| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2019 թվականի N 134-Լ
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-006-23.01.2019-ՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ
«ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-006-23.01.2019-ՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծի 1-ին հոդվածով քննարկվող գործող օրենքի 6-րդ հոդվածը թողնել անփոփոխ հետևյալ հիմնավորմամբ.
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորմանը համանման կարգավորում «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) արդեն իսկ առկա է: Մասնավորապես, համաձայն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության, արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաև տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:
Այսինքն, օրենքի գործող դրույթը ներկա պահին էլ տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հնարավորություն է տալիս ստեղծել անկախ արհմիություն, որը որևէ կերպ կախված չէ այս կամ այն գործատուից (այն կարևորվում է նաև նախագծի հիմնավորման մեջ): Այս պարագայում, օրենքի գործող դրույթը, որպես տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին միևնույն արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) դառնալու անհրաժեշտ պայման, սահմանում է միայն տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղում (հարակից ճյուղերում) աշխատելը:
Մինչդեռ, նախագծի ընդունման պարագայում կստացվի, որ ոչ միայն համապատասխան ճյուղի (հարակից ճյուղերի) տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները կկարողանան միավորվել և ստեղծել արհեստակցական կազմակերպություն, այլև` տարբեր ճյուղերի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:
Այս առումով հարկ է նկատել, որ տնտեսության տարբեր ճյուղերում աշխատողներն ունեն մասնագիտական և աշխատանքային տարբեր առանձնահատկություններ: Հետևաբար տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների մոտ տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների` մեկ արհեստակցական կազմակերպությունում միավորումը կարող է հանգեցնել այդ արհմիության անդամների շահերի բախման` չնպաստելով աշխատողների իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանությանը (օրինակ, առողջապահության, սպասարկման, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներում աշխատողների միավորումը մեկ արհեստակցական կազմակերպությունում, այն պարագայում, երբ յուրաքանչյուր ոլորտում աշխատողների համար սահմանված են աշխատաժամանակի, հանգստի ռեժիմների, առողջության պահպանման և անվտանգության ապահովման կանոնների, արձակուրդների տևողության և այլնի մասով միմյանցից տարբերվող կարգավորումներ):
Միաժամանակ հարկ ենք համարում նշել նաև, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումը, ըստ էության, կարող է հանգեցնել նաև ճյուղային արհեստակցական միությունների դերի ու նշանակության թուլացման` պայմանավորված այն հանգամանքով, որ նախագծի ընդունման պարագայում, անկախ այն հանգամանքից, թե որ ճյուղում գործունեություն իրականացնող գործատուի աշխատողներ են, վերջիններս կարող են միավորվել և ստեղծել արհեստակցական միություն:
Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սոցիալական գործընկեր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (այսուհետ` ՀԱՄԿ) կարծիքին: Վերջինս գրությամբ տեղեկացրել է, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորումն իրենց կողմից ընդունելի չէ: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող կարգավորման ոչ ընդունելի լինելու վերաբերյալ առանձին գրություններով իրենց կարծիքն են ներկայացրել ՀԱՄԿ-ի կազմում գտնվող երկու ճյուղային միությունները ևս (Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը և Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը): Նշված կարծիքները կցվում են:
Ամփոփելով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի գործող դրույթը արհեստակցական կազմակերպության գործունեության նպատակը և աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու տեսանկյունից սահմանում է առավել արդյունավետ և համակարգային կարգավորում:
Միաժամանակ հայտնում ենք, որ`
1) նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառերով, քանի որ նախագծով նախատեսվում է կատարել լրացում և փոփոխություն,
2) նախագծի 1-ին հոդվածում «պարբերությունից» և «պարբերությունով» բառերն անհրաժեշտ է համապատասխանաբար փոխարինել «մասից» և «3-րդ մասով» բառերով` հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: