010.0207.221214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) մայրության նպաստը.»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փաստացի» բառը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «8-րդ» բառը փոխարինել «9-րդ» բառով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.
i
«ԳԼՈՒԽ 6.1
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ
ՀՈԴՎԱԾ 23.1. ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
1. Մայրության նպաստի իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված վարձու աշխատողի (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք).
3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ` չաշխատող անձ): Սույն օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով չաշխատող անձ է համարվում նաև ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:
2. Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մայրության նպաստի իրավունք ունեցող (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ չի նշանակվում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):
4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 23.2. ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ
1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին) մայրության նպաստ նշանակվում է մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:
2. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
4. Տարածքային կենտրոնը մերժում է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելը, եթե`
1) դիմողը չունի մայրության նպաստի իրավունք, կամ
2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ
3) համաձայն առկա տեղեկատվության` դիմողի մայրության նպաստը, «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետք է նշանակի և վճարի գործատուն, կամ
4) դիմումը ներկայացվել է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո:
Մայրության նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:
5. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստը չվճարելու դեպքում նպաստի իրավունքը դադարում է:
6. Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի` չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:
7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո` մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):
8. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում բազմապատկվում է 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 24-րդ հոդվածում`
i
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասի «քանակը» բառը փոխարինել «թիվը» բառով.
3) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.»:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հաշվին» բառը փոխարինել «հաշիվ մուտքագրված» բառերով, 28-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետը «աշխատելու» բառից հետո լրացնել «բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանքներ կատարելու (ծառայություններ մատուցելու)» բառերով, իսկ 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների վրա:»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 31-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասից հանել «տրվող» բառը.
2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաև որդեգրվելու դեպքում:
4. Խորթ որդին և խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն հարազատ որդուն և հարազատ դստերը հավասար:
5. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաև մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 32-րդ հոդվածում`
i
1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ` նաև նպաստառու):
2. Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը` ըստ նպաստի իրավունք ունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «դեպքում» բառից հետո լրացնել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստների իրավունք ունեցող անձն ունի այդ նպաստներից մեկն ստանալու իրավունք` իր ընտրությամբ:»:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 32.1. ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
2. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:
3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:»:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 33-րդ հոդվածում`
i
1) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից.»:
ՀՈԴՎԱԾ 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթների:
Սույն օրենքի` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի սկիզբը 2016 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո է:
22 դեկտեմբերի 2014 թվականի
ՀՕ-207-Ն