ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2022 թվականի N 282-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«բ) բնակավայրերում` միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների կառուցապատման առաջին գծի (գոյություն ունեցող կառուցապատման գծի) օբյեկտների կառուցման համար տրամադրված (տրամադրվող) հողամասերի, բայց ոչ պակաս, քան ավտոմոբիլային ճանապարհներին հարող կարմիր գծից 50 մետրի չափով:».
i
2) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ կետերով`
«4.1. Բնակավայրերի ներսում նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառնական նշանակության փոփոխությունն իրականացնել հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված կարգով, իսկ դրա բացակայության դեպքում` գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան:
4.2. Կառուցապատման առաջարկության համաձայնեցման նպատակով համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացվում է փաստաթղթային փաթեթ, որում ներառվում են`
1) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծի հիմնական գծագրի վրա 1:10000 կամ 1:5000 մասշտաբով,
2) իրավիճակային հատակագիծը 1:500 կամ 1:1000 մասշտաբով և Գուգլ մափ (Google map) հավելվածով` նշելով.
հողամասը, նախատեսվող օբյեկտի տեղադիրքը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի և շինությունների միջև հեռավորությունները նախատեսվող օբյեկտից, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները,
3) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու և հողամասին առնչվող օրենքով սահմանված այլ սահմանափակումների մասին տեղեկանքը,
4) համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության, գլխավոր հատակագծով նախատեսված հեռանկարային զարգացման համապատասխան գոտիների սահմաններում համարժեք հողամասի տրամադրման անհնարինության պատճառների և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը,
5) օբյեկտի նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագիծը,
6) անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականը (առկայության դեպքում),
7) տեղեկատվություն գլխավոր հատակագծով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների մասին (առկայության դեպքում):».
3) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«8. Սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները և կառուցապատման գործառույթները համայնքի կողմից` համապատասխան մարզպետարանի (Երևան քաղաքի վարչական տարածքում` Երևանի քաղաքապետարանի) միջոցով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ:
Օրենքով սահմանված դեպքերում` քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ համաձայնեցվում են պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 10
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 10 մարտի 2022 թվական: