| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2019 թվականի N 153-Լ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-009-31.01.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-ԻՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-009-31.01.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն ընդունելի չի համարում` ստորև ներկայացված նկատառումներով`
1. Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի` «դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում Հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկությամբ», ինչը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից և չի նախատեսում ընթացակարգային կամ քննարկման այլ փուլ քան վարչապետի կողմից նախագահին առաջարկություն ներկայացնելը: Ուստի` դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացում խորհրդարանի ներգրավվածության օրենսդրական պահանջի գաղափարը կարող է քննարկվել միայն սահմանադրական փոփոխությունների և իշխանության ճյուղերի լիազորությունների տրամաբանության փոխակերպման համատեքստում:
Հարկ ենք համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործընթացին խորհրդարանի մասնակցությունը կարող է որպես հակակշռող և զսպող գործոն կիրառվել նախագահական կառավարման ձև ունեցող այն հանրապետություններում, որտեղ միանձնյա նշանակողը (նախագահը կամ նախագահի կողմից նշանակված վարչապետը) և նշանակումը հաստատողը (խորհրդարանը) ձևավորվում են միմյանցից անկախ ընտրակարգերով և մեկը մյուսի իշխանության աղբյուր չեն հանդիսանում: Գործադիր իշխանության կադրային քաղաքականության իրականացման խորհրդարանական հակակշռման և զսպման մեխանիզմի առկայությունն արդարացված չէ այն պարագայում, երբ գործադիր իշխանության ձևավորման և դրա ղեկավարի ընտրության իրավունքն ինքնին պատկանում է բացառապես խորհրդարանին:
Բացի դրանից, պարզ չէ` որն է նախքան դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումն արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովի անդամների հետ առաջադրված անձանց հանդիպման իրավական հետևանքը, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն նախագծի` առաջադրված դիվանագիտական ներկայացուցիչ վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն ունենալու է սոսկ խորհրդատվական նշանակություն:
2. Նախագծով առաջարկվող հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող հարցերով օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների և (կամ) դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումներ կազմակերպելու լիազորությունն արդեն իսկ նախատեսված է գործող օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` մշտական հանձնաժողովի լիազորություններից է խորհրդարանական վերահսկողությունը, որի շրջանակներում հանձնաժողովն ազատ է կազմակերպելու նշված հանդիպումները:
Բացի դրանից, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ «Դիվանագիտական ներկայացուցիչը նշանակումից հետո կարող է հրավիրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով` հանդիպման կամ աշխատանքային քննարկման»:
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի «Մշտական հանձնաժողովները» վերտառությամբ 5-րդ գլխով կարգավորվում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, այդ գլխով նախատեսված կարգավորումներն ընդհանուր են բոլոր մշտական հանձնաժողովների համար և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական հանձնաժողովի լիազորություններն առանձին սահմանելու անհրաժեշտությունը չկա: