Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐ ...

 

 

ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1574-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ ծրագիր)` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.

2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի փողոց 70/8, պետական գրանցման համարը` 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը` 02284645) ընկերության կողմից` 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը ներառյալ` սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1574-Լ որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

1. Սույն որոշմամբ հաստատվող փորձնական ծրագրի շրջանակում ներառված ապրանքներն են`

 

._____________________________________________________________________.

|NN   |Ծածկագիրն      |Ապրանքախմբի անվանումը        |Ապրանքախմբի      |

|ը/կ  |ըստ ԱՏԳ ԱԱ     |                             |համառոտ անվանումը|

|_____|_______________|_____________________________|_________________|

|1.   |3604 10 000    |Հրավառելիք, հրթիռներ ազդանշա-|Պիրոտեխնիկական   |

|     |03604 90 000 0 |նային, անձրևային  հրթիռներ,  |արտադրանք        |

|     |               |ազդանշաններ հակամառախուղային |                 |

|     |               |և  այլ արտադրատեսակներ       |                 |

|     |               |հրատեխնիկական                |                 |

|_____|_______________|_____________________________|_________________|

|2.   |8517 61        |Ապարատուրա ձայնի, պատկերի կամ|Կրակմարիչներ և   |

|     |8517 62 000 9  |այլ տվյալների հաղորդման կամ  |հրդեհային        |

|     |8517 69 390 0  |ընդունման համար` ներառյալ    |անվտանգության    |

|     |8517 69 900 0  |հաղորդալարային կապում կամ    |սարքավորումներ   |

|     |8517 71        |առանց հաղորդալարի ցանցի հա-  |                 |

|     |8517 79        |ղորդակցման համար ապարատուրա- |                 |

|     |               |ները (օրինակ` կապի լոկալ կամ |                 |

|     |               |գլոբալ ցանցեր), այլ          |                 |

|_____|_______________|_____________________________|_________________|

|3.   |8531 20 200 0  |Ինդիկատորային պանելներ`      |Կրակմարիչներ և   |

|     |8531 80 950 0  |լուսադիոդներով (LED)         |հրդեհային        |

|     |               |սարքվածքներ ներառող, այլ     |անվտանգության    |

|     |               |սարքվածքներ                  |սարքավորումներ   |

|_____|_______________|_____________________________|_________________|

|4.   |8711 10 000 0  |Մոտոցիկլներ (ներառյալ        |Հեծանիվ          |

|     |8711 20 920 0  |մոպեդները) և  հեծանիվներ`    |                 |

|     |8711 20 980 0  |տեղակայված օժանդակ շարժիչով, |                 |

|     |8711 30        |սայլակներով կամ առանց        |                 |

|     |8711 40 000 0  |սայլակների, սայլակներ        |                 |

|     |8711 50 000 0  |                             |                 |

|     |8711 60        |                             |                 |

|     |8711 90 000 0  |                             |                 |

|_____|_______________|_____________________________|_________________|

|5.   |8712           |Երկանիվ հեծանիվներ և  առանց  |Հեծանիվ          |

|     |               |շարժիչի այլ հեծանիվներ       |                 |

|     |               |(ներառյալ բեռների առաքման    |                 |

|     |               |համար նախատեսված եռանիվ      |                 |

|     |               |հեծանիվները)                 |                 |

|_____|_______________|_____________________________|_________________|

|6.   |8714 91 100    |Հենոցներ, մոտոցիկլների (այդ  |Պահեստամասեր     |

|     |               |թվում` մոպեդների) մասեր և    |                 |

|     |               |պարագաներ                    |                 |

|_____|_______________|_____________________________|_________________|

|7.   |9022 29 000 0  |Այլ նպատակներով օգտագործման  |Կրակմարիչներ և   |

|     |               |համար ապարատուրա` հիմնված    |հրդեհային        |

|     |               |ալֆա, բետա, գամմա կամ այլ    |անվտանգության    |

|     |               |իոնացնող ճառագայթման         |սարքավորումներ   |

|     |               |օգտագործման վրա, բժշկական,   |                 |

|     |               |վիրաբուժական, ատամնաբուժական |                 |

|     |               |կամ անասնաբուժական օգտագործ- |                 |

|     |               |ման համար նախատեսված կամ     |                 |

|     |               |չնախատեսված` ներառյալ ռենտ-  |                 |

|     |               |գենագրական կամ ռադիոթերապև-  |                 |

|     |               |տիկ հետազոտությունների համար |                 |

|     |               |ապարատուրա                   |                 |

|_____|_______________|_____________________________|_________________|

|8.   |9027 10 100 0  |Գազա- կամ ծխաանալիզատորներ   |Կրակմարիչներ և   |

|     |9027 10 900 0  |                             |հրդեհային        |

|     |               |                             |անվտանգության    |

|     |               |                             |սարքավորումներ   |

|_____|_______________|_____________________________|_________________|

|9.   |9503 00 100 1  |Եռանիվ հեծանիվներ, ինքնաշար- |Խաղալիքներ       |

|     |9503 00 210 0  |ժեր, ոտնակավոր ավտոմոբիլներ  |                 |

|     |9503 00 290 0  |և  նույնանման խաղալիքներ     |                 |

|     |9503 00 300 0  |անիվների վրա, սայլակներ      |                 |

|     |9503 00 350 0  |տիկնիկների համար, տիկնիկներ, |                 |

|     |9503 00 390 0  |այլ խաղալիքներ, փոքրացրած    |                 |

|     |9503 00 410 0  |չափերով («մասշտաբով»)        |                 |

|     |9503 00 490 0  |մոդելներ և  նույնանման       |                 |

|     |9503 00 550 0  |ժամանցային մոդելներ` գործող  |                 |

|     |9503 00 610 0  |կամ չգործող, ամեն տեսակի     |                 |

|     |9503 00 690 0  |գլուխկոտրուկներ              |                 |

|     |9503 00 700 0  |                             |                 |

|     |9503 00 750 0  |                             |                 |

|     |9503 00 790 0  |                             |                 |

|     |9503 00 810 0  |                             |                 |

|     |9503 00 850 0  |                             |                 |

|     |9503 00 950 0  |                             |                 |

|     |9503 00 990 9  |                             |                 |

|     |9503 00 990 1  |                             |                 |

|_____|_______________|_____________________________|_________________|

|10.  |9503 00 100 9  |Այլ եռանիվ հեծանիվներ        |Հեծանիվ          |

|_____|_______________|_____________________________|_________________|

|11.  |9504 40 000 0  |Խաղաթղթեր, էլեկտրական մրցա-  |Խաղալիքներ       |

|     |9504 90 100 0  |վազքային ավտոմոբիլների       |                 |

|     |9504 90 800 9  |հավաքածուներ` մրցումային     |                 |

|     |               |խաղերի համար, այլ            |                 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1574-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն ծրագրի նպատակն է` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները` Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) թվային ծառայությունների զարգացմանը:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

2. ՀՀ-ում ապրանքները սկսել են դրոշմավորվել 1997 թվականից: Դրոշմավորումը կատարվել է ակցիզային դրոշմանիշերով և տարածվել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վրա: Սկսած 2013 թվականից ներդրվեց նաև դրոշմապիտակներով դրոշմավորման համակարգ, որը սկզբում տարածվեց ջրեղենի, ըմպելիքի, հյութերի և գարեջրի վրա: 2014 թվականից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ավելացան նաև կաթնամթերքը, պահածոները, կոսմետիկ միջոցները, դեղերը, իսկ 2018 թվականից` ցանկում ներառվեցին նաև մակարոնային արտադրատեսակները, մսեղենը, յուղերը և այլն:

3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է: 2023 թվականից սկսած ՀՀ-ում փուլային եղանակով ներդրվեց նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգը, որը նախ տարածվեց ծխախոտի, ալկոհոլի, իսկ հետագայում նաև ջրերի, կաթնամթերքի և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մյուս ապրանքների վրա:

 

3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար:

5. Ներկայումս առկա խնդիրներն են`

1) ոչ բոլոր ապրանքներն են դրոշմավորման ենթակա, և դրանց շրջանառության և իրացման նկատմամբ անհրաժեշտ է հսկողական լրացուցիչ միջոցներ ներդնել.

2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.

3) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն:

6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ`

1) պետության համար`

ա. ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն,

բ. լրացուցիչ հարկային եկամուտներ,

գ. իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն` երկրի կտրվածքով,

դ. ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.

2) բիզնեսի համար`

ա. թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ` ստվերի կրճատման հաշվին,

բ. ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,

գ. թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.

3) սպառողների համար`

ա. կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,

բ. հասարակական վերահսկողություն,

գ. սպառողների իրավունքների պաշտպանություն:

7. Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control): Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը` հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ` էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն:

 

4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

8. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանեցնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ:

9. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում:

10. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել`

1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը` ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին» N 19 որոշումը:

11. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգն իրենից ներկայացնում է կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:

12. Ապրանքների դրոշմավորումն իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով: Թվային դրոշմավորման ծածկագիրը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար: Դրոշմավորման ծածկագրերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը` «Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ազգային օպերատոր)` թվային եղանակով:

13. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով` շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:

14. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունը ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով` օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:

15. Օպերատորի կողմից մշակված բջջային հավելվածը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն:

16. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգն ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին`

1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.

2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.

3) այլ պետական համակարգերի հետ` ըստ անհրաժեշտության:

17. Ապրանքների շրջանառության մասնակիցների` այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:

18. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու`

1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.

2) ծրագրի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը.

3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.

4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմավորման ծածկագիր պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը:

 

5. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

19. Ծրագրի մասնակիցներն են հանդիսանում`

1) ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.

2) ապրանքաշրջանառության մասնակիցները.

3) տեղեկատվական համակարգի օպերատորը:

20. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:

21. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի`

1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.

2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.

3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը:

22. Ազգային օպերատորը կապահովի`

1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.

2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.

3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.

4) ծրագրի մասնակիցներին փորձնական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ քանակությամբ նույնականացման միջոցների տրամադրումը` անհատույց սկզբունքով:

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը`

1) ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.

2) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը` արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.

3) ապրանքների նույնականացում և, հետևաբար, շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.

4) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից` հատուկ բջջային հավելվածի միջոցով.

5) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը:

 

7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

24. Ինչպես ցանկացած ծրագիր, այս ծրագիրը նույնպես պարունակում է որոշակի ռիսկ: Հնարավոր է, որ որոշ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների համար տեխնիկական վերազինման անհրաժեշտություն լինի:

25. Չնայած նշված ռիսկին` կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը` հատկապես երկարաժամկետ հեռանկարում:

 

8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

26. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում:

27. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու:

28. Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմավորման ծածկագրերի տրամադրման հետ կապված ծախսերն իրականացնելու է օպերատորը:

 

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2026
N 1574-Լ
Որոշում