Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԲՌՆԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԲՌՆԱԳԱՆՁՎՈՂ ԳՈՒՅՔԻ` ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/4645/05/19

    Վարչական գործ թիվ ՎԴ/4645/05/19             2025 թ.

     Նախագահող դատավոր` Է. Նահապետյան

    Դատավորներ`        Ա. Հարությունյան

                                     Կ. Գևորգյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2025 թվականի մարտի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սուսաննա Ստեփանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սուսաննա Ստեփանյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ` Մերուժան Պողոսյան` Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 29.01.2013 թվականի և 01.07.2014 թվականի որոշումների հիմքով իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, և որպես հետևանք` Ծառայության թիվ 01/06-3345/14 կատարողական վարույթի շրջանակներում «Արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 04.02.2016 թվականի որոշումը, Ծառայության և աճուրդի հաղթող Արսեն Մանուկյանի միջև 17.06.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը` ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Արսեն Մանուկյանի անվամբ Երևան քաղաքի Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 04.07.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, Արսեն Մանուկյանի և Մերուժան Պողոսյանի միջև 04.10.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Մերուժան Պողոսյանի անվամբ Երևան քաղաքի, Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 07.10.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սուսաննա Ստեփանյանը պահանջել է ճանաչել Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 29.01.2013 թվականի և 01.07.2014 թվականի որոշումների հիմքով իրավահարաբերության բացակայությունը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել Ծառայության թիվ 01/06-3345/14 կատարողական վարույթի շրջանակներում «Արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 04.02.2016 թվականի որոշումը, Ծառայության և աճուրդի հաղթող Արսեն Մանուկյանի միջև 17.06.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը` ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Արսեն Մանուկյանի անվամբ Երևան քաղաքի Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 04.07.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, Արսեն Մանուկյանի և Մերուժան Պողոսյանի միջև 04.10.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Մերուժան Պողոսյանի անվամբ Երևան քաղաքի, Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 07.10.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 26.04.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2023 թվականի որոշմամբ Սուսաննա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Ստեփանյանը (ներկայացուցիչ` Ազատ Շահբազյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, որը պետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որևէ օրենքով և այլ իրավական ակտով չի պատճառաբանել հարուցված վարչական վարույթի ընթացքում հայցվորի իրավունքների խախտված չլինելու, հայցվորի` սույն գործով «շահագրգիռ» անձ չհանդիսանալու հանգամանքները, ավելին` որոշման պատճառաբանական մասը չի բովանդակում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի շարադրել եզրահանգումներ յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ, չի եզրահանգել որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին, հղում չի կատարել այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, ինչպես նաև սխալ է գնահատել դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1) Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2676348 վկայականի համաձայն` ք. Երևան, Մարգարյան փող., թիվ 8/4 հասցեում գտնվող խանութը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Ավետիք Ստեփանյանին` 5/8 մաս, Ռոման Ստեփանյանին` 1/8 մաս, Վարազդատ Ստեփանյանին` 1/8 մաս և Սուսաննա Ստեփանյանին` 1/8 մաս (2-րդ հատոր գ.թ. 41):

2) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱԴԴ/0155/02/12 քաղաքացիական գործով վճռել է` ««Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ի ընդդեմ ԱՁ Ավետիք Ստեփանյանի` «գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ բավարարել»:

Պատասխանող ԱՁ Ավետիք Ստեփանյանից հօգուտ հայցվոր «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ի բռնագանձել 1.004.170 (մեկ միլիոն չորս հազար հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ` որպես պարտքի գումար:

Պատասխանող ԱՁ Ավետիք Ստեփանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20083.40 (քսան հազար ութսուներեք ամբողջ քառասուն հարյուրերորդական) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար (հիմք` թիվ ԵԱԴԴ/0155/02/12 քաղաքացիական գործով www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում հրապարակված 25.07.2012 թվականի վճիռ):

3) Նշված վճռի հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.01.2013 թվականին տրվել է թիվ ԵԱԴԴ/0155/02/12 կատարողական թերթը, որտեղ որպես պահանջատեր նշվել է «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերությունը, իսկ որպես պարտապան` Ա/Ձ Ավետիք Ստեփանյանը (2-րդ հատոր գ.թ. 21):

4) Ծառայության կողմից 29.01.2013 թվականին կայացվել է «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշում, որով վերսկսվել է 30.05.2012 թվականին ավարտված թիվ 01/06-1024/12 կատարողական վարույթը` թիվ 01/06-350/13 համարով (1-ին հատոր գ.թ. 22, 61, 2-րդ հատոր գ.թ. 19, 22):

5) Ծառայության կողմից 19.03.2013 թվականին կայացվել է «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշում, որով ավարտվել է 29.01.2013 թվականին վերսկսված թիվ 01/06-350/13 կատարողական վարույթը (2-րդ հատոր գ.թ. 32):

6) Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով վճռել է` «հայցվոր «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերության հայցը բավարարել մասնակի` Երևան քաղաքի, Մարգարյան 8/4 հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարից Ավետիք Ստեփանյանին պատկանող 5/8 բաժնից հօգուտ «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերության բռնագանձել 1.004.170 ՀՀ դրամ` ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0155/02/12 վճռի պահանջների: Երևան քաղաքի, Մարգարյան 8/4 հասցեի անշարժ գույքի վաճառքից ստացված գումարի 3/8 մասը հավասարապես բաշխել Ռոման Ստեփանյանի, Վարազդատ Ստեփանյանի, Սուսաննա Ստեփանյանի միջև (...)» (հիմք` թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում հրապարակված 07.05.2014 թվականի վճիռ):

7) Նշված վճռի հիման վրա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13.06.2014 թվականին տրվել է թիվ ԵԱԴԴ/0461/02/13 կատարողական թերթը, որտեղ որպես պահանջատեր նշվել է «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերությունը, իսկ որպես պարտապան` Ավետիք Ստեփանյանը (2-րդ հատոր գ.թ. 36):

8) Ծառայության կողմից 01.07.2014 թվականին կայացվել է «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշում, որով որոշել է` վերսկսել 19.03.2013 թվականին ավարտված թիվ 01/06-350/13 կատարողական վարույթը` թիվ 01/06-3345/14 համարով (1-ին հատոր գ.թ. 20, 62, 2-րդ հատոր գ.թ. 37):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք կատարողական վարույթում բռնագանձվող գույքի` պարտապան չհանդիսացող սեփականատերը հանդիսանում է շահագրգիռ անձ, թե` ոչ: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտապան չհանդիսացող անձի լսված լինելու իրավունքի ապահովման առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Սեփականության իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասն արտոնում է օրենքով նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք պայմանավորված են հանրային շահերով կամ անհրաժեշտ են հարկերի, տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 30.10.2018 թվականի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև` որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն առանձնացրել է սեփականությունից զրկելու հետևյալ հիմնական տարրերը.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում.

- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց.

i

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների միաժամանակյա դադարեցում` առանց շարունակության երաշխավորման (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 13.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-903 որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Նույն հոդվածի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ պարբերության համաձայն` պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի` 3-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:

Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ` կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:

i

Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի մասնակիցները կողմերն են` պահանջատերը և պարտապանը, և (կամ) նրանց ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ էլ նշումը կատարվում է հենց կատարողական թերթում: Միաժամանակ, հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական գործողությունների ընթացքում իր կողմից կայացված որոշումների պատճենները դրանց կայացումից հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկել պահանջատիրոջը և պարտապանին: Հետևաբար, հարկադիր կատարողը կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան չնշված անձին այդ որոշումներն ուղարկելու որևէ պարտավորություն չունի, և դա չի կարող դիտվել որպես վերջինիս կողմից թույլ տրված օրենքի խախտում: Այսինքն` կատարողական վարույթում ներգրավվում և կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին` կատարողական թերթում որպես պահանջատեր և պարտապան նշված անձանց (տե՛ս, Սուսաննա և Հասմիկ Փոթոյաններն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԵԷԴ/1130/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թիվ ՎԴ/2664/05/15 վարչական գործով 04.04.2022 թվականին կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններով պայմանավորված` օբյեկտիվորեն առկա է վերոգրյալում վկայակոչված դիրքորոշումը վերանայելու և զարգացնելու անհրաժեշտություն ներքոշարադրյալ հիմնավորումներով:

Այսպես`

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որևէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՞ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, և, եթե այդպիսիք գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տե՛ս, Սարգիս Խարիկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ կատարողական վարույթն իրենից ներկայացնում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի նկատմամբ ևս կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները այնքանով, որքանով հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթի շրջանակներում իրականացվող կատարողական գործողությունները կարգավորող հատուկ օրենքով սահմանված չեն վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնց շրջանակներում կարգավորվում են շահագրգիռ անձանց կատարողական գործողությունների մասին ծանուցելու, ինչպես նաև կատարողական վարույթին վերջիններիս ներգրավելու վերաբերյալ դրույթներ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կատարողական վարույթը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթ, հարուցվում է հարկադիր կատարողի որոշման հիման վրա և ավարտվում վարչական ակտի ընդունմամբ: Իսկ հարուցված կատարողական վարույթի ընթացքում իրականացվող կատարողական գործողությունների վրա, բացի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքից, ընդհանուր կարգով տարածվում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:

Ընդ որում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթի` մասնավորապես կատարողական վարույթի կարգավորմանն ուղղված օրենք, սահմանել է կատարողական վարույթի մասնակիցների շրջանակը, որում ընդգրկվում են կատարողական վարույթի կողմերը` պահանջատերը և պարտապանը, ինչպես նաև վերջիններիս ներկայացուցիչները: Այսինքն` ստացվում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, ըստ էության, բացառում է բացի վերոնշյալ անձանցից կատարողական վարույթին այլ մասնակիցների ներգրավվածությունը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորումը հնարավորություն չի ընձեռում այն անձանց, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է կամ կարող է առնչվել կատարողական վարույթը եզրափակող ակտը, գործնականում իրացնելու իրենց իրավունքների պաշտպանությունը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:

i

Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց` իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ կատարողական վարույթում երրորդ անձանց վերաբերյալ որևէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ այդ վարչական վարույթում երրորդ անձանց կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ կիրառելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (...) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` լսումներ կարող են չանցկացվել, եթե` (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում, եթե` (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձևի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը և վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է հետևյալը.

1) անձի լսված լինելու իրավունքը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքի` պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք և իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետևյալ գործառութային նշանակությունը. մի կողմից` անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից` վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ և պարզել դրանց օբյեկտիվությունը և լիարժեքությունը` վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր և վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների և օրինական շահերի վրա,

7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում:

i

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության տարր հանդիսացող` անձի լսված լինելու իրավունքի կոնկրետացումն օրենսդրությունում ենթադրում է այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի սահմանում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական վարույթի մասնակիցների` ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ և երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական և փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման և դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի և գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: Վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:

i

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ վարչական վարույթի մասին ծանուցելու` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում վարչական վարույթի ընթացքում մարդու լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ առանց վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման կամ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ` լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցելու հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն` օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյունավետ անհատական պաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նաև նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Ավելին, վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը, քանի որ վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տե՛ս, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երևան համայնքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Այդ նպատակին հասնելու համար օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սահմանել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն և պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը և գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարևորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու մասին վարույթի մասնակիցը որևէ կերպ տեղեկացված չի կարող լինել: Ընդ որում, դիմումի հիման վրա հարուցված և վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականությունների բովանդակային տարբերությունն այն է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է առանց որևէ բացառության, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է (տե՛ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում արձանագրել է, որ վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին (տե՛ս ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեև վարչական վարույթի մասնակիցներին վարույթի մասին ծանուցելը և քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություն տալը` լսելը, կատարվում են վարչական վարույթի երկու տարբեր փուլերում և նախատեսված են վարչական վարույթի հարուցման ու ընթացիկ փուլերը կարգավորող իրավական նորմերով, սակայն նշված ընթացակարգային գործողությունները հետապնդում են մեկ միասնական նպատակ, որը հանգում է մարդու` Կոնվենցիայով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքներն իրացնելու երաշխավորմանը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում լսումների մասին ծանուցումն իրականացնելու ժամկետները, եղանակը, այնուամենայնիվ, վարչական մարմինը վարույթի մասնակիցներին լսումների իրականացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին ծանուցման ժամկետն ու միջոցները պետք է ընտրի այն հաշվառմամբ, որպեսզի վերջիններս ունենան ողջամիտ ժամկետ` լսումներին պատշաճ կերպով ներկայանալու և դիրքորոշում հայտնելու համար (տե՛ս, «Անի» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինք «Էրստեդ» ՍՊԸ, «Լայթէկո» ՍՊԸ և «Ֆենհալ» ՍՊԸ` թիվ ՎԴ5/0108/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը ամրագրել է նաև, որ գույքի համասեփականատերերը, ունենալով նույնաբնույթ իրավազորություններ իրենց սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ, իրենց գույքի բռնագանձմանն ուղղված կատարողական վարույթի շրջանակներում ունեն տարբեր իրավազորություններ և կրում են տարբեր պարտավորություններ` պայմանավորված կատարողական վարույթի կողմ հանդիսանալու հանգամանքով:

i

Ընդ որում, կատարողական վարույթի շրջանակներում բոլոր շահագրգիռ անձինք պետք է օբյեկտիվ հնարավորություն ունենան իրացնելու իրենց իրավունքները և պաշտպանելու իրենց օրինական շահերը, որը հնարավոր է կատարողական վարույթում որպես երրորդ անձ ներգրավվելու դեպքում միայն: Հետևաբար կատարողական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով պետք է հավասար հնարավորություն ընձեռվի կատարողական վարույթին բոլոր շահագրգիռ անձանց ներգրավվածությունն ապահովելու համար: (տե՛ս, Աղասի Ավետիսյանն և Մկրտիչ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, թիվ ՎԴ/2664/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2022 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.

1. Հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. Ներկայացված հայցի նպատակը արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

i

Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար: (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամն, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունն, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունն և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի, «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի, թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բռնագանձված գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող, սակայն կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող անձը պետք է հնարավորություն ունենա կատարողական վարույթում ներգրավվել որպես երրորդ անձ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, և այդ կարգավիճակում պետք է վերջինիս համար երաշխավորվի լսված լինելու իրավունքը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով հայցվոր Սուսաննա Ստեփանյանը պահանջել է ճանաչել Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարողի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 29.01.2013 թվականի և 01.07.2014 թվականի որոշումների հիմքով իրավահարաբերության բացակայությունը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել Ծառայության թիվ 01/06-3345/14 կատարողական վարույթի շրջանակներում «Արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 04.02.2016 թվականի որոշումը, Ծառայության և աճուրդի հաղթող Արսեն Մանուկյանի միջև 17.06.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը` ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Արսեն Մանուկյանի անվամբ Երևան քաղաքի Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 04.07.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, Արսեն Մանուկյանի և Մերուժան Պողոսյանի միջև 04.10.2016 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից Մերուժան Պողոսյանի անվամբ Երևան քաղաքի, Մարգարյան փողոց, թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 07.10.2016 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

Դատարանը 26.04.2021 թվականի վճռով հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ. «(...) սույն գործով հայցվոր Սուսաննա Ստեփանյանը, հանդիսանալով թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով համապատասխանող, պատշաճ ծանուցված է եղել նշված գործի մասին (հիմք` ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով 07.05.2014 թվականի վճռի 3-րդ էջ, 6-րդ պարբերություն, www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ): Ընդ որում նշված վճռով Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ. «Հայցվոր «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ն Ռոման, Վարազդատ, Սուսաննա Ավետիքի Ստեփանյաններին գրավոր առաջարկ է ներկայացրել շուկայական գնով գնել քաղաք Երևան, Մարգարյան փողոցի թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի` Ավետիք Ստեփանյանի 5/8 բաժինը` պարտքը մարելու համար, հիմք. 17.04.2013 թվականի գրությունը, «Հայփոստ» ՓԲԸ-ի 17.04.2013 թվականի անդորրագիրը, 18.04.2013 թվականի ստացման ծանուցագիրը, գույքի շուկայական արժեքի վերաբերյալ հաշվետվությունը Ավետիք, Ռոման, Վարազդատ, Սուսաննա Ստեփանյաններին ուղարկելու վերաբերյալ դիմումը, «Հայփոստ» ՓԲԸ-ի 07.02.2014 թվականի անդորրագիրը»:

Բացի այդ, նշված վճռում դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել հետևյալ փաստական հանգամանքը. «Ինչպես պարտապանը, այնպես էլ ընդհանուր սեփականության մասնակիցներ Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանները չեն ներկայացել դատական նիստերին, պարտապանի բաժինը գնելու դիմում չեն ներկայացրել դատարան և բաժինը գնելու պատրաստակամություն չեն հայտնել, որպիսի վարքագիծը դատարանը նույնպես գնահատում է որպես ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներ Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարում:»:

(...) ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթով սույն գործով հայցվորը կատարողական վարույթի կողմ (պահանջատեր կամ պարտապան) չի հանդիսանում:

Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում հայցվորի` սույն գործով «շահագրգիռ» անձ հանդիսանալու հանգամանքը»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Սուսաննա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գույքի համասեփականատերերը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթում կարող են ունենալ երրորդ անձի կարգավիճակ, եթե նրանց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել ուղղակիորեն վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, այսինքն` վարչական մարմնի այն գործողությունների արդյունքով, որոնք կանխորոշված չեն դատարանի կողմից տրված կատարողական թերթով: Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը պայմանավորված է նաև այն կանխավարկածով, որ մինչև դատարանի կողմից կատարողական թերթի տալը` գույքի սեփականատերերն իրենց իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովեն կատարողական թերթի տրամադրմանը նախորդող դատավարության ընթացքում /ընդհուպ` որպես գործին մասնակից չդարձված երրորդ անձ/: Իսկ, դատարանի կողմից կատարողական թերթի տրամադրումից հետո, կատարողական թերթի բովանդակությամբ պայմանավորված վարչարարություն իրականացնելիս` հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կաշկանդված է կատարողական թերթի բովանդակությամբ և իրավասություն չունի դրանով սահմանված գործողությունների ծավալից ոչ դուրս գալու, ոչ դրա պահանջները թերի կատարելու: Հետևաբար, եթե անձը դատավարության ընթացքում չի իրացրել իր լսված լինելու իրավունքը, ապա նույն դատավարության արդյունքում տրված կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական վարույթի ընթացքում նրա լսված լինելու իրավունքի ապահովումը դառնում է ինքնանպատակ, որի պարագայում հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրականացված վարչարարության վիճարկումը վերածվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի քողարկված բողոքարկման (...):

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում սույն գործով հայցվորի իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողությունները կատարվել են: Մասնավորապես, նշված գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ. «Հայցվոր «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ն Ռոման, Վարազդատ, Սուսաննա Ավետիքի Ստեփանյաններին գրավոր առաջարկ է ներկայացրել շուկայական գնով գնել քաղաք Երևան, Մարգարյան փողոցի թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի` Ավետիք Ստեփանյանի 5/8 բաժինը` պարտքը մարելու համար»: Բացի այդ, նշված վճռում դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել այն փաստական հանգամանքը, որ. «Ինչպես պարտապանը, այնպես էլ ընդհանուր սեփականության մասնակիցներ Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանները չեն ներկայացել դատական նիստերին, պարտապանի բաժինը գնելու դիմում չեն ներկայացրել դատարան և բաժինը գնելու պատրաստակամություն չեն հայտնել, որպիսի վարքագիծը դատարանը նույնպես գնահատում է որպես ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներ Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարում»:

(...) Հետևաբար Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարում ՀՀ վարչական դատարանի այն եզրահանգումը, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում հայցվորի` սույն գործով «շահագրգիռ» անձ հանդիսանալու հանգամանքը:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.05.2014 թվականի թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով վճռվել է` «հայցվոր «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերության հայցը բավարարել մասնակի` Երևան քաղաքի, Մարգարյան 8/4 հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարից Ավետիք Ստեփանյանին պատկանող 5/8 բաժնից հօգուտ «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերության բռնագանձել 1.004.170 ՀՀ դրամ` ի կատարումն Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.07.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0155/02/12 վճռի պահանջների: Երևան քաղաքի, Մարգարյան 8/4 հասցեի անշարժ գույքի վաճառքից ստացված գումարի 3/8 մասը հավասարապես բաշխել Ռոման Ստեփանյանի, Վարազդատ Ստեփանյանի, Սուսաննա Ստեփանյանի միջև (...)» (հիմք` թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում հրապարակված 07.05.2014 թվականի վճիռը):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.01.2017 թվականի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.05.2014 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկել է նոր քննության այն հիմնավորմամբ, որ «Վերաքննիչ դատարանն ուսումնասիրելով Երևան քաղաքի, Վշտունու 80 տան հասցեից Դատարան ստացված ծանուցագրերի ստացման վերաբերյալ ստորագրված հավաստագրերը, պարզեց, որ նույնիսկ անզեն աչքով համեմատելիս, պատասխանողներից Սուսաննա Ստեփանյանի հավաստագրի տակ դրված ստորագրությունը այն նույն ստորագրությունն է, ինչը դրված է պատասխանող Ավետիք Ստեփանյանի հավաստագրի տակ (...):

(...) Սույն գործով բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Շահբազյանը վերը նշված փաստն ապացուցելու համար վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագետի եզրակացություն, որի համաձայն` փորձաքննությանը տրամադրված 17.05.2013 թվականի, 29.06.2016 թվականի, 22.01.2014 թվականի, 13.03.2014 թվականի, 12.04.2014 թվականի և 10.05.2014 թվականի ստացման/հանձնման/վճարման/գրանցման թվով 6 ծանուցագրերի պատճենների ստորին ձախ մասում «Ամսաթիվ և ստորագրություն» հատվածում «հանձնվել է» տպագիր գրառման դիմաց տեղավորված Սուսաննա Ստեփանյանի անունից կատարված ստորագրությունները կատարվել են Ավետիք Ստեփանյանի կողմից (...): (հիմք` թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում հրապարակված 18.01.2017 թվականի որոշում):

Թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործի նոր քննության արդյունքում 08.07.2019 թվականին կայացված վճռով «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Ավետիք, Ռոման, Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանների` ընդհանուր գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, մերժվել է, այն հիմնավորմամբ, որ պարտապանի անվամբ, բացի ք. Երևան, Աջափնյակ, Մարգարյան փողոց թիվ 8/4 հասցեի անշարժ գույքից, առկա է նաև այլ գույք:

Նույն դատարանի 24.09.2019 թվականի լրացուցիչ վճռով վճռվել է Ընկերությունից հօգուտ Սուսաննա Ստեփանյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ գումար` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Խառատյան, դատավորներ` Ս. Թորոսյան, Ն. Բարսեղյան) 13.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետի բացթողնման պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

21.02.2020 թվականին Ռոման Ստեփանյանի, Վարազդատ Ստեփանյանի, Ավետիք Ստեփանյանի և Սուսաննա Ստեփանյանի կողմից դատարան է ներկայացվել թիվ քաղաքացիական գործով ԵԱԴԴ/0461/02/13 վճռի շրջադարձ կատարելու մասին դիմում, այն է` «Բրենդ Լիդեր» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից բռնագանձել պատասխանող Ավետիք Ստեփանյանի գույքի բռնագանձումից ստացած գումարները` 1.004.170 ՀՀ դրամը` որպես պարտքի մարում, 100.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի ծառայությունների համար վճարված գումար, 4.000 ՀՀ դրամը` որպես պետական տուրքի վճարման գումար և «Բրենդ Լիդեր» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Սուսաննա Ստեփանյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծառայությունների համար վճար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) 23.03.2020 թվականի որոշմամբ վճռի շրջադարձ կատարելու մասին դիմումը բավարարվել է մասնակի` «Մասնակի կատարել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 07.05.2014թ. թիվ ԵԴ0461/02/13 վճռի կատարման շրջադարձ` «Բրենդ Լիդեր» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Ավետիք Ստեփանյանի բռնագանձելով 104.000 /հարյուր չորս հազար/ ՀՀ դրամ գումար` որպես 07.05.2014թ. թիվ ԵԴ0461/02/13 վճռի համաձայն Ավետիք Ստեփանյանից հօգուտ «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊ ընկերության բռնագանձված փաստաբանի վարձատրության գումար և նախապես վճարած պետական տուրքի գումար: Դիմումը` 1.004.170 /մեկ միլիոն չորս հազար հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ գումարը որպես պարտքի մարում և 150.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծառայությունների վճար բռնագանձելու մասով` մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Բարսեղյան, դատավորներ Տ. Նազարյան, Հ. Ենոքյան) 06.07.2020 թվականի որոշմամբ Ավետիք, Ռոման, Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.03.2020 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.10.2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 06.07.2020 թվականի որոշման դեմ Ավետիք, Ռոման, Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանների ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 30.07.2021 թվականի որոշմամբ վճռի շրջադարձ կատարելու մասին դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.01.2022 թվականի որոշմամբ Ավետիք, Ռոման, Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.07.2021 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.05.2022 թվականի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2022 թվականի որոշման դեմ Ավետիք, Ռոման, Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանների բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Հիմք ընդունելով վերոգրյալ գործի դատավարական նախապատմությունը` Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ ստորադաս դատարանները հանգել են սխալ հետևության առ այն, որ թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործով կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 07.05.2014 թվականին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտն օրինական ուժ է ստացել միայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2019 թվականին կայացված որոշմամբ, որով, սակայն, Ընկերության` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետի բացթողնման պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նկատում է նաև, որ վերոնշյալ գործի դատավարական նախապատմության մեջ, ինչպես նաև սույն վարչական գործում բացակայում է փաստն առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2019 թվականի որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, հետևաբար կարելի է փաստել, որ նշված որոշումը բողոքարկված չլինելու պայմաններում անփոփոխ է մնացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2019 թվականի վճիռը:

Հաջորդիվ` Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանի եզրահանգմանն առ այն, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում հայցվորի` սույն գործով «շահագրգիռ» անձ հանդիսանալու հանգամանքը, արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ անձի` կատարողական վարույթի կողմ` պարտապան և պահանջատեր չհանդիսանալը դեռևս չի ենթադրում անձի իրավական շահագրգռվածության բացակայությունը` հաշվի առնելով սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է մերժել Սուսաննա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը` մերժման հիմքում, ի թիվս այլնի, դնելով այն հիմնավորումը, որ «թիվ ԵԱԴԴ/0461/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում սույն գործով հայցվորի իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողությունները կատարվել են: Մասնավորապես, նշված գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ. «Հայցվոր «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ն Ռոման, Վարազդատ, Սուսաննա Ավետիքի Ստեփանյաններին գրավոր առաջարկ է ներկայացրել շուկայական գնով գնել քաղաք Երևան, Մարգարյան փողոցի թիվ 8/4 հասցեի անշարժ գույքի` Ավետիք Ստեփանյանի 5/8 բաժինը` պարտքը մարելու համար»: Բացի այդ, նշված վճռում դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել այն փաստական հանգամանքը, որ. «Ինչպես պարտապանը, այնպես էլ ընդհանուր սեփականության մասնակիցներ Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանները չեն ներկայացել դատական նիստերին, պարտապանի բաժինը գնելու դիմում չեն ներկայացրել դատարան և բաժինը գնելու պատրաստակամություն չեն հայտնել, որպիսի վարքագիծը դատարանը նույնպես գնահատում է որպես ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներ Վարազդատ, Սուսաննա Ստեփանյանների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարում»: Մինչդեռ ինչպես արդեն վերևում նշվեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.01.2017 թվականի որոշմամբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.05.2014 թվականի վճիռը բեկանել և գործն ուղարկվել է նոր քննության այն հիմնավորմամբ, որ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագետի եզրակացության համաձայն` 17.05.2013 թվականի, 29.06.2016 թվականի, 22.01.2014 թվականի, 13.03.2014 թվականի, 12.04.2014 թվականի և 10.05.2014 թվականի ստացման/հանձնման/վճարման/գրանցման թվով 6 ծանուցագրերի պատճենների ստորին ձախ մասում «Ամսաթիվ և ստորագրություն» հատվածում «հանձնվել է» տպագիր գրառման դիմաց տեղավորված Սուսաննա Ստեփանյանի անունից ստորագրությունները կատարվել են Ավետիք Ստեփանյանի կողմից:

Անդրադառնալով սույն գործով բարձրացված հարցադրմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում հայցվոր Սուսաննա Ստեփանյանը հանդիսանում է կատարողական վարույթով շահագրգռված անձ ներքոշարադրյալ հիմնավորմամբ.

Այսպես, «Արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 04.02.2016 թվականի որոշեց հատվածում նշված է հետևյալը. «Պարտապան` Ավետիք Ստեփանյանին և քաղաքացիներ` Ռոման Ստեփանյանին, Վարազդատ Ստեփանյանին, Սուսաննա Ստեփանյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ներքոհիշյալ գույքը. «Լոտի անվանումը, նկարագիրը» Աջափնյակ համայնք, Մարգարյան փողոց թիվ 8/4, «Գնահատման գինը» 13.000.000 ՀՀ դրամ, «Մեկնարկային գինը (75%)» 9.750.000 ՀՀ դրամ, «Գույքի քանակը» 1 հատ, ներկայացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, էլեկտրոնային համակարգի կիրառմամբ` հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի www.ajurd.am միջոցով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ «22» փետրվարի 2016թ: Որոշման պատճենն ուղարկել կողմերին» (հատոր 2-րդ, գ.թ. 73-80):

04.02.2016 թվականի «Արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը 05.02.2016 թվականին ուղարկվել է «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ին ք. Երևան, Չեխովի 35 շենք, բն., 3 հասցեով, Ա/Ձ Ավետիք Ստեփանյանին ք. Երևան, Վշտունու 80 հասցեով, Ռոման, Սուսաննա, Վարազդատ Ստեփանյաններին ք. Երևան, Վշտունու 80 հասցեով:

Հատկանշական է, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժինը նշված ծանուցումները ուղարկել է առանձին գրություններով, մասնավորապես` «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ին և Ա/Ձ Ավետիք Ստեփանյանին ծանուցել է նույն գրությամբ, իսկ Ռոման, Սուսաննա, Վարազդատ Ստեփանյաններին ծանուցել է մեկ այլ գրությամբ: Նշված գործողության տրամաբանությունը հանգում է նրան, որ այստեղ տարանջատվել են պարտատեր, պարտապան և կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձինք (այսինքն ոչ պարտատեր և ոչ էլ պարտապան), հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` Սուսաննա Ստեփանյանը կատարողական վարույթում ներգրավված է եղել որպես երրորդ անձ (կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող բռնագանձվող գույքի սեփականատեր):

Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 04.02.2016 թվականի «Արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը սույն գործով հայցվոր Սուսաննա Ստեփանյանի կողմից չի ստացվել, այն հիմնավորմամբ, որ դեռևս հայցադիմումին կից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության բովանդակությունից հետևում է, որ Սուսաննա Ստեփանյանը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է հետևյալ օրերին` մուտք-09.01.2013 թվական, ելք-20.01.2013 թվական, մուտք-15.09.2016 թվական, ելք-25.09.2016 թվական: Նշվածից ակներև է, որ 04.02.2016 թվականի «Արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը Սուսաննա Ստեփանյանը ուղղակի կերպով չէր կարող ստանալ, քանի որ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0461/02/13 գործով 13.06.2014 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` սույն գործով հայցվոր Սուսաննա Ստեփանյանը չի նշվել որպես կատարողական թերթով պարտապան, հետևաբար նաև չի հանդիսացել կատարողական վարույթի կողմ, սակայն վերջինս ունեցել է էական շահագրգռվածություն կատարողական վարույթը եզրափակող վարչական ակտի ընդունման հարցում, քանի որ վերջինս, հանդիսանալով բռնագանձվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձ, շահագրգռված է եղել իրեն պատկանող գույքի իրացման հարցում:

Վերոգրյալ հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սուսաննա Ստեփանյանի իրավունքները կամ օրինական շահերն ակնհայտորեն կարող էին շոշափվել կատարողական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, հարկադիր կատարողը պարտավոր էր ապահովել նրա լսված լինելու իրավունքը և ստորադաս դատարանների հետևությունները հայցվորի իրավական շահագրգռվածության մասով իրավաչափ չեն, իսկ գործի ըստ էության քննություն ստորադաս դատարանների կողմից չի իրականացվել, հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.07.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809934802

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2025
N ՎԴ/4645/05/19
Որոշում