ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2026 թվականի թիվ 75-Ն
ՍԻՆԹԵՏԻԿ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌՈՂ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՖԻԼՄԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9.1-րդ հոդվածի 5-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները` համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահի
պաշտոնակատար Գ. Մամիկոնյան
2026 թ. հունիսի 22
ք. Երևան
Հավելված
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի
2026 թվականի հունիսի 22-ի
թիվ 75-Ն որոշման
ՍԻՆԹԵՏԻԿ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԱՌՈՂ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՖԻԼՄԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն որոշմամբ սահմանվում են տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից սպառողին ներկայացվող` սինթետիկ բովանդակություն պարունակող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի պարտադիր մակնշման պահանջները:
2. Սույն որոշման իմաստով կիրառվող հիմնական հասկացություններն են`
1) Սինթետիկ բովանդակություն` տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ կամ պատկեր է, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել կամ ձևափոխվել է գեներատիվ արհեստական բանականության (այսուհետ` ԱԲ), մեքենայական ուսուցման կամ թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ և կարող է սպառողի մոտ ստեղծել ակնհայտորեն իրականության անհամապատասխանության ընկալում կամ մոլորություն դրա ծագման, իսկության կամ դրանում ներկայացված անձի խոսքի, պատկերի, գործողությունների կամ երևույթների վերաբերյալ:
2) Մակնշում` սպառողին ուղղված պարտադիր տեղեկացում սինթետիկ բովանդակության առկայության վերաբերյալ:
3) Նկարագրության դաշտ` տեսալսողական բովանդակությանը կից հրապարակվող կամ տրամադրվող տեքստային տեղեկատվության հատված, որը ներկայացվում է վերնագրի, ուղեկցող գրառման (ենթագրի), հաղորդման կամ ֆիլմի սկզբում կամ ավարտին ցուցադրվող հեղինակների, դերասանական կազմի և ստեղծման մեջ ներգրավված այլ անձանց վերաբերյալ տեղեկությունների շարքում մետատվյալների տեսքով կամ այլ նմանատիպ ձևաչափով:
3. Մակնշման համար կիրառվում են հետևյալ պարտադիր նշումները.
1) գեներատիվ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման վրա հիմնված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված կամ ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում`
«Ստեղծված է ԱԲ-ի կողմից».
2) թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում`
«Ենթարկվել է թվային մշակումների».
4. Սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշումն իրականացվում է հետևյալ եղանակներով.
1) տեսալսողական հաղորդման դեպքում մակնշումը
ա. ցուցադրվում է տեսանյութի ամբողջ ընթացքում,
բ. արտացոլվում է նկարագրության դաշտում,
գ. ապահովվում է սպառողի համար հստակ, տեսանելի և ընթեռնելի ձևաչափով` տեղադրելով էկրանի ազատ հատվածում, առանց խոչընդոտելու հիմնական բովանդակության ընկալմանը,
դ. ապահովվում է բավարար տառաչափով, իսկ գունային հակադրությունը պետք է ապահովի ընթեռնելիությունը,
ե. այն դեպքերում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակություն չի հանդիսանում, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն,
2) լսողական հաղորդման դեպքում մակնշումը
ա. հնչեցվում է երկու անգամ` լսողական հաղորդման սկզբում և վերջում,
բ. ներառվում է համապատասխան նկարագրության դաշտում,
գ. ապահովվում է սպառողի համար հստակ լսելի և ընկալելի ձևաչափով,
3) պատկերների դեպքում մակնշումը
ա. արտացոլվում է պատկերի վրա տեսանելի ձևով,
բ. ներառվում է պատկերի նկարագրության դաշտում:
5. Հեռարձակողի, բովանդակությունը ստեղծողի կամ արտադրողի ընտրությամբ ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային, ուսուցողական տեսալսողական հաղորդումները կամ ֆիլմերը պետք է մակնշվեն վերը նշված մակնշման եղանակներից որևէ մեկով նկարագրության մեջ կամ այլ մատչելի ձևաչափով, պայմանով, որ այդ տեղեկացումը հասանելի կամ ընկալելի լինի սպառողի համար:
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական: