| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2022 թվականի N 335-Լ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-170-22.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մարտի
Երևան
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-170-22.02.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում կատարել լրացում, որի արդյունքում կարգավորումը կունենա հետևյալ բովանդակությունը.
Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`
Միակ այն բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը չի կարող պակաս լինել 20 միլիոն դրամից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին:
Որպես առաջարկվող կարգավորման հիմնավորում, ի թիվս այլնի, նշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 808-Ն որոշմամբ միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն գումարի չափը` անհրաժեշտ չափից չափազանց նվազ լինելը: Մինչդեռ, հիմնավորմամբ որևէ եղանակով չի սահմանվում կամ չի բացահայտվում «անհրաժեշտ չափ» հասկացությունը: Այսինքն, պարզ չէ, թե որն է անհրաժեշտ չափը, և ինչ չափով է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարի չափը նվազ դրանից: Հիմնավորված չէ նաև նվազագույն գումարի չափի` 20.000.000 դրամի ընտրությունը, ներկայացված չեն այդ գումարի հաշվարկման հիմքերն ու չափանիշները: Բացի դրանից, միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը 20.000.000 դրամ սահմանելը կարող է հանգեցնել մի շարք կատարողական վարույթներով դրամական բավարարումների ապահովման նվազմանը, որն էլ կառաջացնի լրացուցիչ խնդիրներ հարկադիր կատարման գործընթացում: Բռնագանձման ոչ ենթակա անշարժ գույքերի քանակը նախագծի ընդունման դեպքում աճելու է, ինչն էլ կբերի կատարողական վարույթներով թերակատարումների և պահանջատերերի իրավունքների վտանգման:
Հարկ է նշել, որ պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափ սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 808-Ն որոշմամբ սահմանված նվազագույն չափը որոշելու համար հիմք է ընդունվել երկու չափանիշ` բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի շուկայական միջինացված գինը: Տվյալ նախագծով չեն ներկայացվել հիմնավորումներ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում` ըստ տարածաշրջանների, անշարժ գույքի շուկայական միջինացված գնի, անշարժ գույքի արժեքի փոփոխությունների, միաժամանակ 4.900.000 դրամի սահմաններում նվազագույն մակերեսով բնակարան ձեռք բերելու աննպատակահարմարության և անհնարինության վերաբերյալ:
Որպես օրենսդրական փոփոխության հիմնավորում` նշվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի նվազագույն չափը կամայականությունների արդյունքում փոփոխելու` նվազեցնելու հնարավորությունը: Մինչդեռ, կարգավորման ենթաօրենսդրական բնույթ ունենալը չի կարող հիմք հանդիսանալ նորմատիվ իրավական ակտը կամայականությունների արդյունքում փոփոխելու համար, քանի որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա և ուղղված են դրանց իրականացումն ապահովելուն:
Բացի դրանից, շուկայական հարաբերություններն անընդհատ զարգացող հարաբերություններ են, և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նվազագույն չափի սահմանումը հնարավորություն է տալիս վիճակագրական տվյալների փոփոխության դեպքում, առանց օրենսդիր մարմնին ավելորդ ծանրաբեռնելու, իրականացնել դրա` գործող դրությանը համապատասխանեցումը:
Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ օրենսդիրը հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ստեղծելու նպատակով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2016 թվականին կատարեց համապատասխան լրացում` պարտապանի միակ բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա բռնագանձում չտարածելուն, եթե այն պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Դրանով իսկ օրենսդիրը նպատակ է հետապնդել մի կողմից ապահովելու պարտատիրոջը գույքը (նրա լեգիտիմ ակնկալիքը ստանալու իր գույքը) պարտապանի բնակարանի վրա բռնագանձում տարածելու միջոցով, մյուս կողմից` պարտապանի և նրա ընտանիքի անդամների բնակապահովման իրավունքը: Այնինչ, առաջարկվող կարգավորման արդյունքում խախտվում է պարտապանների և պարտատերերի շահերի հավասարակշռությունը, պարտատերերի պահանջները ստորադասվում են պարտապանների շահերի նկատմամբ:
2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր` 9-րդ կետով, համաձայն որի բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող`
Միակ այն բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում` ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր և վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ:
Որպես նշված առաջարկի հիմնավորում` նշվում է, որ «կարգավորման նպատակը, inter alia, բազմազավակ ընտանիքների համար սոցիալական կայունության յուրահատուկ երաշխիքի ապահովումն է, որի պարագայում կբացառվի նրանց անօթևան մնալը»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշման 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն «բազմազավակ ընտանիքը» 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքն է: Այսինքն, պրակտիկայում «բազմազավակ ընտանիք» հասկացությունը վերաբերում է 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին, մինչդեռ նախագծում առաջարկվում է բռնագանձում չտարածել քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանի կամ բաժնի վրա, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում` ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր և վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ:
Այս մասով առաջանում է որոշակի հակասություն, քանի որ նախագծի հիմնավորումը բազմազավակ ընտանիքների համար սոցիալական կայունության ապահովումն է:
Միևնույն ժամանակ, նախագծով իրականացվող լրացումներն ուղիղ հակասության մեջ են մտնում նաև գործող իրավակարգավորումների, մասնավորապես, օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, համաձայն որի գրավով ապահովված պարտավորություններն առաջնային են և չեն կարող ստորադասվել:
Հարկ ենք համարում հայտնել, որ օրենսդիրը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գործող այլ կարգավորումները, մասնավորապես, գրավի ինստիտուտը, ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման ինստիտուտները, բացառություն է նախատեսել առ այն, որ, եթե միակ բնակարանը հանդիսանում է գրավի առարկա կամ դրա վաճառքը պայմանավորված է ալիմենտ վճարելու, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը, ապա այն կարող է իրացվել` առանց որևէ հատուցում տրամադրելու:
Հարկ է նկատի ունենալ, որ առաջարկվող կարգավորումը հակասում է նաև օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված կարգավորմանը և դրա նպատակին: Մասնավորապես, արդեն իսկ նշվեց, որ պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափը որոշելու համար հիմք է ընդունվել բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի շուկայական միջինացված գինը: Նշված կարգավորման նպատակն է պարտապանին ապահովել նվազագույն մակերեսի բնակարանով, իսկ առաջարկվող կարգավորմամբ միակ բնակարանի համար նվազագույն գումարի շեմ չնախատեսելը տեսականորեն կարող է առաջ բերել բավականին թանկարժեք գույքի բռնագանձման անհնարինության` պայմանավորված այն հանգամանքով, որ այն պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, և, որ պարտապանի խնամքին են գտնվում երկուսից ավելի երեխաներ: Նման կարգավորումը անհամաչափորեն կխախտի հանրային և մասնավոր շահերի հավասարակշռությունը, քանի որ պահանջատիրոջ տեսանկյունից դիտարկելու դեպքում հարկադիր կատարողը չի բռնագանձելու թանկարժեք գույք հանդիսացող միակ բնակարանը, հետևաբար, պահանջատիրոջ պահանջները կմնան անկատար: Այս կապակցությամբ գտնում ենք` խնամքին գտնվող երեխաների հանգամանքն անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում նկատի ունենալ և հաշվի առնել անձին միակ օթևանից զրկելու դեպքում, սակայն նախագծով առաջարկվող տարբերակը միաժամանակ հնարավորություն է տալիս շրջանցել հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջները և անհարկի ընդլայնում այն դեպքերի շրջանակը, երբ միակ բնակարանի վրա բռնագանձում չի տարածվում, հետևաբար գտնում ենք, որ միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու նոր հիմքի ավելացումը նպատակահարմար չէ:
Բացի դրանից, անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ գնահատված չէ նախագծի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսավարկային շուկայի վրա այն տեսանկյունից, թե որքանով բանկերը և վարկային կազմակերպությունները կշարունակեն տրամադրել միակ բնակարանի գրավադրմամբ սպառողական կամ հիփոթեքային վարկեր: Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը տարբեր նպատակներով վարկեր են տրամադրում ֆիզիկական անձանց և ընդունում դրանց դիմաց անշարժ գույք, այդ թվում` բնակարան: Բնակարանի գրավադրմամբ տրվող վարկերի հիմնական մասը տրամադրվում է հենց այդ բնակարանի ձեռքբերման կամ այդ բնակարանի պայմանների բարելավման համար: Եվ այդպիսի բնակարանի գրավներ ընդունելու անուղղակի արգելքը կնշանակի այդպիսի բնակարանների ձեռքբերման կամ այդպիսի բնակարանների պայմանների բարելավման արգելք, որը չի բխում հենց անչափահասների շահերից և իրավունքների պաշտպանության նպատակներից: Պետության կողմից ևս բազմաթիվ ծրագրեր են իրականացվում խթանելու երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար, որն իրականացվում է ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից և նման կարգավորում նախատեսելը հղի է շատ ծանր հետևանքներով, որի հիմնական մասը կազմելու է ֆինանսական համակարգը և դրա կայունությունը:
Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ փոփոխությունը կհանգեցնի վարկավորման ծավալների կտրուկ անկմանը, ինչը բացասաբար կազդի Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա:
Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: