| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2022 թվականի N 85-Լ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-127-29.12.2021-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունվարի
Երևան
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-127-29.12.2021-ԱռՀ-011/0)
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` նախագծի նպատակն է ճշգրտել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» գործող օրենքի 41-րդ հոդվածի դրույթները: Մասնավորապես` նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է օրենքում ամրագրել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով, միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Ըստ հեղինակների` այդ դրույթի ամրագրումը թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը դարձնել վերահսկելի:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է իր դիտարկումները:
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` օրենք) 41-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով, միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
Ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Վերոգրյալ նախատեսվող իրավակարգավորումների գործնական անհրաժեշտության վերաբերյալ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է հետևյալը`
«Արտահիվանդանոցային բջջաբանական և հյուսվածքաբանական (ձևաբանական) տեսակներով գործունեություն իրականացնողները դուրս են վերահսկողությունից, քանի որ դրանք գործում են հիվանդանոցներից դուրս: Ասվածի հիմնավորումն այն է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն որոշման, կարող է միայն հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնել»:
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 519-Ն որոշման հավելվածի 3-րդ կետում սահմանված է հետևյալը`
«Հիվանդանոցային հաստատությունում դիահերձում չիրականացնելու դեպքում (եթե հաստատությունը չունի դիահերձարան, կամ մահացածի ծնողի կամ ամուսնու կամ երեխաների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի համաձայն դիահերձումը կատարվելու է այլ դիահերձարանում) հիվանդանոցային հաստատության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձը կատարում է գրառում հիվանդության պատմագրի մեջ` նշելով այլ դիահերձարան ուղարկելու ժամը և հասցեն, մահացածի ծնողին կամ ամուսնուն կամ երեխաներին կամ օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տրամադրելով պացիենտի հիվանդության պատմագրի էպիկրիզը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված է հետևյալը`
«Տեսչական մարմնի լիազորություններն են`
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը` բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության, ինչպես նաև առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ»:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը գործնականում բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրավասու է վերահսկողություն իրականացնելու նաև արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրականացնում են նաև ախտաբանաանատոմիական դիահերձումներ:
Միաժամանակ` նախագծին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք գնահատել առաջարկվող կարգավորումների գործնական անհրաժեշտությունը, քանի որ բացակայում են արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների նկատմամբ, որոնք իրականացնում են նաև ախտաբանաանատոմիական դիահերձումներ, վերահսկողություն իրականացնելու հնարավորության բացակայության վերաբերյալ հստակ հիմնավորումները և վերլուծությունները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված առաջարկությունների հիմնավորվածությունը լիարժեք գնահատելու համար:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(...) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության` մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: (...) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում»:
Վերոգրյալից հետևում է, որ նախագծի 1-ին հոդվածն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք` բարձրացված խնդիրների համատեքստում:
2. Նախագծի 5-րդ հոդվածում սահմանված է`
«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին հոդվածի: Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 4-րդ կետի` բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են անժամկետ` օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող իրավակարգավորումների համատեքստում անհրաժեշտ է վերանայել նախագծի 5-րդ հոդվածը` այն դիտարկելով բժշկական օգնության և սպասարկման տեսակ հանդիսացող` ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացնելու անժամկետ լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի իրավունքների սահմանափակման իրավաչափության համատեքստում, հաշվի առնելով նաև այդ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի` իրենց անժամկետ լիցենզիաների առնչությամբ ունեցած լեգիտիմ ակնկալիքները:
3. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջները`
1) նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող` օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի չհամարակալված 2-րդ պարբերությունն անհրաժեշտ է համարակալել.
2) նախագծի 4-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե կոնկրետ որ բառից հետո է կատարվում լրացումը:
Ամփոփելով վերը շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի ընդունումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: