ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1611-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարին` 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկով նախատեսված յուրաքանչյուր միջոցառման ավարտից հետո 10-օրյա ժամկետում արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. սեպտեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1611-Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:
2. Երկրում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) իրավիճակով պայմանավորված բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ կան համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:
3. Ծրագրում և միջոցառումների ցանկում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում հասարակության զարգացման, ինչպես նաև հոգևոր և ֆիզիկական առողջության համար առանցքային դեր են կատարում զանգվածային սպորտն ու ֆիզկուլտուրան: Բացի այդ` զանգվածային սպորտի սոցիալական համակարգը, քաղաքացիների զանգվածային առողջացման ոլորտը որոշ առումներով փոխգործակցում են առողջապահության, գիտության, կրթության և մշակույթի հետ:
5. Սպորտում բարձրագույն նվաճումների գրանցվող ռեկորդները, միջազգային, ազգային և այլ մարզաձևերում արձանագրվող հաջողությունները մեծագույն խթան են հանդիսանում զանգվածային սպորտի զարգացման համար: Մյուս կողմից (փոխադարձաբար) հենց սպորտի մասսայականացումից է անցում կատարվում բարձրագույն սպորտային վարպետության:
6. Կատարելով զարգացնող, դաստիարակչական, հայրենասիրական, հաղորդակցական, տնտեսական և մի շարք այլ գործառույթներ` սպորտը միավորում և կոորդինացնում է հասարակությունը, համախմբում և առաջ է մղում հայ ազգին:
7. Նշվածն իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց առօրյա կյանքում ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:
8. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:
III. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Ֆիզիկական դաստիարակությունը և զանգվածային սպորտը, որոնք ներառում են բնակչության բոլոր տարիքային խմբերի` նախադպրոցականների, դպրոցականների, սովորողների, ուսանողների, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության, հաշմանդամություն ունեցող անձանց, գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների, տարեցների ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստականության և ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը:
10. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը:
11. Բարձրագույն նվաճումների սպորտը` այդ թվում նաև ադապտիվ սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը:
12. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:
IV. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
13. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2022 թվականի ընթացքում:
14. Ծրագրի խնդիրներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը.
2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.
3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման անընդհատության ապահովման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.
4) ֆիզիկական զարգացմանն ու ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը` կազմակերպված և (կամ) ինքնուրույն պարապմունքների անցկացման, նաև ֆիզկուլտուրային և մարզական զանգվածային միջոցառումների իրականացման միջոցով.
5) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը.
6) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը.
7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը:
V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
15. Ակնկալվող արդյունքներն են`
1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջ ապրելակերպ վարելու նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորումը.
2) կանոնավոր կերպով սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվող և մարզական զանգվածային միջոցառումներին մասնակցող քաղաքացիների (այդ թվում` տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց) թվի ավելացումը.
3) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը.
4) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների արձանագրումը.
5) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների ֆիզիկական պատրաստականության ապահովումը:
16. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:
VI. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
17. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2021 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1611-Լ որոշման