| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2019 թվականի N 477-Լ
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-076-29.03.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 2
Երևան
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-076-29.03.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որով սահմանվում են բացառություն կազմող կրեդիտավորման պայմանագրերի ներքին և վերին շեմերը` համապատասխանաբար 100.000 դրամ և 10.000.000 մլն դրամ:
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մշակած Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Կ-065-20.03.2019-ՖՎ-011/0), որով նախատեսվում է նաև օրենքից հանել մինչև 100.000 դրամի վարկերի վրա օրենքի դրույթները չտարածելու մասը:
Ինչ վերաբերվում է 10.000.000 մլն դրամը գերազանցող սպառողական վարկերի վրա օրենքի դրույթների տարածմանը, ապա հարկ է նշել, որ նշված սահմանափակման իմաստը կայանում է նրանում, որ 10.000.000 մլն դրամից բարձր վարկերը, ըստ էության, սպառողական վարկեր չեն և հիմնականում ունեն առևտրային կամ սպառման հետ չկապված այլ նպատակ: Բացի դրանից, նման վարկեր ստացող անձինք հիմնականում ունեն բավարար կարողություններ` ֆինանսական գիտելիքներ, խորհրդատուներ, տեղեկատվության գնահատման այլ ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ գնահատել վարկավորման ռիսկերը:
Տեղին է նշել, որ նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են նախագծի միայն փոքր վարկերի վրա սպառողական օրենսդրության դրույթները կիրառելու նպատակը:
Ամփոփելով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և, անհրաժեշտության դեպքում, նախագծի դրույթներին անդրադառնալ վերը նշված Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկումների շրջանակներում: