Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ...

 

13.07.2020 -

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2020 թվականի N 725-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` մինչև ս. թ. մայիսի 20-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչ այդ գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման պայմաններով սուբսիդավորման օժանդակության ձևով վարկերի տրամադրումը դադարում է, իսկ համաֆինանսավորման և վերաֆինանսավորման օժանդակության ձևով վարկերի տրամադրումը շարունակվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ, որից հետո դադարում է: Ընդ որում, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված և սույն կետով նշված վարկերի սպասարկումը շարունակում է իրականացվել միևնույն պայմաններով:

4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման հիման վրա վարկեր ստացած տնտեսավարողները չեն կարող օգտվել սույն որոշմամբ սահմանված միջոցառումից, բացառությամբ այն դեպքերի, երբ տնտեսավարողներն իրականացրել են կանոնադրական կապիտալում ներդրումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման 7-րդ գլխով սահմանված պայմաններով:

(4-րդ կետը փոփ. 13.07.20 թիվ 1163-Լ որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2020 թ. մայիսի 12
Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 12-ի
N 725-Լ որոշման

 

 «Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 26-ի
N 355-Լ որոշման

 

ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

 

(նոր խմբագրությամբ)

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողներին (այսուհետ` տնտեսավարողներ)` մեղմելու կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը:

2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության հնարավորություն` պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար:

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի) և/կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն օժանդակությամբ վարկ ստանալու հայտի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում.

2) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

3) ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն`

ա. վարկային հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ տնտեսավարողի մասով վարչական վարույթ հարուցված չէ, կամ

բ. վարկային հայտը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:

 

3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

 4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:

5. Տնտեսավարողը հնարավորություն ունի սույն միջոցառման 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկեր:

 

4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

6. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով`

1) տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ գումարի չափով` առավելագույնը վեց ամսվա համար (այսուհետ` աշխատակիցների վարկեր).

2) պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (ընդ որում, վճարում են համարվում նաև 2020 թվականի ապրիլի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)` առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ` հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր).

3) հումքի գնում կամ ներմուծում (այդ թվում` մեկից ավել պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն մեծությունը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, սակայն հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում` պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ` հումքի վարկեր).

4) նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ` սարքավորումների վարկեր/լիզինգ).

5) հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում (ընդ որում, ծախսերի իրականացում են համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 դրամ գումարի չափով` առավելագույնը վեց ամսվա համար, բացառությամբ կանխավճարների և գերավճարների (այսուհետ` կոմունալ վճարների վարկեր).

6) ձեռնարկատիրությամբ զբաղվող ընկերությունների կողմից սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի ներմուծում (այդ թվում` մեկից ավելի պայմանագրերի գծով, որոնց մասով ստացված վարկավորման ընդհանուր գումարը չպետք է գերազանցի սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված վարկի առավելագույն մեծությունը), պայմանով, որ պայմանագիրը կնքվել է 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, և գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` սննդի (բացառությամբ ալկոհոլի և ծխախոտի) և դեղերի վարկեր):

 

5. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

7. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) արժույթը` դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ).

2) ժամկետը` մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 24 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 6-ամսյա ժամանակահատվածի համար.

3) վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված` մինչև 6 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` մինչև 3 ամիս.

4) մեկ տնտեսավարողի` օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի` սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը` 250 մլն դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում` 125 մլն դրամին համարժեք.

5) վարկային միջոցների օգտագործման կարգը` միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.

6) առավելագույն փաստացի տոկոսադրույքը տարեկան 12 % դրամով վարկերի և տարեկան 9 % արտարժույթով վարկերի դեպքում:

9. Օժանդակության գործիքի կիրառման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են ֆինանսական կազմակերպություններին, օժանդակություն ստացողներին ներկայացվող պահանջների մանրամասները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման ու միջոցառման շրջանակներում պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու ընթացակարգերը:

 

6. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

10. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի սուբսիդավորում` տվյալ վարկի տոկոսների` սույն հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված չափերով, վարկի ժամկետի 24-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում` 6-ամսյա ժամանակահատվածի համար:

 11. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են`

 

Վարկի նպատակը Սուբսիդավորման չափը
Աշխատակիցների ամբողջությամբ
հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ամբողջությամբ
Հումքի 7%
Սարքավորումների 6%
կոմունալ վճարների 10%
Սննդի 8%

 

12. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը կախված նպատակից հետևյալն են`

 

Վարկի նպատակը Սուբսիդավորման չափը
Աշխատակիցների ամբողջությամբ
հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ամբողջությամբ
Հումքի 6%
Սարքավորումների 5%
կոմունալ վճարների 8%
Սննդի 6% »:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2020
N 725-Լ
Որոշում