010.0114.171213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) պաշտոնական էլեկտրոնային փոստ`
ա. ֆիզիկական անձի դեպքում` անձին նույնականացման քարտի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված էլեկտրոնային փոստը,
բ. իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված էլեկտրոնային փոստը,
գ. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում մատնանշված էլեկտրոնային փոստը:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 10. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ
1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցագիր ուղարկած անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցագիրն ուղարկվում է փոստային կապի միջոցով` հետադարձ ծանուցմամբ: Ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո` տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չստանալու դեպքում այն ևս մեկ անգամ ուղարկվում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով` նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետադարձ ծանուցումը ստանալու պահից, իսկ դրա բացակայության դեպքում նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո` յոթերորդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
17 դեկտեմբերի 2013 թվականի
ՀՕ-114-Ն