21.05.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 43.1-ին հոդվածում`
i
1) 3-րդ մասը «աղբամաններից» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոններից» բառերով.
i
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին, 8.1-ին և 8.2-րդ մասերով.
«7.1. Համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած` կոշտ կենցաղային աղբի համար նախատեսված տարողություններում` աղբամաններում կամ կոնտեյներներում, բժշկական աղբի, մեկ խորանարդ մետր և ավել ծավալով աղբի, այրվող, շիկացած կամ տաք աղբի, ձյան և սառույցի տեղադրումը, ինչպես նաև այն աղբի տեղադրումը, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին և առողջությանը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով:».
«8.1. Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից իրենց տարածքում իրենց չպատկանող աղբ հայտնաբերվելուց հետո` ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, այդ մասին տեղական ինքնակառավարման մարմնին չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից հնգապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութնապատիկից տասնապատիկի չափով:
8.2. Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների տարածքում հայտնաբերված իրենց չպատկանող աղբի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնելուց հետո` եռօրյա ժամկետում, համապատասխան միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով:».
i
3) 9-րդ մասը «Աղբավայրերի» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոնների» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-10.6-րդ մասերով.
«10.1. Պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից, սպանդանոցներից առաջացած և այլ կենսաբանական աղբի, ինչպես նաև առանց հատուկ տարաներում պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
10.2. Սույն հոդվածի 10.1-ին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
10.3. Աղբավայրերում բաց եղանակով աղբի այրման կազմակերպումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
10.4. Սույն հոդվածի 10.3-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
10.5. Գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
10.6. Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով աղբավայրի հսկողություն, ինչպես նաև աղբի ինքնայրումը կանխելու համար հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 219.1-ին հոդվածում`
i
1) 1-ին մասի «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 9-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 1-ին, 1.1-ին, 2-րդ, 8.2-րդ, 9-րդ, 10.5-րդ և 10.6-րդ մասերով,» բառերով.
2) 2-րդ մասի «43.1-ին հոդվածի 2.1-8-րդ» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2.1-8.1-ին», իսկ «10-12-րդ» բառերը` «10.1-10.4-րդ, 11-12-րդ» բառերով:
i
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող` Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10.5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, ինչպես նաև 7.1-ին և 10.1-ին մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. մայիսի 8 Երևան ՀՕ-138-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 11 մայիսի 2023 թվական: