Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0695.240707

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2007 թվականի N 695-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի հունիսի 21-ի

N 695-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԱԽԱԲԱՆ 2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Աղքատության էական կրճատումը և անհավասարության նվազեցումը

4.2. Կառավարման համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը

4.2.1. Արդյունավետ պետական կառավարումը

4.2.2. Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը

4.2.3. Կոռուպցիայի դեմ պայքարը

4.3. Տնտեսական ոլորտը

4.3.1. Տնտեսական զարգացումը

4.3.2. Գործարար և ներդրումային միջավայրը

4.3.3. Ֆինանսական միջնորդությունը

4.3.4. Բյուջետային համակարգը

4.3.5. Հարկային և մաքսային համակարգերը

4.3.6. Հեղինակային և գույքային իրավունքները

4.3.7. Տնտեսության հիմնական ճյուղերը

4.3.7.1. Արդյունաբերությունը

4.3.7.2. Գյուղատնտեսությունը

4.3.8. Արտաքին տնտեսական քաղաքականությունը

4.3.9. Սպառողների շահերի պաշտպանության համակարգը

4.3.10. Բնապահպանությունը

4.3.11. Արտադրական ենթակառուցվածքները

4.3.11.1. Վառելիքաէներգետիկ համակարգը

4.3.11.2. Ջրամատակարարումը և ջրահեռացումը

4.3.11.3. Տրանսպորտը և կապը

4.3.12. Քաղաքաշինությունը

4.4. Սոցիալական ոլորտը

4.4.1. Առողջապահությունը

4.4.2. Սոցիալական ապահովությունը և սոցիալական ապահովագրությունը

4.4.3. Կրթությունը և գիտությունը

4.4.4. Մշակույթը

4.4.5. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը

4.4.6. Երիտասարդությունը

4.4.7. Սփյուռքը

4.4.8 Միգրացիան

4.5. Պաշտպանությունը, հասարակական կարգը և անվտանգությունը

4.6. Արտաքին քաղաքականությունը

 

1. ՆԱԽԱԲԱՆ

 

Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրի առանձին դրույթներ:

Առաջնորդվելով պետության հետևյալ երեք հիմնարար առաքելություններով`

- երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովում,

- հասարակության յուրաքանչյուր անդամի բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում,

- հասարակության այն անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարում, որոնք օրենքով սահմանված կարգով ունեն սոցիալական ապահովության իրավունք,

կառավարության ծրագրի նպատակն է պետության կայուն և անվտանգ զարգացումը` ժողովրդավարական արժեքների վրա խարսխված քաղաքացիական հասարակության կայացումը, հասարակության և իշխանությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, սոցիալական արդարության հաստատումը, օրենքի անվերապահ իշխանության, հավասար մրցակցային հնարավորություններ առաջարկող ազատ տնտեսական հարաբերությունների, երկրի անվտանգության ապահովումը:

Կառավարության ծրագիրն ապահովելու է նախորդ տարիներին իրենց արդյունավետությունն ապացուցած քաղաքական, տնտեսական և կառավարման համակարգերի շարունակական բարեփոխումների իրագործումը:

Կառավարության ծրագրի իրականացման գրավականը պետք է հանդիսանան լիարժեք փոխըմբռնումն ու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ ակտիվ երկխոսությունը:

 

2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Նախորդ տարիներին արձանագրված տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել: Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը` որակի անընդհատ բարձրացմամբ, շարունակում է մնալ կառավարության գործունեության հիմնական գերակայությունը` որպես երկրի հետագա զարգացման կարևորագույն գրավական:

Տնտեսական աճի ապահովման և նպատակային սոցիալական քաղաքականության արդյունքում արձանագրվել է աղքատության զգալի կրճատում` 56.1 տոկոսից մինչև 29.8 տոկոս (1999-2005 թթ.` շուրջ 1.9 անգամ): Այդուհանդերձ, աղքատության առկա մակարդակը և եկամուտների բաշխման անհավասարությունը շարունակում են լուրջ վտանգ հանդիսանալ երկրի կայուն զարգացման և քաղաքացիական հասարակության կայացման համար: ՈՒ թեև կառավարության գործունեության հիմքը լինելու է տնտեսական հետագա զարգացման ռազմավարությունը, այնուհանդերձ, աղքատության հաղթահարումը կշարունակի մնալ նրա գործունեության գերակայություններից մեկը:

Տնտեսության հետագա զարգացման անհրաժեշտ գործոն դիտելով տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը` հավասար մրցակցային պայմանների ապահովումը բոլորի համար և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի լիարժեք ու առանց բացառությունների կիրառումը կառավարությունը համարում է իր գործունեության և սույն ծրագրի իրագործման կարևոր գերակայություններից մեկը:

Երկրում դեռևս մեծ են զարգացման տարածքային անհամաչափությունները, և տնտեսական ակտիվությունը հիմնականում կենտրոնացված է մայրաքաղաքում: Կառավարությունն իր գործունեության գերակայություններից մեկն է համարում նաև Հայաստանի Հանրապետության մարզերի տնտեսական ներդաշնակ զարգացման և տնտեսական մակարդակների համահավասարեցման քաղաքականության արդյունավետության էական բարձրացումը:

Միջին կենսաթոշակի և միջին աշխատավարձի չափերի միջև խզումը հանգեցրել է աշխատող բնակչության և թոշակառուների (ներառյալ հաշմանդամները) կենսամակարդակների մեծ տարբերության: Սոցիալական կենսաթոշակների և նպաստների չափերը շարունակում են ցածր մնալ և չեն երաշխավորում պետության հոգածության կարիքն ունեցող մարդկանց բարեկեցության նվազագույն աստիճանը: Ընտանեկան նպաստների համակարգը, որպես ծայրահեղ աղքատության հաղթահարման արդյունավետ գործիք, կարիք ունի վերափոխման` ընդհանուր աղքատության կրճատման խնդիրների լուծման և կայուն ընտանիքների ձևավորմանն օժանդակելու համար: Կարևորելով հասցեական և արդյունավետ սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումը` բնակչության բարեկեցության հետևողական բարձրացումը, ժողովրդագրական վիճակի բարելավումը, սոցիալական հիմնախնդիրների համալիր լուծումը շարունակելու են մնալ կառավարության գերակայությունների շարքում:

Կառավարությունը ժողովրդագրական ակտիվ քաղաքականությունը համարում է իր գործունեության գերակայությունը, ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչը, իսկ ընտանիքը` պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ: Այս քաղաքականությունը կիրականացվի ռազմավարական փաստաթղթերով, որոնք կառավարությունը մտադիր է հաստատել 2008 թվականին: Նշված քաղաքականությունն ուղղված է լինելու ընտանիքի ամրապնդմանը, ծնելիության մակարդակի աճին, մայրության և մանկության պաշտպանությանը, մահացության մակարդակի նվազեցմանը, կյանքի տևողության ավելացմանը, արտագաղթի կասեցմանն ու ներգաղթի խրախուսմանը:

Տնտեսական աճի բարձր տեմպերի շարունակականության ապահովման և քաղաքացիական հասարակության կայացման գրավական համարելով մարդկային ներուժի զարգացումը` կառավարությունը շարունակելու է այն համարել հիմնական գերակայություններից մեկը, որը պետք է նոր խթան ստանա` ապահովելու համար հետևյալ հիմնահարցերի լուծումը`

- կրթության որակի էական բարելավում և կրթության (այդ թվում` բարձրագույն կրթության) մատչելիության աճ` բնակչության անապահով խմբերի համար,

- կյանքի բավարար որակի ու միջին տևողության աճի ապահովում` առողջապահական ու հիմնական կենսական ծառայությունների (խմելու ջուր, կոյուղի, ջեռուցում և այլն) որակի և համընդհանուր մատչելիության էական բարձրացմամբ, բնապահպանական անհրաժեշտ քաղաքականության իրականացմամբ,

- ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների և միջոցների կիրառման ոլորտների ընդլայնում, այդ ծառայությունների որակի բարելավում և մատչելիության ապահովում:

Պետական կառավարման համակարգի բարեփոխումները բացառիկ նշանակություն ունեն Հայաստանը մրցունակ, ազատական տնտեսավարման սկզբունքների վրա խարսխված, միջազգային չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական երկիր դարձնելու գործում: Շարունակաբար հիմնական գերակայություններից մեկը հանդիսացող այս ոլորտի լիարժեք կայացման համար կառավարությունն առաջիկա 5 տարվա համար անհրաժեշտ է համարում`

- պետական կառավարման ինստիտուտների գործունեության բարձր արդյունավետության, վերահսկելիության և թափանցիկության ապահովումը,

- հասարակության առջև հաշվետու լինելու մակարդակի էական բարձրացումը, պետական ու մասնավոր հատվածների համագործակցության զգալի խորացումը,

- օրենսդրության կայունության սկզբունքի վրա տնտեսության մեջ պետության կարգավորիչ գործառույթների շարունակական հստակեցումը:

Պետական միջոցների կառավարման ոլորտում գերակայությունը տրվելու է միասնական պետական գանձապետական համակարգի միջոցով պետական ունեցվածքի կառավարման և պետական ծախսերի արդյունավետության ու դրանց թափանցիկության շարունակական բարելավմանը, ինչպես նաև պետական եկամուտների մեծացմանը` առանց հարկային բեռի ավելացման:

Կառավարությունն առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը: Կոռուպցիայի համար պարարտ հող ստեղծող նախապայմանների առկայությունն սպառնում է ինչպես տնտեսական բարեփոխումներին, այնպես էլ հասարակական և քաղաքական կայունությանը: Կառավարությունը համակարգված քայլեր է ձեռնարկելու դրանք վերացնելու ուղղությամբ:

Կառավարման համակարգի զարգացման տեսակետից առանձնահատուկ կարևորություն ունի տեղական ինքնակառավարման համակարգի արդիականացումն ու կայացումը` սահմանադրական փոփոխությունների հիմքի վրա: Լիարժեք տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումն ու կայացումն անհրաժեշտ պայման են տարածքային անհամամասնությունների հաղթահարման և մարզերի զարգացման համար:

Կառավարության հիմնարար գերակայությունը շարունակում են մնալ պաշտպանության, հասարակական կարգի և երկրի անվտանգության հետ կապված հարցերը` համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության:

 

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Սույն ծրագրի իրականացմամբ` կառավարությունը 2007-2012 թվականների ընթացքում ակնկալում է հետևյալ հիմնական արդյունքները`

- համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ,

- ներդրումների տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ,

- տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում,

- ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ,

- պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3-0.4 տոկոսային կետի չափով,

-աղքատության էական հաղթահարում` արդյունքում ապահովելով 11.2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության և 1.6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ,

- կենսաթոշակների մակարդակի ամենամյա բարձրացում` 2012 թվականին աղքատության ընդհանուր գիծը 1.5 անգամ գերազանցող միջին կենսաթոշակի ապահովմամբ,

- սոցիալական ապահովության և ապահովագրության համակարգի ֆինանսավորման աճ` մինչև համախառն ներքին արդյունքի 6.2 տոկոսը,

- առողջապահության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանսավորման աճ` մինչև համախառն ներքին արդյունքի 2.2 տոկոսը,

- կրթության ոլորտին ուղղվող պետական ծախսերի ֆինանսավորման աճ` մինչև համախառն ներքին արդյունքի 3.5 տոկոսը:

 

4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Աղքատության էական կրճատումը և անհավասարության նվազեցումը

1999-2005 թվականների ընթացքում բարձր տնտեսական աճի և նպատակային սոցիալական քաղաքականության արդյունքում գրեթե երկու անգամ կրճատվել է աղքատության մակարդակը` 56.1 տոկոսից մինչև 29.8 տոկոս: Այդ ընթացքում ծայրահեղ աղքատությունը կրճատվել է մոտ 4.6 անգամ` 21 տոկոսից հասնելով մինչև 4.6 տոկոսի: Էականորեն կրճատվել է նաև անհավասարությունը` եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը 0.597-ից հասնելով 0.359-ի: Աղքատության հաղթահարման ընթացքն ու միտումները նշված են աղյուսակում:

 

Աղյուսակ. Աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշները

 

._________________________________________________________________________.

|                                            |1999թ.|2005թ.*|2010թ.|2012թ.|

|____________________________________________|______|_______|______|______|

|Աղքատության ընդհանուր մակարդակը (տոկոս)     |  56.1|   29.8|  13.6|  11.2|

|____________________________________________|______|_______|______|______|

|այդ թվում`                                  |      |       |      |      |

|____________________________________________|______|_______|______|______|

|քաղ. Երևան                                  |  58.4|   23.9|   8.2|   6.4|

|____________________________________________|______|_______|______|______|

|այլ քաղաքներ                                |  65.5|   37.8|  18.5|  15.1|

|____________________________________________|______|_______|______|______|

|գյուղական բնակավայրեր                       |  48.2|   28.3|  14.2|  12.0|

|____________________________________________|______|_______|______|______|

|Ծայրահեղ աղքատության մակարդակ (տոկոս)       |  21.0|    4.6|   1.9|   1.6|

|____________________________________________|______|_______|______|______|

|այդ թվում`                                  |      |       |      |      |

|____________________________________________|______|_______|______|______|

|քաղ. Երևան                                  |  24.8|    3.6|   1.0|   0.8|

|____________________________________________|______|_______|______|______|

|այլ քաղաքներ                                |  27.4|    7.2|   2.8|   2.3|

|____________________________________________|______|_______|______|______|

|գյուղական բնակավայրեր                       |  14.1|    3.2|   1.9|   1.7|

._________________________________________________________________________.

 

* Աղյուսակում ներկայացված են 2005 թվականի փաստացի արդյունքները` հաշվի առնելով, որ 2006 թվականի տնային տնտեսությունների հետազոտության արդյունքները դեռևս հրապարակված չեն:

 

Այդուհանդերձ, կառավարությունը բարձր է համարում 29.8 տոկոս աղքատության մակարդակը: Դրա էական կրճատումը դիտարկում է որպես իր գործունեության հիմնական նպատակներից մեկը: Կառավարությունը, համագործակցելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ, կշարունակի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի վերանայման գործընթացը և 2007 թվականին կհաստատի 2008-2015 թվականների Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը` համարելով այն որպես պետության կայուն և անվտանգ զարգացման ռազմավարության կարևորագույն բաղադրիչ:

 

4.2. Կառավարման համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը

4.2.1. Արդյունավետ պետական կառավարումը

Կառավարության ծրագրի իրականացման հաջողությունը մեծապես պայմանավորված է պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության հետագա բարձրացմամբ: Այդ նպատակով նախատեսվում են`

- ընդլայնել պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու համակարգի վերաբերյալ իրազեկվածությունը, բարելավել պետական կառավարման համակարգի գործունեության թափանցիկությունը,

- ստեղծել նյութատեխնիկական և աշխատանքային անհրաժեշտ պայմաններ` անկախ վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետությունն ապահովելու համար,

- բարձրացնել պետական համակարգի ռազմավարական կառավարման ներուժը` ընթացիկ կառավարման գործառույթները փուլ առ փուլ պատվիրակելով տեղական ինքնակառավարման մարմիններին,

- սահմանել համակարգի աշխատողների վարքագծի կանոններ և պատասխանատվություն` խախտումների ու անհարկի խոչընդոտների ստեղծման համար:

Կառավարությունը, պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետևողական ամրապնդման նպատակով, մտադիր է զգալիորեն ավելացնել համակարգում աշխատելու լեգիտիմ (օրինական) գրավչությունը` աշխատանքի որակը և աշխատավարձի մակարդակը մրցունակ դարձնելով մասնավոր հատվածին` միջնաժամկետ հատվածում ձեռնպահ մնալով աշխատողների թվի ավելացումից:

Կառավարությունը շարունակելու է տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ձևավորմանն ու ներդրմանն ուղղված աշխատանքները:

Պետական կառավարման բնագավառին ուղղվող ֆինանսավորման ծավալներն ընդլայնվելու են պետական կառույցների աշխատողների որակավորման բարձրացման և որոշումների նախապատրաստման, ընդունման ու իրագործման արդյունավետ ընթացակարգերի կիրառման ուղղությամբ: Մասնավորապես, կառավարությունը շարունակելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման աշխատանքները` առաջնահերթ համարելով այն ոլորտները, որտեղ դրանց կիրառումն առավել արդյունավետ է բնակչության և գործարարների կողմից ժամանակային ծախսերի կրճատման, կառավարման թափանցիկության և վերահսկելիության ավելացման առումով:

Կառավարությունը նախատեսում է շարունակել պետական կառավարմանը ոչ հատուկ գործառույթներից հրաժարվելու գործընթացները` հաշվի առնելով միջազգային փորձը:

Պետական կառավարման համակարգի բարեփոխումներում կառավարությունը մեծապես կարևորում է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի իրականացումը` սահմանադրական փոփոխությունների հիման վրա` նպատակ ունենալով`

- մշակել և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել նոր քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքեր,

- ստեղծել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված նոր մասնագիտացված դատարաններ, ապահովել դրանց շենքային, ֆինանսական և նյութատեխնիկական բազան,

- տեղափոխել դատախազության համակարգից քննչական մարմինն այլ պետական կառավարման մարմիններ,

- ապահովել նոր քննչական մարմինները` նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներով:

Թեև 2007 թվականի մայիսի 12-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները միջազգային կազմակերպությունները համարել են լավագույնը Հայաստանի անկախության վերականգնումից հետո և, ընդհանուր առմամբ, միջազգային չափանիշներին համապատասխանող, սակայն կառավարությունը կարևոր է համարում քննարկել միջազգային դիտորդների կողմից նշված խնդիրները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացի հետագա բարելավման համար:

Կառավարությունը պետական կառավարման գերակայություններից է համարում հանրային ծառայության բնագավառը կանոնակարգող օրենսդրության մշակումը և համակարգի կայացումը, ինչպես նաև որակյալ հանրային ծառայության համակարգի կայացման նպատակով հանրային ծառայողների վարձատրության ռազմավարության մշակումն ու իրականացումը:

Կառավարությունը քայլեր կձեռնարկի պետական և մասնավոր հատվածներում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորման և այն միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու, մասնավորապես, կապիտալի շուկաների զարգացման միջոցով օտարերկրյա ներդրումների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ:

 

4.2.2. Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը

Այս ոլորտում սահմանադրական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների արդյունքում հստակորեն սահմանազատվելու են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, մշակվելու և կիրառվելու են ընդլայնված լիազորություններով օժտված ավագանու և համայնքի պաշտպանված ղեկավարի համագործակցության, հակակշիռների ու զսպումների լիարժեք մեխանիզմներ:

Սահմանադրական բարեփոխումների տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև Երևան քաղաքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունների հստակեցումը և սահմանումը:

Կբարձրացվի համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետությունը: Կկատարելագործվեն ֆինանսական համահարթեցման մեխանիզմները` տարբերակելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը: Կձեռնարկվեն քայլեր, որոնք կապահովեն տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամտային մասի շարունակական աճը: Աշխատանքներ կիրականացվեն տարածքային անհամամասնությունների նվազեցման և համապատասխան ծառայությունների մատչելիության ավելացման ուղղությամբ:

Մասնավորապես`

- տարածքային կառավարման մարմինների գործառույթների և կարողությունների բարելավում, կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, թափանցիկության բարձրացում,

- տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի, տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարման հմտությունների և ունակությունների բարձրացում,

- համայնքների համար տեղեկատվական միացյալ բանկի ստեղծում:

Կշարունակվեն աշխատանքները միջհամայնքային միավորումների ստեղծմանն աջակցելու համար, և գործնական քայլեր կկատարվեն համայնքների խոշորացման ուղղությամբ:

Կառավարությունը նախատեսում է միջոցառումներ իրականացնել համայնքային ենթակառուցվածքների զարգացման (ճանապարհներ, ջրամատակարարում) ուղղությամբ:

 

4.2.3. Կոռուպցիայի դեմ պայքարը

Կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանալու է իրականացվող քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկը:

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի և հասարակության վստահության ապահովման գլխավոր նախապայման է հանդիսանալու իրական քաղաքական մրցակցությունն ապահովող բազմակուսակցական համակարգի լիարժեք կայացումը:

Կառավարությունն ապահովելու է 2003-2007 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ձեռքբերումների, սահմանված սկզբունքների կենսագործման շարունակականությունը. այն է` կոռուպցիայի կանխարգելումը, օրենսդրական դաշտի կատարելագործման բարելավումը, ինստիտուցիոնալ կառույցների կարողությունների զարգացումը, հակակոռուպցիոն պայքարի միջազգային կազմակերպություններին անդամակցումը և միջազգային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Կառավարությունն առանձնակի ուշադրություն է դարձնելու իրավապահ մարմինների գործունեության արդյունքում հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի լուսաբանման ապահովմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության հիմնական խնդիրներից է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակումը, որը միտված է լինելու`

- մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը,

- կոռուպցիայի դեմ պայքարի մասին հասարակությանն իրազեկմանը,

- կոռուպցիայի դեմ պայքարին քաղաքացիական հասարակության ներգրավմանը և այդ գործընթացում նրա ակտիվության բարձրացմանը,

- պետական կառավարման համակարգի կատարելագործմանը,

- պետական կառավարմանը հասարակության մասնակցության արդյունավետության բարձրացմանը,

- օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովմանը,

- տնտեսավարողների համար հավասար մրցակցային դաշտի ձևավորմանն ու ստվերային տնտեսության կրճատմանը:

Կառավարությունը հետամուտ է լինելու հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների նոր ծրագրում «Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբ» կազմակերպությանը և «Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անցումային տնտեսություններով երկրների հակակոռուպցիոն ցանցին» Հայաստանի Հանրապետության անդամակցությունից բխող պարտավորությունների կատարման ապահովմանը, ինչպես նաև դրանցից բխող իրավական ակտերի ընդունմանը:

 

4.3. Տնտեսական ոլորտը

4.3.1. Տնտեսական զարգացումը

 

Տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը

2001-2006 թվականներին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը (միջինը` 13 տոկոս) ամենաբարձրերից են աշխարհում, ինչը հնարավորություն է ընձեռել այդ ժամանակահատվածում կրկնապատկելու մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը:

2007-2012 թվականներին կառավարության քաղաքականությունը կուղղվի տնտեսական աճի բարձր տեմպերի շարունակական ապահովմանը: Այդ ընթացքում նախատեսվում է ապահովել համախառն ներքին արդյունքի տարեկան 8-10 տոկոս իրական աճ: Նշված աճի տեմպերը Հայաստանին հնարավորություն կտան 2009 թվականի վերջին տեղափոխվելու միջին եկամուտ ունեցող երկրների խումբ:

Կառավարությունը տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից կարևորում է ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանումը: Այդ նպատակով կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունությանը և տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանմանը նպաստող վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը: Միաժամանակ, կառավարությունը տնտեսական զարգացման հաջողությունների կարևոր նախապայմաններից է համարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հուսալի և կանխատեսելի դրամավարկային քաղաքականության իրականացումը:

Կառավարությունը տնտեսության տևական կայուն զարգացման գրավականն է համարում երկրի մրցունակության բարձրացումը: Այդ նպատակով 2007-2012 թվականներին կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը կլինի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հաշվին արտադրական կարողությունների ընդլայնումը և արտահանման խթանումը:

Այդ առումով կառավարությունը կարևորում է`

- Հայաստանի, որպես ներդրումների, գործարարության և զբոսաշրջության համար բարենպաստ և անվտանգ միջավայր, միջազգային վարկի ձևավորումը,

- գործարար միջավայրի շարունակական բարելավումը, ներդրումների ներգրավման ակտիվ քաղաքականությունը,

- ազատ մրցակցության, նոր տեխնոլոգիաների ներդրման և աշխատանքի արտադրողականության աճի խրախուսումը,

- ֆինանսական միջնորդության էական ավելացումը,

- ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների, աշխարհագրության և անվանացանկի բազմազանության աճի խրախուսումը,

- նորամուծական համակարգի և տեղեկատվական հասարակության վերջնական ձևավորումը:

 

Զբաղվածությունը, աշխատանքի արտադրողականությունը և եկամուտները

Կառավարության քաղաքականությունն այս ոլորտում ուղղված է լինելու զբաղվածության ակտիվ քաղաքականության իրականացմանը, արդյունավետ և կայուն աշխատաշուկայի ձևավորմանը, գործազրկության նվազեցմանն ու զբաղվածության, առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքի ու կատարած աշխատանքի դիմաց համարժեք վարձատրության ապահովմանը:

Վերջին տարիներին արձանագրված տնտեսական զարգացումները զուգակցվել են գյուղատնտեսության մեջ զբաղվածության մակարդակի կայունացմամբ և ոչ գյուղատնտեսական զբաղվածության կրճատմամբ: Միևնույն ժամանակ, 2005 թվականից երկրում նկատվում են ոչ գյուղատնտեսական զբաղվածության աճի միտումներ, և տեսանելի են զբաղվածության ընդլայնման խնդրի լուծման հնարավորություններ:

Այդ կապակցությամբ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնականում ուղղված կլինի ներդրումների խրախուսմանն ու գործարար և ներդրումային միջավայրերի հետագա բարելավմանը, ինչպես նաև գործարարության ընթացակարգերի պարզեցմանը: Արդյունքում ակնկալվում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության ծավալների ավելացում մոտ 105 հազ. աշխատատեղով կամ տարեկան միջին մոտ 2.4 տոկոսով, ընդ որում, նոր աշխատատեղերի մեծ մասը կստեղծվի Երևանից դուրս:

Կառավարությունը ծրագրում է առաջիկա հինգ տարիների տնտեսական աճի մոտ 30 տոկոսով ձևավորում զբաղվածության, իսկ մնացած մասով` աշխատանքի արտադրողականության աճի հաշվին: Արդյունքում սպասվում է աշխատանքի արտադրողականության մոտ 7 տոկոս միջին տարեկան աճ:

 

Տարածքային անհամաչափ զարգացման համահարթեցումը

Ներկայումս նկատվում է տնտեսական ակտիվության զգալի կենտրոնացում Երևանում, որտեղ ապահովվել է արդյունաբերական արտադրանքի ընդհանուր արտադրության կեսը, շինարարության ընդհանուր ծավալների, առևտրի շրջանառության ու տրանսպորտի և կապի ծառայությունների 80 տոկոսից ավելին: Մյուս կողմից, ամենաարագ աճող ճյուղերի և դրանցում կատարվող ներդրումների, հատկապես մասնավոր ներդրումների նմանօրինակ և ուժեղացող կենտրոնացումը Երևանում հանգեցրել է մայրաքաղաքի և այլ քաղաքային ու գյուղական բնակավայրերի միջև տնտեսական ակտիվության մեծ խզվածության: Կառավարությունը գիտակցում է, որ առանց ակտիվ պետական տարածքային քաղաքականության հնարավոր չէ ապահովել տնտեսական ակտիվության համաչափ բաշխում: Այդ նպատակով նախատեսվում են իրականացնել Հայաստանի այլ քաղաքների զարգացման տեմպերի կտրուկ արագացմանը և ներդրումային ակտիվության էական աճին նպատակաուղղված միջոցառումներ, որոնք կներառեն ազգային ծրագրերի ստեղծումը, տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ուժեղացումը` միջհամայնքային միավորումների ստեղծման միջոցով, պետական-մասնավոր հատվածների գործընկերության խրախուսումը: Կառավարությունը նախատեսում է այդ գործիքների համակարգված կիրառությունը և փորձարկումն սկսել Գյումրի քաղաքից` հետագայում այդ փորձը տարածելով հանրապետության այլ քաղաքների վրա:

Կառավարությունը մտադիր է բարձրացնել մարզերում ֆինանսների, ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման տեղայնացման աստիճանը:

 

4.3.2. Գործարար և ներդրումային միջավայրը

Բարձր տնտեսական աճ ապահովելուն ուղղված` կառավարության քաղաքականության հիմքն է լինելու գործարար միջավայրի որակական բարելավումը: Վերջին տարիներին հայաստանյան գործարար միջավայրը, ըստ միջազգայնորեն ընդունված հայտանիշերի, գնահատվում է որպես հիմնականում բարենպաստ: Այդուհանդերձ, աշխարհում Հայաստանը գործարար միջավայրի որակը բնութագրող մի շարք կարևոր ցուցանիշներով դեռևս չի համարվում բավականաչափ մրցունակ: Մասնավորապես, դա վերաբերում է վարկային ռեսուրսների մատչելիությանը, ներդրումների պաշտպանվածությանը, հարկերի վճարման ընթացակարգերի դյուրինությանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և ստվերային տնտեսության ծավալներին: Կառավարությունն առաջնային ուշադրություն կդարձնի այդ ցուցանիշների բարելավմանը` ձգտելով էականորեն բարձրացնել երկրի մրցունակությունը: 2007 թվականի վերջին կառավարությունը միջազգայնորեն ընդունված բնութագրիչների հիման վրա կսահմանի այդ ցուցանիշների նպատակային արժեքները` մշակելով դրանց հասնելու հստակ ռազմավարություն և միջոցառումների ցանկ:

Կառավարությունը կարևորում է նաև գործարար-էթիկայի կանոնների և ստանդարտների ներդրմանն ուղղված քաղաքականության շարունակական իրականացումը:

Կառավարությունը հատկապես մեծ ուշադրություն կդարձնի ներքին խնայողությունների ձևավորմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը` հաշվի առնելով դրանց առանցքային նշանակությունը բարձր տեմպերով կայուն տնտեսական աճի ապահովման գործում:

Կառավարությունը մտադիր է ներդրումների տոկոսային հարաբերությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պահպանել առնվազն 27-30 տոկոսի սահմաններում, որը բավարար կլինի տարեկան 8-10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար: Կապիտալ ներդրումների պահանջվող ծավալները կապահովվեն հատկապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ առանձին դեպքերում (մասնավորապես, ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների պարագայում)` պետական-մասնավոր հատվածների գործընկերության հիման վրա:

Ներքին և արտաքին ներդրումների ներգրավման նպատակով կշարունակվի կառավարության կողմից իրականացվող քաղաքականության գերակայություն հանդիսանալ ներդրումների ներգրավման ակտիվ քաղաքականության վարումը, որի իրականացման հիմնական արգելքներն են Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխման և պաշտոնական մեկնաբանությունների անկանխատեսելիությունը, դատական համակարգի նկատմամբ անբավարար վստահությունը, ֆինանսական միջնորդության ցածր մակարդակը, հարկային և մաքսային վարչարարության անբավարար որակը: Նշված արգելքների վերացման ուղղությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով կառավարությունը կակտիվացնի Զարգացման հայկական գործակալության և Գործարարության աջակցության խորհրդի աշխատանքները և կբարձրացնի դրանց գործունեության արդյունավետությունը` զուգահեռաբար բացահայտելով լիարժեք մրցակցային միջավայրի ապահովման խոչընդոտները և օրենքի անվերապահ կիրառման դժվարությունները:

 

4.3.3. Ֆինանսական միջնորդությունը

Ֆինանսական միջնորդությունը դեռևս փոքր է և լիարժեք չի իրականացնում աճող ներքին խնայողությունները ներդրումների փոխարկելու իր հիմնական առաքելությունը` չնայած տնտեսական աճի նկատմամբ վերջին 3 տարվա բանկային համակարգի առաջանցիկ աճին (2006 թվականին բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման ծավալը կազմել է համախառն ներքին արդյունքի նկատմամբ 9.8 տոկոս` 2003 թվականի 6.6 տոկոսի համեմատությամբ): Այդ առումով կառավարությունն աջակցելու է ֆինանսական համակարգի արագ ընդլայնմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարությանը, այդ թվում` հիփոթեքային և սպառողական վարկերի ավելացմանը, ֆինանսական ռեսուրսների մատչելիության և բանկերի հուսալիության աստիճանի բարձրացմանը և տոկոսադրույքների նվազեցմանը, համապատասխան համակարգերի (ավանդների երաշխավորման հիմնադրամ, վարկային բյուրոներ, հիփոթեքային համակարգեր և այլն) ընդլայնմանը և զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի շուկայում հեղինակավոր օտարերկրյա բանկերի հետագա ներգրավմանը:

Կառավարությունը կարևորում է նաև ոչ բանկային վարկային և ապահովագրական կազմակերպությունների աճի, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քաղաքականությունը` գիտակցելով այդ ոլորտների զարգացման կարևորությունը` ներդրումների ծավալի և բազմազանության աստիճանի համար:

Միաժամանակ կառավարությունը մտադիր է էականորեն ակտիվացնել փոքր և միջին ձեռնարկությունների հիմնադրամի աշխատանքները` փոքր և միջին գործարարների համար ֆինանսական ռեսուրսներն ավելի մատչելի դարձնելու համար:

Կառավարությունը, որպես ֆինանսական համակարգի ընդլայնման մեխանիզմ, կարևորում է նաև լիզինգային գործիքների ներդրման և կատարելագործման քաղաքականության մշակումը և իրականացումը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառույթները վերանայելու և ֆինանսական վերահսկողության գործառույթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից առանձնացնելու նպատակով վերջինիս կառուցվածքային բարեփոխումների արդյունքում նախատեսվում է ստեղծել միասնական վերահսկողության անկախ մարմին, որը կիրականացնի ֆինանսական համակարգի մասնակիցների լիցենզավորում, վերահսկողություն և գործունեության կարգավորում: Միավորված կարգավորումը և վերահսկողությունը կոչված են ապահովելու երկրի ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկայի մասնակիցների համար ազատ մրցակցային պայմաններ, և պաշտպանելու ֆինանսական շուկայի հաճախորդների շահերը:

Հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա` կառավարությունը տեսնում է Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու հեռանկարը:

Կառավարությունը կմշակի երկրում պարտադիր ապահովագրության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համակարգերի աստիճանական ներդրման ծրագիր:

 

4.3.4. Բյուջետային համակարգը

Միջնաժամկետ և տարեկան բյուջետային ծրագրերը սերտորեն կշաղկապվեն կառավարության երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, մասնավորապես, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետ:

Կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր խնդիր է համարում պետական եկամուտների կանխատեսելիությունը, որի լուծումը հնարավորություն կտա ավելի լավ գնահատելու բյուջետային ծախսերի իրատեսական ծավալները:

2007-2012 թվականներին պետական եկամուտների հավաքագրման աստիճանի բարձրացումը կլինի հարկաբյուջետային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով` առանց հարկային դրույքաչափերի ավելացման:

Կառավարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ներքին ռեսուրսներով ապահովվածությունը` հնարավորինս նվազեցնելով ֆինանսավորման արտաքին աղբյուրներից կախվածությունը: Պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է ներքին պարտքի և բացառապես արտոնյալ պայմաններով ներգրավված արտաքին վարկերի հաշվին: Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում:

Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը գնահատելիս կառավարությունն առաջնորդվելու է հետևյալ երեք սկզբունքով`

- Համընդհանուր հարկաբյուջետային կարգապահություն. բյուջետային ռեսուրսների փաթեթը պետք է լինի հստակ և համապարփակ ձևակերպված: Այն պետք է ձևավորվի մինչև, ըստ առանձին ուղղությունների, ծախսերի բաշխումը և հիմնավորված լինի միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներով: Ծախսերի բաշխումը հստակորեն պետք է իրականացվի բյուջետային ռեսուրսների շրջանակներում, իսկ դրանց փաստացի կատարումը` սահմանված ծախսային գերակայություններին համապատասխան ընտրված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակների շրջանակներում.

- Տեղաբաշխման արդյունավետություն. պետական ծախսերը պետք է համահունչ լինեն պետական քաղաքականության գերակայություններին: Պետք է հնարավորություն ընձեռվի իրականացնելու միջոցների միջոլորտային և ներոլորտային վերաբաշխում` նվազ գերակայություններից դեպի առավել կարևորները և ցածր արդյունավետություն ունեցող ծրագրերից դեպի բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը.

- Տեխնիկական (արտադրական) արդյունավետություն. ճյուղային նախարարությունները (գերատեսչությունները) պետք է ապահովեն արդյունավետության առավելագույն հասանելի մակարդակ, որը պետք է համադրելի լինի մասնավոր հատվածի համապատասխան ցուցանիշների հետ:

Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շարունակվելու են ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, և ընդլայնվելու է դրանց ընդգրկվածությունը: Անհրաժեշտ է զարգացնել համայնքների կարողությունները և ունակությունները բազմամյա կապիտալ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ, բարելավել համայնքների բյուջետավորման գործընթացը` ներդնելով համայնքների ծրագրային բյուջետավորման համակարգ:

Բյուջետային համակարգի արդյունավետության բարձրացման առումով մեծ դեր է վերապահվելու պետական գնումների համակարգի և հատկապես էլեկտրոնային գնումների համակարգի կիրառման ընդլայնմանը և գործընթացի թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև գանձապետական համակարգի հետագա կատարելագործմանը:

Կառավարությունը միջոցներ կձեռնարկի բյուջետային գործընթացների թափանցիկության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության աստիճանն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Հատուկ կարևորվում է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների պատասխանատվության բարձրացումը:

 

4.3.5. Հարկային և մաքսային համակարգերը

Կառավարությունը կարևորում է հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործումը` հետագա տնտեսական աճի համար բարենպաստ միջավայրի ապահովման նպատակով: Միաժամանակ հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը պետք է ապահովի հարկային և մաքսային օրենսդրության պահանջների համահավասար և անվերապահ կիրառումը:

Առաջիկա 5 տարվա հարկային համակարգի կատարելագործման հիմնական ուղղություններն են`

- հարկային օրենսդրության պարզեցումը և պահանջների հստակեցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ առկա անհստակությունները և երկիմաստությունները վերացնելու միջոցով,

- հարկման բազայի ընդլայնումը և հարկային բեռի հավասարաչափ բաշխումը, ինչը կիրագործվի հատկապես տնտեսական գործունեության ստվերային և ոչ ֆորմալ մասի կրճատման միջոցով և նոր հարկային արտոնություններ չսահմանելով,

- հարկման մեխանիզմների կատարելագործումը` վերացնելով հարկումից խուսափելու օրենսդրական սողանցքները, ինչպես նաև պարզեցնելով և հստակեցնելով իրավական նորմերը,

- գործունեության առանձին տեսակների համար սահմանված հարկման այլընտրանքային համակարգերի փոխարինումը հարկման ընդհանուր համակարգով,

- արտոնությունների առավելագույն կրճատումը, առանձին ոլորտների, գործունեության առանձին տեսակների, առանձին ձեռնարկությունների համար որևէ բնույթի հարկային արտոնությունների բացառումը,

- հարկային վարչարարության շարունակական բարելավումը:

Այդ նպատակով կառավարությունը 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը:

Կառավարությունը նախատեսում է հասնել հարկային եկամուտների անհրաժեշտ մակարդակին` հատկապես հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման միջոցով: Այս ուղղությամբ կկարևորվեն տնտեսական գործունեության ստվերային մասի կրճատմանն ուղղված միջոցառումները` դրանով իսկ ամրապնդելով գործունեության համահավասար պայմաններ: Այն կիրականացվի ստուգումների գործընթացի արդյունավետության բարձրացման, ապօրինի և ստվերային տնտեսական գործունեության բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ուժեղացման և պատասխանատվության խստացման մեխանիզմների հետևողական իրագործմամբ:

Կառավարությունը կարևորում է նաև հարկ վճարողների շահերի պաշտպանությունը և նրանց սպասարկման որակի բարձրացումը, որով հարկման հարաբերություններում կընդլայնվեն ինքնագնահատման համակարգի կիրառման մոտեցումները:

Կառավարությունը ծրագրում է ներդնել հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգը` հնարավորինս նվազեցնելով պաշտոնյաների և գործարարների ուղղակի շփումները:

Անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն հարկ վճարողներին հարկային գերավճարների, հատկապես, արտահանող ընկերություններին ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ:

Կառավարությունն արդիականացնելու է նաև մաքսային համակարգը` մաքսային օրենսդրության և մաքսային ընթացակարգերի պարզեցման, մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության, մաքսային համակարգում ինքնահայտարարագրման մեխանիզմի կիրառման ընդլայնման և դրա հետ կապված միջոցառումների իրագործման, մաքսատների կարողությունների զարգացման, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման միջոցների կատարելագործման ուղղությամբ:

Կառավարությունը բարելավելու է հարկային և մաքսային մարմինների տեխնիկական ապահովվածության մակարդակը, ինչպես նաև այդ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմները` ստեղծելով տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ արդյունավետ հսկողության իրականացման գործուն տեղեկատվական համակարգ:

 

4.3.6. Հեղինակային և գույքային իրավունքները

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու մտավոր սեփականության հուսալի և արդյունավետ պաշտպանության համար: Այդ առումով նախատեսվում է կատարելագործել ոլորտի օրենսդրությունը:

Դա կնպաստի հնարավորինս կարճ ժամկետում և համեմատաբար քիչ ծախսերով գյուտարարների և կազմակերպությունների համապատասխան իրավունքների գրանցմանը` ապահովելով դրանց պաշտպանությունը:

Կառավարությունը նախատեսում է նաև ընդլայնել գյուտարարներին ցուցաբերվող աջակցությունը: Մասնավորապես, կիրականացվեն խորհրդատվական-ուսուցողական ծրագրեր` նոր տեխնոլոգիաների ստեղծումը և օգտագործումը խրախուսելու համար: Կշարունակվեն գիտության և տեխնիկայի նվաճումներին վերաբերող տեղեկատվությունը գյուտարարների, փոքր և միջին ձեռնարկությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների համար մատչելի դարձնելուն ուղղված աշխատանքները:

Հեղինակային իրավունքի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղվելու է ազգային մշակույթի և արվեստի զարգացման խթանմանը, որի համար կշարունակվի հետևողական պայքարը բացահայտ խախտումների (պիրատության) դեմ:

Կարևորելով հեղինակների կողմից ստեղծված իրենց իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների դերը` օրենքով կհստակեցվեն դրանց գործունեության հիմնական սկզբունքները:

Որպես մտավոր սեփականության արդյունավետ պահպանության կարևոր մեխանիզմ` նախատեսվում է մշակել և գործողության մեջ դնել մտավոր սեփականության գնահատման համակարգ:

Առաջիկա տարիներին անշարժ գույքի միասնական կադաստրի վարման համակարգի արդյունավետ կառավարման ապահովման նպատակով իրականացվելու են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների իրական ժամանակում գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներ: Ներդրվելու է գրանցման ավտոմատացված համակարգը և ապահովվելու են արտաքին օգտագործողների համար դրա հասանելիությունը և մատչելիությունը:

Աշխատանքներ են տարվելու հողաշինարարության և հողային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանման, պետական ֆոնդի հողերի վերաբաշխման կազմակերպման ուղղությամբ: Կկատարելագործվեն պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման և օգտագործման տրամադրման հրապարակային սակարկությունների մեխանիզմները: Աջակցություն կցուցաբերվի հողերի միավորման ծրագրերին և հողի շուկայի ձևավորմանը:

Բարձրացվելու է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի կառավարման արդյունավետությունը: Շարունակվելու են պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների (տեղագրական, կադաստրային) թվային ֆոնդի ստեղծմանը և թարմացմանն ուղղված աշխատանքները` հիմնված նորագույն` արբանյակային, օդային և վերգետնյա հանութային տեխնոլոգիաների վրա: Շարունակվելու են արբանյակային տեխնոլոգիաների հիման վրա պետական գեոդեզիական պլանային և բարձունքային ցանցի արդիականացման, աշխարհագրական անվանումների հաշվառման և գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքները: Զգալի ուշադրության են արժանանալու թեմատիկ քարտեզագրության, ուսումնական և պատմական այլ քարտեզների ստեղծման աշխատանքները:

Կառավարությունն աջակցելու է անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Այդ շուկայի համաչափ զարգացման համար կկարևորվեն անշարժ գույքի աճող պահանջարկի և առաջարկի գնահատումը, դրանց առանձնահատկությունները: Գնահատվելու են նաև շինարարության բնագավառում առկա կարողությունները և մշակվելու է դրանց ընդլայնմանն ուղղված միջոցառումների ծրագիր: Աշխատանքներ են տարվելու նաև շարժական գույքի գրավի, ֆինանսական վարձակալության (լիզինգի) գրանցման մեխանիզմների պարզեցման ուղղությամբ:

Կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի սեփականության իրավունքի պաշտպանությանը:

 

4.3.7. Տնտեսության հիմնական ճյուղերը

4.3.7.1. Արդյունաբերությունը

Տնտեսության արդյունավետ ճյուղային կառուցվածքը երկարաժամկետ և հաստատուն տնտեսական աճի նախադրյալներից է: Այդ առումով կարևորվում են տնտեսական աճի կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշռի մեծացումը և արդյունաբերական երկրի կարգավիճակի ձեռքբերման ուղղությամբ առաջընթացը: Այդ նպատակով կառավարությունն անհրաժեշտ է համարում արտահանման կողմնորոշում ունեցող արդյունաբերական քաղաքականության իրականացումը: Կառավարությունը կնպաստի արդյունաբերության նոր` տեխնոլոգիական առումով առաջատար բնագավառների զարգացմանը, բարենպաստ պայմաններ կապահովի արդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման համար:

Կառավարությունը կարևորում է այն ճյուղերի և արտադրությունների զարգացումը, որոնց բնորոշ է մրցունակ, ավելացված արժեքի մեծ բաղադրատարր պարունակող և արտահանմանը միտված արդյունքների արտադրությունը: Ընդ որում, առաջնային է համարվելու ներքին ռեսուրսների վերամշակման հետ կապված մրցունակ արտադրություններին օժանդակությունը: Աշխատանքներ են տարվելու գիտության և նորարարության արդյունքներն արդյունաբերության մեջ ներդնելու ուղղությամբ:

Հանրապետությունում առկա տեխնոլոգիական հնարավորությունների և բնական պաշարների առավել նպատակային օգտագործման տեսանկյունից հատկապես կարևորվում է քիմիական և հանքարդյունաբերական համալիրների համակարգային զարգացման ծրագրերի իրականացումը:

Արդյունաբերության բնագավառում առաջնահերթ գերակայությունը լեռնամետալուրգիայի զարգացումն է, որը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության առաջավոր ճյուղերից մեկը, զգալիորեն կնպաստի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը: Ոլորտն ունի զարգացման հսկայական ներուժ, որի օգտագործման համար անհրաժեշտ է բարելավել վարչարարական և օրենսդրական պայմանները` դրանք դարձնելով զարգացման համար առավել բարենպաստ:

Ոլորտի կարգավորման և դրա թափանցիկության նպատակով կատարվել են զգալի աշխատանքներ` ներառյալ հանքերի օգտագործման լիցենզավորման գործընթացների հստակեցումը և հրապարակայնության ապահովումը: Այդուհանդերձ, միջոցներ կձեռնարկվեն ոլորտին առնչվող պետական մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման ու իրավասությունների հստակեցման համար, ինչը կնպաստի ոլորտում հաշվետվության կատարելագործմանը և զարգացման առավել բարձր տեմպերի ապահովմանը:

Այդ առումով կարևորվում են`

- օրենսդրական մի շարք հակասությունների վերացումը` ոլորտում ներդրումների ներգրավման առավել գրավիչ օրենսդրական դաշտ ապահովելու համար,

- հանքարդյունահանման և վերամշակման արդյունավետության բարձրացմանն ու ծավալների ավելացմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացումը,

- երկրաբանական հետախուզության ծավալների ավելացումը` ապահովելով նոր հանքավայրերի արդյունավետ շահագործումը,

- վերամշակման խորացումը` նպատակ ունենալով այն հասցնելու վերջնական արտադրանքի թողարկման, ներճյուղային կոոպերացիայի զարգացմանը նպաստելը:

Նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դերը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունը պահպանելու գործոն` կառավարությունն ուշադրության կենտրոնում կպահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի և ծառայությունների ներդրման, ինչպես նաև երկրում «էլեկտրոնային հասարակության» ձևավորման խնդիրները:

 

4.3.7.2. Գյուղատնտեսությունը

Գյուղատնտեսության ճյուղն առանցքային է երկրի տնտեսության մեջ` ապահովելով համախառն ներքին արդյունքի շուրջ 18 տոկոսը և տնտեսության մեջ զբաղվածության 45 տոկոսը:

Վերջին տարիներին այս ճյուղի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում շարունակաբար նվազում է` հիմնականում պայմանավորված այլ ճյուղերի, մասնավորապես, շինարարության և առևտրի զարգացման առաջանցիկ տեմպերով, այսուհանդերձ, ճյուղի տեսակարար կշիռը տնտեսության մեջ կմնա զգալի` 2012 թվականին ապահովելով համախառն ներքին արդյունքի շուրջ 14 տոկոսը:

Նկատի ունենալով ճյուղի առանձնահատկությունները` կառավարությունը նախատեսում է վարել հավասարակշռված քաղաքականություն, մի կողմից` մասնավոր և պետական ներդրումների զուգորդմամբ` նպաստելով ճյուղում աշխատանքի արտադրողականության աճին, իսկ մյուս կողմից` պետական նպատակային աջակցություն ցուցաբերելով ոլորտի ապրանքարտադրող փոքր ձեռնարկություններին:

Հետևողական աշխատանքներ կիրականացվեն գյուղատնտեսության վարկավորման բնագավառում առկա խոչընդոտների վերացման և փոխառու ֆինանսական միջոցների մատչելիության ավելացման, բնակլիմայական ռիսկերից պետության և գյուղատնտեսական գործունեություն իրականացնողների կողմից համաֆինանսավորման սկզբունքով կազմավորվող ապահովագրական համակարգի ներդրման նախադրյալների ստեղծման ուղղությամբ:

Կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի և կնպաստի տեղական գյուղատնտեսական ապրանքարտադրողների մրցունակության և հանրապետության պարենային անվտանգության բարձրացմանը:

Կարևորելով գյուղատնտեսության ոլորտում նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը` կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի համապատասխան որակյալ կադրերի պատրաստման խնդրին:

Կառավարությունը կշարունակի և որոշակի առումով կընդլայնի բնագավառի ֆինանսական աջակցության` ներկայումս գործող նպատակային ծրագրերը` առաջնահերթությունը տալով տնտեսապես առավել արդյունավետ ծրագրերին և արդի տեխնոլոգիաների ներդրմանը:

Կառավարությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել ճյուղի զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներում` առաջնահերթ ուշադրություն դարձնելով ոռոգման համակարգերի վերականգնմանը, արդիականացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև ոռոգման համակարգերի մասնակցային կառավարման ամրապնդմանը:

Նպատակ ունենալով ապահովել գյուղատնտեսական ապրանքներ արտադրող փոքր տնտեսություններին ոռոգման ջրի մատչելիությունը` կառավարությունը շարունակելու է ոռոգման համակարգերի սուբսիդավորումը` այն դարձնելով ավելի հասցեական: Միաժամանակ, կառավարությունը նախատեսում է հետզհետե բարձրացնել ոռոգման ջրի ինքնածախսածածկման մակարդակը և կիրառել սուբսիդավորման այնպիսի եղանակներ, որոնք մասնակցային կառավարման պայմաններում մեծ չափով կխրախուսեն ոռոգման ջրի մատակարարման ու օգտագործման արդյունավետության բարձրացումը:

Կառավարությունը մտադիր է մշակել և հաստատել գյուղատնտեսության ոլորտում փոքր և միջին արտադրողներին պետական աջակցության համալիր ծրագիր, որը նպատակաուղղված կլինի գյուղական բնակավայրերում կոոպերացիայի ժամանակակից ձևերի զարգացմանը, մասնավոր հատվածի նախաձեռնողական կարողությունների ավելացմանը:

Կառավարությունը կընդլայնի ճյուղին ուղղվող պետական աջակցությունը` նախապատվությունը տալով հատկապես գյուղական աղքատության հաղթահարմանը նպաստող ծրագրերին:

Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական ծրագրերի կատարելագործումը:

 

4.3.8. Արտաքին տնտեսական քաղաքականությունը

Բարձր տնտեսական աճը ենթադրում է արտահանման ծավալների ավելացում և մուտք դեպի արտաքին շուկաներ: Արտահանման ծավալների ավելացումը կնպաստի ոչ միայն տնտեսական զարգացմանը և զբաղվածության աճին, այլև համաշխարհային ինտեգրմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու ամրապնդմանը, մշակութային և տեխնոլոգիական զարգացմանը, ներքին կարողությունների աճին:

Միայն ակտիվ արտաքին տնտեսական քաղաքականությունը կարող է թույլ տալ արդյունավետ օգտագործել բաց տնտեսության առավելությունները: Այսօր արտաքին շուկաներ դուրս գալու համար գոյություն ունեն տեղեկատվական, ենթակառուցվածքային, կադրային և այլ արգելքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է օգտագործել արտաքին առևտրի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները:

 

Կառավարության արտահանման խրախուսման քաղաքականությունը ենթադրում է`

- ակտիվ արտաքին տնտեսական հարաբերությունների հաստատում,

- արտահանման համար պարզեցված վարչարարական ընթացակարգերի ներդրում,

- միջազգային առևտրային համաձայնագրերի արդյունավետ գործադրում,

- Հայաստանի և հայկական ապրանքների ու ապրանքանշանների հեղինակության բարձրացում,

- ֆինանսական խոչընդոտների վերացում և արտահանման ֆինանսավորման, վարկավորման համապատասխան մեխանիզմների կիրառում:

Արտաքին տնտեսական քաղաքականության մյուս կարևորագույն ուղղությունը տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումն է: Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների կողմից Հայաստանում արտադրության կազմակերպումը, ապրանքների արտահանումը և գովազդը նույնպես էականորեն կփոխեն համաշխարհային շուկայի մոտեցումը Հայաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ:

 

4.3.9. Սպառողների շահերի պաշտպանության համակարգը

Կառավարությունը 2008 թվականին կընդունի սպառողների շահերի պաշտպանության հայեցակարգը, որում կներկայացվեն հստակ մոտեցումներ սպառողների շահերի պաշտպանության, ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողության ուղղությամբ: Հայեցակարգի ընդունումն ու դրա իրականացումը հնարավորություն կտան ապահովելու սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված հետևյալ հիմնական նպատակների իրագործումը`

- սպառողների անվտանգության ապահովում,

- սպառողների տնտեսական և իրավական պաշտպանության ապահովում,

- սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի կիրառմամբ` տեղական արտադրության մրցունակության բարձրացմանը նպաստելը,

- պետական վերահսկողության համակարգի կատարելագործում,

- սպառողների իրազեկմամբ և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների զարգացում,

- տեղեկատվական և կրթական համակարգի կատարելագործում:

 

4.3.10. Բնապահպանությունը

Ելնելով երկրի անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ինչպես նաև առաջնորդվելով միջազգային ինտեգրման ու ներքին բարեփոխումների ռազմավարությամբ` բնապահպանության ոլորտում կառավարության կարևորագույն նպատակներն են`

- շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների նվազեցումը և կանխարգելումը,

- բնական պաշարների պահպանության, վերականգնման, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումը,

- ընդերքի պահպանությունը, արդյունավետ օգտագործման ու վերարտադրության ապահովումը,

- շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների դիտարկումների, ուսումնասիրությունների, կանխատեսումների, դրանց ազդարարման և արձագանքման ժամանակակից համակարգի ստեղծումը,

- ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը, բնագավառի համար բարձրորակ մասնագետների պատրաստման ապահովումը,

- շրջակա միջավայրի աղտոտման (ներառյալ ռադիոակտիվ աղտոտման) կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը,

- բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծումը:

Առանձնահատուկ կարևորություն է տրվելու Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, Հայաստանի Հանրապետության ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացման, անտառապատման և անտառավերականգնման ծավալների աճի ապահովման, անտառների ապօրինի հատումների կանխման, անապատացման դեմ պայքարի, բնության հատուկ պահպանվող տարածքների պետական պահպանության, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանության, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման խնդիրներին:

Կբարելավվի բնական ռեսուրսների հաշվառման համակարգը, կիրականացվեն դրանց օգտագործման արտոնագրման ու վճարովի տրամադրման, բնությանը պատճառված վնասի փոխհատուցման և դրանց հասցեական օգտագործման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը, բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման նորարարական, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմների զարգացման և ներդրման գործընթացները, կապահովվեն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.2007
N 695-Ա
Որոշում