Սեղմել Esc փակելու համար:
«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 18 մարտի 2025 թ.

 

«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

(1-ին մաս)

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ին:

Օրենքի` «Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 20-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն պարտապանը, պարտատերը (պարտատերերը)»:

Վերոնշյալ հոդվածը փոփոխվել է 2009 թվականի փետրվարի 5-ի ՀՕ-48-Ն օրենքով, խմբագրվել և փոփոխվել` 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-13-Ն օրենքով, խմբագրվել` 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով:

Գործի քննության առիթը «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի` 2023 թվականի դեկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանի 2024 թվականի մայիսի 31-ի ՍԴԱՈ-92 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է` մինչև որոշման մեջ նշված կասեցման հիմքերը վերանալը: Սահմանադրական դատարանի 2025 թվականի մարտի 15-ի ՍԴԱՈ-38 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է: Սահմանադրական դատարանի 2025 թվականի մարտի 18-ի ՍԴԱՈ-39 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը մասամբ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասերով, կարճվել է:

Ուսումնասիրելով դիմումը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի օրինադրույթները` Սահմանադրական դատարանը

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1.1. Արմեն Աթանեսյանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ին դիմում է ներկայացրել ՀՀ սնանկության դատարան (այսուհետև նաև` Դատարան)` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:

1.2. Սնանկության դատարանը (այսուհետ նաև` Դատարան), քննելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործն ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, 2019 թվականի նոյեմբերի 14-ին վճռել է.

«Դիմումը բավարարել. «Իմպերիալ Պալաս Հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ճանաչել սնանկ...»:

Սույն վճռով Դատարանը փաստել է.

«Տվյալ դեպքում Դատարանը հաստատված է համարում, որ Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ ունի գրավոր գործարքի` 31.05.2019 թ. կնքված փոխառության պայմանագրի վրա հիմնված 250.000 ԱՄՆ դոլարի պարտավորություն (...):

Դատարանն ապացուցված է համարում նաև այն, որ Ընկերության ունեցած վերը նշված պարտավորությունը կետանցված է 60 օրից ավելի ժամկետով, և այդ կետանցը շարունակվում է, քանի որ այդ պարտավորությունը մարելու վերաբերյալ որևէ ապացույց Դատարան չի ներկայացվել: Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ վճարային պարտավորություն ունենալու, այդ պարտավորության չափի և այն կետանցված լինելու վերաբերյալ որևէ առարկություն Դատարան չի ներկայացրել:

Այսպիսով, Դատարանն ապացուցված է համարում, որ Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող, 60 օրից ավելի ժամկետով կետանցված անվիճելի վճարային պարտավորություն, որի կետանցը շարունակվում է:

Վերը նշվածից ելնելով` Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված բոլոր անհրաժեշտ պայմանները` անձին սնանկ ճանաչելու համար, ուստի Ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ Արմեն Աթանեսյանի դիմումը ենթակա է բավարարման»:

Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատերը (Արմեն Աթանեսյան) ու պարտապանը («ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերություն) հիշատակված վճիռը չեն բողոքարկել:

1.3. Դատարանը 2021 թվականի մարտի 25-ի որոշմամբ հաստատել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահանջը` 825.661 ՀՀ դրամի չափով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով սահմանված հերթում որպես չապահովված պահանջ:

1.4. «Արարատբանկ» ԲԲ ընկերությունը 2020 թվականին մարտի 5-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի` գործարքի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ:

1.5. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի` «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թ. կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ, 2021 թվականի սեպտեմբերի 1-ին վճռել է.

«1. Ըստ հայցի «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թվականին կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ հայցը բավարարել:

2. Կիրառել կեղծ լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ և անվավեր ճանաչել Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թվականին կնքված փոխառության պայմանագիրը»:

Վճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով, թողնվել է անփոփոխ:

1.6. «Ֆլեշ» ՍՊ (հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած պարտատեր չհանդիսացող) ընկերությունը 2022 թվականի հուլիսի 19-ին Դատարանի 2019 թվականի նոյեմբերի 14-ի վճռի նոր հանգամանքի հիմքով վերանայման բողոք է ներկայացրել: Նոր հանգամանքի հիմքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` ըստ հայցի` «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թ. կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործով սույն որոշման 1.5-րդ կետում նշված վճիռն է:

1.7. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, «Ֆլեշ» ՍՊ ընկերության կողմից նոր հանգամանքով ներկայացված` Դատարանի 14.11.2019 թ. վճռի վերանայման բողոքը, 2023 թվականի հունվարի 5-ին որոշել է. «1. Թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 14.11.2019 թվականի վճռի դեմ «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացրած վերանայման բողոքը բավարարել. նշված վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության»:

1.8. Վճռաբեկ դատարանը, քննելով ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի` «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.01.2023 թ. որոշման դեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի սեպտեմբերի 20-ին որոշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

 

2. Դիմողի դիրքորոշումները

«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ն (այսուհետ նաև` Դիմող), ներկայացնելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության և թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները, նշում է, որ կողմերը վստահել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությանը` ակնկալելով, որ դատական ակտով վրա հասնող հետևանքները (պարտավորությունների նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով) իրավաչափ են, և եթե անգամ ինչ-որ հանգամանքի ուժով բեկանվի սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռը, ապա դրա հետևանքով պարտապանի ֆինանսական վիճակը չի կարող էլ ավելի վատթարանալ, քանի որ պարտապանը չի կարող կրել անօրինական դատական ակտի բացասական հետևանքները` դադարած պարտավորությունների վերականգնման տեսանկյունից:

Դիմողն ընդգծում է, որ վիճարկվող դրույթներում առկա օրենսդրական բացը, իրավական որոշակիության բացակայությունը, ըստ էության, իրավաբանական անձի համար անդառնալի և կործանիչ հետևանքներ են առաջացնում այն իմաստով, որ դադարած տույժերի վերականգնման և վերահաշվարկման արդյունքում կրկնապատկված պարտավորությունը թույլ չի տա պարտապանին ֆինանսապես առողջանալ, և պարտապանն իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը կորցնելու ակնհայտ վտանգի առջև կկանգնի:

Անդրադառնալով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասին` Դիմողը նշում է, որ տվյալ դրույթը պետք է մեկնաբանել այնպես, որ պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճռի դեմ, բացի պարտապանից, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի այն պարտատերը, որը պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել է դատարան:

Դիմողը գտնում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորմանը, Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետին, 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետին:

Դիմողը նշում է. «Օրենսդիրը, տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասին տվել է Սահմանադրության 79-րդ հոդվածին չհամապատասխանող` ոչ որոշակի ձևակերպում, այսինքն բավարար չափով որոշակի չի նշվել մյուս պարտատերերի` այդ թվում` դիմող պարտատեր չհանդիսացող, վերջնական ցուցակում ընդգրկված պարտատերերի` սնանկ ճանաչելու վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի սահմանափակումը, ինչը հիմք է հանդիսացել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի տարընկալումների և սույն գործով դատարանների կողմից հակասող մեկնաբանությամբ կիրառությունների»:

Ըստ Դիմողի` քննարկվող դեպքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով և բավարարելով վերջնական ցուցակում ընդգրկված և նոր հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք ներկայացրած պարտատիրոջ վերաքննիչ բողոքը, համարել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք կարող են համարվել բոլոր պարտատերերը, և վերջիններս` դեռևս պարտատեր հանդիսանալու իրավունքը ծագած չլինելու փուլում, կարող են օգտվել պարտապանին սնանկ ճանաչելու գործընթացում դատավարական իրավունքներից:

Դիմողը գտնում է, որ «(...) Պարտապանի պարտավորությունների դադարեցումը օրինական ուժի մեջ մտած սնանկ ճանաչելու վճռի հիմքով (տույժերի հաշվարկման մասով), այնուհետև դրանց վերականգնումը հակասահմանադրական է», քանի որ, եթե օրինակ, սնանկության վարույթի ավարտին մոտ ժամանակահատվածում վարույթում ներգրավվի որևէ նոր պարտատեր և բողոքարկի սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռը, որն արդյունքում բեկանվի և ուղարկվի նոր քննության, իսկ սնանկության վարույթից անցած լինի հինգ և ավելի տարիներ, նույնիսկ նոր քննության փուլում սնանկ ճանաչվելու պարագայում պարտապանի համար տեղի են ունենալու անդառնալի հետևանքներ, քանի որ սնանկ ճանաչելու վերաբերյալ վճռի բեկանմամբ չեղարկվելու են մինչ այդ դադարեցված տույժերի հաշվարկումները, և եթե գործնականում նմանատիպ իրավիճակները բազմաթիվ լինեն, որևէ պարտապան արդյունքում չի կարողանա ֆինանսապես առողջանալ` իրենից անկախ հանգամանքներում, ինչը բացասական հետևանքներ է առաջացնում թե՛ ընկերության, թե՛ երկրի տնտեսության համար:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև` Պատասխանող) փաստում է, որ «(...) օրենսդիրը որևէ սահմանափակում չի նախատեսել առ այն, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը վերապահված է միայն այն պարտատիրոջը, ով սնանկության դիմում է ներկայացրել: Դա սուբյեկտիվ մեկնաբանություն է և չի բխում նորմում նշված կարգավորումից: Օրենսդիրը առանց որևէ այլ սահմանափակումների նշել է պարտատեր (պարտատերեր), հետևաբար ցանկացած այլ հատկանիշի կամ նախապայմանի սահմանումը մեկնաբանության արդյունք է»:

Պատասխանողն արձանագրում է, որ նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման ընթացակարգի նախատեսումը ոչ միայն չի կարող հակասել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին, այլ, ընդհակառակը` նշված իրավունքի իրացման լրացուցիչ միջոց է այն անձանց համար, որոնց օրինական շահերը շոշափող վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում կայացված վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, «(...) համաձայն որի` պարտատիրոջ հանդեպ պարտապանի ունեցած պարտավորության դադարման դեպքում` դրա հիմքը հանդիսացող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և այդպիսի դադարումը պետք է լինի վերջնական և որևէ կերպ ենթակա չլինի վերականգնման», Պատասխանողը գտնում է, որ նման մոտեցումն իմաստազրկում է ոչ միայն նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտը, այլև խաթարում է սնանկության գործով բոլոր պարտատերերի իրավունքների իրացումը:

Ըստ Պատասխանողի` բոլոր պարտատերերն ունեն իրավահավասար մասնակցություն սնանկության գործընթացին` անկախ այն հանգամանքից, թե որ պարտատերն է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրել, և պետք է ապահովել պարտատերերի պահանջների արդար և հավասար բավարարումը: Հետևաբար` սնանկության վարույթի նպատակը միայն մեկ պարտատիրոջ (սնանկության դիմում ներկայացրած) սեփականության իրավունքի պաշտպանության ապահովումը չէ, այլ բոլոր պարտատերերի արդարացի հավասարակշռված շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև տարբեր շահագրգիռ կողմերի` ներառյալ պարտապանների շահերի պաշտպանությունը:

Հետևաբար` նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման ընթացակարգի նախատեսումը չի կարող մեկնաբանվել որպես այլ անձանց սեփականության իրավունքի սահմանափակում նախատեսող կարգավորում:

Պատասխանողը գտնում է, որ առարկայազուրկ է Դիմողի այն պնդումը, ըստ որի` սնանկ ճանաչելու վերաբերյալ վճռի վերանայման արդյունքում խախտվում է իր նկատմամբ կայացված դատական ակտի կանխատեսելիությունն ու անհերքելիությունը, քանի որ երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով գործարքն անվավեր է ճանաչվում առոչնչության հիմքով, ապա այդ գործարքի կողմի համար բոլորովին անկանխատեսելի չէ, որ այն դատական ակտը, որի հիմքում դրվել է կեղծ գործարքը, կարող է բեկանվել և գործն ուղարկվել նոր քննության:

Ամփոփելով իր դիրքորոշումները` Պատասխանողը խնդրում է` սույն գործով ընդունել որոշում` վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի դեմ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք բերելու իրավունք վերապահվում է նաև հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում չներկայացրած պարտատիրոջը, համահունչ է սնանկության վարույթով որպես պարտապանի կարգավիճակ ունեցող անձի` Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության (res judicata) սկզբունքի, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ապահովման` Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված պահանջին` Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով ամրագրված` տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատության և սեփականության իրավունքների պաշտպանության լույսի ներքո` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները:

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը նշում է, որ վերոնշյալ հարցադրմանն անդրադառնալու է բացառապես պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում) սնանկության վարույթի շրջանակներում:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության` «Տնտեսական կարգը» վերտառությամբ 11-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցության և սոցիալական արդարության երաշխավորմանը: Սույն սահմանադրական կարգավորումն իր տրամաբանական շարունակությունն է ստացել Սահմանադրության` «Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը» վերտառությամբ 59-րդ հոդվածում.

«1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով` հանրային շահերի պաշտպանության նպատակով:

3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են»:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է տնտեսական գործունեության ազատության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը: Այսպես.

i

Սահմանադրական դատարանի 1999 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-152 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Ազատ տնտեսական մրցակցության սկզբունքն իր հերթին բխում է տնտեսական ազատության և հավասարության սկզբունքներից և նշանակում է շուկայական տնտեսության ներսում բոլոր տնտեսավարող սուբյեկտների հավասարություն, պետության կողմից նրանց համար հավասար պայմանների և հնարավորությունների ապահովում»:

i

Մեկ այլ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցությունը պետության զարգացման կարևոր նախապայմաններն ու անկյունաքարերն են` հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուրին` ազատ, բարեխիղճ, հավասար և մրցակցային պայմաններում իրականացնելու տնտեսական գործունեություն» (2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685 որոշում):

i

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-1756 որոշմամբ նշել է.

«(...) տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությունն իրավական առումով քաղաքացիաիրավական հարաբերությունների շղթա է, որը կառուցվում է տնտեսվարող սուբյեկտների միջև, ի թիվս այլնի, փոխադարձաբար պարտավորական իրավահարաբերություններ հաստատելու միջոցով, որոնց բարեխիղճ կենսագործումը պետության տնտեսական զարգացման անվերապահ առհավատչյան է:

Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատությունը քաղաքացիաիրավական հարաբերությունների համատեքստում ունի առանձնահատուկ կարևորություն: Այսպես` ի երաշխավորումն նշված սահմանադրական իրավունքի` պետությունն օրենսդրորեն ամրագրում է.

1) քաղաքացիաիրավական, այդ թվում` պարտավորական հարաբերությունների շրջանակներում կամքի ինքնավարության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտները պարտավորական հարաբերությունների մեջ են մտնում իրենց կամքով և ի շահ իրենց,

2) պայմանագրի ազատության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ տնտեսվարող սուբյեկտներն ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման,

3) մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, պաշտպանում է տնտեսվարողներին պետության անհարկի միջամտությունից` կաշկանդելով պետությանը նշված ոլորտում տնտեսվարողների իրավունքներին միջամտել սահմանադրորեն ամրագրված բացառիկ հիմքերով,

4) քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության սկզբունքը, որը, ի թիվս այլնի, ուղղակիորեն փոխկապակցված է պարտավորական հարաբերությունների կայունության հետ և ուղղված է պարտավորական հարաբերությունների դադարման հիմքերի բացակայության պարագայում տվյալ հարաբերությունների պահպանմանը,

5) պարտավորական հարաբերությունների շրջանակներում խախտված իրավունքների պաշտպանության, այդ թվում` դատական պաշտպանության սկզբունքը:

Վերոգրյալի լույսի ներքո` Սահմանադրական դատարանը գտնում է, որ ի երաշխավորումն Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեության ազատության` առանցքային կարևորություն է ներկայացնում ոչ միայն օրենսդրական, այլ նաև իրավակիրառ մակարդակում տնտեսական գործունեության իրականացման իրավական հիմքերի կայունության ապահովումը, մասնավորապես` տնտեսվարող սուբյեկտների համար իրենց գործունեության կայունության և որոշակիության համար այնպիսի իրավական հարթության ապահովումը, որի շրջանակներում պարտավորական հարաբերությունները կդադարեն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հստակ հիմքերով, որոնք բավարար որոշակի և կանխատեսելի կլինեն պարտավորական հարաբերությունների սուբյեկտների համար»:

Բարձր դատարանի վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո` Սահմանադրական դատարանը փաստում է, որ տնտեսական հարաբերությունների կայունությունն ու կանխատեսելիությունը ժամանակակից շուկայական տնտեսության արդյունավետ գործառնության համար առանցքային նախապայմաններ են: Այս հարաբերությունների իրավական պաշտպանությունը, ի շարս այլ կառուցակարգերի, երաշխավորվում է նաև սնանկության ինստիտուտի միջոցով, ինչը ենթադրում է, որ և՛ օրենսդիրը` սնանկության ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներ սահմանելիս, և՛ իրավակիրառը` դրանք կյանքի կոչելիս պետք է ի միտն ունենան յուրաքանչյուրի, այդ թվում` սնանկության վարույթում պարտապանի կարգավիճակ ունեցող անձի` Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված սահմանադրական իրավունքի ապահովման անհրաժեշտությունը` նկատի ունենալով սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի առանձին իրավունքների սահմանափակում ենթադրող ընթացակարգերը, որոնք, ի թիվս այլնի, առանձին դեպքերում հանգեցնում են նաև պարտապանի լուծարման և գործունեության կասեցման:

5.2. Սահմանադրության` «Սեփականության երաշխավորումը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:

Սահմանադրության` «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ամրագրված է.

«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

i

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-92, ՍԴՈ-630, ՍԴՈ-649, ՍԴՈ-650, ՍԴՈ-667, ՍԴՈ-669, ՍԴՈ-735, ՍԴՈ-815, ՍԴՈ-901, ՍԴՈ-903, ՍԴՈ-1009, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1189, ՍԴՈ-1203, ՍԴՈ-1210 և այլն) անդրադարձել է սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը, այդ իրավունքի պաշտպանության հնարավոր սահմանափակման խնդիրներին` իրավական դիրքորոշումներ արտահայտելով սեփականության իրավունքի էության, այդ իրավունքի սահմանափակման, դադարման հետ կապված իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ` կարևորելով այդ բնագավառում սահմանադրական կարգի սկզբունքներից բխող իրավական միջոցների գործադրման անհրաժեշտությունը:

i

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև` որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ որոշմամբ նաև արձանագրել է, որ «(...) ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը` ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, մասնավորապես.

առաջին` առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի,

երկրորդ` երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,

երրորդ` Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,

չորրորդ` երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում` դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը»:

i

Վերահաստատելով և զարգացնելով սեփականության իրավունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դիտարկելով դրանք հայցային վաղեմության ինստիտուտի համատեքստում` Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-1611 որոշմամբ փաստել է. «(...) սեփականության իրավունքի հետ առնչակցություն ունեցող ցանկացած օրենսդրական կարգավորում, դրա մեկնաբանություն և կիրառում պետք է համապատասխանեն նշյալ իրավունքի առնչությամբ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներին և Սահմանադրական դատարանի` ներկայացրած իրավական դիրքորոշումներին, մասնավորապես` դրանք պետք է երաշխավորեն սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար, պետք է երաշխավորեն օրենքով սահմանված դեպքերում` դատական կարգով անձին սեփականությունից զրկելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը, ինչպես նաև երաշխավորեն սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանությունը»:

Բացի դրանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` ՄԻԵԴ) նշում է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը («Trgo v. Croatia», Application no. 35298/04, 11.06.2009, Final 11.09.2009, § 44):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ «գույքը» կարող է լինել «գոյություն ունեցող սեփականությունը» կամ «ակտիվները», ներառյալ` պահանջները, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է վիճարկել, որ առնվազն ունի սեփականության իրավունքից անարգել օգտվելու «իրավաչափ ակնկալիք» («J. A. Pye (Oxford) Ltd and J. A. Pye (Oxford) Land Ltd v. United Kingdom», Application no. 44302/02, 30.08.2007, § 61): «Ակնկալիքը» համարվում է իրավաչափ, եթե այն հիմնված է օրենսդրական դրույթի կամ քննարկվող գույքի վերաբերյալ իրավական ակտի վրա (»Saghinadze and others v. Georgia», Application no. 18768/05, 27.05.2010, Final 27.08.2010, § 103):

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունն ուղղակիորեն փոխկապակցված է սեփականության իրավունքի հետ, ըստ այդմ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը ոչ միայն ուղղված է շահույթ (գույք) ստանալուն, այլ նաև իրականացվում է, ի թիվս այլնի, սեփականատիրոջ կողմից իր գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման եղանակով:

i

Սահմանադրական դատարանը 2023 թվականի ապրիլի 25-ի ՍԴՈ-1685 որոշմամբ արձանագրել է. «Տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման ու սեփականության իրավունքի փոխկապակցվածությունը դրսևորվում է նրանում, որ ազատ տնտեսական գործունեության և տնտեսական մրցակցության արդյունքում սեփականության ծավալն ավելացնելու նոր նախադրյալներ են ստեղծվում, ինչն, իր հերթին, իրական հնարավորություն է ընձեռում նաև ազատ տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնելու համար»:

i

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ տնտեսական գործունեության շրջանակներում պարտավորական հարաբերությունների հաստատման նպատակը, ի թիվս այլնի, հանգում է պարտավորական հարաբերությունների մասնակիցների` սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիքի ձևավորմանը, և այդ հարաբերությունների դադարումն ուղեկցվում է սեփականություն ձեռք բերելու օրինական ակնկալիքի վերացմամբ` առանձնակի կարևորելով ինչպես օրենսդրորեն, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում պարտավորությունների դադարման ինստիտուտի համատեքստում սեփականության իրավունքի ապահովման երաշխավորումը» (2024 թվականի հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-1756 որոշում):

i

5.3. Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սնանկության ինստիտուտը տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված պետության միջամտության առանձնահատուկ դրսևորում է, որը, մի կողմից` կոչված է առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները` վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցներն արդար բաշխելով վերջիններիս միջև, մյուս կողմից` օրենսդրական կարգավորումների ներդրման միջոցով փրկել գոյատևման ընդունակ տնտեսվարող սուբյեկտներին (2021 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-1609 որոշում):

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության ինստիտուտի շրջանակներում պետությունը, ի շարս այլնի, նաև տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովման նկատառումներից ելնելով, մասնավոր իրավահարաբերություններին ոչ բնորոշ գործիքակազմի կիրառմամբ, միջամտում է տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության ոլորտին` ուղղակիորեն սահմանափակելով տնտեսական, ներառյալ` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև սեփականության իրավունքները, որպիսի պայմաններում, հատկապես, կարևորվում է օրենսդրական մակարդակում սնանկության ինստիտուտի վերաբերյալ պատշաճ, որոշակի և արդյունավետ կառուցակարգեր սահմանելու և դրանք կիրառելու հանրային իշխանության համապատասխան մարմինների պոզիտիվ պարտականությունը, որի պարագայում, ի թիվս այլնի, կերաշխավորվեն խնդրո առարկա գործընթացի կայունությունն ու կանխատեսելիությունը, ինչպես նաև դրա մասնակիցների իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը:

Սահմանադրական դատարանը, իր որոշումներում անդրադառնալով սնանկության ինստիտուտի էությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

i

- սնանկության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը յուրաքանչյուր պետության տնտեսության կայունության ապահովման երաշխիքներից է (2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշում),

- սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը (2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշում),

i

- «Սնանկության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների վերլուծությունը վկայում է այն մասին, որ դրանք խարսխվում են այն տրամաբանության վրա, համաձայն որի` սնանկության հիմքն անվճարունակությունն է: Այդ մասին է, մասնավորապես, վկայում օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված դրույթը, որը և՛ կամավոր սնանկության, և՛ հարկադրված սնանկության դեպքում որպես սնանկության հիմք ամրագրում է պարտապանի անվճարունակության փաստը (2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշում),

i

- սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար (2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշում)

i

- «(...) պարտապանին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է, որպիսի պայմաններում սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի գործողությունների շրջանակն իրավաչափորեն սահմանափակվում է` նպատակ ունենալով ապահովելու պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունը: Հետևաբար` անվճարունակ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ պարտապանի գործողություններն իրականացնում է սնանկության գործով կառավարիչը` հանդես գալով որպես պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող ոչ շահագրգիռ անձ` միաժամանակ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի իրավակարգավորումը նպատակ ունի ապահովելու իրավաչափ հավասարակշռություն մի կողմից պարտապանի, մյուս կողմից` պարտատերերի շահերի պաշտպանության համար» (2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշում):

Սահմանադրական դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1610 որոշմամբ ընդգծել է, որ սնանկության ինստիտուտի առջև դրված հիմնարար նպատակներից մեկը պարտատերերի և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունն է: Մասնավորապես` տվյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ սնանկության վարույթը միմյանց հաջորդող բազմափուլ համակարգ է, որի կառուցվածքային տարր հանդիսացող յուրաքանչյուր փուլի առջև օրենսդիրը դրել է կոնկրետ խնդիրներ (սնանկության դիմումի ընդունելիության փուլում` ստուգել դիմումի ձևին, բովանդակությանը, դատարան ներկայացվող փաստաթղթերին առաջադրված օրենսդրական պահանջներին համապատասխանությունը, սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլում` սնանկության հիմքերի և հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը և այլն), որը բխում է սնանկության վարույթի համընդհանուր նպատակից, այն է` ապահովել պարտատերերի պահանջների բավարարումը` երաշխավորելով պարտատերերի և պարտապանի իրավունքների պաշտպանության ողջամիտ հավասարակշռությունը»:

Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը և ի հավելումն դրա` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սոցիալական շուկայական տնտեսության պայմաններում պարտատերերի և պարտապանի իրավունքների պաշտպանության ողջամիտ հավասարակշռությանն ուղղված գործողությունները և դրանց ապահովմանը միտված օրենսդրական կարգավորումներն իրապես հավասարակշռված կդիտարկվեն այն պարագայում, երբ պարտատերերի պահանջների բավարարումը կհավասարակշռվի նաև ֆինանսական դժվարության մեջ գտնվող ընկերության առողջացման օրինական ու ակնկալվող շահով:

Վերոգրյալ դիրքորոշումներից ելնելով և վիճարկվող դրույթի սահմանադրականության ստուգման համատեքստում ի մի բերելով դրանք` Սահմանադրական դատարանն արձանագրում է.

- սնանկության ինստիտուտը տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված պետության միջամտության առանձնահատուկ դրսևորում է, որն ուղղակիորեն ներազդում է տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության ոլորտային շրջանակի վրա,

- դրա գործարկմամբ ուղղակիորեն սահմանափակվում է անձի` տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև սեփականության իրավունքը,

- պետության խնդիրն է ապահովել, մի կողմից, պարտատերերի պահանջների առավելագույնս բավարարումը` սնանկության վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցները վերջիններիս միջև արդար բաշխելու միջոցով, մյուս կողմից` գոյատևման ընդունակ տնտեսվարող սուբյեկտների կենսունակության վերականգնումը և բնականոն տնտեսավարման հուն վերադարձը:

Ըստ այդմ` նկատի ունենալով սնանկության գործընթացի պատշաճ կազմակերպման նշանակությունը պետության տնտեսական հիմքի կայունության համար և սնանկության հետ կապված հարաբերություններում պետության միջամտության ինտենսիվությունը, ինչպես նաև ելնելով սնանկության վարույթով հետապնդվող նպատակներից ու դրանց առանձնահատկություններից` հատկապես կարևորվում է պետության համարժեք վարքագիծը` օրենսդրորեն կանոնակարգված որակյալ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ստեղծման ու դրանց համահունչ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման ոլորտում, որոնք անհրաժեշտ են սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար:

Վերջինս ենթադրում է այնպիսի օրենսդրական կարգավորումների առկայություն, որոնց պարագայում երաշխավորված կլինի սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը, մասնավորապես` պարտատերերի իրավունքների պաշտպանությունը և նրանց խախտված իրավունքների վերականգնումը` մի կողմից, և պարտապանների առողջացման հնարավորությունը` մյուս կողմից:

Բացի դրանից, օրենսդրական կարգավորումները պետք է ապահովեն սնանկության գործընթացի կայունությունը, որոշակիությունն ու կանխատեսելիությունը, ուղղված լինեն թե՛ խնդրո առարկա վարույթով հետապնդվող ընդհանուր խնդիրների և թե՛ կոնկրետ պարտավորական հարաբերությունների համալիր կարգավորմանը` հաստատուն պահելով ձեռնարկատիրական գործունեության անխոչընդոտ իրականացման և զարգացման համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրն ու պայմանները:

5.3.1. Սահմանադրական դատարանը փաստում է, որ սնանկության վարույթը մեկ միասնական, բազմափուլ և համապարփակ գործընթաց է` դատավարության իրեն բնորոշ մասնակիցների կազմով, նրանց դատավարական իրավունքների ու պարտականությունների շրջանակով, որն սկսվում է պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացնելուց (հարկադրված կամ կամավոր) և, որպես կանոն, եզրափակվում` սնանկության գործն ավարտվելու վերաբերյալ վճռով` առանձին դեպքերում հանգուցալուծվելով պարտապանի լուծարմամբ (իրավաբանական անձի պարագայում) կամ ֆինանսապես առողջացմամբ:

Մասնավորապես` ինչպես արդեն նշվեց` սնանկության ինստիտուտի շրջանակներում նախաձեռնված վարույթով պետությունը, տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովման նկատառումներից ելնելով, մասնավոր իրավահարաբերություններին ոչ բնորոշ գործիքակազմի կիրառմամբ միջամտում է տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության ոլորտին: Նախորդիվ նշված շահով պայմանավորված` սնանկության վարույթի շրջանակներում տեղի է ունենում տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սեփականության իրավունքների և դրանց հետ կապված ընթացակարգային, մասնավորապես` դատական պաշտպանության իրավունքի ծավալի, ձևի ու բովանդակության էական փոխակերպում, ընդ որում` թե՛ պարտապանների և թե՛ պարտատիրոջ համար: Այս առումով վճռորոշ դերակատարում է վերապահվում սնանկության գործով կառավարիչներին (ժամանակավոր կառավարիչներին) և պետությանը` ի դեմս սնանկության գործեր քննող դատարանների:

Օրինակ` Օրենքի ուսումնասիրությունից հետևում է, որ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինել կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել` առանց կառավարչի թույլտվության: Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը և այլն:

Բացի դրանից, Օրենքը նախատեսում է պարտատերերի պահանջների բավարարման (ներառյալ պարտապանի դեմ արդեն իսկ իրականացվող գործողությունների) սառեցման ինստիտուտը (մորատորիումը), որի նպատակը, վերջին հաշվով, պարտապանի գույքային դրության կառավարելիության ու կայունության ապահովումն է, մասնավորապես, որպեսզի թույլ չտրվի պարտապանի գույքի կազմի էական նվազեցում, այդ թվում նաև` պարտատերերի պահանջների արդարացի բավարարման հեռանկարով, միևնույն ժամանակ պարտապանի վճարունակության վերականգնման և վերջինիս ֆինանսական առողջացման նախադրյալների ձևավորման առումով: Այլ կերպ` դրա կիրառումն ուղղված է ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանությանը, և որն սկսվում է համապատասխան վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո և շարունակվում մինչև տվյալ սնանկության գործի ավարտը:

Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի մշակած «Սնանկության մասին» օրենսդրական ուղեցույցի համաձայն` լուծարման և առողջացման վարույթների ընթացքում մորատորիումի գործողությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ և նշանակություն` պայմանավորված հետապնդվող նպատակներով: Եթե լուծարման վարույթի նպատակն է պարտապանի գույքի իրացման միջոցով պարտատերերի պահանջների հնարավորինս արագ բավարարումը, որի դեպքում մորատորիումը կարող է ապահովել լուծարման վարույթի արդար և կանոնավոր կառավարումը, լուծարվող ակտիվների արժեքն առավելագույնի հասցնելը, ապա ֆինանսական առողջացման վարույթում մորատորիումի կիրառումը հեշտացնում է բիզնեսի շարունակական գործունեությունը և հնարավորություն է տալիս պարտապանին պատշաճ կազմակերպել իր գործերը: Երկու դեպքում էլ մորատորիումի կիրառումը թույլ է տալիս նաև սնանկության կառավարչին գնահատել պարտապանի դրությունը` մեծացնելով պարտապանի և պարտատերերի շահերին չհակասող առավելագույն արդյունքի հասնելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ֆինանսական առողջացման վարույթի նպատակը` այդ փուլում մորատորիումի ազդեցությունն ավելի մեծ է և, հետևաբար` ավելի կարևոր, քան լուծարման ժամանակ, և կարող է կարևոր խթան հանդիսանալ պարտապաններին խրախուսելու ֆինանսական առողջացման վարույթ սկսելու համար(1):

 

________________

1 տե՛ս https://uncitral.un.org/sites/uncitral.un.org/files/media- documents/uncitral/en/05-80722_ebook.pdf

 

5.3.2. Ինչպես նշվեց` սնանկության վարույթը, մեկ միասնական և համապարփակ գործընթաց լինելով հանդերձ, նաև բազմափուլ գործընթաց է: «Սնանկության գործ» հասկացության իմաստի բացահայտման համատեքստում Սահմանադրական դատարանը 2011 թվականի հունվարի 11-ի ՍԴՈ-932 որոշմամբ նշել է, որ նշված հասկացությունը չի սահմանափակվում միայն պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված վարույթով և ներառում է այն բոլոր վեճերի լուծմանն ուղղված դատական վարույթները, որոնք կարող են ծագել պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի քննության ընթացքում կամ առնչվում են պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի բավարարման իրավական հետևանքներին: Այլ կերպ` պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված դատական գործը` որպես սնանկության գործ, ի տարբերություն այլ քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործերի, չի ավարտվում տվյալ վարույթով կայացված դատական ակտով և կարող է բաղկացած լինել մի քանի առանձին վարույթներից, որոնք, սակայն, չեն հանդիսանում առանձին գործեր, այլ ներառվում են տվյալ իրավասուբյեկտի սնանկության վերաբերյալ միասնական դատական գործում:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.03.2025
N ՍԴՈ-1773
Որոշում