Սեղմել Esc փակելու համար:
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 2022 թվականի N 291-Լ

 

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-162-10.02.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մարտի

Երևան

 

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-162-10.02.2022-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել` 68000 դրամից դարձնելով 80 000 դրամ և ըստ այդմ սահմանել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր:

Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը հայտնում է, որ.

1. ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն` կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ: Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է` հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Այս կապակցությամբ յուրաքանչյուր տարի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման արդյունքներով նվազագույն աշխատավարձի բարձրացման համապատասխան հնարավորության առկայության պարագայում` նախատեսվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Այլ կերպ ասած, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով` որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր:

2. Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ դրանում բացակայում են տնտեսական հիմնարարների տեսանկյունից վերլուծությունները, ինչպես նաև բացահայտված չեն նվազագույն ամսական աշխատավարձի աճի կարճաժամկետ և երկարաժամկետ մակրոտնտեսական ազդեցությունները և ռիսկերը: Մասնավորապես, ներկայացված չէ առաջարկվող փոփոխության ազդեցությունը զբաղվածության, ստվերային տնտեսության, աշխատանքի արտադրողականության և ներուժային ՀՆԱ-ի վրա:

Օրինակ, նվազագույն ամսական աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի ու զբաղվածության մակարդակի նվազման, ձևավորել գնաճային ճնշումներ և հարկաբյուջետային ռիսկեր: Այս համատեքստում նկատի ունենք, որ նվազագույն աշխատավարձի այսչափ բարձրացումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ գործատուները անվանական աշխատավարձերը չբարձրացնելու նպատակով կամ կնվազեցնեն աշխատողների աշխատաժամանակը, կամ որ ավելի խնդրահարույց է` կազատեն աշխատանքից, սակայն, որոշ դեպքերում շարունակելով աշխատանքային հարաբերությունները պահպանել ոչ ֆորմալ ձևով: Այս իրավիճակը կհանգեցնի նաև բյուջետային մուտքերի նվազման, ինչն էլ ինքնին, ինչպես գիտենք, հանգեցնելու է պետական ծախսերի, այդ թվում` սոցիալական ոլորտում իրականացվող, նվազման և սոցիալական լարվածության մեծացման:

3. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:

2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը չի փոփոխվել, և ներկայում այն կազմում է նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 74 տոկոսը: Բազային աշխատավարձի և նվազագույն աշխատավարձի չափերի` Օրենքով սահմանված հարաբերակցությունը չխախտելու նպատակով 2020 թվականից Օրենքի 5-րդ հոդվածում կատարվում են ժամանակավոր լրացումներ` նախատեսելով բազային աշխատավարձի և նվազագույն աշխատավարձի այլ հարաբերակցություն: Միաժամանակ, համապատասխան օրենքների անցումային դրույթներով պետական մի խումբ ծառայողների համար սահմանվում են նվազագույն աշխատավարձին հավասար հիմնական աշխատավարձ ստանալու վերաբերյալ երաշխիքներ:

Սակայն նվազագույն աշխատավարձի չափի նոր բարձրացումը անհրաժեշտաբար կբերի նաև բազային աշխատավարձի բարձրացման: Մասնավորապես, նվազագույն ամսական աշխատավարձը 80.000 դրամ սահմանելու պարագայում բազային աշխատավարձը պետք է բարձրացնել առնվազն 29.9 տոկոսով, որպեսզի ապահովվի Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` բազային աշխատավարձ/նվազագույն աշխատավարձ 80 տոկոս հարաբերակցությունը: Հակառակ դեպքում, պետական ծառայողների, ինչպես նաև հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող մի խումբ աշխատողներ նվազագույն աշխատավարձի չափից ցածր աշխատավարձ կստանան, իսկ միայն այդ խմբի ծառայողների հիմնական աշխատավարձի բարձրացման դեպքում Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովման սկզբունքը կխախտվի ավելի մեծ շրջանակի պետական ծառայողների տեսանկյունից:

Պետական մարմիններում աշխատավարձի բարձրացման վերը նշված խնդրին զուգահեռ անհրաժեշտ է հաշվի առնել, որ նույնաբովանդակ խնդիր է առաջանում նաև պետական այն հիմնարկներում (ՊՈԱԿ), որտեղ նվազագույն աշխատավարձի բարձրացումը ազդեցություն է ունեցել միայն նվազագույնից ցածր աշխատավարձ ստացողների վրա. այս սեգմենտում ևս պաշտոնների հիերարխիկ բուրգի ստորին հատվածում աշխատավարձի գործակիցները խտացվել են, որը դարձյալ բերել է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, բարդությունից կախված աշխատավարձի տարբերակման սկզբունքի խախտման:

4. Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ Վերանայված սոցիալական խարտիայի նախադեպային վերլուծությունների ամփոփագրում նվազագույն և միջին աշխատավարձերի հարաբերակցության ցանկալի նպատակը սահմանված է անվանական աշխատավարձի 60%, ընդունելի նպատակը` 50% և նվազագույն մակարդակը` 40%: 2021 թվականի հունվար-դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 204,048 դրամ, որի 40%-ը կազմում է 82,000 դրամ: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ 2021 թվականին նվազագույն և միջին ամսական անվանական աշխատավարձերի հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում կազմել է շուրջ 46% (93,000/204,000), ինչը գերազանցում է վերոնշյալ 40% ցուցանիշը: Ընդ որում` պետք է նշել, որ այն համադրելի է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) անդամ երկրների շրջանում նշված ցուցանիշի միջին մակարդակի հետ և նույնիսկ գերազանցում է որոշ ՏՀԶԿ անդամ երկրների համապատասխան ցուցանիշի մակարդակները(1):

___________________

1) OECD database, https://stats.oecd.org/Index.aspx?DataSetCode=MIN2AVE

 

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը համաչափ բաշխված չէ իր միջին մակարդակի շուրջը: Այսպես, վարձու աշխատողների շուրջ 50%-ը ստանում է մինչև 110,000 դրամ աշխատավարձ, ինչով պայմանավորված` մեդիան աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից: Ուստի կարծում ենք, որ նախ նպատակահարմար է գնահատել նվազագույն ամսական աշխատավարձի և աշխատավարձի մեդիանի տնտեսապես հիմնավորված հարաբերակցության չափը Հայաստանի Հանրապետությունում: Հակառակ դեպքում առաջարկվող քաղաքականությունը կարող է խեղաթյուրել մակրոտնտեսական համամասնությունները (հավասարակշռությունը աշխատանքի շուկայում)` բացասաբար ազդելով աշխատանքի շուկայի ցուցանիշների վրա` զսպելով տնտեսական աճը, ինչպես նաև առաջացնելով գնաճային ճնշումներ: Այստեղ ևս նշենք, որ 2021 թվականի նվազագույն ամսական աշխատավարձի և աշխատավարձի մեդիանի հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում բարձր է և կազմում է շուրջ 87%(2)` էապես գերազանցելով ՏՀԶԿ երկրների միջինում շուրջ 53% ցուցանիշը:

_____________________

2) Չհարկված նվազագույն աշխատավարձը կազմում է շուրջ 93 հազար դրամ, իսկ մեդիան աշխատավարձը գնահատվել է ՀՀ ՊԵԿ տվյալների հիման վրա և կազմում է շուրջ 108 հազար դրամ:

 

Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունում բարձր է ստվերային զբաղվածության մակարդակը (2020 թվականի ընդհանուր զբաղվածության շուրջ 36%), հետևաբար տնտեսական հնարավորությունների շրջանակից դուրս նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը կարող է հանգեցնել ֆորմալ զբաղվածության կրճատմանը:

5. Կարող է թվալ, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում պետական բյուջեի եկամտային հարկից մուտքերը կավելանան, սակայն այդպիսի պնդումը միանշանակ չէ, քանի որ այս փոփոխությունը միաժամանակ կարող է հանգեցնել նաև ոչ ֆորմալ զբաղվածության կամ գործազրկության մակարդակի բարձրացմանը: Որպես ասվածի հիմնավորում` նշենք այն հանգամանքը, որ ավելի քան 300,000 աշխատող ներկայումս ստանում է 110,000-ը չգերազանցող հաշվարկային աշխատավարձ, ուստի բարձր է այն ռիսկը, որ մասնավոր հատվածում ցածր վճարվող աշխատատեղերի զգալի մասը կկրճատվի, ինչն էլ իր հերթին կբերի պետական բյուջեի եկամտային հարկի նվազման: Հնարավոր է նաև, որ այդ նվազումը իր մեծությամբ համարժեք լինի այն ավելացմանը, որը կարձանագրվի նվազագույնի բարձրացման արդյունքում ավելի շատ աշխատավարձ ստացողների (պահպանված աշխատատեղերի) գծով:

6. Միաժամանակ հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անձի ամսական համախառն եկամտի` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ) կամ տարեկան համախառն եկամտի` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում): Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների` նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում են հարկային մարմինը և ՀՀ կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով:

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում փոփոխությունն ուժի մեջ մտնելու պահից կպահանջվի առնվազն վեցամսյա ժամանակահատված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում սոցիալական վճարների ծրագրային ապահովման աշխատանքները կատարելու համար:

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով: Ուստի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հաշվի առնելով վերը նշված նկատառումները` առաջարկում ենք նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածները թողնել անփոփոխ:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.2022
N 291-Լ
Որոշում