010.0253.221205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-137) 6-րդ հոդվածի առաջին մասը «աշխատանքների կատարման» բառերից հետո լրացնել «, գույքի օգտագործման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 9. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողությունն իրականացնում են արժութային վերահսկողության մարմինները, իսկ արժութային հսկողությունը` արժութային գործակալները:
Հայաստանի Հանրապետությունում արժութային վերահսկողության մարմիններ են սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում նշված մարմինները:
Արժութային հսկողության գործակալներ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը: Արժութային հսկողության գործակալները հաշվետու են Կենտրոնական բանկին` Կենտրոնական բանկի սահմանած կարգով:
2. Արժութային վերահսկողության մարմինները և արժութային հսկողության գործակալներն իրենց իրավասության սահմաններում վերահսկողություն և հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին այդ գործարքների համապատասխանության, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ: Արժութային հսկողության գործակալների կողմից արժութային հսկողություն իրականացվելու կարգը և պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
3. Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց` սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների, լիցենզիաների պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը տեղերում կամ հեռակա ստուգումների միջոցով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց` սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում չնշված անձանց կողմից սույն օրենքի և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Կենտրոնական բանկը սահմանում է արժութային գործարքների հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվության, փաստաթղթերի և վիճակագրության միասնական ձևեր, ինչպես նաև դրանք վարելու և ներկայացնելու կարգն ու ժամկետները:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
i
ա) առաջին մասի «Մասնագիտացված անձանց» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց» բառերով, «պահանջները առաջին անգամ խախտելու դեպքում» բառերը` «պահանջների մեկ խախտում թույլ տալու դեպքում» բառերով, «հիսնապատիկի չափով» բառերը` «մինչև հինգհարյուրապատիկի կամ խախտման գումարի չափով կամ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան» բառերով.
բ) երկրորդ մասի «Մասնագիտացված անձանց» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց» բառերով, «պահանջները երկրորդ անգամ խախտելու համար» բառերը` «պահանջների երկու խախտում թույլ տալու դեպքում» բառերով, «հարյուրապատիկի չափով» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով կամ ուժը կորցրած է ճանաչում գործունեության լիցենզիան» բառերով.
գ) երրորդ մասի «Մասնագիտացված անձի» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձի» բառերով, հանել «նշանակում է տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, կամ» բառերը.
դ) վեցերորդ մասի երկրորդ պարբերության «և «Բանկերի և վարկային կազմակերպությունների մասին» բառերը փոխարինել «, «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» բառերով.
ե) յոթերորդ մասի «սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները» բառերը փոխարինել «տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով կամ ուժը կորցրած ճանաչել գործունեության լիցենզիան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
22 դեկտեմբերի 2005 թվականի
ՀՕ-253-Ն