010.0191.301215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի,» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 15-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասը փոխարինել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ առանձին, անարգել տեսակցելու իրավունք` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից:
Կալանավորված անձի միջնորդության հիման վրա, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, նրան թույլատրվում են նաև առանձին, անարգել տեսակցություններ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, եթե դա կապված է կալանավորված անձին քրեական գործի քննության հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության հետ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված միջնորդության քննարկումը և լուծումը, ինչպես նաև կալանավորված անձի կողմից դրա կապակցությամբ կայացված որոշման բողոքարկումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այն դեպքում, երբ փաստաբանը կամ պաշտպանը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական` քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագրի հիման վրա: Սույն մասում նշված հավաստագիրը քրեական վարույթն իրականացնող մարմինը ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղարկում է անհապաղ:
Եթե առկա է ձերբակալված անձի մասնակցությամբ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ նրա տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել պաշտպանի հետ տեսակցության սահմանափակման համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով և կարգով:
Եթե ձերբակալված կամ կալանավորված նույն անձի հետ տեսակցության համար ներկայացել է մի քանի փաստաբան կամ պաշտպան, ապա ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշմամբ, ելնելով այդ վայրի անվտանգության և բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությունից, ձերբակալված կամ կալանավորված անձի հետ միաժամանակյա տեսակցության հնարավորություն կարող է տրվել ոչ բոլոր փաստաբաններին կամ պաշտպաններին` այդ որոշման պատճենը տրամադրելով ձերբակալված կամ կալանավորված անձին, ինչպես նաև տեսակցության եկած փաստաբաններին կամ պաշտպաններին: Այս դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձն ինքն է ընտրում այն փաստաբաններին կամ պաշտպաններին, որոնց հետ պետք է տեսակցի:».
2) 2-րդ մասը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով.
3) 3-րդ մասի «պաշտպանը» բառը փոխարինել «փաստաբանը կամ պաշտպանն» բառերով.
4) 4-րդ և 5-րդ մասերը «տեսակցությունը» բառից հետո լրացնել «օրինական ներկայացուցչի,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը «մարդու իրավունքների պաշտպանին,» բառերից հետո լրացնել «փաստաբանին կամ» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
30 դեկտեմբերի 2015 թվականի
ՀՕ-191-Ն