ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2022 թվականի N 486-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի
(Պ-205-22.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի
Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
(Պ-205-22.03.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետև` նախագիծ) նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնման կարգը նախատեսող` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 14-րդ հոդվածում` հիշյալ ընթացակարգը պարզեցնելու նպատակով նախատեսելով քաղաքացիության վերականգնման հիմքերի, այդ հարցը լուծող սուբյեկտների և ժամկետների վերաբերյալ նոր կարգավորումներ: Մասնավորապես` նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու կամ քաղաքացիության վերականգնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելու լիազորությունը վերապահել` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում` օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին` ԱԱԾ-ի կողմից տրամադրված դրական եզրակացության հիման վրա:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման նպատակը նախկինում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց ՀՀ քաղաքացիության վերականգնման ընթացակարգի պարզեցումն է: Բացի այդ` հիմնավորմամբ նշվում է նաև, որ Սահմանադրության 134-րդ հոդվածով սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը օրենքով կարգավորելու հնարավորություն:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն իր դիմումի համաձայն կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված հիմքերը, և եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով: Օրենքի սույն հոդվածի վերլուծության արդյունքում հարկ է նշել, որ օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձին տվել է քաղաքացիություն ստանալու համար կրկին դիմելու իրավունք, ինչն էլ ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու համար քաղաքացին պետք է դիմի քաղաքացիություն ստանալու համար և անցնի նույն ընթացակարգով: Նշված տրամաբանությունն ինքնանպատակ չէ և կոչված է ապահովելու ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն և լուծում` իրավասու մարմիններից ստացված ամփոփ եզրակացությունների հաստատման միջոցով:
Հարկ է նշել, որ Սահմանադրության 134-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով:
Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Սահմանադրության 134-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով, սակայն Սահմանադրության հիշյալ հոդվածով ամրագրված է, որ հիշյալ հարցերի լուծումը Հայաստանի Հանրապետության նախագահի բացառիկ սահմանադրական լիազորությունն է, որը սահմանված է նաև օրենքի 26-րդ հոդվածով:
Օրենքի 27-րդ հոդվածի 1-4-րդ մասերով հստակ սահմանված են քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ներկայացման և դրանց հետագա քննարկման ընթացակարգը:
Օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը (այսուհետ` կարգ) սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-րդ N 1390-Ն որոշմամբ:
Վերոգրյալից պարզ է դառնում, որ օրենքի 27-րդ հոդվածի կիրարկման նպատակով ընդունվել և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշումը, որով սահմանված է հիշյալ դիմումի քննարկման ընթացակարգը, որը կոչված է ապահովելու օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ սահմանված մերժման հիմքերի առկայության կամ բացակայության հարցի ողջամիտ լուծում` համապատասխան լիազոր մարմինների կողմից եզրակացությունների տրամադրման և դրանց լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության միջոցով:
Վերոշարադրյալի հաշվառմամբ` հայտնում ենք հետևյալը:
1. Օրենքի նախագծի ընդունումը խնդրահարույց է հեղինակի ներկայացրած` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 14-րդ հոդվածի մեկնաբանման տեսանկյունից:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու (այդ թվում` վերականգնելու) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը ենթակա են լուծման ՀՀ նախագահի կողմից և հանդիսանում են նրա բացառիկ սահմանադրական լիազորությունը, ուստի հարկ է նշել, որ քաղաքացիության շնորհման դեպքերի և ընթացակարգի ցանկացած փոփոխության պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով:
3. Գործող օրենքի 27-րդ հոդվածով և կարգով սահմանված կարգավորումները ինքնանպատակ չեն և կոչված են ապահովելու ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն և լուծում` իրավասու մարմիններից ստացված ամփոփ եզրակացությունների հաստատման միջոցով:
4. ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ որոշման ընդունումը, միայն ԱԱԾ-ի կողմից տրված դրական եզրակացությամբ պայմանավորելը խնդրահարույց է, և տվյալ պարագայում ամբողջությամբ չի ապահովվի օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման տարբեր հիմքերի առանձնակի պարզաբանումը: Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով քաղաքացիությունը դադարեցնելը, անկախ Ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունից, արդեն իսկ բավարար է ՀՀ քաղաքացիությունը վերականգնելը մերժելու համար, քանի որ այն նախկինում ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա:
5. Բացի այդ` նախագծով առաջարկվում է սահմանել դիմումի վերականգնման հստակ ժամկետ, այն է` դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, մինչդեռ հարկ է նշել, որ կարգի դրույթներով սահմանված են եզրակացությունների տրամադրման ժամկետներ` օրենքով սահմանված առանձին փաստերի ստուգման համար, իսկ կարգի 21-րդ կետով նաև նախատեսված է կարգավորում, համաձայն որի` լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքերում Ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով:
Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծով նախատեսվող` քաղաքացիության վերականգնման իրականացման համար դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո 1-ամսյա ժամկետի սահմանումը ողջամիտ չէ, քանի որ տարաբնույթ իրավիճակներով պայմանավորված` հնարավոր են դեպքեր, երբ եզրակացությունների քննարկման և ամփոփ եզրակացության տրամադրման համար լիազոր մարմիններից պահանջվի ավելի երկար ողջամիտ ժամկետ: Մասնավորապես` նախագծով սահմանվում են 5-օրյա ժամկետներ` համապատասխանաբար քաղաքացիությունը վերականգնելու դիմումը Ազգային անվտանգության ծառայություն ուղարկելու և Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունը ստանալուց հետո որոշում կայացնելու համար, ինչը պրակտիկայում հնարավոր չէ ապահովել: Հարկ է նշել, որ միայն անձի դիմումը բավարար չէ վարույթի նյութերն ամբողջական համարելու համար, քանի որ ինչպես արդեն նշվեց, դիմումի քննարկման ընթացքում կարող է առաջանալ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու, ստուգումներ կատարելու անհրաժեշտություն, ուստի նշված ժամկետը ևս պետք է վերանայվի, ինչպես նաև հաշվարկվի աշխատանքային օրերով:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ բարձրացված խնդիրների համատեքստում` անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):