 թվականի որոշմամբ Համապատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.10.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի որոշմամբ Համապատասխանողների միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժվել է, և վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.12.2021 թվականի որոշմամբ Համապատասխանողների` դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները (ներկայացուցիչ` Գուրգեն Թորոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 11 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 274-րդ, 279-րդ և 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ և 380-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սաթենիկ Խաչատրյանն իրեն պատկանող անշարժ գույքը Սամվել Մարտիրոսյանին և նրա ընտանիքի անդամներին տրամադրել է օգտագործման նպատակով, որը ոչ մի կերպ չի վկայում այն մասին, որ գույքի սեփականատերը հրաժարվել է այդ գույքից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը (հակընդդեմ պատասխանողը) վիճելի բնակարանը չի գնել, նրանց միջև առկա չէ որևէ գործարք:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհաստատեր իր տիրապետման բարեխղճությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության կամ փոփոխել այն` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 10.10.2019 թվականի վճռով Սամվել Մարտիրոսյանի հայցը բավարարվել է, իսկ Համապատասխանողների հակընդդեմ հայցը մերժվել է (հատոր 7-րդ, գ.թ. 75-86).

2) նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Համապատասխանողները: Վերաքննիչ դատարանը 26.03.2020 թվականին որոշում է կայացրել Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 10.10.2019 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին (հատոր 8-րդ, գ.թ. 42-51, 97-104).

3) Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշման յուրաքանչյուր էջը կնքվել է գործը զեկուցող դատավոր Ա. Խառատյանի կնիքով, որոշման եզրափակիչ մասն ստորագրվել և կնքվել է բողոքը քննած դատավորներից Ս. Թորոսյանի և Ն. Բարսեղյանի կողմից: Բողոքը քննած զեկուցող դատավոր Ա. Խառատյանը, կնքելով որոշման եզրափակիչ մասը, այն չի ստորագրել (հատոր 8-րդ, գ.թ. 97-104):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում, որը դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է` անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված որոշման եզրափակիչ մասը գործը քննած դատավորի կողմից ստորագրված չլինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքին` անկախ այդ մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:

 

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը կնքվում է գործը զեկուցող դատավորի կնիքով, իսկ որոշման եզրափակիչ մասն ստորագրում և կնքում են բողոքը քննած դատավորները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը զեկուցող դատավորը պարտավոր է վերաքննիչ դատարանի կողմից կայացված եզրափակիչ դատական ակտի յուրաքանչյուր էջը կնքել իր կնիքով, իսկ բողոքը քննած դատավորները, այդ թվում նաև` գործը զեկուցող դատավորը, պարտավոր են ստորագրել և կնքել այդ դատական ակտի եզրափակիչ մասը (տե՛ս «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումով թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք: Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական: Այդպիսի խախտում է, օրինակ, դատական ակտը ստորագրված կամ կնքված չլինելը, որի դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք` անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից: Այսպես` եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 10.10.2019 թվականի վճռով Սամվել Մարտիրոսյանի հայցը բավարարվել է, իսկ Համապատասխանողների հակընդդեմ հայցը մերժվել է:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Համապատասխանողները: Վերաքննիչ դատարանը 26.03.2020 թվականին որոշում է կայացրել Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 10.10.2019 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:

Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշման յուրաքանչյուր էջը կնքվել է գործը զեկուցող դատավոր Ա. Խառատյանի կնիքով, որոշման եզրափակիչ մասն ստորագրվել և կնքվել է բողոքը քննած դատավորներից Ս. Թորոսյանի և Ն. Բարսեղյանի կողմից: Բողոքը քննած զեկուցող դատավոր Ա. Խառատյանը, կնքելով որոշման եզրափակիչ մասը, այն չի ստորագրել:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները` դրանում որպես բողոք բերելու հիմքեր նշելով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների, Կոնվենցիայի թիվ 11 արձանագրության 1-ին հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 274-րդ, 279-րդ և 280-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ և 380-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ և 132-րդ հոդվածների խախտումներ թույլ տալը, ինչպես նաև այդ հիմքերի վերաբերյալ հիմնավորումները` միաժամանակ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության կամ փոփոխել այն` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

Այսինքն` Համապատասխանողները վճռաբեկ բողոքում որպես դրա հիմք չեն նշել Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասում նշված դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տալու մասին:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները և այն, որ Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշման եզրափակիչ մասն ստորագրված չէ գործը քննած զեկուցող դատավոր Աստղիկ Խառատյանի կողմից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված` Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի խախտում:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը` Դատարանի 10.10.2019 թվականի վճռի դեմ Համապատասխանողների բերած վերաքննիչ բողոքը քննելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Մ. Դրմեյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԱԴԴ/3222/02/14 քաղաքացիական գործով 10.02.2023

թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Սաթենիկ, Ռաֆայել և Լիլիթ Խաչատրյանների բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամվել Մարտիրոսյանի ընդդեմ Սաթենիկ, Ռաֆայել և Լիլիթ Խաչատրյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ Սաթենիկ, Ռաֆայել և Լիլիթ Խաչատրյանների ընդդեմ Սամվել, Ծովինար, Անդրանիկ, Մանյա և Արևիկ Մարտիրոսյանների` վտարելու պահանջի մասին, 10.02.2023 թվականին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ա. Բարսեղյանս և Տ. Պետրոսյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից 10.02.2023 թվականին թիվ ԵԱԴԴ/3222/02/14 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական մասի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սամվել Մարտիրոսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6 հանրակացարանի 33-րդ բնակարանի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` համապատասխանողները պահանջել են Սամվել Մարտիրոսյանին և նրա հետ բնակվող այլ անձանց վտարել իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6 հանրակացարանի 33-րդ բնակարան հասցեում գտնվող բնակելի տնից:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) 26.12.2016 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Մ. Հարթենյան, դատավորներ` Լ. Գրիգորյան, Ա. Պետրոսյան) 15.06.2017 թվականի որոշմամբ Սամվել Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2016 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Թորոսյան) (այսուհետ` Դատարան) 10.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2020 թվականի որոշմամբ Համապատասխանողների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.10.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի որոշմամբ Համապատասխանողների միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժվել է, և վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.12.2021 թվականի որոշմամբ Համապատասխանողների` դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարվել է, նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.07.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համապատասխանողները (ներկայացուցիչ` Գուրգեն Թորոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 11 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 274-րդ, 279-րդ և 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ և 380-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 48-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սաթենիկ Խաչատրյանն իրեն պատկանող անշարժ գույքը Սամվել Մարտիրոսյանին և նրա ընտանիքի անդամներին տրամադրել է օգտագործման նպատակով, որը ոչ մի կերպ չի վկայում այն մասին, որ գույքի սեփականատերը հրաժարվել է այդ գույքից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը (հակընդդեմ պատասխանողը) վիճելի բնակարանը չի գնել, նրանց միջև առկա չէ որևէ գործարք:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհաստատեր իր տիրապետման բարեխղճությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության կամ փոփոխել այն` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում, որը դատական ակտի անվերապահ բեկանման հիմք է` անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված որոշման եզրափակիչ մասը գործը քննած դատավորի կողմից ստորագրված չլինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքին` անկախ այդ մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:

 

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ:

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու արձանագրված հիմնավորման հետ համաձայն չեմ, քանի որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում վճռաբեկ դատարանն անդրադառնում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով նախատեսված հիմքերին և դրանց հիմնավորումներին: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու փուլում վճռաբեկ դատարանն իրավասու չէ անդրադարձ կատարել վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, առավել ևս առանց բողոքը վարույթ ընդունելու իրականացնել բողոքի քննություն: Սույն գործով որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք բողոքաբերները նշել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար. առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`... 5) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կապակցությամբ բողոքաբերները նշել են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ և 280-րդ հոդվածների միատեսակ կիրառման և իրավունքի զարգացման համար պետք է պարզաբանվի հետևյալ իրավական հարցը.

Արդյո՞ք սեփականությունից հրաժարում է համարվում այն դեպքը, երբ գումարից ենթադրյալ հրաժարվելու ժամանակահատվածում պատասխանողները սեփականատեր չեն եղել, այլ դարձել են գույքի համասեփականատերեր դրանից հետո, ինչպես նաև նշված ժամանակահատվածում պատասխանողներից երկուսը հանդիսացել են անչափահասներ:

Բացի այդ, բողոքաբերների կողմից նշվել է նաև այն, որ ստորադաս դատարանների դիրքորոշումներն ուղղակիորեն հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած 10.11.2007 թվականի թիվ 3-1451 /ՎԴ/, 10.10.2007 թվականի թիվ 3-1451 /ՎԴ/, 18.05.2007 թվականի թիվ 3-410 /ՎԴ/, 01.08.2007 թվականի թիվ 3-1229 /ՎԴ/, 12.03.2010 թվականի թիվ ԱՐԴ/1933/02/08, 30.07.2010 թվականի թիվ ԵԿԴ/1499/02/08, 03.12.2010 թվականի թիվ ԵԱԴԴ/1503/02/09 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշմանը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում, սակայն, հաշվի առնելով վերոգրյալը հարկ եմ համարում նշել, որ բողոքի վարույթ ընդունելու նման հիմք բողոքում չի եղել, հետևաբար չի կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել այդ հանգամանքով:

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասում նշված բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը պետք է նույնական լինի վճռաբեկ բողոքում բողոք բերած անձի կողմից բողոքը վարույթ ընդունելու հիմքին և հիմնավորմանը, որպիսի պայմանը չի ապահովվել սույն գործով:

Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելիս կիրառելի են բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի իրավակարգավորումները, և միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո, վճռաբեկ դատարանը հաշվի առնելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի կարգավորումները վճռաբեկության ծավալի և դրա բացառությունների մասին, կարող է իրականացնել վճռաբեկ բողոքի քննությունը:

 

Դատավորներ` Էդ. Սեդրակյան

Ա. Բարսեղյան

Տ. Պետրոսյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 10 փետրվարի 2023 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=15762598695829144

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.02.2023
N ԵԱԴԴ/3222/02/14
Որոշում