010.0105.190714
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջելու նաև սեփականության չօտարված մասի օտարում հետևյալ դեպքերում`
1) գույքի չօգտագործվող մասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն ուներ մինչև օտարվող մասի առանձնացվելը` անկախ սեփականության օտարվող և չօտարվող մասերի համամասնությունից.
2) գույքի չօտարվող մասը օտարվող մասի համեմատությամբ աննշան է.
Չօտարված մասն օտարելու պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 5.1. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉՕՏԱՐՎՈՂ ՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Եթե սեփականատերը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ է ներկայացնում սեփականության չօտարվող մասը ևս օտարելու վերաբերյալ, ապա ձեռք բերողը պարտավոր է նման պահանջ ներկայացնելուց հետո` 15 օրվա ընթացքում, սեփականատիրոջը ներկայացնել իր դիրքորոշումը:
2. Ձեռք բերողի կողմից սեփականության չօտարվող մասը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում սեփականատերն իրավունք ունի սեփականության չօտարվող մասը օտարելուն պարտադրելու պահանջով դիմելու դատարան` ձեռք բերողի մերժումը ստանալուց կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարան ներկայացված հայցը դատարանը պետք է քննի և վճիռ կայացնի այն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածում`
i
1) 2-րդ մասի «ա» կետը «փոխհատուցմամբ» բառից հետո լրացնել «, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում» բառերով.
2) 2-րդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում դատարանի` օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը և դատարանի սահմանած փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին առկա է, դատարանի դեպոզիտ հաշվին հանձնելու վերաբերյալ դատարանի տված տեղեկանքը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սույն հոդվածով սահմանված կարգով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափը որոշելու վերաբերյալ գործը դատարանը պետք է քննի և վճիռ կայացնի հայցադիմումը ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:»:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սեփականության չօտարված մասին առնչվող վեճերով սեփականատերն իրավունք ունի սեփականության չօտարվող մասն օտարելուն պարտադրելու պահանջով դիմելու դատարան` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
19 հուլիսի 2014 թվականի
ՀՕ-105-Ն