| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1582-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը (այսուհետ ծրագիր)` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) ծրագրի իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.
2) ծրագիրը և ծրագրի արդյունքների գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և «Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի փողոց 70/8 պետական գրանցման համարը` 269.110.1117158, հարկ վճարողի հաշվառման համարը` 02284645) ընկերության կողմից` 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը, ներառյալ սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկում ներառված ապրանքների համար.
3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտի օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ծրագրի գնահատման արդյունքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1582-Լ որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. Սույն որոշմամբ հաստատվող փորձնական ծրագրի շրջանակում ներառված ապրանքներն են`
._____________________________________________________________________.
|Համարը|Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ|Ապրանքախմբի անվանումը |Ապրանքախմբի |
| | | |համառոտ |
| | | |անվանումը |
|______|____________________|__________________________|______________|
|1) |4011 10 000 |Անվադողեր և դողածածկեր` |Դողեր և |
| |4011 20 |օդաճնշական, ռետինե, նոր |ավտոդողեր |
| |4011 40 000 0 | | |
| |4011 70 000 0 | | |
| |4011 80 000 0 | | |
| |4011 90 000 0 | | |
|______|____________________|__________________________|______________|
|2) |5911 90 900 0 |Այլ մանածագործական նյութեր|Ավտոպահես- |
| | |և արտադրատեսակներ` տեխնի-|տամասեր |
| | |կական նպատակների համար | |
|______|____________________|__________________________|______________|
|3) |7007 11 |Ապակի անվտանգ, ներառյալ |Ավտոպահես- |
| |7007 21 200 |ամրացված (թրծված) կամ |տամասեր |
| |7007 21 800 9 |բազմաշերտ ապակին | |
| |7007 29 000 0 | | |
|______|____________________|__________________________|______________|
|4) |8421 23 000 0 |Կենտրոնախուսակներ, ներառ- |Ավտոպահես- |
| |8421 29 000 9 |յալ կենտրոնախույս չորանոց-|տամասեր |
| |8421 31 000 0 |ները, սարքավորումներն ու | |
| |8421 32 000 0 |սարքվածքները` հեղուկները | |
| |8421 99 000 6 |և գազերը ֆիլտրելու կամ | |
| | |զտելու համար | |
|______|____________________|__________________________|______________|
|5) |8511 10 000 1 |Վառքի մոմեր |Ավտոպահես- |
| |8511 10 000 9 | |տամասեր |
|______|____________________|__________________________|______________|
|6) |8708 22 |Առջևի հողմապակիներ |Ավտոպահես- |
| |8708 30 910 |(դիմապակիներ), հետևի |տամասեր |
| |8708 30 990 9 |և այլ պատուհաններ, | |
| |8708 70 500 |սկավառակային արգելակային | |
| |8708 70 990 |համակարգեր և դրանց | |
| | |մասերը, ընթացային անիվներ | |
| | |և դրանց մասերն ու | |
| | |պարագաները | |
|______|____________________|__________________________|______________|
|7) |8714 10 100 0 |Հենոցներ, մոտոցիկլների |Ավտոպահես- |
| |8714 10 300 0 |(այդ թվում` մոպեդների) |տամասեր |
| | |մասեր և պարագաներ | |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1582-Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն ծրագրի նպատակն է` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները և մեթոդները` Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ` ՀՀ) ստեղծված թվային համակարգի միջոցով ավելի արդյունավետ դարձնել շրջանառվող ապրանքների հետագծելիությունը և վերահսկողությունը, որը գործում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) օրենսդրությանը և կարգավորումներին համապատասխան, որն ինտեգրված է ԵԱՏՄ երկրների համանման համակարգերի հետ և հարթակ է ծառայում լրացուցիչ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) թվային ծառայությունների զարգացմանը:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
2. ՀՀ-ում ապրանքները սկսել են դրոշմավորվել 1997 թվականից: Դրոշմավորումը կատարվել է ակցիզային դրոշմանիշերով և տարածվել է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վրա: Սկսած 2013 թվականից ներդրվեց նաև դրոշմապիտակներով դրոշմավորման համակարգ, որը սկզբում տարածվեց ջրեղենի, ըմպելիքի, հյութերի և գարեջրի վրա: 2014 թվականից դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում ավելացան նաև կաթնամթերքը, պահածոները, կոսմետիկ միջոցները, դեղերը, իսկ 2018 թվականից` ցանկում ներառվեցին նաև մակարոնային արտադրատեսակները, մսեղենը, յուղերը և այլն:
3. 2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական խնդիրը ԵԱՏՄ ամբողջ տարածքում մեքենայաընթեռնելի և միմյանց հետ փոխկապակցված նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացների միասնականացումն է: 2023 թվականից սկսած ՀՀ-ում փուլային եղանակով ներդրվեց նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգը, որը նախ տարածվեց ծխախոտի, ալկոհոլի, իսկ հետագայում նաև ջրերի, կաթնամթերքի և դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մյուս ապրանքների վրա:
3. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Ծրագրի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ՀՀ-ում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում շրջանառվող ապրանքների նկատմամբ ճշգրիտ և իրատեսական պատկեր և խոչընդոտել անորակ և կեղծ ապրանքների տարածումը, ինչը լուրջ խնդիր է ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների համար:
5. Ներկայումս առկա խնդիրներն են`
1) ոչ բոլոր ապրանքներն են դրոշմավորման ենթակա և դրանց շրջանառության և իրացման նկատմամբ անհրաժեշտ է հսկողական լրացուցիչ միջոցներ ներդնել.
2) չի ապահովվում ապրանքների շրջանառության ամբողջ շղթայի լիարժեք հետագծելիությունը.
3) ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանողների համար անհրաժեշտություն է առաջանում դրոշմավորել արտահանվող ապրանքները ԵԱՏՄ օրենսդրության համաձայն:
6. Ծրագրի իրագործմամբ առաջադրվում են մի շարք նպատակներ`
1) պետության համար`
ա. ստվերի նվազեցում և բիզնես միջավայրի առավել թափանցելիություն,
բ. լրացուցիչ հարկային եկամուտներ,
գ. իրական ժամանակում վիճակագրական տվյալների առկայություն` երկրի կտրվածքով,
դ. ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացում և համակարգում.
2) բիզնեսի համար`
ա. թափանցիկ միջավայրում գործող մասնակիցների մրցունակության աճ` ստվերի կրճատման հաշվին,
բ. ՀՀ-ում գործող կարգավորումները ԵԱՏՄ կանոնակարգերի հետ ներդաշնակեցնելու արդյունքում պարզեցվելու է ապրանքների շրջանառությունը ԵԱՏՄ տարածքում,
գ. թվայնացման արդյունքում լոգիստիկ շղթայում ապրանքների տեղափոխման վերաբերյալ լրացուցիչ ծառայությունների մատուցման հնարավորության ստեղծում.
3) սպառողների համար`
ա. կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակման արդյունքում քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանություն,
բ. հասարակական վերահսկողություն,
գ. սպառողների իրավունքների պաշտպանություն:
7. Ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում ՀՀ-ում ստեղծել թվային էկոհամակարգ, որը ներդաշնակ ինտեգրված կլինի ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և կծառայի ՀՀ-ում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control): Ինչպես նաև համակարգը կնպաստի թվային տնտեսության հետագա զարգացմանը` հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ Ջի2Բի և Բի2Բի (G2B և B2B) էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ` էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն:
4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
8. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս մակարդակը թույլ է տալիս ինչպես ավելի բարձր մակարդակով իրականացնել հետագծելիության և վերահսկողության գործառույթները, այնպես էլ համապատասխանեցնել այդ գործառույթները ԵԱՏՄ օրենսդրությանը և ինտեգրել հայկական թվային լուծումները ԵԱՏՄ երկրների համակարգերի հետ:
9. Տվյալ ծրագիրը ՀՀ-ում Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ԱԴԱՏՀ) արդիականացում է, որը կապահովի տվյալ որոշումով նախատեսվող ապրանքների շրջանառության հետագծելիությունը շրջանառության բոլոր փուլերում:
10. Ծրագրի իրականացման հիմք են հանդիսացել`
1) «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը` ստորագրված 2018 թվականի փետրվարի 2-ին.
2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի N 19 որոշումը «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի մասին»:
11. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը իրենից ներկայացնում է կենտրոնացված տեղեկատվական ռեսուրս, որն ապահովում է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա, հետագա օգտագործման և վերահսկման նպատակներով ՀՀ տարածքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների մասին տեղեկատվություն:
12. Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային Data Matrix կոդով մակնշման միջոցով: Թվային դրոշմավորման ծածկագիրը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող ապրանքների յուրաքանչյուր միավորի համար: Դրոշմավորման ծածկագրերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմամբ սահմանված` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորը` «Ի-ՄԱՐԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ազգային օպերատոր)` թվային եղանակով:
13. Ապրանքների հետագծելիությունը հիմնվում է ապրանքի միավորների կամ ապրանքների խմբաքանակի եզակի նույնականացման իրականացման վրա, ինչն ապահովում է միավորի կամ բեռների շարժի հետագծելիությունը բաշխման ամբողջ շղթայով` շրջանառության մեջ մտնելուց (արտադրություն կամ ներմուծում) մինչև շրջանառությունից դուրս գալը (վաճառք, արտադրական նպատակով օգտագործում, արտահանում կամ ոչնչացում): Այսպիսով, յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դառնում իրական ժամանակում շրջանառության բոլոր փուլերում:
14. ԱԴԱՏՀ-ի փոխգործակցությունը ապրանքների շրջանառության մասնակիցների տեղեկատվական համակարգերի հետ պետք է իրականացվի տեղեկատվական էլեկտրոնային ծառայությունների միջոցով` օգտագործելով պրոտոկոլներ և էլեկտրոնային փոխազդեցության միջերեսներ, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը օպերատորի կողմից տեղադրվում է ինտերնետում օպերատորի պաշտոնական կայքում:
15. Օպերատորի կողմից մշակված բջջային հավելվածը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` այսպիսով սահմանելով որակի նկատմամբ հասարակական անուղղակի վերահսկողություն:
16. Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգը ինտեգրվելու է հետևյալ էլեկտրոնային համակարգերին`
1) ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգ.
2) Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) տեղեկատվական համակարգ.
3) այլ պետական համակարգերի հետ` ըստ անհրաժեշտության:
17. Ապրանքների շրջանառության մասնակիցների` այլ պետական տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի հետ ԱԴԱՏՀ-ի տեղեկատվական փոխգործակցությունը կիրականացվի ՀՀ կառավարության սահմանած կարգով:
18. Փորձնական ծրագրի ընթացքը հնարավորություն կընձեռի իրականացնելու`
1) նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մեխանիզմների և տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալության (գործառույթների) փորձարկումը և գործընթացի հղկումը.
2) ծրագրի մասնակիցների արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը.
3) ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը և փորձարկումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ.
4) դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ ցիկլի (դրոշմավորման ծածկագիր պատվիրելուց մինչև շրջանառությունից դուրս գալը) գործառույթների փորձարկումը և կարգավորումը:
5. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Ծրագրի մասնակիցներն են հանդիսանում`
1) ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ, որոնք լիազորված են ծրագիրն իրականացնելու համար.
2) ապրանքաշրջանառության մասնակիցները.
3) տեղեկատվական համակարգի օպերատորը:
20. Ապրանքաշրջանառության մասնակիցները փորձնական ծրագրին մասնակցում են կամավոր հիմունքներով:
21. Ծրագրի իրականացման լիազորված մարմինը ՊԵԿ-ն է, որը կապահովի`
1) ազգային օպերատորի հետ աշխատանքների համակարգումը.
2) ազգային օպերատորի հետ համատեղ փորձնական ծրագրի պլանի, ժամանակացույցի և մեթոդական առաջարկությունների մշակումը և հաստատումը.
3) փորձնական ծրագրի արդյունքների գնահատումը և ՀՀ կառավարություն ներկայացնելը:
22. Ազգային օպերատորը կապահովի`
1) տեղեկատվական համակարգի պահանջների մշակումը.
2) համակարգի տեղեկատվական անվտանգության պահանջների մշակումը.
3) տեղեկատվական համակարգի ներդրումը և շահագործումը.
4) ծրագրի մասնակիցներին փորձնական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ քանակությամբ նույնականացման միջոցների տրամադրումը` անհատույց սկզբունքով:
6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
23. Որպես ծրագրի իրականացման արդյունք ակնկալվում է հետևյալը`
1) ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը.
2) համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը` արտադրությունից (կամ ներմուծումից) մինչև սպառում.
3) ապրանքների նույնականացում և հետևաբար շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ.
4) ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից` հատուկ բջջային հավելվածի միջոցով.
5) հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և հետևաբար զգալիորեն նվազեցնել ստվերը:
7. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ
24. Ինչպես ցանկացած ծրագիր, այս ծրագիրը նույնպես պարունակում է որոշակի ռիսկ: Հնարավոր է, որ որոշ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների համար տեխնիկական վերազինման անհրաժեշտություն լինի:
25. Չնայած նշված ռիսկին` կանխատեսվող դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա զգալիորեն գերազանցում է ակնկալվող ծախսերը` հատկապես երկարաժամկետ հեռանկարում:
8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ
26. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորում չի նախատեսվում:
27. ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում ծրագրի իրականացման նպատակով կատարվող փոփոխությունները լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չեն առաջացնելու:
28. Ծրագրի իրականացման ընթացքում դրոշմավորման ծածկագրերի տրամադրման հետ կապված ծախսերը իրականացնելու է օպերատորը: