ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հուլիսի 2026 թվականի N 1027-Ն
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԻՍԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ` ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 30-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում` նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների` իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում իրականացնելու վերաբերյալ համաձայնությունների տրամադրման գործընթացի ապահովման համար նախատեսված թվային հարթակի գործարկման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. հուլիսի 10
Երևան
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 2-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ Սահմանադրության
79-րդ հոդվածի համաձայն Հիմնական իրավունքները և
ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ
սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով
որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները
և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան
վարքագիծ:
15.11.2019 թվականի ՍԴՈ-1488 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանը
սահմնել է`
1) «.... օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630),
2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:
Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը» (ՍԴՈ-753),
3) «.... սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված իրավախախտումների և վիճարկվող նորմում նշված հանցակազմի միջև էական տարբերությունների բացակայության պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքներից» (ՍԴՈ-851),
4) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը» (ՍԴՈ-1148),
5) «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270),
6) «Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում» (ՍԴՈ-1439),
7) Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
Սույն որոշման 2-րդ կետը լիովին հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին, քանի որ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար լիովին անհասկանալի է թե սույն որոշումը երբ է ուժի մեջ մտնելու կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձն ինչպես է տեղեկացվելու սույն որոշման ուժի մեջ մտնելու փաստի մասին:
------------------------------------------------------------------------
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հուլիսի 9-ի
N 1027-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԻ ԱՓԵՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՔԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ, ԻՍԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ` ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն հավելվածով սահմանվում է սահմանային շերտում և սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում և հանքավայրերում ընդերքօգտագործում (այսուհետ` ընդերքօգտագործում) իրականացնելու վերաբերյալ ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում` նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմինների` իրենց իրավասությունների շրջանակներում համաձայնությունների տրամադրման կարգը:
2. Ընդերքօգտագործումը թույլատրվում է բացառապես սույն հավելվածով սահմանված կարգով ստացված համապատասխան համաձայնությունների առկայության դեպքում:
3. Համաձայնությունները տրամադրվում են գրավոր` ազգային անվտանգության, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառների պետական լիազորված մարմինների, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում` նաև մաքսային բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից (այսուհետ` լիազոր մարմին) իրենց իրավասությունների շրջանակներում:
4. Համաձայնություն հայցելու նպատակով իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը, այսուհետ` դիմումատու), որը ցանկանում է ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով, համապատասխան լիազոր մարմին է ներկայացնում գրավոր դիմում, որին կցվում են`
1) դիմումատուի պետական գրանցման համարը, դիմումատուի գործադիր մարմնի ղեկավարի կամ դիմումատուի կողմից լիազորված անձի հեռախոսահամարը.
2) երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն (հանածոները) կամ ընդերքաբանական փորձաքննության արդյունքներով հաստատված պաշարներ ունեցող օգտակար հանածոն (հանածոները).
3) նախատեսվող աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
4) օգտակար հանածոյի երևակման կամ հանքավայրի տեղադիրքի մասին տեղեկատվությունը` ՎԻ ՋԻ ԷՍ-84 (WGS-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական և ՍԿ-42 (CK-42) կոորդինատային համակարգերով.
5) օգտակար հանածոյի երևակման կամ հանքավայրի տեղադրության հատակագիծը` նշելով սահմանային շերտի, սահմանային գետի, իսկ մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում` նաև մաքսային հսկողության գոտու նկատմամբ դիրքը.
6) նախատեսվող ընդերքօգտագործման աշխատանքների համառոտ նկարագրությունը, մասնավորապես` նախատեսվող երկրաբանական ուսումնասիրությունների կամ արդյունահանման աշխատանքների ծավալները.
7) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող առավելագույնը 10 օրվա վաղեմությամբ կատարված գեոդեզիական չափագրումներով հատակագիծը, որը կարտացոլի նախատեսվող գործունեության փաստացի տեղադիրքը բնության մեջ և հեռավորությունը գետի հունից:
5. Լիազոր մարմինները, ոչ ուշ, քան դիմումի ստացման օրվանից երեսուն աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են դրանք և ընդունում են գրավոր վարչական ակտ` համաձայնությունը տրամադրելու կամ համաձայնություն տրամադրելը մերժելու վերաբերյալ: Համապատասխան վարչական ակտը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում փոստային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում են դիմումատուին: Համաձայնություն տրամադրելը մերժելու դեպքում լիազոր մարմինները ներկայացնում են մերժման հիմնավորումները` բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքի:
6. Համաձայնության տրամադրումը ենթակա է մերժման, եթե նախատեսվող ընդերքօգտագործման աշխատանքների իրականացումը կարող է վտանգել կամ խոչընդոտել.
1) ազգային անվտանգության բնագավառում` ազգային անվտանգության, սահմանային անվտանգության կամ պետական սահմանի պահպանության ապահովմանը.
2) պաշտպանության բնագավառում` պաշտպանական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների բնականոն գործունեությանը.
3) արտաքին գործերի բնագավառում` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարմանը, սահմանակից պետությունների հետ հարաբերություններին կամ միջազգային համագործակցության շահերի ապահովմանը.
4) մաքսային հսկողության գոտու կարգավիճակ ունեցող տարածքներում` մաքսային հսկողության իրականացմանը:
7. Ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը համաձայնություն տրամադրելը մերժելու դեպքում դիմումատուին չի ներկայացնում մերժման հիմնավորումները, եթե մերժման հիմքերի հրապարակումը կարող է վտանգել պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանությունը:
8. Ոչ լրակազմ փաթեթ ներկայացնելու կամ ներկայացված փաստաթղթերում այնպիսի թերությունների, վրիպումների, անճշտությունների կամ այլ բացթողումների առկայության դեպքում, որոնք խոչընդոտում են դիմումի քննարկմանը, լիազոր մարմինը ոչ ուշ, քան դիմումի ստացման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում` փոստային կամ էլեկտրոնային ծանուցմամբ վերադարձնում է փաթեթը լրամշակման` հստակ նշելով հայտնաբերված թերությունները:
9. Վերադարձված փաթեթը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն պարտավոր է վերացնել նշված թերությունները և լրամշակված փաթեթը ներկայացնել լիազոր մարմին, այս դեպքում սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է մինչև դիմումատուի կողմից լրամշակված փաթեթի ներկայացման օրը, բայց ոչ ավելի, քան տասն աշխատանքային օրով:
10. Եթե սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվում, ապա լիազոր մարմինը մերժում է դիմումը և այդ մասին եռօրյա ժամկետում փոստային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է դիմումատուին:
11. Տրված համաձայնությունները դիմումատուն ներկայացնում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմին` ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից` համաձայնության տրամադրման օրվանից հաշված վեց ամսվա ընթացքում:
12. Սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված համաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու համար: Այդ դեպքում դիմումատուն պարտավոր է սույն հավելվածով սահմանված կարգով կրկին հայցել և ներկայացնել նոր համաձայնություն` ընդերքօգտագործման իրավունք ստանալու նպատակով:
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հուլիսի 2026 թվական: