Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ ...

 

010.0129.160412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հրապարակային և անհատական ծանուցման` ինտերնետով իրականացման կարգն ու պայմանները:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անհատական ծանուցում` անձին առձեռն, փոստային կամ կապի այլ միջոցով տրամադրման ենթակա տեղեկատվություն.

2) հրապարակային ծանուցում` տեղեկատվություն պարունակող հայտարարություն.

3) հրապարակային ծանուցում հրապարակող անձ` հրապարակային ծանուցումը հրապարակման լիազորություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին (այսուհետ` հրապարակող անձ).

4) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք` համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայք (այսուհետ` կայք).

5) տպագրական նիշ` ցանկացած առանձին տառ, թիվ, կետադրական նշան կամ այլ նշան, բացառությամբ բացատների.

6) կայքը վարող անձ` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի ադմինիստրատոր կամ մոդերատոր:

 

Հոդված 3. Հրապարակային ծանուցումը կայքի միջոցով

 

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև կայքում:

 

Հոդված 4. Կայքի վարումը

 

1. Կայքի վարման և տեխնիկական սպասարկման ծառայությունները մատուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

 

Հոդված 5. Հրապարակային ծանուցում ներկայացնելը

 

1. Հրապարակող անձը հրապարակային ծանուցման տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային ձևաչափով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ` գործակալություն):

2. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հրապարակային ծանուցման հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հրապարակային ծանուցման տեքստը պետք է ներկայացվի գործակալություն սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ:

3. Հրապարակային ծանուցումը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը:

4. Հրապարակային ծանուցման բովանդակության համար պատասխանատու է այն հրապարակող անձը: Հրապարակային ծանուցումը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ ծանուցման հրապարակումը:

5. Հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հրապարակային ծանուցումը պետք է շարադրված լինի Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով:

7. Տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Արգելվում է կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, օգտագործել բարոյականության սկզբունքներին հակասող բառեր: Թույլատրվում է բառերի կամ տերմինների համընդհանուր օգտագործման հապավումների օգտագործում:

8. Հրապարակային ծանուցման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում կայքը վարող անձը պարտավոր է ինքնուրույն ուղղել այն սխալները և վրիպակները, որոնց ուղղման դեպքում չի արատավորվի հրապարակային ծանուցման բովանդակությունը, և այդ մասին պարտավոր է մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնել հրապարակային ծանուցում հրապարակող անձին:

 

Հոդված 6. Կայքում հայտարարություն տեղադրելը

 

1. Կայքը վարող անձը հրապարակային ծանուցումը ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակային ծանուցման տեքստը տեղադրում է կայքում:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հրապարակվող հրապարակային ծանուցումը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալու պահից:

3. Կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 7. Հրապարակային ծանուցման վճարը

 

1. Կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձվում է վճար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում` գանձապետարանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին:

2. Հրապարակող անձը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, պարտավոր է վճարել սույն օրենքով սահմանված վճարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական միջոցները ուղղվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նյութատեխնիկական ապահովմանը, մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև աշխատանքային, սոցիալական և կենցաղային պայմանների բարելավմանը:

 

Հոդված 8. Հրապարակային ծանուցման վճարի դրույքաչափը

 

1. Հրապարակային ծանուցման վճարը սահմանվում է ըստ տպագրական նիշի` մեկ տպագրական նիշի համար` 10 դրամ:

2. Գործում են հրապարակային ծանուցման նվազագույն և առավելագույն վճարման չափեր: Նվազագույն վճարման չափը կազմում է 2000 դրամ, իսկ առավելագույնը` 100.000 դրամ:

 

Հոդված 9. Կայքից տեղեկատվություն ստանալը

 

1. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցմանը անձը կարող է ծանոթանալ առանցքային բառերի ներմուծմամբ կայքում որոնում իրականացնելու միջոցով:

2. Կայքում տեղադրված հրապարակային ծանուցումն անձը կարող է ստանալ նաև էլեկտրոնային փոստով` կայքում անվճար բաժանորդագրվելու միջոցով:

3. Հրապարակային ծանուցումների մասին տեղեկությունը տրամադրվում է անվճար հիմունքներով:

4. Կայքում տեղեկատվության արխիվացման ժամկետը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

 

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում էլեկտրոնային փոստի միջոցով, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունը ուղարկվել է նրա` անձնագրի հետ մեկտեղ տրված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

2. Պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

16 ապրիլի 2012 թվականի

ՀՕ-129-Ն

 

 

pin
ՀՀ 19.03.2012
N ՀՕ-129-Ն օրենք