Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

31 հունվարի 2022 թվականի N 02-Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 5.1 կետով և 16-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 13.1 կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում` էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի

10-րդ հոդվածով է սահմանված են շենքի պահպանման նորմերը:

Սույն հրամանը հակասում է օրենքի պահանջներին: Բացի այդ

այդ կանոնները հակասում են նաև նշված օրենքի 11-րդ հոդվածի

պահանջներին:

Սույն հրամանը չի բխում նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի

16-րդ հոդվածի պահանջներից:

Հրամանը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ

մասի պահանջներից:

-----------------------------------------------------------------

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

քաղաքաշինության կոմիտեի

նախագահի

2022 թվականի հունվարի 31-ի

N 02-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում` էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) կանոնները (այսուհետ` կանոններ) տարածվում են բազմաբնակարան շենքերի (այսուհետ` շենք) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետ` ընդհանուր բաժնային գույք) պահպանման, շահագործման և արդիականացմանն ուղղված աշխատանքների և միջոցառումների վրա:

2. Սույն կանոնների դրույթները ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներն իրականացնող մարմինների կողմից` անկախ շենքի բնակեցման պայմաններից և կառավարման ձևից:

3. Սույն կանոնները կարող են օգտագործվել բազմաբնակարան շենքի կառավարման, ինչպես նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող անձանց կարողությունների բարձրացմանն ուղղված կրթական և վերապատրաստման/որակավորման դասընթացների մշակման համար:

4. Սույն կանոնները սահմանում են շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի և դրա առանձին տարրերի`

1) շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջները (այդ թվում` քաղաքաշինական, հակահրդեհային և սանիտարական նորմերի այնպիսի պահանջներ, որոնց ժամանակին չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շենքին, շենքի շինությունների սեփականատերերին կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին),

2) վնասվածքները և թերությունները մատնանշող հիմնական արտաքին նշանները,

3) պահպանման, շահագործման, արդիականացման կանոնները (այդ թվում` հայտնաբերված վնասվածքների և թերությունների վերացման միջոցով):

 

2. ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ) ԱՌՆՉՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5. Ընդհանուր բաժնային գույքը պետք է պահպանվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական, հակահրդեհային, շինարարական և այլ նորմերի ու կանոնների պահանջների համաձայն, ապահովելով`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` պարտադիր իրականացման ենթակա նվազագույն միջոցառումների և աշխատանքների (այսուհետ` պարտադիր նորմեր) իրականացումը,

2) շենքի բնականոն և հուսալի շահագործումը,

3) բնակիչների կյանքի, գույքի և առողջության անվտանգությունը,

4) ընդհանուր բաժնային գույքի օգտագործման հասանելիությունը, այդ թվում` սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար,

5) ընդհանուր բաժնային գույք հանդիսացող ինժեներատեխնիկական համակարգերի և սարքավորումների անխափան աշխատանքը,

6) էներգախնայողության և էներգաարդյունավետության պահանջները:

6. Ընդհանուր բաժնային գույքի պատշաճ պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում` էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) միջոցառումների իրականացումը շենքի շինությունների սեփականատերերը` «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, կարող են վերապահել շենքի կառավարման մարմնին կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրերի կամ լիազորագրերի հիման վրա:

7. Ընդհանուր բաժնային գույքի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում` էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ժամկետները որոշվում են շենքի կառավարման մարմնի կողմից նախօրոք կազմված և հաստատված ժամանակացույցի համաձայն` առնվազն տարեկան 2 անգամ (գարնանը և աշնանը) կատարվող դիտողական զննման, անհրաժեշտության դեպքում` լիցենզավորված կազմակերպության կողմից տրված եզրակացության հիման վրա:

8. Բացի սույն կանոնների 7-րդ կետի զննումներից, իրականացվում են նաև զննումներ`

1) տեղի ունեցած վթարներից, վտանգավոր բնակլիմայական երևույթներից և աղետներից հետո 24 ժամվա ընթացքում` արտահերթ,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 9-րդ և 11-րդ ենթակետում նշված ժամկետում:

9. Դիտողական զննման արդյունքում ի հայտ եկած վնասվածքները և թերություններն արձանագրվում են դիտողական զննության մատյանում (մատյանի ձևը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշմամբ):

10. Շենքի ընդհանուր բաժնային գույքի պահպանմանը, շահագործմանն, արդիականացմանն (այդ թվում` էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն) ուղղված աշխատանքներն իրականացվում են շենքի կոնստրուկտիվ առանձնահատկությունները հաշվի առնող համապատասխան ստանդարտների (նորմերի) համաձայն: Հատուկ թույլտվություն պահանջող աշխատանքների դեպքում դրանք իրականացվում են լիցենզավորված կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կապի ծառայությունների դեպքում համակարգերի սպասարկման և նորոգման աշխատանքները կատարվում են այդ համակարգերը շահագործող կազմակերպությունների կողմից:

11. Սույն կանոնների 10-րդ կետում նշված աշխատանքների ցանկը և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատականը ներառվում է կառավարման մարմնի կողմից մշակված և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով սեփականատերերի ժողովի հաստատմանը ներկայացվող` տվյալ շենքի տարեկան բյուջեի նախագծում:

12. Այն աշխատանքները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ունեն միջին, միջինից բարձր, բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան (lI-V կատեգորիա), պետք է իրականացվեն լիցենզավորված կազմակերպության կողմից շենքի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացության մեջ բերված առաջարկությունների և հանձնարարականների համաձայն մշակված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխան:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ցածր ռիսկայնության աստիճան (l կատեգորիա) ունեցող ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների մասով կազմվում է ցանկ` ըստ դրանց իրականացման առաջնահերթության:

14. Շենքի ընդհանուր բաժնային գույքի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում` էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն) ուղղված աշխատանքները ներառում են.

1) վթարների վերացման աշխատանքներ,

2) ընթացիկ նորոգում,

3) հիմնական նորոգում,

4) արդիականացում:

15. Վթարների վերացման աշխատանքներն ուղղված են շենքում հայտնաբերված վթարների, դրանց ազդեցություններից առաջացած քայքայումների և անսարքությունների վերացմանը:

16. Ընթացիկ նորոգման աշխատանքներն ուղղված են վթարների կանխարգելմանը, շենքի անվտանգ շահագործմանը, շահագործողական ցուցանիշների վերականգնմանը:

17. Հիմնական նորոգումն ուղղված է գույքի ֆիզիկական մաշվածությունը վերացմանը, շահագործողական ցուցանիշների բարելավմանը և վերականգնմանը:

18. Շենքի արդիականացումն ուղղված է շենքի ընդհանուր բաժնային սեփականության և դրա առանձին մասերի նորոգմանը, վերականգնմանը, վերակառուցմանը, ինժեներական համակարգերի և սարքավորումների շահագործման ցուցանիշների վերականգնմանը, փոխարինման և հարմարավետության բարելավմանը, էներգախնայողության միջոցառումների իրականացմանը, էներգիայի կամ ջրի տևական խնայողությանն, ինչպես նաև բազմաբնակարան շենքի արժեքի ավելացմանը և վիճակի տևականորեն բարելավմանը:

19. Շենքում չի թույլատրվում իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով կարող են առաջանալ.

1) կառուցվածքային տարրերի ամրության խախտումներ կամ փլուզման վտանգներ,

2) շենքում տեղակայված ինժեներական համակարգերի շահագործման խափանումներ,

3) հակահրդեհային անվտանգության սարքավորումների խափանումներ,

4) շենքի ճակատային արտաքին տեսքի փոփոխություններ:

20. Եթե շենքի շինության սեփականատերը, վարձակալը, շենքի ինժեներական համակարգերի կամ այլ ընդհանուր գույքի սպասարկումն ու շահագործումն իրականացնող անձը (անձինք) կամ կառավարման մարմինը իրականացրել է անթույլատրելի վերակառուցումներ, լրացուցիչ սարքերի և այլ սարքավորումների վերադասավորում կամ տեղադրում, որի հետևանքով վնաս է հասցվել շենքի բնակիչների կյանքին, գույքին, առողջությանը և շրջակա միջավայրին, ապա վերջինս պարտավոր է, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, վերացնել դրանց հետևանքները և հատուցել վնասները:

21. Շենքում առաջացած վթարների վերաբերյալ գրավոր կամ հեռահաղորդակցման կապի միջոցներից ստացված հայտերի հիման վրա դրանց վերացմանն աշխատանքներն իրականացվում են արտահերթ (ոչ հերթական) կարգով` շենքի կառավարման մարմնի կողմից կամ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ:

22. Կառավարման մարմինը հաշվառում և արձանագրում է շենքում վթարների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, վերահսկելով դրանց իրականացման ժամկետներն ու կատարված աշխատանքների որակը:

23. Շենքի կառուցվածքային տարրերի, ինժեներական համակարգերի, ինչպես նաև սարքավորումների ընթացիկ նորոգումն իրականացվում է տվյալ բնագավառում մասնագիտացված կազմակերպության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

24. Ընթացիկ նորոգման`

1) տևողությունը սահմանվում է շենքի յուրաքանչյուր կառուցվածքային տարրի, ինժեներական համակարգերի և սարք-սարքավորումների նորոգման տևողության նորմերով հաշվարկված ժամկետով,

2) աշխատանքների ընդունում-հանձնումը կատարվում է շենքի կառավարման մարմնի և շինությունների սեփականատերերի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից:

25. Հիմնական նորոգման`

1) աշխատանքներն իրականացվում են շենքի կառուցվածքային տարրերի և ինժեներական համակարգերի, սարք-սարքավորումների ամբողջական կամ մասնակի վերականգնմամբ կամ փոխարինմամբ,

2) աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետները սահմանվում են նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետով,

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման կարգերը, դրանց կազմի և բովանդակության կանոնները սահմանվում են գործող օրենսդրությամբ,

4) աշխատանքների վերջնական ընդունում-հանձնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման համաձայն:

26. Շենքի կառուցվածքային տարրերի վերականգնման, սեյսմազինվածության բարձրացման և հիմնական նորոգման աշխատանքները պետք է իրականացվեն օրենսդրությամբ սահմանված կարգով շինարարական թույլտվություն ստանալուց հետո:

27. Շենքի կառուցվածքային տարրերում պետք է բացառվեն կոնստրուկտիվ լուծումների փոփոխությունները` առանց հաստատված նախագծային փաստաթղթերի:

 

3. ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

28. Շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջներն են.

1) Հիմքերի համար`

ա. Հիմքերը պետք է լինեն առանց անհավասարաչափ նստվածքների, պաշտպանված լինեն խոնավությունից: Ընդ որում, հիմքերի նստվածքային ճաքերը կարող են լինել նորմերով թույլատրելի շեղումների սահմաններում` առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների:

բ. Սալվածքի մակերեսը պետք է լինի հարթ, առանց խորդուբորդությունների ու հետադարձ թեքությունների և դրա ու շենքի պատերի միջև` առանց նորմատիվային չափերը գերազանցող ճեղքերի:

գ. Հիմքերում պետք է բացառվեն առանց սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի լրացուցիչ հիմքերի կառուցման կամ հողի հանույթի միջոցով նկուղային հարկի բարձրության ավելացման աշխատանքները:

2) Սյուներ, հեծանների (պարզունակներ) համար`

ա. Սյուները պետք է լինեն առանց շեղումների ուղղաձիգից, կայունության կորստի և անվտանգ շահագործման պայմանների խախտումների:

բ. Հավաքովի և միաձույլ երկաթբետոնե սյուներում պետք է ապահովված լինի մետաղական ներդիր տարրերի հուսալի ամրակցումը և կոռոզիակայուն նյութերով պատումը:

գ. Սյուներում պետք է բացառվեն բետոնե պաշտպանիչ շերտի վնասվածքներն ու ամրանների մակերևույթի մերկացումները:

ե. Հեծանները և պարզունակները պետք է լինեն առանց մակերևութային վնասվածքների, բետոնե պաշտպանիչ շերտի շերտավորման երևույթների, ամրանի և բետոնի շաղկապման խախտումների, տեղային կայունության կորուստի և ճկվածքների:

զ. Փայտե հեծանները պետք է լինեն առանց խոնավության և նեխման օջախների, փայտանյութի ճեղքումների և ակնհայտ ճկվածքների:

3) Պատերի և դրանց տարրերի համար`

ա. Պատերը և դրանց տարրերը պետք է շահագործվեն և պահպանվեն առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների:

բ. Քարե շարվածքով շենքի պատերը պետք է լինեն առանց այնպիսի վնասվածքների (շարվածքի կարանների զանգվածային հողմահարում, միջանցիկ ճաքեր, քարե շարվածքի քայքայում, շերտավորում, կքման առկայություն և շեղումներ ուղղաձիգից), որոնք կարող են բերել խոնավության ներթափանցմանը, պատերից քարերի անկմանը և պատի փլուզմանը:

գ. Երկաթբետոնե և պողպատե կարկասային շենքերի ինքնակրող պատերը պետք է լինեն առանց նորմատիվային թույլատրելի չափերը գերազանցող` խոր բացված նստվածքային ճաքերի, երեսապատման շերտազատման և անկման, մետաղական միջադիր մասերի (կապերի) տեղադրման տեղում ժանգոտ բծերի առկայության:

դ. Խոշորապանելային շենքերի պատերի արտաքին պանելները պետք է լինեն առանց նկատելի շեղումների ուղղաձիգից, միջադիր դետալների պոկման, կցվածքների հերմետիկության խախտումների, արտաքին պանելների խոնավացման, ջրակալման կամ սառցապատման, ինչպես նաև պանելների երեսապատման շերտազատման և անկման:

ե. Շենքերի արտաքին պատերի տարրերի (միջհարկային քիվեր, պատշգամբներ, էրկերներ և այլն) վիճակը պետք է լինի առանց փլուզման վտանգի սպառնալիքի: Միջհարկային քիվերը պետք է ունենան նորմատիվային թեքություն` ջրաթափի համար, ինչպես նաև լինեն առանց վնասվածքների ջրամեկուսացման ծածկերում, ճակատներում և այլ ճակատային ելուստներում: Բարձակների, պատշգամբային հարթակների և էրկերների լծորդումները պատերի հետ պետք է համապատասխանեն նորմերին: Պատշգամբային հատակները պետք է ունենա 3% թեքություն շենքի պատից դեպի ազատ եզրը:

զ. Արտաքին պատերի (ճակատների) վրա փակցված ցուցանակները, համարային նշանները, դրոշակիրները, ինչպես նաև պատշգամբների մետաղական ու քարե կոնստրուկցիաները և տարհանման աստիճանները պետք է հուսալիորեն ամրակցված լինեն քարե շարվածքին:

է. Երեսապատված ճակատներում պետք է ապահովվի պատերի հետ երեսապատման շերտերի միացումների հուսալիությունը: Երեսապատման նյութից, շենքի մակերևույթի վիճակից և շահագործման պայմաններից կախված` որոշակի պարբերականությամբ պետք է իրականացվեն ճակատի մաքրում և լվացում:

4) Միջհարկային ծածկերի (առաստաղներ և հատակներ) համար`

ա. Միջհարկային ծածկերը պետք է լինեն կայուն` առանց մեծ ճկվածքների (թռիչքի 1/400-ի չափով) և 0.3 մմ-ից մեծ լայնությամբ ճաքերի, շերտավորման և ամրանի մակերևույթի մերկացման երևույթների և պետք է զերծ լինեն խոնավացումից:

բ. Հավաքովի ծածկերում պետք է բացառվեն միմյանց նկատմամբ հարակից ծածկի սալերի տեղափոխությունները:

գ. Վերնածածկերում պետք է բացառվեն գերսառեցումները:

5) Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (ՍՇՌՄՀ) համար`

ա. ՍՇՌՄՀ-ի շահագործումը պետք է իրականացվի ծառայության ժամկետին համապատասխան: Ժամկետը լրանալուն պես, պետք է ապահովել դրանց փոխարինումը լիցենզավորված կազմակերպությունների կողմից` խստիվ պահպանելով տեխնիկական պայմանների, երկրաշարժադիմացկուն շինարարության և նախագծման նորմերի պահանջները:

բ. ՍՇՌՄՀ-ով շենքերում յուրաքանչյուր ՍՇՌՄՀ-ի շուրջ պետք է ապահովել նախագծով նախատեսված բացակը:

գ. ՍՇՌՄՀ-ով շենքերում ինժեներական հաղորդակցության համակարգերը պետք է ունենան ճկուն միացումներ, որոնք թույլ են տալիս առանց վնասվածքների հաղորդակցման տարրերի տեղաշարժը:

դ. Շահագործման ընթացքում ՍՇՌՄՀ-ի միջոցով սեյսմամեկուսացված շենքերում պետք է պահպանվեն նորմատիվատեխնիկական պահանջներով և նախագծային լուծումներով նախատեսված պարամետրերը և ջերմաստիճանային ռեժիմը:

ե. ՍՇՌՄՀ-ի մետաղական դետալները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից, և բացառվի սեյսմամեկուսչի տարրերի աղտոտումը ներկով, սվաղով, այլ նյութերով ու դրանց շփումն այլ նյութերի հետ:

6) Նկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի համար`

ա. Նկուղներում, տեխնիկական հարկերում և ձեղնահարկում (այսուհետ` տարածքներ) պետք է ապահովել ինժեներական, համակարգերի և սարքավորումների հասանելիությունն, այդ թվում` սեյսմամեկուսիչներով զինված շենքերի նշված տարածքներում տեղակայված ՍՇՌՄՀ-ներին ազատ մոտեցումը և դրանց յուրաքանչյուրի անխոչընդոտ փոխարինման հնարավորությունը, ինչպես նաև սանիտարական նորմերի համաձայն` դեռատիզացիայի, դեզինսեկցիա և դեզինֆեկցիայի պարբերաբար իրականացումը:

բ. Նկուղներում, տեխնիկական հարկերում և ձեղնահարկերում օդի ջերմաստիճանը պետք է պահպանվի +0 oC աստիճանից ոչ պակաս, իսկ հարաբերական խոնավության մակարդակը` 65 տոկոսից ոչ ավելի, ինչպես նաև պետք է ապահովված լինեն բնական օդափոխությամբ ու ջերմամեկուսացմամբ:

գ. Նկուղներում, տեխնիկական հարկերում և ձեղնահարկում պետք է բացառվեն ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու խողովակաշարերի անօրինական, առանց հաստատված նախագծային փաստաթղթերի փոփոխությունները և շեղումները, ջրամատակարարման և կոյուղու խողովակաշարերի անսարքությունը, կոնդենսատի առաջացումը, արտահոսքերը, դյուրավառ և վառելիքային հեղուկների, հեղուկ գազերի, պայթուցիկ նյութերի պահպանումը, վերամշակումը և օգտագործումը, թափառող կենդանիների (կրծողների, կատուների և շների) ներթափանցումը:

դ. Ձեղնահարկի կրող հեծանային կոնստրուկցիաները (ծպեղներ, թեքահեծաններ, մարդակներ, կավարամած) պետք լինեն առանց ճկվածքների, կանգնակների կայունության կորուստի նախանշանների:

7) Տանիքների և տանիքներից ջրահեռացման սարքավորումների համար`

ա. Տանիքների պարապետները, ճաղաշարային ցանկապատերը, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերը և քիվապատերի մետաղյա ծածկերը պետք է լինեն առանց վնասվածքների:

բ. Տանիքի կրող կոնստրուկցիաները (ծպեղները, թեքահեծանները, մարդակները, կավարամածը) պետք է լինեն առանց ակնհայտ մեծ ճկվածքների և վնասվածքների և ապահովեն շենքի տանիքից ջրի հեռացումը:

գ. Տանիքի կրող փայտե կոնստրուկցիաները պետք է պաշտպանված լինեն հականեխիչ և հակահրդեհային ծածկույթներով:

դ. Տանիքի մետաղական կոնստրուկցիաները, ներդիր դետալները պետք է լինեն հուսալիորեն պաշտպանված հակակոռոզիոն ներկերով և բաղադրանյութերով:

ե. Հարթ տանիքներում պաշտպանիչ, պարփակող երկաթբետոնե պատային սալերը և մյուս տարրերն ու դրանց միացման հանգույցները պետք է լինեն առանց վնասվածքների և համապատասխանեն իրենց նախագծային դիրքերին:

զ. Ներքին ջրահեռացմամբ հարթ տանիքներում ջրամեկուսացման շերտերի վնասումը բացառելու նպատակով պետք է բացառվեն վերնածածկի ձյան մաքրման աշխատանքները:

է. Արտաքին ջրահեռացման համակարգով տանիքներում տանիքածածկը պետք է պարբերաբար մաքրվի ձնից` կուտակված ձյան շերտի հաստությունը չպետք է գերազանցի 30-40 սանտիմետրը:

ը. Տանիքի վրա տեղադրված շանթարգել սարքավորումները, կայմերը և այլ սարքավորումները և տանիքի կոնստրուկցիաների հետ դրանց միացման հանգույցները պետք է լինեն անխափան աշխատանքային վիճակում` առանց վնասելու տանիքի ջրահեռացման շերտերը:

թ. Տանիքածածկը պետք է լինի մաքուր աղբից, ցեխից` անձրևաջրերի և հալոցքային ջրերի հեռացումը չխոչընդոտելու համար և սառցե լեզվակների առաջացումը բացառելու նպատակով:

ժ. Տանիքներից ջրահեռացնող սարքավորումները (ձագարները, ջրհորդան խողովակները, կախովի ջրհոս ճոռերը և այլ ջրհորդան սարքավորումներ) պետք է ապահովեն շենքի տանիքից ջրի հեռացումը, ինչպես նաև պահպանվի ջրհորդան խողովակների նորմատիվային ուղղաձգությունը և հորիզոնական մասերի թեքությունը, նրանց առանձին օղակների միացման խտությունը: Ջրհորդան խողովակների տակ պետք է տեղադրված լինեն ջրահեռացնող վաքեր:

ի. Ջրահեռացնող սարքավորումների փողրակները, ցվիքները, վաքերը և ձագարները պետք է լինեն սարքին և պահվեն մաքուր վիճակում, իսկ ձմռանը` մաքրվեն սառցալեզվակներից և մակասառցաջրից:

29. Վնասվածքները և թերությունները մատնանշող հիմնական արտաքին նշաններն են.

1) Հիմքերի համար`

ա. Հիմքերի շարվածքում ճեղքերը, շարվածքի թեքությունը և խզումները, պատերի ուղղահայաց հարթության նկատմամբ շեղումները:

բ. Հիմքի և նկուղային հարկի պատերի շարվածքի հողմահարումն ու առանձին քարերի դուրս թափվելը:

գ. Հիմքերի խոնավացումը, այդ թվում շենքի գետնախարսխի և սալվածքի միջև ճեղքերի առկայության, ջրամեկուսիչ շերտի, վնասվածության, ջրահեռացման համակարգի խափանումների, գրունտային ջրերի ներթափանցման պատճառով:

2) Սյուների, հեծանների (պարզունակների) համար`

ա. Սյուներում բետոնի վնասվածքները, երկայնական և լայնական ամրանների մակերևույթի մերկացումները, ամրանների մակերևույթի վրա կոռոզիայի հետքերը:

բ. Սյուներում բետոնե պաշտպանիչ շերտի շերտավորումները, ամրանի և բետոնի շաղկապման խախտումները:

գ. Պողպատե սյուներում կոռոզիայի նշանները:

դ. Քարե կանգնակներով (մույթերով) շենքերում` քարերի քայքայումը և/կամ առանձին քարերի ընկնումը, հեծանների և միջնապատերի հենարանների տակ շարվածքի վնասվածքները, քարի մասնատումը, շարվածքի շարքերի կարերի հորիզոնական ուղղությամբ սահքը:

ե. Հավաքովի երկաթբետոնե շենքերում սյուների և պարզունակների միացումների խախտումները, մետաղական ներդիր տարրերի քայքայումները, դրանցում առկա եռքային միացումների վնասվածքները:

զ. Հեծանների և պարզունակների բետոնի մակերևութային վնասվածքները, ակնհայտ խորը և բացվածքի մեծ լայնությամբ ճաքերի, պաշտպանիչ շերտի շերտավորումը, ամրանների մակերևույթի մերկացումը, պողպատե հեծաններում` կոռոզիայի առաջացումը:

է. Փայտե հեծանների խոնավության և նեխման օջախները, փայտանյութի ճեղքումները և ակնհայտ ճկվածքները:

3) Պատերի և դրանց տարրերի համար`

ա. Պատերի երկաթբետոնե տարրերում (հեծաններ, գոտիներ, միջուկներ) բետոնի քայքայումները, ամրանների մակերևույթի մերկացումները, պատերի և երկաթբետոնե տարրերի միջև կապերի խախտումները:

բ. Պատի շարվածքներում ճաքերը, քարաթափումները, վնասվածքները, շարվածքի շաղախի հողմահարումներն ու քայքայումները:

գ. Պատերի (ներքին և արտաքին) ներկվածքի և հարդարման շերտերի վնասվածքներ:

դ. Արտաքին պատերին (ճակատներին) մետաղական տարհանման աստիճանների, բարձակային պատշգամբների կոնստրուկցիաների, ցուցանակների, դրոշակիրների, համարային նշանների ամրակցման տեղամասերում պատի շարվածքների վնասվածքներ:

ե. Երեսապատման, սվաղային, ծեփամածիկային շերտերի թափման, տեղային վնասվածքների ու շերտավորման երևույթների առկայությունը:

զ. Պանելային ճակատներով շենքերում պատային սալերի միացման հանգույցներում ճեղքերի և հերմետիկության խափանումների առկայությունը:

է. Պատշգամբների ամրակցման տեղամասերում առկա ճաքերը և նորմատիվային պահանջները գերազանցող ճկվածքները:

4) Միջհարկային ծածկերի (առաստաղների և հատակների) համար`

ա. Միջհարկային ծածկի սալերում ճոճունության, անթույլատրելի ճկվածքների առկայությունը, նախատեսվածից մեծ բեռնվածքների առկայությունը:

բ. Արտաքին պատերի հարակից տեղամասերում սառեցման հետքերը, ծեփամածիկի շերտավորումը, թերի ձայնամեկուսացումը և ջերմամեկուսացումը:

գ. Հավաքովի հարակից սալերի միջև կարերի տեղամասերում հարթեցնող շերտում ճեղքերի առկայությունը:

դ. Ջերմամեկուսացման, ջրամեկուսացման և ձայնամեկուսացման շերտերի, վերնածածկերի կրող կոնստրուկցիաների հարդարման շերտերի վնասվածքները:

5) Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (ՍՇՌՄՀ) համար`

ա. Վերնակառույցի (սեյսմամեկուսացման համակարգից վերև գտնվող կառուցվածքի մասի) անհավասարաչափ նստվածքների առկայությունը:

բ. ՍՇՌՄՀ-ի մետաղական դետալներում կոռոզիայի առաջացման նախանշանները:

գ. ՍՇՌՄՀ-ի կքվածությունը, ռետինի մակերևույթի վրա ճաքերի առկայությունը:

6) Նկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի համար`

ա. Նկուղների, տեխնիկական հարկերի և ձեղնահարկի քարե, խամքարաբետոնե, բետոնե կամ երկաթբետոնե պատերում` ներքին հարդարման սվաղի կամ ծեփամածիկի շերտավորման երևույթները, շարվածքի շաղախի, բետոնե պաշտպանիչ շերտի քայքայումները:

բ. Նկուղների, տեխնիկական հարկերի և ձեղնահարկի (այդ թվում ծածկերի և պատերի) խոնավացումը:

գ. Նկուղների և տեխնիկական հարկերի մուտքերի հեղեղումները, աղտոտումներն ու դժվարանցանելիությունը:

դ. Ձեղնահարկի կրող հեծանային կոնստրուկցիաների (ծպեղների, թեքահեծանների, մարդակների, կավարամածի) ակնհայտ մեծ ճկվածքները, կանգնակների կայունության կորուստի նախանշանները:

7) Տանիքների և տանիքներից ջրահեռացնող սարքավորումների համար`

ա. Տանիքի պարապետների, ճաղաշարային ցանկապատերի, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերի և քիվապատերի մետաղյա ծածկերի վնասվածքները կամ բացակայությունը:

բ. Տանիքի և ձեղնահարկի կրող հեծանային կոնստրուկցիաների (ծպեղների, թեքահեծանների, մարդակների, կավարամածի) ակնհայտ մեծ ճկվածքները, կանգնակների կայունության կորուստի նախանշանները:

գ. Հարթ տանիքներում պարփակող պատային սալերի հիմնակմախքի հետ միացման հանգույցներում վնասվածքների առկայությունը:

դ. Տանիքի կրող պողպատե կոնստրուկցիաների, ներդիր դետալների պաշտպանիչ շերտերի քայքայումը:

ե. Տանիքներում և ձեղնահարկերում ներքին ջրահեռացման համակարգերի վնասվածքներն ու անթույլատրելի դեֆորմացիաները և տանիքածածկույթից կաթոցների նշանները:

զ. Տանիքի փայտե կոնստրուկցիաների հականեխիչ և հակահրդեհային շերտերի վնասվածքները:

է. Տանիքածածկույթի վրա աղբի առկայությունը, ձմռան ընթացքում ծածկույթի վրա ձյան կուտակումները, մակասառցաշերտերը, սառցալեզվակների առկայությունը:

ը. Ջրհորդան խողովակների նորմատիվային ուղղաձգության և հորիզոնական մասերի թեքության խախտումները:

թ. Ջրահեռացնող համակարգերից անձրևաջրերի և հալոցքային ջրերի արտահոսքերի առկայությունը:

ժ. Ջրահեռացնող սարքավորումներում աղբի, ձյան կուտակումների և սառույցի հաստ շերտերի առկայությունը:

30. Շահագործման, պահպանման և արդիականացման կանոններ (այդ թվում վնասվածքների և թերությունների վերացման միջոցով)

1) Հիմքերի համար`

ա. 29-րդ կետի 1-ին ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում հիմքերի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության միջոցով:

բ. 29-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության մեջ նշված` հիմքերում խոնավացման նշաններ բացահայտելու դեպքում շենքի գետնախարիսխներում օդանցքների բացում, հիմքերի խոնավացման պատճառների վերացմանն ուղղված նորոգում, ինչպես նաև սալվածքի մակերևույթի (ներառյալ խորդուբորդությունների վերացման ու հետադարձ թեքությունների կարգավորման) պատշաճ հարթեցում, սալվածքի ու շենքի պատերի միջև ճեղքերի փակում:

2) Սյուների, հեծանների (պարզունակների) համար`

ա. 29-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում սյուների և հեծանների (պարզունակների) տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության միջոցով:

բ. Պողպատե սյուներով և հեծաններով (պարզունակներով) շենքերում սյուների և հեծանների պաշտպանվածության վերականգնում` հակակոռոզիոն նյութերով:

3) Պատերի և դրանց տարրերի համար`

ա. 29-րդ կետի 3-րդ ենթակետի «ա», «բ», «գ» և «է» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պատերի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության միջոցով:

բ. 29-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված վնասվածքների բացահայտման դեպքում մետաղական տարհանման աստիճանների, բարձակային պատշգամբների կոնստրուկցիաների, դրոշակիրների, ցուցանակների և համարային նշանների ամրակցումների և այդ տեղամասերում վնասված քարերի վերականգնում:

գ. Պատշգամբներում լուրջ վնասվածքների, դեֆորմացիաների հայտնաբերման դեպքում դրանց մուտքի փակում և կապարակնքում, դրանց վերականգնման աշխատանքների իրականացում:

4) Միջհարկային ծածկերի (առաստաղների և հատակների) համար`

ա. 29-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում միջհարկային ծածկերի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության միջոցով:

բ. Միջհարկային ծածկի սալերի վրա նորմատիվ արժեքը գերազանցող բեռնվածքների առկայության դեպքում դրանց վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկում:

գ. 29-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված վնասվածքի բացահայտման դեպքում ջերմամեկուսիչ շերտերի հաստությունների ստուգում, հաշվարկայինից փոքր լինելու դեպքում` հաշվարկային հաստության ապահովում:

5) Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (ՍՇՌՄՀ) համար`

ա. 29-րդ կետի 5-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում ՍՇՌՄՀ-ի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության կողմից:

6) Նկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի համար`

ա. 29-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում` նկուղային և կիսանկուղային հարկերում տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության միջոցով:

բ. 29-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված խոնավացման նշանների բացահայտման դեպքում ջրամատակարարման և կոյուղու խողովակաշարերի սարքինության ստուգում, պատճառների չհայտնաբերման դեպքում` սալվածքի վիճակի ստուգում, վերնահարկում գտնվող տեխնիկական հարկերի դեպքում` տանիքածածկույթից անձրևաջրերի արտահոսքերի ստուգում:

գ. 29-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված վնասվածքները բացահայտելու դեպքում դրանց վերացման աշխատանքների իրականացում:

7) Տանիքների և տանիքներից ջրահեռացնող սարքավորումների համար`

ա. 29-րդ կետի 7-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում տանիքի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում` լիցենզավորված կազմակերպության կողմից:

բ. Տանիքի պարապետների, ճաղաշարային ցանկապատերի, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերի և քիվապատերի մետաղյա ծածկերի վերականգնում (ամրացում կամ փոխարինում):

գ. Տանիքածածկի, քիվերի, պարապետների, հովհարների մաքրում աղբից և աղտոտվածությունից, ձնից, մերկասառցաշերտերից և սառցալեզվակներից:

դ. Տանիքի կրող փայտե կոնստրուկցիաների մշակում հականեխիչ և հակահրդեհային նյութերով:

ե. Տանիքի պողպատե կոնստրուկցիաների պաշտպանում հակակոռոզիոն նյութերով, դրանց վնասված միացման հանգույցների վերականգնում:

զ. Տանիքածածկույթից ջրի կաթոցների վերացում:

է. Ջրհորդանների, կախովի ջրհոս ճոռերի, ձագարների վերականգնում (ամրացում կամ փոխարինում):

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

____________

ԻՐՏԵԿ - սույն հրամանի հավելվածի վերնագրերի հերթական համարակալման մեջ առկա է սխալ. բացակայում է 5-րդ կետը:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
31.01.2022
N 02-Ն
Հրաման