ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2026 թվականի N 638-Լ
ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական լիազորված մարմնի և պետական մարմինների` հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության համատեղ մշակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2026 թ. հուլիսի
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2026 թվականի հուլիսի 21-ի
N 638-Լ որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇԱԿՄԱՆ
| ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
1. Սույն կարգով կարգավորվում են պետական լիազորված մարմնի և պետական մարմինների` հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության համատեղ մշակման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի նպատակն է`
1) ապահովել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի ամբողջական և համակարգված նույնականացումը և գնահատումը.
2) սահմանել տեղեկատվության հոսքերի միասնական և համակարգված շրջանակ.
3) սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի կառավարման գործընթացի ինստիտուցիոնալ հիմքերը.
4) ապահովել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի ինտեգրումը մակրոֆիսկալ վերլուծության և բյուջետային գործընթացի մեջ:
3. Սույն կարգի իմաստով` ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) հարկաբյուջետային հատուկ ռիսկեր` գործոններ, որոնք կարող են հանգեցնել պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, ակտիվների կամ պարտավորությունների կանխատեսումներից շեղման` ներառյալ պետական և համայնքային մասնակցությամբ ընկերությունների գործունեության, պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ` ՊՄԳ) ծրագրերի, ինչպես նաև բյուջետային վարկերի և երաշխիքների հետ կապված ռիսկերը.
2) պետական լիազորված մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.
3) ռիսկի համար պատասխանատու մարմին` պետական մարմին, որը պատասխանատու է տվյալ ռիսկի նույնականացման, նախնական գնահատման և մշտադիտարկման համար.
4) տեղեկատվության ներկայացման ձևաչափ` սույն կարգով սահմանված աղյուսակներ, ցուցանիշներ և վերլուծական նկարագրություններ.
5) ՊՄԸ` պետական մասնակցությամբ ընկերություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1617-Ն որոշման սահմանման.
6) ՊՄԸ-ների տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1617-Ն որոշման համաձայն` համակարգող մարմնի կողմից կառավարվող թվային հարթակ, որտեղ հավաքագրվում են ՊՄԸ ֆինանսական հաշվետվությունները.
7) ՊՄԸ կառավարող պետական մարմին` այն պետական մարմինը, ում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահվել են տվյալ ՊՄԸ բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման լիազորությունները.
8) հանրային ենթակառուցվածքների ոլորտում գործող համակարգաստեղծ նշանակություն ունեցող մասնավոր ընկերություն` մասնավոր ընկերություն, որը գործունեություն է իրականացնում տնտեսության և բնակչության բնականոն կենսագործունեության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, և որի գործունեության էական խափանումը, դադարեցումը կամ ֆինանսական անկայունությունը կարող է հանգեցնել զգալի բացասական տնտեսական, սոցիալական կամ հանրային հետևանքների, խաթարել կարևոր կենսական ծառայությունների անխափան մատուցումը կամ վտանգել երկրի տնտեսական և ֆինանսական կայունությունը:
| ԳԼՈՒԽ 2. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ |
4. Պետական լիազորված մարմինը`
1) հանդիսանում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի կառավարման համակարգող մարմինը.
2) ապահովում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, համախմբման և վերլուծության գործընթացը.
3) սահմանում է տեղեկատվության ներկայացման ձևաչափերը և մեթոդաբանական պահանջները.
4) իրականացնում է ներկայացված տվյալների համադրություն, վերլուծություն և համախմբում.
5) պատրաստում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի հաշվետվությունները, այդ թվում` ներառելով դրանք միջնաժամկետ ծախսերի ծրագրում և կառավարության բյուջետային ուղերձում:
5. Յուրաքանչյուր պետական մարմին` N 1 ձևի համաձայն, իր իրավասության շրջանակում գտնվող` սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվության վերաբերյալ.
1) ապահովում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նույնականացումը, նախնական գնահատումը և մշտադիտարկումը.
2) հավաքագրում և ներկայացնում է պահանջվող տեղեկատվությունը` սույն կարգով սահմանված ձևաչափերով և ժամկետներում.
3) ապահովում է ներկայացվող տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը և հիմնավորվածությունը.
4) մասնակցում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի համատեղ վերլուծությանը:
| ԳԼՈՒԽ 3. |
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ |
6. Տեղեկատվությունը ներառում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի հետևյալ հիմնական խմբերը`
1) բյուջետային երաշխիքներ.
2) բյուջետային վարկեր.
3) պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերից, ինչպես նաև գնումները, սուբսիդիաները և դրամաշնորհները կարգավորող օրենսդրության շրջանակից դուրս պետության կամ համայնքների կողմից կնքված երկարաժամկետ պայմանագրերից բխող պարտավորություններ (բացառությամբ գնում չհանդիսացող ծախսերից).
4) պետական մասնակցությամբ ընկերություններից բխող հարկաբյուջետային հատուկ ռիսկեր, անհրաժեշտության դեպքում` համայնքային մասնակցությամբ ընկերություններից բխող հարկաբյուջետային հատուկ ռիսկեր.
5) հանրային ենթակառուցվածքների ոլորտում գործող համակարգաստեղծ նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունների կայունության ռիսկեր.
6) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված` պետության և համայնքների համար պայմանագրային պայմանական պարտավորություններից բխող ռիսկեր.
7) կարգավորվող սակագներից առաջացող հարկաբյուջետային ռիսկեր` ՊՄԳ ձևաչափով ծրագրերի շրջանակներում.
8) դատական վարույթների շրջանակում պետությանը կամ համայնքներին ներկայացվող պահանջների և փոխհատուցումների հետ կապված ռիսկեր.
9) շրջակա միջավայրի վատթարացման, բնապահպանական վերականգնման պարտավորությունների հետ կապված ռիսկեր.
10) բնական և մարդածին աղետների ռիսկեր և համաճարակների հետ կապված ռիսկեր:
7. Տեղեկատվությունը ներկայացվում է աղյուսակների տեսքով` նախորդ ժամանակաշրջանի տվյալների համադրությամբ և կարճ վերլուծական նկարագրությամբ:
8. Յուրաքանչյուր ռիսկի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվությունը պետք է ներառի առնվազն`
1) ռիսկի նկարագրությունը.
2) ռիսկի նյութականացման հիմնական գործոնները.
3) ռիսկի նյութականացման հավանականության գնահատումը (բարձր, միջին, ցածր սանդղակով).
4) ռիսկի հնարավոր ազդեցության գնահատումը (դրամական կամ ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսով), իսկ նման գնահատում իրականացնելու հնարավորության բացակայության դեպքում ներկայացվում է որակական նկարագրություն.
5) պետական բյուջեի վրա հնարավոր ազդեցության բնույթը (եկամուտների կրճատում, ծախսերի ավելացում կամ այլ).
6) ռիսկի մեղմման միջոցառումները.
7) ռիսկի մշտադիտարկման հիմնական ցուցանիշները:
9. Յուրաքանչյուր ՊՄԸ վերաբերյալ ՊՄԸ կառավարման պետական մարմինը տրամադրում է նաև առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) ֆինանսական հաշվետվությունների փաթեթը (ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն` ժամանակաշրջանի վերջի դրությամբ, շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, դրամական հոսքերի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, ծանոթագրություններ, որոնք բաղկացած են հաշվապահական հաշվառման քաղաքականության նշանակալի մասերի վերաբերյալ տեղեկատվությունից և այլ բացատրական տեղեկատվությունից, նախորդ ժամանակաշրջանի վերաբերյալ համադրելի տեղեկատվություն) և աուդիտորական եզրակացությունը (առկայության դեպքում), ընդ որում, ՊՄԸ-ների տեղեկատվական համակարգում հաշվետվությունների տրամադրումը` օրենսդրությամբ սահմանված կարգով, համարվում է սույն կարգի իմաստով տեղեկատվության տրամադրում.
2) ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարների գանձման դժվարությունների վերաբերյալ տեղեկատվություն.
3) բյուջետային վարկերի և երաշխիքների վերաբերյալ տեղեկատվություն (մարման ժամանակացույց, ենթավարկ/վարկ, արտարժույթ).
4) այլ աղբյուրներից ստացված վարկերի և փոխառությունների վերաբերյալ տեղեկատվություն (ֆինանսական կազմակերպություն, մարման ժամանակացույց, արտարժույթ, գրավի առարկա և այլն).
5) պարտավորությունների մարման նախատեսված աղբյուրները (շահույթ, կապիտալի համալրում, վարկերի վերակառուցում և այլն).
6) հանրային ծառայությունների մատուցման սակագների (կիրառելիության դեպքում) և ծախսերի (ներառյալ ակտիվների պահպանման) համարժեքությունը.
7) բյուջեից ստացված սուբսիդիաների և տրանսֆերտների վերաբերյալ տեղեկատվություն.
8) ոչ ֆինանսական ցուցանիշների և դրանց կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն.
9) անհրաժեշտության դեպքում` պետական լիազորված մարմնի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն:
10. Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերից, գնումները, սուբսիդիաները և դրամաշնորհները կարգավորող օրենսդրության շրջանակից դուրս պետության կամ համայնքների կողմից կնքված երկարաժամկետ պայմանագրերից բխող պարտավորությունների (բացառությամբ գնում չհանդիսացող ծախսերից), ինչպես նաև սույն կարգի 6-րդ կետում նշված հանրային ենթակառուցվածքների ոլորտում գործող համակարգաստեղծ նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունների վերաբերյալ` ռիսկի համար պատասխանատու մարմինը տրամադրում է նաև առնվազն հետևյալ տեղեկատվությունը.
1) ֆինանսական հաշվետվությունների փաթեթը (ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն` ժամանակաշրջանի վերջի դրությամբ, շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, դրամական հոսքերի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, ծանոթագրություններ, որոնք բաղկացած են հաշվապահական հաշվառման քաղաքականության նշանակալի մասերի վերաբերյալ տեղեկատվությունից և այլ բացատրական տեղեկատվությունից, նախորդ ժամանակաշրջանի վերաբերյալ համադրելի տեղեկատվություն) և աուդիտորական եզրակացությունը.
2) պետության հետ պայմանագրերից բխող որևէ հատուցման վճարումների վերաբերյալ տեղեկատվություն.
3) պետության հետ պայմանագրերին առնչվող որևէ վճարումներ սպառողներին, կապալառուներին և այլն.
4) ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարների գանձման հետ կապված դժվարությունների վերաբերյալ տեղեկատվություն (պետական մարմնին հասանելի լինելու դեպքում).
5) մասնավոր գործընկերոջ, ինչպես նաև գնումները, սուբսիդիաները և դրամաշնորհները կարգավորող օրենսդրության շրջանակից դուրս պետության կողմից կնքված պայմանագրի (բացառությամբ գնում չհանդիսացող ծախսերից) մյուս կողմի կողմից նախաձեռնված պայմանագրի վերաբանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն.
6) սակագների վերանայման դիմումների և դրանց վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումներին առնչվող տեղեկատվություն.
7) վարկերի (առկայության պարագայում) մարման ժամանակացույցը (պետական մարմնին հասանելիության դեպքում).
8) շինարարական փուլում գտնվող ծրագրերի դեպքում`
ա. շինարարության և սարքավորումների տեղադրման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվություն` կատարման աստիճան (տոկոս) և ներդրված գումար,
բ. առկայության դեպքում` շինարարության ուշացումների և (կամ) գերածախսերի վերաբերյալ տեղեկատվություն.
9) այլ առնչվող տեղեկատվություն:
| ԳԼՈՒԽ 4. |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
11. Յուրաքանչյուր ռիսկի համար պատասխանատու մարմինը իր կառավարման ներքո գտնվող ռիսկերի տեղեկատվությունը ներկայացնում է պետական լիազորված մարմին` սույն կետով նախատեսված ժամկետներում.
1) միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 25-ը.
2) տարեկան բյուջեի շրջանակում` մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 15-ը.
3) արտահերթ` ռիսկի նյութականացման կամ էական փոփոխությունների դեպքում:
12. Պետական լիազորված մարմինը պետական մարմիններից իրավասու է պահանջել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն:
13. Պետական լիազորված մարմինը`
1) իրականացնում է ներկայացված տեղեկատվության համախմբում և համադրություն.
2) օգտագործում է այն բյուջետային գործընթացի շրջանակում հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերլուծություններում.
3) գնահատում է տարբեր ռիսկերի փոխկապակցվածությունը և համակցված ազդեցությունը.
4) իրականացնում է սցենարային և զգայունության վերլուծություններ.
5) ձևավորում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի համախմբված գնահատականը.
6) մշակում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի կառավարման և նվազեցման մեխանիզմներ:
Ձև N 1
Հարկաբյուջետային հատուկ ռիսկերի համար պատասխանատու մարմինների ցանկ
._____________________________________________________________________.
|Հարկաբյուջետային հատուկ ռիսկի | Պատասխանատու մարմին |
|խումբ | |
|__________________________________|__________________________________|
|Բյուջետային երաշխիքներ |Պետական լիազորված մարմին, |
|ոլորտային մարմիններ | |
|__________________________________|__________________________________|
|Բյուջետային վարկեր |Պետական լիազորված մարմին, |
| |ոլորտային մարմիններ |
|__________________________________|__________________________________|
|Պետություն-մասնավոր |Համապատասխան ոլորտի |
|գործընկերության ծրագրերից, ինչպես |քաղաքականություն մշակող մարմին |
|նաև գնումները, սուբսիդիաները և | |
|դրամաշնորհները կարգավորող | |
|օրենսդրության շրջանակից դուրս | |
|պետության կամ համայնքների կողմից | |
|կնքված երկարաժամկետ պայմանագրերից | |
|բխող պարտավորություններ | |
|(բացառությամբ գնում չհանդիսացող | |
|ծախսերից) | |
|__________________________________|__________________________________|
|Պետական մասնակցությամբ |Համակարգող մարմին, |
|ընկերություններից բխող |ՊՄԸ ոլորտային մարմին, |
|հարկաբյուջետային հատուկ |Պետական լիազորված մարմին |
|ռիսկեր | |
|__________________________________|__________________________________|
|Համայնքային մասնակցությամբ |Հայաստանի Հանրապետության |
|ընկերություններից բխող |տարածքային կառավարման և |
|հարկաբյուջետային հատուկ ռիսկեր |ենթակառուցվածքների նախարարություն |
|__________________________________|__________________________________|
|Հանրային ենթակառուցվածքների |Համապատասխան ոլորտի |
|ոլորտում գործող համակարգաստեղծ |քաղաքականություն մշակող մարմին |
|նշանակություն ունեցող մասնավոր | |
|ընկերությունների կայունության | |
|ռիսկեր | |
|__________________________________|__________________________________|
|«Հայաստանի Հանրապետության |Համապատասխան ոլորտի |
|բյուջետային համակարգի մասին» |քաղաքականություն մշակող մարմին, |
|օրենքով սահմանված` պետության և |Հայաստանի Հանրապետության |
|համայնքների համար պայմանագրային |տարածքային կառավարման և |
|պայմանական պարտավորություններից |ենթակառուցվածքների նախարարություն |
|բխող ռիսկեր | |
|__________________________________|__________________________________|
|Կարգավորվող սակագներից առաջացող |Համապատասխան ոլորտի |
|հարկաբյուջետային ռիսկեր` ՊՄԳ |քաղաքականություն մշակող մարմին, |
|ձևաչափով ծրագրերի շրջանակներում |Սույն կարգի 10-րդ կետի 6-րդ |
| |ենթակետով նախատեսված |
| |տեղեկատվության տրամադրման մասով` |
| |Հայաստանի Հանրապետության հանրային |
| |ծառայությունները կարգավորող |
| |հանձնաժողով |
|__________________________________|__________________________________|
|Դատական վարույթների շրջանակում |Հայաստանի Հանրապետության վարչապետի|
|պետությանը կամ համայնքներին |աշխատակազմ (Միջազգային իրավական |
|ներկայացվող պահանջների և |հարցերով ներկայացուցչի գրասենյակ),|
|փոխհատուցումների հետ կապված ռիսկեր|Հայաստանի Հանրապետության պետական |
| |եկամուտների կոմիտե, |
| |Պետական լիազորված մարմին |
|__________________________________|__________________________________|
|Շրջակա միջավայրի վատթարացման հետ |Հայաստանի Հանրապետության շրջակա |
|կապված ռիսկեր |միջավայրի նախարարություն, |
| |Հայաստանի Հանրապետության |
| |էկոնոմիկայի նախարարություն, |
| |Հայաստանի Հանրապետության ներքին |
| |գործերի նախարարություն, |
| |Հայաստանի Հանրապետության |
| |տարածքային կառավարման և |
| |ենթակառուցվածքների նախարարություն |
|__________________________________|__________________________________|
|Բնապահպանական վերականգնման |Հայաստանի Հանրապետության շրջակա |
|պարտավորությունների հետ կապված |միջավայրի նախարարություն, |
|ռիսկեր |Հայաստանի Հանրապետության |
| |տարածքային կառավարման և |
| |ենթակառուցվածքների նախարարություն |
| |ՀՀ առողջապահության նախարարություն |
|__________________________________|__________________________________|
|Բնական և մարդածին աղետների ռիսկեր|Հայաստանի Հանրապետության ներքին |
|և համաճարակների հետ կապված ռիսկեր|գործերի նախարարություն, Հայաստանի |
| |Հանրապետության շրջակա միջավայրի |
| |նախարարություն, Հայաստանի |
| |Հանրապետության առողջապահության |
| |նախարարություն |
._____________________________________________________________________.
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):