ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2023 թվականի N 1348-Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. օգոստոսի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի օգոստոսի 11-ի
N 1348-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման հետ կապված հարաբերությունները:
2. Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը պարտադիր է հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար:
3. Ակտիվների և պարտավորությունների հաշվառումն անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների վիճակի (մնացորդի) և շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` գործառնությունների, այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և փաստաթղթային հաշվառման միջոցով:
4. Ակտիվների և պարտավորությունների հաշվառման գրանցումները կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված հաշվարկային փաստաթղթերի և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործարքների և գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը:
5. Սույն կարգի կիրառության իմաստով ակտիվներ և պարտավորություններ են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ակտիվները և պարտավորությունները:
6. Ակտիվների և պարտավորությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույթների հիման վրա, իսկ դրանց կիրառության առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում` հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա:
7. Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը վարվում է անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման միջոցով:
8. Անալիտիկ (վերլուծական) հաշվառում է համարվում առանձին միավոր ակտիվի և առանձին միավոր պարտավորության սկզբնական և հաշվեկշռային արժեքի հաշվարկման միջոցով հաշվառման վարումը` արտացոլելով դրա հաշվարկումն ու հետագա փոփոխությունները:
9. Սինթետիկ (ընդհանրացված) հաշվառում է համարվում անալիտիկ (վերլուծական) հաշվառման հիման վրա ակտիվների և պարտավորությունների խմբերի ընդհանրացված հաշվառումը` արտացոլելով հետագա փոփոխությունները:
10. Ակտիվները և պարտավորությունները հաշվառվում են սկզբնական և հաշվեկշռային արժեքով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վերագնահատման դեպքերի:
11. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:
12. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները հավաքվում և համակարգվում են ժամանակագրական կարգով` էլեկտրոնային եղանակով:
13. Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը որպես անհատ ձեռնարկատիրոջ ակտիվներ և պարտավորություններ համարելու առումով հիմք է ընդունվում գործարքի կողմ որպես անհատ ձեռնարկատեր հանդես գալու հանգամանքը:
14. Հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցած անհատ ձեռնարկատերերն ակտիվների և պարտավորությունների հաշվառումը վարում են հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:
Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2023 թվական: