Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Ո ...

 

26.01.2026 -

 

040.0274.230317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2017 թվականի N 274-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի ու Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության Անվտանգության կանոնակարգերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հավելվածի 29-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «կատարում տեսչական ստուգումներ» բառերը փոխարինել «իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված` ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ» բառերով,

բ. «է» ենթակետից հանել «իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման որակի հսկողության ազգային ծրագրի մշակման և պահպանման միջոցառումներ,» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 11.01.2024 թիվ 41-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 16-ի

N 274-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) N 17 Անվտանգություն» միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից հավելվածի և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ) կազմակերպության «Անվտանգության կանոնակարգեր» (այսուհետ` կանոնակարգ) (Դոկ. 30) փաստաթղթի դրույթների հիման վրա:

(1-ին կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների արդյունավետ իրականացումը քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի հիմնարար բաղադրիչներից է: Որակի հսկողության միջոցառումները հանդիսանում են որպես քաղաքացիական ավիացիայի ոլորտում ավիացիոն անվտանգության համակարգի աշխատանքների մոնիթորինգի իրականացման մեթոդներ և միջոցներ, որոնք օգտագործվում են պետության կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության համակարգի վիճակը գնահատելու, իսկ, անհրաժեշտության դեպքում, հայտնաբերված թերությունները վերացնելու համար:

(1.1-ին կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

1.2. Անհրաժեշտության դեպքում, ծրագրի մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանություն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածում փոփոխությունների, լրացումների, նոր ընդունված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի, ինչպես նաև սույն փաստաթղթի դրույթների արդյունավետության վերլուծության և գնահատման հիման վրա:

(1.2-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

1.3. Ծրագրի մշակումը, ներդրումը, իրականացումը և պահպանումն ապահովվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

(1.3-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

1.3.1. Ծրագրի խնդիրներն են հանդիսանում`

1) ապահովել ազգային ծրագրի դրույթներով սահմանված ավիացիոն անվտանգության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը` որակի հսկողության միջոցառումների անցկացման միջոցով.

2) գնահատել ավիացիոն անվտանգության ապահովման մասով սահմանված պահանջների ու միջոցառումների արդյունավետությունը.

3) որակի հսկողության միջոցառումների իրականացման միջոցով նպաստել կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների գործուն ու հետևողական կատարմանը:

(1.3.1-ին կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

1.4. Ծրագրի հիմնական նպատակներն են`

1) ավիացիոն անվտանգության ոլորտում որակի վերահսկման ազգային համակարգի ստեղծումը և ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի չափորոշիչներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող միջոցառումների որակի հսկողության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի (այսուհետ` ազգային ծրագիր) պահանջներին համապատասխան օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող, օդանավակայաններում վերգետնյա սպասարկումներ, ավիասննդի մատակարարման, օդանավերի մաքրման ծառայություններ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների, օդանավ շահագործողների գրանցված գործակալների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետ իրականացումը և հավաստիացումը, որ ավիացիոն անվտանգության միջոցառումներն ու ընթացակարգերն իրականացվում են շարունակական հիմունքներով` ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով և ազգային ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան.

3) ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների կատարման արդյունավետության ապահովումը, ինչպես նաև սահմանված պահանջների խախտումների և թերությունների հայտնաբերման ու դրանց վերացմանն ուղղված գործողությունների իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

4) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգում թույլ կետերի բարելավումը և խոցելի տեղամասերի բացահայտումը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմիններին ավիացիոն անվտանգության խորհրդատվության ու փորձագիտական օգնության տրամադրումը:

(1.4-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

1.5. Ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող որակի հսկողության միջոցառումների ընթացքում ստուգվում են ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերով և ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները, այդ թվում` նաև ավիացիոն անվտանգության ոլորտում վարվող քաղաքականության համապատասխանությունը միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին: Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում, օդանավ շահագործող կազմակերպություններում և ավիացիոն այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններում ավիացիոն անվտանգության մասով իրականացվող աշխատանքների որակի հսկողության միջոցառումները հնարավորինս պետք է լինեն համապարփակ և ընդգրկեն ազգային ծրագրով տվյալ կազմակերպություններին վերաբերող մասով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումները:

(1.5-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

1.6. Ծրագիրը մշակված է`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,

2) «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

3) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածի,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1307-Ն որոշման դրույթների հիման վրա:

(1.6-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

2. Ծրագրում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) անվտանգության միջոցառումների վերահսկում - կոմիտեի կողմից ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով իրականացվող ուսումնասիրություն, որն անցկացվում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերում.

2) անվտանգության փորձարկում - կոմիտեի կողմից ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաններում անօրինական միջամտության ենթադրյալ գործողության իրականացումը, որի նպատակն ազգային ծրագրում ընդգրկված անվտանգության միջոցառումների արդյունավետության որոշումն է.

3) ուսումնասիրություն - կոմիտեի կողմից օդանավակայանում և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում կիրառվող ավիացիոն անվտանգության գործող միջոցառումների և ընթացակարգերի մեկ կամ մի քանի ասպեկտների ուսումնասիրություն, որը նպատակ է հետապնդում գնահատելու կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը.

4) ավիացիոն անվտանգության վերահսկողություն - ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ձեռնարկում, որոնց իրականացման միջոցով կանխվում է դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր սարքավորումների, առարկաների կամ իրերի փոխադրումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների իրականացման նպատակով.

5) ավիացիոն անվտանգության վիճակի դիտարկում - կոմիտեի կողմից ավիացիոն անվտանգության կարիքների գնահատում` ներառյալ խոցելի տեղերի և ավիացիոն անվտանգության տեսանկյունից թույլ կետերի բացահայտումը, որը կօգնի կանխել անօրինական միջամտության գործողությունների իրականացումը և ներկայացնել ուղղիչ գործողությունների պլանների մշակման վերաբերյալ առաջարկություններ.

6) ավիացիոն անվտանգության աուդիտ - ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով կիրառվող բոլոր ընթացակարգերի ու ասպեկտների ամբողջական վերանայում, որը նպատակ ունի բացահայտելու արդյոք ավիացիոն անվտանգության բոլոր ընթացակարգերն ու ասպեկտները կիրառվում են շարունակական հիմունքներով, և ապահովվում է արդյոք ավիացիոն անվտանգության պահանջների միևնույն մակարդակը.

7) անհամապատասխանություն - որակի վերահսկողության միջոցառումների արդյունքում հայտնաբերված ավիացիոն անվտանգության ոլորտի կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելը.

8) ավիացիոն անվտանգության միջադեպ - իրադարձություն, որը բացասական հետևանքներ է ունենում ավիացիոն անվտանգության ապահովման, հասարակական, մարդկանց անվտանգության և մարդկանց գույքի անվտանգության համար.

9) ավիացիոն անվտանգության տեսուչ - կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության որակի վերահսկողության գործունեություն իրականացնելու իրավասությամբ լիազորված անձ.

10) հետաքննություն - տեղի ունեցած ավիացիոն անվտանգության միջադեպի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և վերլուծության գործընթաց միջադեպի առաջացմանը նպաստող պատճառները բացահայտելու, ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով եզրակացություններ և առաջարկություններ մշակելու նպատակով.

11) տեսչական հանձնարարական - ավիացիոն անվտանգության տեսուչի կողմից տրված հանձնարարական, որը պարտավորեցնում է որակի հսկողության միջոցառման սուբյեկտին վերացնել հայտնաբերված անհամապատասխանությունները սահմանված ժամկետում:

(2-րդ կետը փոփ. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության համակարգի կառուցվածքը հետևյալն է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` կոմիտե).

2) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ.

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներ.

4) օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպություններ.

5) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության տարբեր ասպեկտների մասով գործառույթներ իրականացնող կազմակերպությունները (օդանավակայաններում վերգետնյա սպասարկումներ, ավիասննդի մատակարարման, օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող և օդանավերի տեխնիկական սպասարկումներ իրականացնող կազմակերպություններ, օդանավ շահագործողների գրանցված գործակալներ, հայտնի մատակարարներ և հայտնի առաքողներ), որոնց անձնակազմերի անդամները օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի իրավունք ունեն.

6) պետական կառավարման համակարգի մարմիններ, որոնք ազգային ծրագրով սահմանված կարգով իրականացնում են ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ:

(3-րդ կետը փոփ. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացման լիազոր մարմին է հանդիսանում կոմիտեն, որն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման պահանջների դրույթների կատարման արդյունավետության ապահովման նպատակով սույն ծրագրով սահմանված վերահսկողության միջոցառումների իրականացում.

2) ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա որակի հսկողության միջոցառումների իրականացման տարեկան պլանի մշակում.

3) ավիացիոն անվտանգության մասով աուդիտների, ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների վիճակի տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների, դիտարկումների ու փորձարկումների իրականացում և ավիացիոն անվտանգության հետ կապված միջադեպերի հետաքննության անցկացում.

4) որակի հսկողության իրականացման նպատակով ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչների (այսուհետ` տեսուչներ) անհրաժեշտ քանակի ապահովում, նրանց նշանակում և իրավասությունների սահմանում.

5) ավիացիոն անվտանգության աշխատանքների փորձարկումներում ներգրավված անձանց նշանակում և լիազորում.

6) որակի հսկողության միջոցառումների արդյունքների հիման վրա կազմակերպությունների կողմից մշակված ուղղիչ գործողությունների պլանների հաստատում և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

7) կազմակերպությունների ներքին որակի հսկողության ծրագրերի կատարման նկատմամբ վերահսկողության և մշտադիտարկման միջոցառումների իրականացում.

8) սույն ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների կազմում:

(3.1-ին կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

4. Կոմիտեի կողմից «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության պահանջների համապատասխանության ապահովման նպատակով իրականացնում է պետական վերահսկողություն` ավիացիոն անվտանգության համակարգի աշխատանքների որակի հսկողության միջոցառումների` աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով: Ավիացիոն անվտանգության մասով որակի հսկողության ենթակա են`

1) Հայաստանի Հանրապետության օդանավակայանները, ինչպես նաև այլ պետությունների այն օդանավակայանները, որտեղից թռիչքներ են իրականացվում դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ` այդ պետությունների ավիացիոն իշխանությունների նախնական համաձայնությամբ.

2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները, ինչպես նաև օտարերկրյա օդանավ շահագործողները, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից.

3) օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները.

4) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության տարբեր ասպեկտների մասով գործառույթներ իրականացնող կազմակերպությունները (օդանավակայաններում վերգետնյա սպասարկումներ, ավիասննդի մատակարարման, օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող, օդանավերի տեխնիկական սպասարկումներ իրականացնող, ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումներ մատակարարող և դրանց սպասարկող կազմակերպությունները, օդանավ շահագործողների գրանցված գործակալները, հայտնի մատակարարները և հայտնի առաքողները), որոնց անձնակազմերի անդամները օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի իրավունք ունեն.

5) պետական կառավարման համակարգի մարմինները, որոնք ազգային ծրագրով սահմանված կարգով իրականացնում են ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ:

(4-րդ կետը փոփ. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

5. Ծրագրի դրույթները տարածվում են միջազգային և ներքին օդային փոխադրումներն սպասարկող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից օդային փոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների վրա:

6. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների պարբերական իրականացումը նպատակ ունի ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը, ստուգելու օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների և փոստի սպասարկման գործընթացի անվտանգության մակարդակը, գնահատելու կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության ընթացակարգերը, բացահայտելու դրանցում առկա թերություններն ու խոցելի կետերը:

7. Ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի որակի հսկողության վերաբերյալ դրույթների և սահմանված չափորոշիչների փոփոխությունների դեպքում դրանց համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ծրագրում:

8. Ազգային ծրագրով սահմանված և սույն ծրագրի 3-րդ կետում նշված ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումներ իրականացնող օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության սպասարկումներ և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունները մշակում են իրենց գործառույթներին համապատասխան ներքին որակի հսկողության ծրագրեր, որոնք ներկայացնում են կոմիտեի հաստատմանը և այդ ծրագրերին համապատասխան կատարում են ներքին որակի հսկողության միջոցառումներ:

(8-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն, 11.01.2024 թիվ 41-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

8.1. Որակի հսկողության միջոցառումների ենթակա օդանավակայանները, օդանավ շահագործողները և սույն ծրագրի 19-րդ կետում ներառված կազմակերպությունները`

1) չպետք է միջամտեն ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչների պարտականությունների կատարմանը.

2) առկայության դեպքում տեսուչներին պետք է տրամադրեն ավիացիոն անվտանգությանն առնչվող այն տեղեկությունները, որոնք նրանք պահանջում են.

3) տեսուչներին չպետք է տրամադրեն կեղծ տեղեկություններ.

4) պետք է ճիշտ և անհապաղ կատարեն տեսուչների գրավոր հրահանգները և հանձնարարականները.

5) պետք է մշակեն թերությունների վերացման գործողությունների ծրագրեր և պլաններ` որակի հսկողության աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու նպատակով.

6) պետք է սահմանված ժամկետներում կատարեն թերությունների վերացման ծրագրերով կամ պլաններով նախատեսված անհամապատասխանությունների վերացման գործողությունները.

7) պետք է ապահովեն տեսուչների կողմից որակի հսկողության աշխատանքների անխափան իրականացումը:

(8.1-ին կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

9. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն ծրագրով սահմանված պահանջներին համապատասխան` քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության աշխատանքներն իրականացվում են կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության սերտիֆիկատ ունեցող հաստիքային աշխատողների` գլխավոր մասնագետ-տեսուչների կողմից, որոնց ընտրության, ուսուցման, մասնագիտական գիտելիքների, ունակությունների գնահատման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը հաստատելու մասին» N 04-Ն և կոմիտեի նախագահի 2022 թվականի մարտի 2-ի «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստումների կարգը հաստատելու մասին» N 73-Լ հրամանների դրույթների համաձայն, մասնավորապես`

1) ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներն իրականացվում են կոմիտեի կողմից նշանակված տեսուչների կողմից, ովքեր որակի հսկողության միջոցառումների իրականացման համար պետք է`

ա. ունենան ավիացիոն անվտանգության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,

բ. տիրապետեն ավիացիոն անվտանգության ոլորտի միջազգային և ազգային փաստաթղթերի դրույթներին,

գ. տիրապետեն ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների իրականացման սկզբունքներին, ընթացակարգերին ու մեթոդներին,

դ. ունենան կոմիտեի կողմից տրված քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության տեսուչի վկայական,

ե. տիրապետեն ավիացիոն անվտանգության որակի հսկողության գործընթացներին,

զ. տիրապետեն անգլերենին, կարողանան կարդալ և ճիշտ մեկնաբանել Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) կամ Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության (այսուհետ` ԵԿԱԿ) ավիացիոն անվտանգությանը վերաբերող փաստաթղթերը,

է. համապատասխանեն ընտրության չափանիշներին:».

2) սույն ծրագրով սահմանված վերահսկողական գործառույթների առաջնահերթություններն ու հաճախականությունը որոշելու համար կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման որակի հսկողության գլխավոր մասնագետ տեսուչների կողմից պետք է իրականացվեն`

ա. ռիսկերի գնահատման միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան հաստատելու մասին» N 03-Ն հրամանով սահմանված կարգով,

բ. ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներն իրականացնել սույն ծրագրի պահանջներին համապատասխան:

(9-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

9.1. (9.1-ին կետն ուժը կորցրել է 11.01.2024 թիվ 41-Ն որոշում)

9.2. Տեսուչների թեկնածուների ընտրությունն իրականացվում է որակի հսկողության միջոցառումների իրականացման համար պարտադիր գիտելիքների, ունակությունների, կարողությունների համար պահանջվող չափանիշների անհրաժեշտ մակարդակի ստուգման նպատակով:

(9.2-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն, 11.01.2024 թիվ 41-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

9.2.1. Տեսուչների մասնագիտական ուսուցումն ու հերթական վերապատրաստումն իրականացվում են որակի հսկողության գործունեության իրականացման համար անհրաժեշտ որակի հսկողության մեթոդներին, սկզբունքներին, ընթացակարգերին և գործելաձևերին տիրապետելու նպատակով: Տեսուչների թեկնածուները պետք է անցնեն նախնական ուսուցում կոմիտեի կողմից ճանաչված մասնագիտական ուսումնական հաստատություններում կամ ԻԿԱՕ և ԵԿԱԿ ավիացիոն անվտանգության ուսումնական կենտրոններում և ստանան տեսուչի վկայական, որից հետո Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 20-Ն հրամանով (այսուհետ` N 20-Ն հրաման) սահմանված կարգով մասնակցեն կոմիտեի կողմից իրականացվող տեսուչների սերտիֆիկացման գործընթացին և սերտիֆիկացման դրական արդյունքների հիման վրա ստանան համապատասխանության վկայական:

(9.2.1-ին կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

9.2.2. Տեսուչների հերթական վերապատրաստումներն իրականացվում են առնվազն երեք տարին մեկ անգամ, իսկ ԻԿԱՕ-ի կողմից որակի հսկողության մասով նոր չափանիշների ընդունման դեպքում` ըստ անհրաժեշտության: Հերթական վերապատրաստումները իրականացվում են սույն ծրագրի 9.2.1-ին կետում նշված ուսումնական հաստատություններում, որից հետո N 20-Ն հրամանով սահմանված կարգով ենթակա են սերտիֆիկացման:

(9.2.2-րդ կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

9.3. Որակի հսկողության աշխատանքներ իրականացնելիս տեսուչների հիմնական խնդիրներն են`

1) որակի հսկողության միջոցառումների նախապատրաստումը և պլանավորումը.

2) որակի հսկողության ենթակա կազմակերպությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը` դիտարկումների, հարցազրույցների, փաստաթղթերի հետազոտման, կիրառվող ընթացակարգերին և կանոններին ծանոթացման, մասնակից աշխատողների հետ հանդիպումների և քննարկումների անցկացման և անհրաժեշտության դեպքում` փորձարկումների իրականացման միջոցով, եթե դրանք նախատեսված են.

3) կատարված որակի հսկողության միջոցառման իրականացման վերաբերյալ հաշվետվության կազմում և որակի հսկման միջոցառման ընթացքում օգտագործված նյութերի (գրառումներ, լուսանկարներ և այլն) ներկայացում կոմիտեի նախագահին.

4) կոմիտեի նախագահին կատարված որակի հսկողության միջոցառումների տարեկան ամփոփ հաշվետվության և վերլուծական տեղեկանքի ներկայացում` անհամապատասխանությունների հիմնական պատճառների վերաբերյալ.

5) կատարված որակի հսկողության միջոցառումների արդյունքների պահպանում և դրանց վիճակագրական վերլուծության իրականացում` ներառյալ եզրակացությունների և առաջարկությունների ամփոփումը.

6) հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման գործընթացին մասնակցություն` մշտադիտարկման միջոցով:

(9.3-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն, 11.01.2024 թիվ 41-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

9.4. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն տեսուչներն իրավասու են անարգել մուտք գործել քաղաքացիական ավիացիայի ծառայություններ և շինություններ, ստուգել վերգետնյա միջոցները, գտնվել օդանավում ինչպես գետնի վրա, այնպես էլ թռիչքի ընթացքում, իսկ պետական օդանավերի դեպքում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, ինչպես նաև իրեն վերապահված լիազորության շրջանակում պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ` ներառյալ համակարգիչներում պահվող տեղեկությունները:

(9.4-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

9.4.1. Կոմիտեի կողմից տեսուչներին տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված ձևի` քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականներ, որոնք կրողին իրավունք են տալիս անարգել մուտք գործելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, օդանավեր և օբյեկտներ, իսկ ավիացիոն անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում կոմիտեի նախագահը կամ նրա կողմից լիազորված պատասխանատու անձինք իրավասու են կասեցնել ստուգման ենթակա օբյեկտի, կազմակերպության հետագա գործունեությունը, արգելել օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության տրամադրումը և պահանջել ձեռնարկել թերությունները վերացնելուն ուղղված համապատասխան գործողություններ:

(9.4.1-ին կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

9.4.2. Տեսուչներն իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն`

1) մուտք գործելու ցանկացած օդանավ` անկախ գրանցման վայրից, երբ այն գտնվում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից որևէ մեկում, բայց առանց միջամտելու թռիչքի պլանին.

2) մուտք գործելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ցանկացած տարածք կամ օդանավակայանում գտնվող օբյեկտ.

3) մուտք գործելու օդանավակայանի տարածքից դուրս գտնվող ցանկացած օբյեկտ, որը պատկանում է ավիացիոն գործունեություն իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպության և օգտագործվում է նրա կողմից օդանավակայանի տարածքում իր գործունեության ապահովման համար.

4) ստուգման ենթարկելու օդանավակայանի տարածքում կամ կազմակերպության օբյեկտում բացահայտված ցանկացած կասկածելի գույք` անկախ սեփականատիրոջից.

5) օդանավ շահագործողներից, օդանավակայանների կառավարիչներից, օդային երթևեկության սպասարկման ծառայություններ մատուցող կամ օդանավակայանի տարածքում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններից պահանջելու որակի հսկողության աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկությունները.

6) հետաձգելու քաղաքացիական օդանավի մեկնումը, եթե առկա են հավաստի տեղեկություններ, որ այդ օդանավը ավիացիոն անվտանգության տեսանկյունից ռիսկային է և վտանգ է ներկայացնում թռիչքների ու ավիացիոն անվտանգությանը.

7) որակի հսկողության ենթակա կազմակերպության ցանկացած աշխատողից պահանջելու տեղեկատվություն, որը կարող է նպաստել ավիացիոն անվտանգության միջոցառումների և ընթացակարգերի գնահատման գործընթացին.

8) որակի հսկողության միջոցառումներին վերաբերող մասով կատարելու գրառումներ, ինչպես նաև ձայնագրումներ, լուսանկարելու ու տեսանկարահանելու, որակի հսկողության միջոցառումների ենթակա կազմակերպության ցանկացած օբյեկտներ, տարածք, գոտի, գործընթացներ և ընթացակարգեր` պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի դրույթները:

(9.4.2-րդ կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

9.4.3. Որակի հսկողության միջոցառումների իրականացման ընթացքում տեսուչներից պահանջվում է`

1) տիրապետել համապատասխան օդանավակայանի, օդանավ շահագործողի և օդանավակայանում գործող այլ կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի պահանջներին, պահպանել մուտքի հսկողության սահմանված կանոնները, եթե այլ բան չի պահանջում Որակի հսկողության գործընթացը.

2) պահպանել ավիացիոն անվտանգության ոլորտի կանոնակարգերի պահանջները.

3) որակի հսկողության միջոցառման ավարտից հետո ստուգման արդյունքների մասին տեղեկացնել ստուգման ենթարկված կազմակերպության ներկայացուցչին.

4) չհետաձգել օդանավի մեկնումն առանց հիմնավոր պատճառների.

5) անհարկի չշեղել որակի հսկողության ենթակա կազմակերպության անձնակազմին իրենց պարտականությունների կատարումից.

6) ապահովել որակի հսկողության իրականացման ընթացքում ստացված տեղեկատվության պաշտպանությունը:

(9.4.3-րդ կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

9.4.4. Որակի հսկողության աշխատանքների իրականացմանը, ըստ անհրաժեշտության, կոմիտեի կողմից կարող են ներգրավվել նաև քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների մասնագետներ և պետական կառավարման համակարգի այլ մարմինների աշխատողներ, որոնք բավարարում են ավիացիոն անվտանգության տեսուչների որակավորման պահանջները և ունեն մասնագիտական պահանջվող պատրաստվածություն:

(9.4.4-րդ կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

9.5. Ավիացիոն անվտանգության աշխատանքների էությունից ելնելով` կարևոր է տեղեկատվության գաղտնիության պահպանումը, ուստի ելնելով թռիչքների անվտանգության ապահովման համար ավիացիոն անվտանգության աշխատանքների կարևորությունից, որակի հսկողության գլխավոր մասնագետ- տեսուչները պետք է խստորեն պահպանեն ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտների, տեսչական գործառույթների, փորձարկումների, ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունները տարածումից:

(9.5-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

9.6. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության գլխավոր մասնագետ-տեսուչները որակի հսկողության միջոցառումների իրականացման ընթացքում պետք է լինեն անկախ, օբյեկտիվ, հուսալի և անաչառ, որը երաշխավորում է վերահսկվող սուբյեկտների հետ համագործակցությունը, աուդիտի արդյունքների ճանաչումը և ցանկացած ուղղիչ գործողությունների արդյունավետ իրականացումը:

(9.6-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

9.7. Անաչառության ապահովման նպատակով այն գլխավոր մասնագետ-տեսուչները, ովքեր անմիջական կապ ունեն որակի հսկողության միջոցառումներին ենթարկվող կազմակերպության հետ (նախկինում աշխատել տվյալ կազմակերպությունում կամ կազմակերպությունում աշխատում են մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր), չպետք է մասնակցեն տվյալ կազմակերպությունում անցկացվող ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացմանը, սակայն, անհրաժեշտության դեպքում, նրանք խորհրդատվության կարգով կարող են օգնել որակի հսկողության միջոցառումներին:

(9.7-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

9.8. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացմանը չեն կարող մասնակցել այն գլխավոր մասնագետ-տեսուչները, ովքեր նախկինում աշխատել են այն կազմակերպությունում, որտեղ պետք է անցկացվեն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներ:

(9.8-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

9.9. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների կազմակերպման ու իրականացման համար կոմիտեն իր բյուջետային միջոցներից հատկացնում է բավարար չափի նյութական և ֆինանսական միջոցներ: Այդ միջոցները տրամադրվում են ծրագրի լրամշակման, որակի հսկողության միջոցառումների իրականացման գործընթացի ապահովման համար, նախատեսված են գործուղումների, տրանսպորտային ծախսերի, գլխավոր մասնագետ-տեսուչների ուսուցման և պարբերական վերապատրաստման, համակարգիչների և այլ տեխնիկական միջոցների, գույքի, փորձարկումների համար անհրաժեշտ փորձանմուշների, ստուգիչ և չափիչ սարքերի, ինչպես նաև տեղեկատվական և մեթոդական ուղեցույցների ձեռքբերման նպատակով:

(9.9-րդ կետը լրաց. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

10. Ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների իրականացումը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու և գնահատելու քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունն ազգային ծրագրով սահմանված չափանիշներին, մասնավորապես`

1) ուսումնասիրել և գնահատել որակի հսկողության ենթակա կազմակերպության ընդհանուր կազմակերպական կառուցվածքը.

2) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից մշակված, կոմիտեի կողմից հաստատված, ներդրված և կիրառվող ավիացիոն անվտանգության ծրագրերի վիճակն ու համապատասխանությունը` ազգային ծրագրով սահմանված չափանիշներին.

3) օդանավակայանների, օդանավեր շահագործողների, օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող կազմակերպությունների և ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավիացիոն անվտանգության մասով որակի հսկողության ներքին ծրագրի առկայությունը և ներքին որակի հսկողության միջոցառումների իրականացումը.

4) որակի հսկողության ենթակա կազմակերպության անձնակազմի անդամների ավիացիոն անվտանգության մասով ուսուցման և վերապատրաստման աշխատանքների վիճակը.

5) օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտի մուտքի վերահսկման, օդանավակայանների անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կիրառման, օդանավերի պահպանման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների, օդանավի մաքրման միջոցների, օդանավ շահագործողի փոստի, օդանավի անձնակազմի անդամների և հատուկ վերահսկելի գոտի մուտքի իրավունք ունեցող աշխատողների, այցելուների և տրանսպորտային միջոցների զննման ընթացակարգերն ու դրանց գործնական կատարման ընթացքը.

6) փոքր ավիացիան սպասարկող օդանավակայանների և թռիչքադաշտերի ենթակառուցվածքներին և օդանավերի թռիչքների դեպքերում ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները.

7) անվտանգության հատուկ միջոցառումներն սպառնալիքների մակարդակի բարձրացման և բարձր ռիսկային թռիչքների դեպքերում.

8) անօրինական միջամտության գործողություններին արձագանքելու պատրաստականությունը.

9) ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող անձանց կողմից կատարվող աշխատանքները.

10) ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով շահագործվող սարքավորումները, դրանց սպասարկման կարգն ու պայմանները:

(10-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

11. Որակի հսկողության աշխատանքների պլանավորումն իրականացվում է կոմիտեի կողմից հաստատված որակի հսկողության տարեկան պլանի հիման վրա: Որակի հսկողության միջոցառումների տարեկան պլանը կազմվում է ըստ առաջնահերթության` որակի հսկողության գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունն ապահովելու համար, իսկ որակի հսկողության միջոցառումների առաջնահերթությունները սահմանելիս հաշվի են առնվում ռիսկերի գնահատման հետևյալը գործոնները`

1) սպառնալիքի գնահատումը և ռիսկերի կառավարման աստիճանը.

2) օդանավակայանում գործունեության ծավալը.

3) թռիչքների հաճախականությունը և ինքնաթիռների շահագործման ծավալները.

4) բեռների, փոստի կամ ավիասննդի մատակարարման գործողությունների ծավալը.

5) անօրինական միջամտության ակտի հավանականությունը կամ բարձր ռիսկային շահագործողների կամ ռիսկային չվերթերի առկայությունը.

6) կոմիտեի և միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ԻԿԱՕ-ն, կողմից իրականացված որակի հսկողության գործողությունների արդյունքները և բացահայտված անհամապատասխանությունները.

7) որակի հսկողության ներքին միջոցառումների արդյունքները.

8) օդանավակայանի, օդանավ շահագործողի կամ վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմնի կողմից ազգային ծրագրով սահմանված պահանջների պահպանման վերաբերյալ տվյալները.

9) նախորդ տարիների ընթացքում անվտանգության ոլորտում տեղի ունեցած պատահարների մասին հաշվետվությունների արդյունքները.

10) նախորդ տարիների ընթացքում օդանավակայանի գործունեության, օդանավերի թռիչքների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության հետ կապված ցանկացած միջադեպի մասին զեկույցները.

11) նախորդ տարվա ընթացքում օբյեկտների կամ օդանավակայանի գործունեության տեղաբաշխման, ինքնաթիռների շարժի, ավիացիոն անվտանգության սարքավորումների ներդրման ու շահագործման հետ կապված փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը.

12) օդանավակայանի կամ օդանավ շահագործողի կամ ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման աշխատանքներում ներգրավված որևէ այլ կազմակերպության հարցումները:

(11-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

11.1. Որակի հսկողության միջոցառումների տարեկան պլանով նախատեսված միջոցառումներից բացի տեսուչների կողմից պետք է իրականացվեն չպլանավորված ստուգումներ, ուսումնասիրություններ, դիտարկումներ և փորձարկումներ, որոնք կարող են կատարվել ամեն անգամ, երբ անհրաժեշտություն է առաջանում գնահատելու ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը, և, երբ քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն սպառնացող նոր գործոններ են առաջանում: Չպլանավորված ստուգումների կատարման միջոցով իրականացնում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության մեկ կամ մի քանի գործող միջոցառումների ու ընթացակարգերի ստուգում` դրանց իրականացման շրջանակն ու արդյունավետությունը որոշելու համար:

(11.1-ին կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

11.2. Չպլանավորված ստուգումների արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն, որը պարունակում է տեղեկատվություն հայտնաբերված անհամապատասխանությունների և դրանց վերացման վերաբերյալ առաջարկություններ: Հաշվետվության հիման վրա ստուգվող կազմակերպությունը մշակում և կոմիտեի հաստատմանն է ներկայացնում բացահայտված անհամապատասխանությունների և թերությունների վերացման գործողությունների ծրագիր:

(11.2-րդ կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

12. Քաղաքացիական ավիացիայի համակարգի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում որակի հսկողության միջոցառումները (աուդիտը, տեսչական ստուգումները, փորձարկումները, ուսումնասիրություններն ու դիտարկումները) անհապաղ դադարեցվում են, և այդ մասին անմիջապես տեղեկացվում է կոմիտեի նախագահին:

(12-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

 

II. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՈՒԴԻՏՆԵՐԸ

 

13. Ազգային ծրագրով սահմանված դրույթների կիրառման արդյունավետությունն ու համապատասխանության գնահատումը կոմիտեի կողմից իրականացվում են որակի հսկողության հետևյալ միջոցառումների կատարման միջոցով`

1) ավիացիոն անվտանգության աուդիտ (այսուհետ` աուդիտ).

2) ավիացիոն անվտանգության տեսչական ստուգում (այսուհետ` ստուգում).

3) ավիացիոն անվտանգության վիճակի ուսումնասիրում և դիտարկում (այսուհետ` ուսումնասիրում և դիտարկում).

4) ավիացիոն անվտանգության փորձարկում (այսուհետ` փորձարկում).

5) ավիացիոն անվտանգության հետ կապված միջադեպերի հետաքննություն (այսուհետ` հետաքննություն):

(13-րդ կետը փոփ. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

13.1. Որակի հսկողության աշխատանքների ընթացակարգն իրականացվում է կոմիտեի նախագահի 2021 թվականի հունիսի 28-ի N 327-Ա հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումների անցկացման ուղեցույցի համաձայն, որը սահմանում է որակի հսկողության գործունեության իրականացման ընթացակարգերն ու գործելաձևերը, ինչպես նաև համապատասխանության դասակարգման համակարգը:

(13.1-ին կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

14. Աուդիտն անցկացվում է որակի հսկողության միջոցառումների տարեկան պլանին համապատասխան: Աուդիտն օդանավակայանի, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների և ընթացակարգերի բոլոր ասպեկտների մանրամասն դիտարկումն է, գնահատելու համար` արդյոք դրանք համապատասխանում են ազգային ծրագրի պահանջներին և կիրառվում են շարունակական հիմունքներով:

(14-րդ կետը փոփ. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

15. Աուդիտները լինում են համալիր և թեմատիկ: Համալիր աուդիտներն իրականացվում են կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի բոլոր պահանջների մանրամասն ուսումնասիրման նպատակով, որի անցկացման ընթացքում ստուգվում են`

1) օդանավակայանի կամ օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրերի դրույթների շարունակական հիմքով կիրառումը.

2) կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների համապատասխանությունը ծրագրի 1-ին կետում նշված փաստաթղթերի պահանջներին:

(15-րդ կետը փոփ. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

16. Թեմատիկ աուդիտներն իրականացվում են հաստատելու համար օդանավակայանի, օդանավ շահագործողի և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրի առանձին մասի դրույթների համապատասխանությունն ազգային ծրագրի` այդ մասին վերաբերող պահանջներին: Ավիացիոն անվտանգության աուդիտներն իրականացվում են կոմիտեի նախագահի հրամանով` տեսուչներից կազմված աշխատանքային խմբի միջոցով:

(16-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն, 15.01.2026 թիվ 60-Ն որոշումներ)

17. Անվտանգության աուդիտի անցկացման մեթոդաբանությունը ներառում է գործընթացի հետևյալ պարտադիր բաղադրիչները`

1) ծանուցում անվտանգության աուդիտ անցկացնելու մասին և անհրաժեշտության դեպքում նախաաուդիտային հարցաշարի տրամադրում.

2) նախապատրաստական փուլ` ներառյալ լրացված նախաաուդիտային հարցաշարի և այլ համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրումը.

3) նախնական խորհրդատվություն կազմակերպության ներկայացուցիչներին` նախքան տեղում միջոցառումների մեկնարկը.

4) տեղում անցկացվող գործողություններ.

5) հետաուդիտային խորհրդատվություն և հաշվետվություն.

6) թերությունների հայտնաբերման դեպքում դրանց վերացման գործողությունների պլան և այդ գործողությունների նկատմամբ համապատասխան վերահսկումը:

18. Անվտանգության միջոցառումների իրականացումը հաստատելու համար աուդիտի անցկացումը պետք է հիմնվի տեղեկությունների հավաքման վրա` հետևյալ եղանակներից մեկի կամ մի քանիսի միջոցով`

1) փաստաթղթերի ստուգում.

2) դիտարկումներ.

3) հարցազրույցներ.

4) փաստաթղթերի վավերականության ստուգում:

19. Տարեկան երկու միլիոնից ավելի ուղևորափոխադրում ունեցող օդանավակայաններում N 17 հավելվածի 4.2-ից 4.6-րդ կետերով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների ստուգման նվազագույն հաճախականությունը պետք է լինի առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ, եթե այդ ընթացքում օդանավակայանում աուդիտ չի իրականացվել:

(19-րդ կետը փոփ. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

19.1. Տարեկան երկու միլիոնից ավելի ուղևորափոխադրում ունեցող նման օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների գաղտնի փորձարկումների նվազագույն հաճախականությունը պետք է լինի առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ` ներառելով առնվազն հետևյալ 6 միջոցառումները`

1) անվտանգության սահմանափակ գոտիներ մուտքի վերահսկողության փորձարկում.

2) օդանավերի պաշտպանության միջոցառումների փորձարկում.

3) անձնակազմի և փոխադրվող իրերի զննման ընթացակարգի փորձարկում.

4) ուղևորների, նրանց ձեռքի և ուղեբեռի զննման ընթացակարգի փորձարկում.

5) զննված ուղեբեռի պաշտպանության միջոցառումների փորձարկում.

6) բեռի կամ փոստի զննման ընթացակարգի և դրանց պաշտպանության միջոցառումների փորձարկում:

(19.1-ին կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

19.2. Այն օդանավակայաններում, որտեղ տարեկան ուղևորափոխադրումների ծավալը չի գերազանցում երկու միլիոն ուղևորը, ապա սույն ծրագրի 19.1-ին կետում նշված պահանջները պետք է համարվեն կիրառելի այն օդանավակայանի համար, որն ունի տարեկան ուղևորափոխադրումների ամենամեծ ծավալը:

(19.2-րդ կետը լրաց. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

20. Աուդիտի արդյունքների հիման վրա հաշվետվություն ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանված են ծրագրի 6-րդ գլխում:

 

III. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՍՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

21. Տեսչական գործառույթներն իրականացվում են կազմակերպությունների կողմից որոշակի ժամանակահատվածի ընթացքում ավիացիոն անվտանգության գործող համակարգի և ընթացակարգերի մեկ կամ միմյանց հետ սերտորեն փոխկապակցված մի քանի ընթացակարգերի իրականացման համապատասխանությունը հաստատելու համար:

22. Տեսչական գործառույթների իրականացման մեթոդաբանության մեջ ներառվում են գործընթացի հետևյալ պարտադիր բաղադրիչները`

1) տեսչական խմբի նախապատրաստական փուլը և պլանի կազմումը.

2) տեսչական գործառույթի ստուգաթերթերի լրացումը.

3) արդյունքների քննարկումը տեսչական գործառույթի ավարտին.

4) հաշվետվություն ներկայացնելը.

5) թերությունների վերացման գործընթացը և դրա վերահսկումը:

(22-րդ կետը փոփ. 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 15.01.2026 թիվ 60-Ն որոշում)

24. Յուրաքանչյուր տեսչական գործառույթի իրականացման համար կազմվող պլանը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

1) որակի հսկողության միջոցառման տեսակը և նպատակը.

2) կազմակերպության անվանումը, գործունեության բնույթը, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներ իրականացնող աշխատողների թիվը, պաշտոնները, ավիացիոն անվտանգության մասով պահանջվող այլ տեղեկատվություն.

3) միջոցառման վայրը, ամսաթիվը և ժամանակը.

4) աշխատանքային խմբի անդամների անունները, ազգանունները և պաշտոնները.

5) աշխատանքների կատարման ժամանակացույցը.

6) կազմակերպության ավիացիոն անվտանգության մասով պատասխանատու անձի անունը, պաշտոնը և աշխատավայրի հեռախոսահամարը:

25. Տեսչական գործառույթն իրականացվում է կոմիտեի պետի հրամանով` ծրագրի 9-րդ կետով սահմանված անձանց ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով: Տեսչական գործառույթն իրականացվում է ծրագրի N 1 ձևով սահմանված ստուգաթերթով և ավիացիոն անվտանգության տվյալ ոլորտի հսկիչ ստուգաթերթով, որը հաստատվում է կոմիտեի պետի հրամանով:

(25-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 420-Ն որոշում)

26. Տեսչական գործառույթի արդյունքների հիման վրա հաշվետվություն ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանված են ծրագրի 6-րդ գլխում:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2017
N 274-Ն
Որոշում