Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 344-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԴ/34667/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34667/02/19       2025 թ.

    Նախագահող դատավոր` Լ. Հովհաննիսյան

    Դատավորներ`        Ս. Թորոսյան

                                      Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի ապրիլի 4-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու Ֆինանսների նախարարության` պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուբեն Գրիգորյանը և Գոհար Գալստյանը պահանջել են Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց տրամադրել 72.000.000 ՀՀ դրամ` որպես նախնական համարժեք փոխհատուցում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.03.2022 թվականի վճռով վճռվել է. «Ռուբեն Գրիգորյանի, Գոհար Գալստյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության` պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին քաղաքացիական գործով պատասխանող ՀՀ Կառավարության միջնորդությունը հայցային վաղեմություն կիրառելու մասին բավարարել: Ռուբեն Գրիգորյանի, Գոհար Գալստյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ ֆինանսների նախարարության` պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին հայցը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2022 թվականի որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 03.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 22.03.2023 թվականի որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 17.12.2024 թվականի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի բողոքը բավարարվել է` նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 22.03.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը, 331-րդ, 332-րդ, 333-րդ և 448-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Սահմանադրությամբ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության սկզբունքները, որոնք սույն գործի շրջանակներում ենթադրում են բողոք բերող անձանց արդարացի փոխհատուցում ստանալու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով հայցային վաղեմության վերաբերյալ նորմը, խախտել է սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական իրավունքի համաչափության սկզբունքը:

Վերոնշյալն ուղղակիորեն հանգեցրել է արդարադատության բուն էության խաթարմանը, քանի որ ակնհայտ կերպով խախտվել են բողոք բերող անձանց արդար դատաքննության և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշումը կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) թիվ 2-699-2005 թվականի քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 16.03.2005 թվականին կայացված վճռի համաձայն` Ռուբեն Գրիգորյանի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` պետական մարմնի անգործությունը, գործողությունն օրենքին հակասող ու անվավեր ակտ ճանաչելու, Երևանի Փ. Բյուզանդի փողոցի 11 բակի թիվ 12 բնակարանի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 10).

2) թիվ 2-412-2005 թվականի քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 17.05.2005 թվականին կայացված վճռի համաձայն` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցը բավարարվել է` վճռվել է Ռուբեն Գրիգորյանին ու Գոհար Գալստյանին` օգտագործման իրավունքի դիմաց 2.000-ական ԱՄՆ դոլարին համարժեք աջակցության գումար վճարելուց հետո` վտարել քաղաք Երևան, Բուզանդի 11 հասցեից (հատոր 1-ին, գ.թ. 23).

3) Կատարողական գործողությունների վերաբերյալ 15.06.2005 թվականին կազմված արձանագրության համաձայն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.06.2005 թվականի թիվ 2-412 կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով քաղաք Երևան, Բուզանդի 11 տունը Ռուբեն Գրիգորյանի կողմից հանձնվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը (հատոր 1-ին, գ.թ. 22).

4) Ռուբեն Գրիգորյանը և Գոհար Գալստյանը 16.10.2019 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ֆինանսների նախարարության` պահանջելով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց տրամադրել 72.000.000 ՀՀ դրամ` որպես նախնական համարժեք փոխհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 4-38).

5) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 26.03.2021 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն (հատոր 1-ին, գ.թ. 92-97).

6) Դատարանը 03.03.2022 թվականին վճիռ է կայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության միջնորդությունը բավարարելու և հայցը մերժելու մասին` այն պատճառաբանությամբ, որ «(...) ուսումնասիրելով սույն գործի փաստերը` մասնավորապես 16.03.2005 թվականի թիվ հ.2-699-2005թ. գործով կայացված և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 17.05.2005 թվականի թիվ 2-412-2005թ. գործով վճիռները պարզ է դառնում, որ սույն գործով հայցվորները չեն էլ հանդիսացել ք. Երևան Փավստոս Բյուզանդի 11 տուն, 12 բնակարանի սեփականատերերը, և օրինական ուժի մեջ մտած վճռով նրանց վտարել են վերոնշյալ հասցեի բնակարանից: Այսպիսով ստացվում է, որ հայցվորների իրավունքի ենթադրյալ խախտումները իրականացվել են ոչ թե սեփականության իրավունքի իրացման ընթացքում առանց նրանց տիրապետման իրավունքից զրկելու, այլ նրանց սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մերժման և վտարումից հետո փոխհատուցում չտրամադրելուց հետո: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ առկա է վինդիկացիոն հայց և սույն գործով կարող է կիրառվել հայցային վաղեմություն: Ինչը վերաբերում է հայցվորների ներկայացուցչի այն պնդմանը, որ հայցվորների մոտ առաջացել է սեփականության իրավունքի ձեռքբերման իրավական ակնկալիք, և սույն պարագայում խախտվում է սեփականության իրավունքը և կիրառելի չէ հայցային վաղեմությունը, ապա դատարանը փաստում է, որ հայցվորների սեփականության իրավունքի գրանցումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած 16.03.2005 թվականի թիվ հ.2-699-2005թ. Գործով կայացված վճռով, ուստի նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցվորների մոտ այլևս չէր կարող առաջանալ սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիք: Այսպիսով դատարանը գտնում է, որ ենթադրյալ խախտման համար ներկայացված պահանջը նեգատոր հայց չէ և կիրառելի է հայցային վաղեմություն» (հատոր 1-ին, գ.թ. 136-151).

7) Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 03.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ` այն պատճառաբանությամբ, որ «(...) սույն գործի փաստերից` մասնավորապես 16.03.2005 թվականի թիվ հ.2-699-2005թ. գործով կայացված և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 17.05.2005 թվականի թիվ 2-412-2005թ. գործով վճիռներից ուղղակիորեն հետևում է, որ Հայցվորները չեն էլ հանդիսացել ք. Երևան Փավստոս Բյուզանդի 11 տուն, 12 բնակարանի սեփականատերերը, և օրինական ուժի մեջ մտած վճռով վերջինները վտարվել են վերոնշյալ հասցեի բնակարանից, ինչից էլ հետևում է, որ Հայցվորների իրավունքի ենթադրյալ խախտումներն իրականացվել են ոչ թե սեփականության իրավունքի իրացման ընթացքում առանց նրանց տիրապետման իրավունքից զրկելու, այլ նրանց սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մերժման և վտարումից հետո փոխհատուցում չտրամադրելուց հետո, որպիսի պայմաններում Դատարանը եկել է այն իրավաչափ եզրահանգման, որ առկա է վինդիկացիոն հայց և սույն գործով կարող է կիրառվել հայցային վաղեմություն: Անդրադառնալով այն փաստարկներին, որոնք վերաբերում են սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիքին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հայցվորների սեփականության իրավունքի գրանցումը օրինական ուժի մեջ մտած վճռով մերժված լինելը փաստն արդեն իսկ նշված փաստարկը դարձնում է հիմնազուրկ: Ինչ վերաբերում է Հայցվորների այն պնդմանը, որ դեռևս իրենց իրավունքների պաշտպանության ժամկետը չի լրացել, ապա «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դեպքում էական պայման է հանդիսանում գույքի գնի որոշումը և դրա փոխհատուցումը: Այսինքն` սեփականատիրոջ մոտ փոխհատուցման իրավունքը ծագում է գույքի օտարման պահին, և անձի իրավունքները ենթադրաբար կարող են խախտվել օտարման պահին փոխհատուցում չստանալուց հետո, եթե կողմերի միջև այլ համաձայնություն չկա: Այսպիսով` Վերաքննիչ դատարանը համաձայնելով Դատարանի դիրքորոշմանը ևս արձանագրում է, որ Հայցվորների մոտ իրենց ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության իրականացման իրավունքը ծագել է 17.06.2005 թվականից, և ավարտվել է 18.06.2008 թվականին, հետևաբար 2019 թվականին հայցադիմում ներկայացնելով վերջիններս բաց են թողել դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետները, ինչն էլ հիմք էր հայցը մերժելու համար, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Դատարանը» (հատոր 2-րդ, գ.թ. 80-90).

8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 22.03.2023 թվականի որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 331-րդ, 332-րդ, 333-րդ ու 448-րդ հոդվածների կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայության վերաբերյալ բողոք բերած անձանց փաստարկները, քանի որ նշված նորմերը զարգացնելու անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայում է: (...): Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձանց փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը» (հատոր 2-րդ, գ.թ. 137-141).

9) Սահմանադրական դատարանը Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա 07.11.2023 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1699 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող` 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա` սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում» (հիմք` Սահմանադրական դատարանի 07.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-1699 որոշումը, որը ներկայացվել է դատական ակտի վերանայման բողոքին կից).

i

10) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 17.12.2024 թվականի որոշմամբ դատական ակտը վերը նշված նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի բողոքը բավարարվել է` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 22.03.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է, ու թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ (հիմք` «www.datalex.am» պաշտոնական տեղեկատվական համակարգ):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը Սահմանադրական դատարանի 07.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-1699 որոշմամբ արտահայտված դիրքորոշման համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հասարակության և պետության կարիքների համար սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմություն կիրառելու առանձնահատկություններին:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով:

Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում`

1) անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.

3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար.

4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277).

5) սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա.

6) օրենքով սահմանված այլ պահանջների վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետին, արձանագրել է, որ համապատասխան հայցային վաղեմության կիրառությունը բացառելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը`

1) հայցվորը պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, և

2) ներկայացված հայցով հայցվորը պետք է պահանջի իր իրավունքի ցանկացած խախտման վերացում, թեկուզև այդ խախտումը կապված չի եղել գույքի տիրապետումից զրկելու հետ:

Առաջին պայմանի վերլուծությունից հետևում է, որ վերոհիշյալ նորմը չի կարող կիրառվել, եթե հայցվորը չի հանդիսանում այն գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, որի հետ կապված պահանջում է իր իրավունքի խախտման վերացում: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվել է քննարկվող նորմի տառացի մեկնաբանությամբ, ինչից ուղղակիորեն բխում է, որ այդ նորմը վերաբերում է «սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի» իրավունքի խախտման վերացմանը:

i

Ինչ վերաբերում է երկրորդ պայմանին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմությունը տարածելու արգելքը վերաբերում է սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ոչ բոլոր խախտումների վերացման պահանջներին, այլ միայն այն խախտումներին, որոնք կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Այս հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված իրավանորմի բովանդակության շարադրանքից անմիջապես հետո օրենսդիրը փակագծերում մատնանշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը (նեգատոր հայցերին) (տե՛ս Կարինե և Սամվել Զարգարյաններն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/0181/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

i

Սահմանադրական դատարանը սույն գործով հայցվոր Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 07.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-1699 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի

(սեփականության օտարման պահին գործող` 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա` սեփականատիրոջ

համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում»:

Սահմանադրական դատարանը վերոգրյալ եզրահանգման է եկել հետևյալ հիմնավորումներով. «(...) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու սահմանադրական երաշխիքը ենթակա չէ հանրային իշխանության հայեցողությամբ սահմանվող պայմանականություններին: Հետևաբար` անձի` իր օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը սահմանափակման ենթակա չէ` անկախ նման ենթադրյալ սահմանափակման նպատակից` «բացարձակ իրավունքը ենթակա է բացարձակ պաշտպանության» սկզբունքով:

Սահմանադրական սույն վեճի նախապատմությունից հետևում է, որ Դիմողների գործով դատարանները հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու բերումով վեճի մյուս կողմի` Կառավարության դիմումի հիման վրա մերժել են գույքի օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում վճարելու պահանջի հայցը` առանց այն ըստ էության քննելու:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում վճարելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառումը հանգեցնում է այս իրավունքի իրականացման անհնարինության, քանի որ այն կորցնում է իրացվելիության և պետական հարկադրանքով պաշտպանվածության իր հատկանիշները:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառումը Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` գերակա հանրային շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքին միջամտություն է, ինչպիսի իրավասությամբ, սույն որոշման 5.3-5.8-րդ կետերում շարադրված հիմնավորումների համաձայն, Սահմանադրությամբ հանրային իշխանությունն օժտված չէ: (...):

Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ Դիմողների` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառվել է` Դիմողների ունեցած պահանջի իրավունքը դիտարկելով որպես Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակումների ընդհանուր կանոնի ենթակա իրավունք, և հետևաբար` օրենսդրի կողմից սահմանադրաչափ սահմանափակումների ենթակա իրավունք: Նման մոտեցման պայմաններում Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված` հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջ չնախատեսելը իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ այս խումբ պահանջների նկատմամբ տարածվում են հայցային վաղեմության` օրենսդրի կողմից սահմանված դրույթները»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ 2-699-2005 թվականի քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 16.03.2005 թվականին կայացված վճռի համաձայն` Ռուբեն Գրիգորյանի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` պետական մարմնի անգործությունը, գործողությունն օրենքին հակասող ու անվավեր ակտ ճանաչելու, Երևանի Փ. Բյուզանդի փողոցի 11 բակի թիվ 12 բնակարանի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, մերժվել է:

Թիվ 2-412-2005 թվականի քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 17.05.2005 թվականին կայացված վճռի համաձայն` «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցը բավարարվել է` վճռվել է Ռուբեն Գրիգորյանին ու Գոհար Գալստյանին` օգտագործման իրավունքի դիմաց 2.000-ական ԱՄՆ դոլարին համարժեք աջակցության գումար վճարելուց հետո` վտարել քաղաք Երևան, Բուզանդի 11 հասցեից:

Կատարողական գործողությունների վերաբերյալ 15.06.2005 թվականին կազմված արձանագրության համաձայն` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 03.06.2005 թվականի թիվ 2-412 կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով քաղաք Երևան, Բուզանդի 11 տունը Ռուբեն Գրիգորյանի կողմից հանձնվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը:

Ռուբեն Գրիգորյանը և Գոհար Գալստյանը 16.10.2019 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ֆինանսների նախարարության` պահանջելով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց տրամադրել 72.000.000 ՀՀ դրամ` որպես նախնական համարժեք փոխհատուցում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 26.03.2021 թվականին փոստային առաքման եղանակով ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն:

Դատարանը 03.03.2022 թվականին վճիռ է կայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության միջնորդությունը բավարարելու և հայցը մերժելու մասին` այն պատճառաբանությամբ, որ «(...) ուսումնասիրելով սույն գործի փաստերը` մասնավորապես 16.03.2005 թվականի թիվ հ.2-699-2005թ. գործով կայացված և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 17.05.2005 թվականի թիվ 2-412-2005թ. գործով վճիռները պարզ է դառնում, որ սույն գործով հայցվորները չեն էլ հանդիսացել ք. Երևան Փավստոս Բյուզանդի 11 տուն, 12 բնակարանի սեփականատերերը, և օրինական ուժի մեջ մտած վճռով նրանց վտարել են վերոնշյալ հասցեի բնակարանից: Այսպիսով ստացվում է, որ հայցվորների իրավունքի ենթադրյալ խախտումները իրականացվել են ոչ թե սեփականության իրավունքի իրացման ընթացքում առանց նրանց տիրապետման իրավունքից զրկելու, այլ նրանց սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մերժման և վտարումից հետո փոխհատուցում չտրամադրելուց հետո: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ առկա է վինդիկացիոն հայց և սույն գործով կարող է կիրառվել հայցային վաղեմություն: Ինչը վերաբերում է հայցվորների ներկայացուցչի այն պնդմանը, որ հայցվորների մոտ առաջացել է սեփականության իրավունքի ձեռքբերման իրավական ակնկալիք, և սույն պարագայում խախտվում է սեփականության իրավունքը և կիրառելի չէ հայցային վաղեմությունը, ապա դատարանը փաստում է, որ հայցվորների սեփականության իրավունքի գրանցումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած 16.03.2005 թվականի թիվ հ.2-699-2005թ. Գործով կայացված վճռով, ուստի նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցվորների մոտ այլևս չէր կարող առաջանալ սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիք: Այսպիսով դատարանը գտնում է, որ ենթադրյալ խախտման համար ներկայացված պահանջը նեգատոր հայց չէ և կիրառելի է հայցային վաղեմություն»:

Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշմամբ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 03.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ` այն պատճառաբանությամբ, որ «(...) սույն գործի փաստերից` մասնավորապես 16.03.2005 թվականի թիվ հ.2-699-2005թ. գործով կայացված և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի 17.05.2005 թվականի թիվ 2-412-2005թ. գործով վճիռներից ուղղակիորեն հետևում է, որ Հայցվորները չեն էլ հանդիսացել ք. Երևան Փավստոս Բյուզանդի 11 տուն, 12 բնակարանի սեփականատերերը, և օրինական ուժի մեջ մտած վճռով վերջինները վտարվել են վերոնշյալ հասցեի բնակարանից, ինչից էլ հետևում է, որ Հայցվորների իրավունքի ենթադրյալ խախտումներն իրականացվել են ոչ թե սեփականության իրավունքի իրացման ընթացքում առանց նրանց տիրապետման իրավունքից զրկելու, այլ նրանց սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մերժման և վտարումից հետո փոխհատուցում չտրամադրելուց հետո, որպիսի պայմաններում Դատարանը եկել է այն իրավաչափ եզրահանգման, որ առկա է վինդիկացիոն հայց և սույն գործով կարող է կիրառվել հայցային վաղեմություն: Անդրադառնալով այն փաստարկներին, որոնք վերաբերում են սեփականության իրավունքի ձեռքբերման օրինական ակնկալիքին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հայցվորների սեփականության իրավունքի գրանցումը օրինական ուժի մեջ մտած վճռով մերժված լինելը փաստն արդեն իսկ նշված փաստարկը դարձնում է հիմնազուրկ: Ինչ վերաբերում է Հայցվորների այն պնդմանը, որ դեռևս իրենց իրավունքների պաշտպանության ժամկետը չի լրացել, ապա «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դեպքում էական պայման է հանդիսանում գույքի գնի որոշումը և դրա փոխհատուցումը: Այսինքն` սեփականատիրոջ մոտ փոխհատուցման իրավունքը ծագում է գույքի օտարման պահին, և անձի իրավունքները ենթադրաբար կարող են խախտվել օտարման պահին փոխհատուցում չստանալուց հետո, եթե կողմերի միջև այլ համաձայնություն չկա: Այսպիսով` Վերաքննիչ դատարանը համաձայնելով Դատարանի դիրքորոշմանը ևս արձանագրում է, որ Հայցվորների մոտ իրենց ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության իրականացման իրավունքը ծագել է 17.06.2005 թվականից, և ավարտվել է 18.06.2008 թվականին, հետևաբար 2019 թվականին հայցադիմում ներկայացնելով վերջիններս բաց են թողել դատարան դիմելու հայցային վաղեմության ժամկետները, ինչն էլ հիմք էր հայցը մերժելու համար, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Դատարանը»:

i

Սահմանադրական դատարանը Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա 07.11.2023 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1699 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող` 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա` սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում»:

Սահմանադրական դատարանի 07.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-1699 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների, վերը նշված իրավական նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 17.12.2024 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 22.03.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով արդեն իսկ վերանայվել է, ու թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշման դեմ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են ու չեն բխում Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների բովանդակությունից, քանի որ ստորադաս դատարանները, գալով հայցային վաղեմության կիրառելիության վերաբերյալ նման եզրահանգմանը, խախտել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը` այն մեկնաբանելով Սահմանադրական դատարանի 07.11.2023 թվականի թիվ ՍԴՈ-1699 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը հակասող մեկնաբանությամբ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ նկատի ունենալով, որ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հայցը մերժելու պայմաններում ստորադաս դատարանները գործի ըստ էության քննություն չեն իրականացրել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 05.12.2022 թվականի որոշումը բեկանելու և գործն ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Վ. Քոչարյան

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421203980874

 

pin
Վճռաբեկ դատարան
04.04.2025
N ԵԴ/34667/02/19
Որոշում