ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2022 թվականի N 951-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 5-րդ կետի հիման վրա կատարվող գնումների գործընթացի առանձնահատկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 23-ի
N 951-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների (այսուհետ` ՀՀ ԶՈՒ կարիքներ) համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների (այսուհետ նաև` ռազմական նշանակության գնումներ կամ ՌՆԳ) իրականացման գործընթացի առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները:
2. Սույն ընթացակարգով իրականացվում են թե՛ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում (այսուհետ նաև` ծրագիր) ներառված, և թե՛ ծրագրում չներառված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 5-րդ կետի հիման վրա կատարվող գնումների գործընթացները:
3. Ռազմական նշանակության գնումների գործընթացը կարգավորվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, համապատասխան միջազգային պայմանագրերով, սույն ընթացակարգով:
2. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. ՀՀ ԶՈՒ կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (այսուհետ` նախարար) համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի (այսուհետ` ԳՇ պետ) կողմից ներկայացված գրավոր առաջարկությամբ, որը պետք է ներառի`
1) տվյալ գնման կարիքի նկարագրերը, որոնք պետք է սպառիչ և բավարար ճշտությամբ պարզաբանեն, թե կոնկրետ ինչ խնդիր է պլանավորվում լուծել այդ միջոցի ձեռքբերմամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել պլանավորված և փաստացի արդյունքները, զինված ուժերում գնման առարկա հանդիսացող սպառազինության և ռազմական տեխնիկայի առկա քանակները (եթե առկա են), դրանց վիճակը, դրանց ավելացման անհրաժեշտությունը: Ընդ որում` գնման կարիքը պետք է ուղղակի բխի զինված ուժերի մարտական կիրառման պլաններից.
2) սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցի գնման (աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման) նախընտրելի ժամանակացույցը` նշելով, թե երբ պետք է գնման առարկան հանձնվի պատվիրատուին, նախնական մոտավոր արժեքը, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր աղբյուրը և վճարման ժամանակացույցը, կամ տեղեկատվություն` ֆինանսավորման հնարավոր աղբյուրի բացակայության մասին.
3) համեմատական վերլուծություն և հավաստում առ այն, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավոր այլ միջոցների համեմատ` տվյալ միջոցն առավել տնտեսող, արդյունավետ և օգտավետ է.
4) այլ տեղեկություններ` ԳՇ պետի հայեցողությամբ:
5. Եթե որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ներկայացվել է ՌՆԳ-ի հետ կապված առևտրային առաջարկ, ապա այն ենթակա է քննարկման 20 աշխատանքային օրվա ընթացքում` հետևյալ պայմանների առկայության դեպքում.
1) առաջարկի վերաբերյալ առկա է ԳՇ պետի գրավոր համաձայնությունը` սույն ընթացակարգի 4-րդ կետում նախատեսված տեղեկատվությամբ հանդերձ.
2) ներկայացնողն ունի»Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման կամ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության գործող լիցենզիա, կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ` տվյալ սպառազինության և ռազմական տեխնիկայի անմիջական արտադրողը և հանդես չի գալիս որպես միջնորդ: Սույն ենթակետի պահանջները չապահովելու դեպքում առաջարկը, այն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, մերժվում է.
3) տվյալ արտադրանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան ծրագիր-մեթոդիկաների համաձայն` անցել է պետական փորձարկումներ և տրվել է դրական եզրակացություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ արտադրողի կողմից առաջարկ ներկայացվելու դեպքում, իսկ ոչ ռեզիդենտի պարագայում` արտադրող երկրի սերտիֆիկատը` պետական փորձարկումներ անցած լինելու մասին:
3. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ
6. ՌՆԳ-ի գործընթացի մեկնարկն սկսվում է նախարարին ուղղված` ԳՇ պետի գրավոր առաջարկությամբ` նշելով գնումը կատարելու հիմքը և անհրաժեշտությունը: Դրական որոշման դեպքում` առաջարկը նախարարի համապատասխան մակագրությամբ հասցեագրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում պատվիրատուի ղեկավարին (այսուհետ` պատվիրատուի ղեկավար)` որպես առաջին հասցեատեր, և ԳՇ պետին` որպես երկրորդ հասցեատեր` ի գիտություն: Բացասական կամ առաջարկը լրամշակելու, կամ պարզաբանելու կամ այլ որոշման դեպքում` առաջարկին ընթացք է տրվում` ըստ նախարարի ցուցումի:
7. ՌՆԳ-ի գործընթաց մեկնարկելու դրական որոշման դեպքում պատվիրատուի ղեկավարը հանձնարարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանմանը (այսուհետ` իրավասու ստորաբաժանում) ընթացք տալ առաջարկությանը` հետևյալ կարգով.
1) եթե գնման ֆինանսավորման աղբյուրը բացակայում է, ապա իրավասու ստորաբաժանումը, ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ, ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալ և (կամ) հաջորդ տարիների բյուջեների միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին, այդ թվում` տարաժամկետ վճարմամբ գնման ֆինանսավորման հնարավորությունը, և տասն աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարի միջոցով նախարարին է ներկայացնում գրավոր կարծիք: Ընդ որում, եթե ֆինանսավորման հնարավոր աղբյուրը`
ա. չի բացահայտվում և առկա չէ հաջորդ տարիների բյուջեների միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին, այդ թվում` տարաժամկետ վճարմամբ գնման ֆինանսավորման հնարավորություն, ապա գնման գործընթաց չի մեկնարկում,
բ. բացահայտվում է, ապա ֆինանսավորման աղբյուրի վերաբերյալ նախարարի դրական որոշման դեպքում` պատվիրատուի ղեկավարը հանձնարարում է սահմանված կարգով մեկնարկել գնման գործընթաց.
2) եթե գնումը պետք է իրականացվի համապատասխան միջազգային պայմանագրի շրջանակներում, այսինքն` տվյալ գնման ընթացակարգի նկատմամբ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները կիրառելի չեն, ապա իրավասու ստորաբաժանումն այդ մասին պատվիրատուի ղեկավարին է ներկայացնում գրավոր կարծիք` ներկայացնելով նաև պայմանագրի կնքման համար անհրաժեշտ գործողությունները, ժամանակացույցը և համապատասխան փաստաթղթերի նախագծերը: Ընդ որում, եթե գնումը հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ին կնքված» Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում, որի վերաբերյալ իրավասու ստորաբաժանումը ներկայացնում է գրավոր կարծիք, ապա պատվիրատուի ղեկավարը պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 4-ի N 1360-Ն որոշմամբ սահմանված կարգով, կախված գնման առարկայից, դիմում է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը (ՖՍՎՏՍ)` որպես նախընտրելի գործընկեր առաջարկելով «Рособоронэкспорт» կամ «Национальная авиационно-сервизная компания» բաժնետիրական ընկերություններին: Դիմումի պատճենը պատվիրատուի ղեկավարի կողմից ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ուղարկվում է ԳՇ պետին` ի գիտություն: Այս դեպքում գնման գործընթացն իրականացվում է համապատասխան միջազգային պայմանագրով և դրա հիման վրա ընդունված ակտերով սահմանված կարգով.
3) եթե գնումը պետք է կատարվի գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և եթե գնումը պետք է իրականացվի մեկ անձից, ապա իրավասու ստորաբաժանումը, որպես պատասխանատու ստորաբաժանում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 5-րդ կետի պահանջը, հաստատում է գնման հայտը: Գնման հայտով ներկայացվում են այդ ընկերության տվյալները` միաժամանակ գրավոր հիմնավորելով և հավաստելով, որ տվյալ գնումը հնարավոր է իրականացնել միայն այդ անձից, որի շրջանակներում`
ա. հրավերը գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գնումները համակարգող ստորաբաժանմանը (այսուհետ` գնումները համակարգող) ուղեկցող գրությամբ, ուղարկվում է հնարավոր մասնակցին` առաջարկելով ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գնային առաջարկ` միաժամանակ հրավիրելով բանակցությունների: Հրավերով նաև սահմանվում է, որ կանխավճար նախատեսվելու դեպքում, մինչև կանխավճարի հատկացումը, պետք է պատվիրատուին ներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիք` կանխավճարի չափով, որը պետք է գործի մինչև կանխավճարի մարման օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը,
բ. հնարավոր մասնակցի, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և ԶՈՒ գլխավոր շտաբի` գնման կարիքը ձևավորած կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչների միջև բանակցությունները գնումները համակարգողի կողմից կազմակերպվում են գնային առաջարկը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Բանակցությունները ձայնագրվում և գրավոր արձանագրվում են, արձանագրությունը ստորագրում են բանակցության բոլոր մասնակիցները: Բանակցությունները կարող են հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը,
գ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է չկնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունն այն կազմելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուի ղեկավարի ուղեկցող գրությամբ, ուղարկվում է նախարարին և ԳՇ պետին,
դ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է կնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը և պայմանագրի մյուս կողմի հաստատած` ստորագրված և կնքված պայմանագրի օրինակները, դրանք պայմանագրի մյուս կողմի կողմից հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են պատվիրատուի ղեկավարին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է` ստորագրում և կնքում է գնման պայմանագիրը կամ հետ վերադարձնում` պարզաբանելով և հիմնավորելով մերժումը.
4) եթե ընդունելի են մեկից ավելի, սակայն սահմանափակ թվով ֆիրմային անվանմամբ կամ մոդելով ապրանքատեսակներ և գնումը նախատեսվում է իրականացնել առանց միջնորդի` գնման առարկան արտադրողից կամ վերջինիս ներկայացուցչից, ապա գնման հայտով ներկայացվում են այդ ընկերությունների տվյալները` միաժամանակ գրավոր հիմնավորելով և հավաստելով նշված հանգամանքը: Ընդ որում`
ա. հրավերը, գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, գնումները համակարգողի ուղեկցող գրությամբ, առանձին ուղարկվում է հնարավոր բոլոր մասնակիցներին` առաջարկելով ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գնային առաջարկ` հրավիրելով միաժամանակյա բանակցությունների, նշելով բանակցությունների օրը, ժամը, վայրը: Հրավերում նաև նշվում է, որ կանխավճար նախատեսվելու դեպքում, մինչև կանխավճարի հատկացումը, պետք է պատվիրատուին ներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիք` կանխավճարի չափով, որը պետք է գործի մինչև կանխավճարի մարման օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը,
բ. առաջարկներ ներկայացրած մասնակիցների, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և ԶՈՒ գլխավոր շտաբի` գնման կարիքը ձևավորած կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչների միջև բանակցությունները գնումները համակարգողի կողմից կազմակերպվում են գնային առաջարկը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Բանակցությունները ձայնագրվում և գրավոր արձանագրվում են, արձանագրությունը ստորագրում են բանակցության բոլոր մասնակիցները: Բանակցությունները չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կարող են միաժամանակ բանակցել միայն մասնակցի գնային առաջարկը նվազեցնելու և (կամ) վճարման պայմանների փոփոխության ուղղությամբ: Բանակցությունների վերջնաժամկետին նվազագույն գին առաջարկած մասնակցին առաջարկվում է կնքել գնման պայմանագիր,
գ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է չկնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունն այն կազմելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուի ղեկավարի ուղեկցող գրությամբ, ուղարկվում է նախարարին և ԳՇ պետին,
դ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է կնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը և պայմանագրի մյուս կողմի ստորագրած և կնքած պայմանագրի օրինակները, դրանք պայմանագրի մյուս կողմի կողմից հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են պատվիրատուի ղեկավարին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է` ստորագրում և կնքում է գնման պայմանագիրը կամ մերժումով հետ վերադարձնում` պարզաբանելով և հիմնավորելով մերժումը.
5) եթե սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը կիրառելի չեն, ապա գնման հայտով նախատեսվում է, որ հնարավոր մասնակիցը պայմանագրի կնքման և կատարման ողջ ընթացքում պետք է ունենա օրենքով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման կամ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության գործող լիցենզիա: Իրավասու ստորաբաժանումը վարում է գործող լիցենզիա ունեցող անձանց ցուցակ (գրանցամատյան): Ընդ որում` սույն ենթակետով նախատեսված գնման շրջանակներում`
ա. հրավերը, գնման հայտը, այն հաստատվելու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, գնումները համակարգողի ուղեկցող գրությամբ, առանձին ուղարկվում է լիցենզավորված բոլոր անձանց` առաջարկելով ոչ ուշ, քան տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գնային առաջարկ` հրավիրելով միաժամանակյա բանակցությունների, նշելով բանակցությունների օրը, ժամը, վայրը: Հրավերում նաև նշվում է, որ կանխավճար նախատեսվելու դեպքում, մինչև կանխավճարի հատկացումը, պետք է պատվիրատուին ներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիք` կանխավճարի չափով, որը պետք է գործի մինչև կանխավճարի մարման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը,
բ. առաջարկներ ներկայացրած մասնակիցների, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և ԶՈՒ գլխավոր շտաբի` գնման կարիքը ձևավորած կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչների միջև բանակցությունները գնումները համակարգողի կողմից կազմակերպվում են գնային առաջարկը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Բանակցությունները ձայնագրվում և գրավոր արձանագրվում են, արձանագրությունը ստորագրում են բանակցության բոլոր մասնակիցները: Բանակցությունները չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կարող են միաժամանակ բանակցել միայն մասնակցի գնային առաջարկը նվազեցնելու և (կամ) վճարման պայմանների փոփոխության ուղղությամբ: Բանակցությունների վերջնաժամկետին նվազագույն գին առաջարկած մասնակցին (մասնակիցներին) առաջարկվում է կնքել գնման պայմանագիր,
գ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է չկնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը, այն կազմվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուի ղեկավարի ուղեկցող գրությամբ, ուղարկվում է նախարարին և ԳՇ պետին,
դ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է կնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը և պայմանագրի մյուս կողմի ստորագրած և կնքած պայմանագրի օրինակները, դրանք պայմանագրի մյուս կողմի կողմից հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են պատվիրատուի ղեկավարին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է` ստորագրում և կնքում է գնման պայմանագիրը կամ մերժումով հետ է վերադարձնում` պարզաբանելով և հիմնավորելով մերժումը:
8. Սույն ընթացակարգի 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի շրջանակներում`
1) գնային առաջարկները ներկայացվում են փակ ծրարով և բոլոր հայտատուներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու հայտերի միաժամանակյա բացմանը.
2) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմանագրի կատարման ապահովումը պատվիրատուին ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքի ձևով` պայմանագրի գնի տասը տոկոսի չափով.
3) միաժամանակյա բանակցությունները վարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ սահմանված կարգով:
9. Սույն ընթացակարգի կիրառման մեթոդական ցուցումները սահմանում է պատվիրատուի ղեկավարը:
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2022 թվական: