ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2022 թվականի N 323-Ն
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և 466-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասի «ժբ» կետը, 23-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (այդ թվում` նվիրաբերություն, փոխանակում), օգտագործման տրամադրման (վարձակալություն, անհատույց), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքում սուբյեկտների կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարի) կատարման ժամկետները 2020 թվականի կտրվածքով համընկնման դեպքում` վերջիններիս կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարների) կատարման ժամկետները երկարաձգել մեկ տարով:
2. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, որոշման առաջին կետի պահանջի համաձայն, սուբյեկտների կողմից դիմումների առկայության դեպքում երկամսյա ժամկետում իրականացնել վերջիններիս հետ կնքված պայմանագրերում սույն որոշման 1-ին կետից բխող համաձայնագրերի կնքում` դրանցում սահմանելով, որ համաձայնագրերի կնքման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման համապատասխան սուբյեկտների միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի 17
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 17 մարտի 2022 թվական: