Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1398-Ն

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի և 128-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման սկզբունքները, առաջնահերթությունները, փոխհատուցման կարգը և չափը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է փոխհատուցում ստանալու իրավունքի առաջացման տարվա պետական բյուջեով այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում ու սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի սեպտեմբերի 8-ի

N 1398-Ն որոշման

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման իրականացման հիմնական սկզբունքներն են`

1) համարժեքությունը` պատճառված վնասի բնույթին համապատասխան փոխհատուցման տրամադրումն է.

2) խտրականության արգելքը` արգելվում է պատճառված վնասի բնույթին համապատասխան փոխհատուցման տարբերակված մոտեցումը:

2. Յուրաքանչյուր անգամ պետության կողմից հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է հետևյալ առաջնահերթությունների պահպանմամբ`

1) մարդու դեմ ուղղված հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում.

2) առողջության դեմ ուղղված հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում.

3) բռնությամբ կատարված, սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված և մարդու մահ կամ առողջության ծանր վնաս առաջացրած այլ հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում.

4) սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններից տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում:

3. Փոխհատուցման ենթակա են տուժողին պատճառված վնասի ներքոնշյալ տեսակները նշված հերթականությամբ`

1) առողջությունը վերականգնելու համար կատարված ողջամիտ ծախսերը.

2) անաշխատունակության հետևանքով կրած գույքային վնասը.

3) կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված գույքային վնասը.

4) հուղարկավորության ողջամիտ ծախսերը.

5) հանցագործությամբ պատճառված գույքային վնասը:

4. Պատճառված վնասներից մի քանիսի կամ բոլորի փոխհատուցման դեպքում յուրաքանչյուր տուժողի դեպքում սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված հերթականությամբ վնասի կոնկրետ տեսակը ենթակա է հատուցման միայն պատճառված նախորդ տեսակի վնասը հատուցելուց հետո` վնասի հատուցման նվազագույն և առավելագույն չափի շրջանակներում նախորդ վնասի չափի տարբերության հաշվակցումով:

5. Հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման նպատակով պետական բյուջեով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում առաջնահերթ փոխհատուցման ենթակա են հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանցագործություններով պատճառված փոխհատուցման ենթակա վնասի տեսակներից մեկը, մի քանիսը կամ բոլորը` պահպանելով հավելվածի 3-րդ կետով նախատեսված վնասի տեսակների հաջորդականությունը: Հավելվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված հանցագործություններով տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումը տրամադրվում է միայն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանցագործություններով պատճառված վնասը փոխհատուցելուց հետո` հավելվածի 2-րդ կետով սահմանված հանցագործությունների առաջնահերթություններին և հավելվածի 3-րդ կետով նախատեսված վնասի տեսակների հաջորդականությանը համապատասխան: Հավելվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերով նախատեսված հանցագործություններով տուժողներին պատճառված վնասի փոխհատուցումը տրամադրելիս յուրաքանչյուր հաջորդ ենթակետով նախատեսված հանցագործությամբ տուժողներին պատճառված` փոխհատուցման ենթակա վնասի տեսակներից մեկի, մի քանիսի կամ բոլորի փոխհատուցում կարող է տրամադրվել միայն նախորդ ենթակետի հանցագործությամբ տուժողներին պատճառված հատուցման ենթակա վնասի տեսակներից մեկի, մի քանիսի կամ բոլորի համար փոխհատուցում տրամադրելուց հետո` պետական բյուջեով նախատեսված համապատասխան միջոցների բավարարության դեպքում:

6. Տուժողները հանցագործությամբ իրենց պատճառված վնասի փոխհատուցման համար կարող են դիմել լիազոր մարմնին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը, Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում ունեցած հաշվի տվյալները.

2) քրեական վարույթով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտը.

3) դրամական վնասի դեպքում` դրանց առկայությունը և չափը հաստատող փաստաթղթերը.

4) կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված դրամական վնասի դեպքում` նշված փաստը հաստատող տվյալները.

5) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթի շրջանակներում պատճառված վնասը փոխհատուցելը հնարավոր չլինելը հավաստող տվյալները.

6) լիազոր մարմնին ուղղված դիմում:

7. Տուժողներին պատճառված վնասի փոխհատուցում ստանալու դիմում կարող է ներկայացվել, եթե պատճառված վնասը հնարավոր չի եղել փոխհատուցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթի շրջանակներում, մասնավորապես`

1) կատարողական վարույթով պարտապանը ճանաչվել է սնանկ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, և առկա է կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշում.

2) կատարողական վարույթով պարտապան ֆիզիկական անձը մահացել է կամ լուծարվել է պարտապան իրավաբանական անձը, և առկա է կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշումը.

3) առկա է հարկադիր կատարողի որոշումը` կատարողական վարույթը պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության կամ պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով ավարտելու վերաբերյալ, և կատարողական վարույթն ավարտելու մասին որոշման կայացումից հետո մեկ տարվա ընթացքում չի վերացել կատարողական վարույթն ավարտելու հիմքը:

8. Տուժողին պատճառված վնասի փոխհատուցում չի իրականացվում, եթե տուժողի կողմից կատարվել են հանցագործությանը նպաստող կամ քննությանը խոչընդոտող ապօրինի արարքներ:

9. Լիազոր մարմնի կողմից իրականացվում է ներկայացված դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրություն, որի հիման վրա մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում ներկայացված հայտին հավանություն տալու կամ այն մերժելու մասին: Հայտին հավանություն տալու դեպքում լիազոր մարմինը սկսում է տուժողին պատճառված վնասի փոխհատուցման գործընթաց: Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված հանգամանքների պարզման կապակցությամբ հարցում է կատարում քրեական հետապնդման մարմիններին կամ դատարան:

10. Տուժողին հատուցման ենթակա գումարը 10-օրյա ժամկետում փոխանցվում է նրա կողմից ներկայացված բանկային հաշվին:

11. Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում լիազոր մարմինը ներկայացված հայտը վերադարձնում է և սահմանում յոթնօրյա ժամկետ` թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար, իսկ սույն հավելվածով չնախատեսված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու դեպքում կայացնում է այն մերժելու մասին որոշում:

12. Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված լիազոր մարմնի որոշումները ենթակա են բողոքարկման օրենքով սահմանված կարգով:

13. Փոխհատուցում կարող է տրամադրվել, եթե պատճառված վնասի չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկը:

14. Փոխհատուցում կարող է տրամադրվել պատճառված վնասի (մեկից ավելի տեսակի վնաս պատճառված լինելու դեպքում` դրանց հանրագումարի) կեսի չափով, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարի չափը:

15. Սույն հավելվածով նախատեսված լիազոր մարմին է հանդիսանում պետական բյուջեով հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման միջոցների ծախսման համար սահմանված բյուջետային ստորադաս կարգադրիչը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2022
N 1398-Ն
Որոշում