Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    Երևան  քաղաքի առաջին ատյանի                 ԵԴ/0070/01/21

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Վ. Միսակյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա. Դանիելյան

    դատավորներ`        Ա. Նիկողոսյան

                       Մ. Հարությունյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                   դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                   Հ. Գրիգորյանի

                                   Լ. Թադևոսյանի

                                   Ա. Պողոսյանի

 

    4 հուլիսի 2025 թվական                       ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Հայկ Արկադիկի Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում, 2020 թվականի նոյեմբերի 30-ին, հարուցվել է թիվ 09197120 քրեական գործը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ Հայկ Արկադիկի Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Հայկ Սաղաթելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի` 2020 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ Հ.Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2021 թվականի հունվարի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով Հայկ Սաղաթելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Հ.Սաղաթելյանի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի վրա` ըստ բնակության վայրի` փորձաշրջանի կրման ժամկետի սկիզբը հաշվարկելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային մարմնում հաշվառման վերցնելու օրվանից:

Որոշվել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց Հ.Սաղաթելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացնել: Որոշվել է նաև, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույց դանակը ոչնչացնել, իսկ տուժող Սամվել Բալյանի հագուստները վերադարձնել վերջինին:

3. Մեղադրող Ա.Առաքելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մարտի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Հ.Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, որն ազդել է գործով ճիշտ դատական ակտ կայացնելու վրա:

5.1. Հայկ Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես` խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ Հայկ Սաղաթելյանը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, վնաս պատճառելու համար օգտագործված կտրող-ծակող առարկան` դանակը, ինչպես նաև պատճառված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը` տուժողի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում:

Մինչդեռ, ստորադաս դատարանների կողմից արձանագրված` ամբաստանյալի անձը դրականորեն բնութագրող հանգամանքները որևէ կերպ չեն վկայում անձի կամ նրա կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի մասին: Հանցագործության կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելը բավարար չէ փաստելու, որ պատժի նպատակների իրականացումն ապահովելու համար ամբաստանյալի կողմից այն կրելու անհրաժեշտություն չկա:

Բողոքաբերը եկել է հետևության, որ վերոգրյալ պայմաններում, ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Հայկ Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված` անձը բնութագրող տվյալը և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը` առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, չեն կարող բավարար լինել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրականացմանը հասնելու համար:

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 13-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ` անթույլատրելի ճանաչել Հայկ Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Հայկ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ «(...) նա 2020 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցի 88/1 հասցեում գործող, իր հորը` Արկադի Սաղաթելյանին պատկանող մթերային խանութում, մանրադրամ չունենալու հարցի շուրջ վիճաբանել է նշված խանութի հաճախորդ Սամվել Ժորայի Բալյանի հետ, ինչի ընթացքում, վիճաբանությանը վերջ դնելու նպատակով, վերջինիս դուրս է հրավիրել խանութի տարածքից, սակայն նշված մթերային խանութի դիմացի հատվածում Սամվել Բալյանը, իրեն ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, շարունակել է վիճաբանել Հայկ Սաղաթելյանի հետ, ինչի արդյունքում վերջինս, լսելով Սամվել Բալյանի կողմից իր հասցեին հնչեցված հայհոյանքները և իր հորը պատկանող խանութից նախապես վերցրած լինելով կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակը, Սամվել Բալյանի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բռնելով նշված դանակի շեղբից` մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին` Սամվել Ժորայի Բալյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով աննշան հիդրո-պնևմոթորաքսով ուղեկցված` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական մաս (...)»(1):

 

___________________

1) Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 21-34:

 

8. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը բնութագրող տվյալները. այն է` Հայկ Սաղաթելյանը նախկինում դատապարտված չի եղել (...), բնութագրվում է դրականորեն (ք. Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Տարոն քհն. Հունանյանի կողմից տրվել է դրական բնութագիր գ.թ. 2-րդ հատոր 174, «Զեյթուն 98» համատիրության նախագահի կողմից տրված և բնակիչների ստորագրությունների առկայությամբ տրված բնութագրի Հ.Սաղաթելյանը բնութագրվում է դրականորեն, գ.թ. 2-րդ հատոր 175-177:):

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ Դատարանը հաշվի է առնում այն, որ Հայկ Սաղաթելյանը դատական քննության ընթացքում ընդունել է իր մեղքը, զղջացել է կատարածի համար, տվել ինքնախոստովանական բնույթի ցուցմունքներ, աջակցել է նախաքննությանը, վերջինիս խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը (Յանա Հայկի Սաղաթելյան` ծնված 28.11.2019թ.), ինչպես նաև դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ (այդ փաստը դատարանը հաստատված է համարում ամբաստանյալի և տուժողի ցուցմունքներով) տուժողի հակաբարոյական վարքագիծը, որը պայմանավորել է հանցանքի կատարումը:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք Դատարանը չի արձանագրում:

Քննարկելով նշանակվելիք պատժի և պատժաչափի հարցը, ՀՀ քրեական

(18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթները ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված մոտեցումների հետ համադրելով, հաշվի առնելով հանցավոր արարքի բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում` նրա կատարած արարքը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների հետ` Դատարանը հանգում է հետևության, որ ամբաստանյալ Հայկ Սաղաթելյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակվի ՀՀ քրեական (18.04.2003թ. ընդունված) օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժի նվազագույն չափով:

Քննարկելով ամբաստանյալ Հայկ Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցը` Դատարանը գտնում է հետևյալը.

(...)

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա հաշվի առնելով ամբաստանյալ Հայկ Սաղաթելյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը (դրական բնութագրվելը, նախկինում դատված չլինելը), պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, ինքնախոստովանական բնույթի ցուցմունքներ տալը, խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը, տուժողի վարքագծի հակաբարոյականությունը, որն էլ պայմանավորել է հանցագործությունը` Դատարանը գալիս է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը, ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել (...)»(2):

 

___________________

2) Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 21-34:

 

9. Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հայկ Արկադիկի Սաղաթելյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը /պատժաչափը/, այդ թվում նաև այն պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ հետևությունն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավոր է, և Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա (...)»(3):

 

___________________

3) Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 78-98:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»:

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հ.Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Հ.Սաղաթելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում(4):

 

___________________

i

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները:

 

12.1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս նշել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա(5)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն(6):

 

___________________

i

5) Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

i

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Հայկ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 00:30-ի սահմաններում գտնվելով Երևան քաղաքի Յան-Ռայնիսի փողոցի 88/1 հասցեում գործող, իր հորը` Արկադի Սաղաթելյանին, պատկանող մթերային խանութում, մանրադրամ չունենալու հարցի շուրջ վիճաբանել է նշված խանութի հաճախորդ Սամվել Բալյանի հետ, ինչի ընթացքում, վիճաբանությանը վերջ դնելու նպատակով, վերջինիս դուրս է հրավիրել խանութի տարածքից, սակայն նշված մթերային խանութի դիմացի հատվածում Սամվել Բալյանը, իրեն ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, շարունակել է վիճաբանել Հայկ Սաղաթելյանի հետ, ինչի արդյունքում վերջինս, լսելով Սամվել Բալյանի կողմից իր հասցեին հնչեցված հայհոյանքները և իր հորը պատկանող խանութից նախապես վերցրած լինելով կենցաղային նշանակության նպատակներով կիրառվող դանակը, Սամվել Բալյանի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բռնելով նշված դանակի շեղբից` մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ կեսին` Սամվել Բալյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով աննշան հիդրո-պնևմոթորաքսով ուղեկցված` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական մաս(7):

 

___________________

7) Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Հ.Սաղաթելյանի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը (դրական բնութագրվելը, նախկինում դատված չլինելը), պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես` մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը, տուժողի վարքագծի հակաբարոյականությունը, որն էլ պայմանավորել է հանցագործությունը, եկել է եզրահանգման, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Հ.Սաղաթելյանի կողմից պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը և նրա ուղղվելը հնարավոր է առանց պատիժը ռեալ կրելու, և արդյունքում նրա նկատմամբ նշանակվող ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառել(8):

- Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հ.Սաղաթելյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը, այդ թվում նաև այն պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ հետևությունն արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավոր է, և Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել այնպիսի դատական սխալ, որն ազդեցություն է ունեցել կամ կարող էր ազդեցություն ունենալ գործի ելքի վրա(9):

 

___________________

8) Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:

9) Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:

 

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Հ.Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված` անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ:

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը` այն, որ Հ.Սաղաթելյանի արարքը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա` նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

գ) հանցագործության իրադրությունը, գործիքն ու եղանակը. Հ.Սաղաթելյանն իր հորը պատկանող խանութից նախապես վերցրած լինելով դանակը, տուժողին դուրս է հրավիրել խանութի տարածքից և խանութի դիմաց ծագած վիճաբանության ընթացքում վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին,

դ) տուժողի առողջությանը հասցված վնասի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ մեղադրյալը հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում` կրծքավանդակի ձախ կեսին, և առողջությանը պատճառել այնպիսի ծանր վնաս, որն արտահայտվել է աննշան հիդրո-պնևմոթորաքսով ուղեկցված` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, որը վտանգավոր է կյանքի համար:

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Հ.Սաղաթելյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտերի կայացման:

17. Վճռաբեկ դատարանը բազմիցս կրկնել է, որ անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը(10):

 

___________________

i

10) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 և Ղևոնդ Հովհաննիսյանի գործով 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ ԵԴ1/0611/01/23 որոշումները:

 

Առանց վերը թվարկված հանգամանքների գնահատման` առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Արդյունքում, նշանակված պատժով չի ապահովվի կատարած արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները(11):

 

___________________

i

11) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:

 

18. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված` մեղադրյալ Հ.Սաղաթելյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող վերը շարադրված փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Հ.Սաղաթելյանի կատարած արարքի և նրա անձի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանան:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սաղաթելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Հ.Սաղաթելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի անհրաժեշտ է Հ.Սաղաթելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճռով նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ, 31-րդ, 34-րդ, 113-115-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հայկ Արկադիկի Սաղաթելյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 15-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 13-ի որոշումը փոփոխել:

2. Հայկ Արկադիկի Սաղաթելյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել` Հայկ Արկադիկի Սաղաթելյանին թողնելով կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվել Հայկ Արկադիկի Սաղաթելյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204097289

 

pin
Վճռաբեկ դատարան
04.07.2025
N ԵԴ/0070/01/21
Որոշում