27.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2019 թվականի N 1564-Ա
1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը, ինչպես նաև` ելնելով 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 29
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 29-ի
N 1564-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մանուկյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Լ. Մովսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության
մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման
վարչության պետի տեղակալ
Օ. էլոյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային
համագործակցության վարչության մաքսային
համագործակցության բաժնի պետ
Լ. Հակոբյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային
համագործակցության վարչության մաքսային
համագործակցության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
(աշխատանքային խմբի քարտուղար)
Մ. Հարությունյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության
մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման
վարչության եվրասիական տնտեսական միության
օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր
մաքսային տեսուչ
Լ. Նալբանդյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական
տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման
բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
Ս. Ստեփանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային
հսկողության վարչության մաքսային
գործառնությունների կազմակերպման և հսկողության
բաժնի գլխավոր մաքսային տեսուչ
Վ. Ասեյան - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների
քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության
վարչության ԵՏՄ մաքսային քաղաքականության և
օրենսդրական կարգավորման բաժնի պետ-վարչության պետի
տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական
քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
Վ. Սարգսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարարության իրավաբանական վարչության գլխավոր
մասնագետ
Վ. Ամիրյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործառնական
տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Վարդգեսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի իրավաբան
(համաձայնությամբ)
Մ. Թորոսյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային
համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող
(համաձայնությամբ)
Տ. Ազիզյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային
համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող
(համաձայնությամբ)
Է. Մեհրաբյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային
համագործակցության բաժնի ծրագրերի համակարգող
(համաձայնությամբ)
Վ. Միրիջանյան - «էքսպո գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Առաքելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
պայմանագրերի և իրավունքի վարչության բազմակողմ
միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի պաշտոնակատար
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 29-ի
N 1564-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-ԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են 1990 թվականի հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) կիրառումն ապահովող աշխատանքների կազմակերպման և համակարգման աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և համակարգման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը կոնվենցիայի կիրառումն ապահովող աշխատանքների իրականացումն է:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Աշխատանքային խումբը մշակում է կոնվենցիայի կիրառումն ապահովող միջոցառումների ծրագիր, անհրաժեշտության դեպքում մշակում է կոնվենցիայի դրույթների իրականացմանն ուղղված իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, ինչպես նաև` արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 6-րդ կետին համապատասխան:
6. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
7. Աշխատանքային խմբի նիստերը հրավիրում և վարում է աշխատանքային խմբի ղեկավարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` աշխատանքային խմբի անդամներից մեկը` աշխատանքային խմբի ղեկավարի հանձնարարությամբ:
8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը, աշխատանքային խմբի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը տրամադրվում են խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստերի անցկացման դեպքում` առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
9. Նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների` աշխատանքային խմբի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):
10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/3-ը (կամ կեսից ավելին):
11. Աշխատանքային խմբի որոշումները խորհրդատվական բնույթի են: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի ղեկավարի ձայնը վճռորոշ է:
12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:
13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է աշխատանքային խմբի քարտուղարը:
14. Նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի քարտուղարի կողմից:
15. Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը և աշխատանքային խմբի քարտուղարը:
16. Աշխատանքային խմբի քարտուղարն արձանագրությունը և որոշումները նիստից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին:
17. Աշխատանքային խմբի ղեկավարը`
1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.
3) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.
4) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ.
5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Աշխատանքային խմբի անդամը`
1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.
2) անհրաժեշտության դեպքում հանդես է գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր` աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու, աշխատանքային խմբի նիստերի ընթացքում քննարկելու համար.
3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին.
5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
19. Աշխատանքային խմբի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությանը:
20. Աշխատանքային խմբի քարտուղարությունն աշխատանքային խմբի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`
1) մինչև յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրն իրականացնում է աշխատանքային խմբի անդամների կողմից կատարված աշխատանքների, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մշտադիտարկում և ամփոփում` աշխատանքային խմբի ղեկավարին ներկայացնելով նախորդ ժամանակահատվածի հաշվետվությունը, կատարված աշխատանքների արդյունքները` դրանում սահմանելով նաև առկա խնդիրների լուծման տարբերակներ.
2) նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի օրակարգը, աշխատանքային խմբի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և սույն աշխատակարգով սահմանված ժամկետներում աշխատանքային խմբի քարտուղարի միջոցով դրանք տրամադրում աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին.
3) մշակում և նախապատրաստում է աշխատանքային խմբի հերթական նիստի քննարկմանը ներկայացվող հարցերը.
4) կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները (աշխատանքային խմբի քարտուղար).
5) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը (աշխատանքային խմբի քարտուղար):
VI. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Աշխատանքային խմբի գործունեությունդ դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: