Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԱՏՈՒԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԱՏՈՒԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում                                             Քաղաքացիական գործ

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1922/02/20      թիվ ԼԴ2/1922/02/20

Նախագահող դատավոր`                    Ա. Խառատյան                   2024 թ.

Դատավորներ`                                      Ն. Բարսեղյան

                                                               Դ. Հովհաննիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

 

2024 թվականի հունվարի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Էվոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2022 թվականի որոշման դեմ` ըստ Տիգրան Էվոյանի հայցի ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Էվոյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 16.10.2020 թվականի թիվ 030-Տ հրամանը:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.11.2021 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2022 թվականի որոշմամբ Տիգրան Էվոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Գործի վարույթը կարճելու մասին» 12.11.2021 թվականի որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` գործի վարույթը նորից սկսելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.04.2022 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 16.09.2022 թվականի վճռով Տիգրան Էվոյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2022 թվականի որոշմամբ Տիգրան Էվոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.09.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Էվոյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Մարիանա Դավթյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ ու 7-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 169-րդ և 379-րդ հոդվածները, 414-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ, 131-րդ և 135-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքի հիմնավորումներ վկայակոչել է հետևյալը.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, սահմանելով ապացուցման ենթակա փաստեր, դրանց վերաբերյալ քննություն չի իրականացրել և իր կողմից կայացված վճռում չի կատարել համապատասխան եզրահանգումներ: Ավելին` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն ըստ էության չի քննել ներկայացված հայցը և չի պարզել վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով Դատարանը, եզրահանգելով, որ հարուցված հայցի մասով ինքը չունի իրավական շահագրգռվածություն` այդ հիմքով մերժել է հայցը, չի վկայակոչել Հայաստանի Հանրապետության օրենսդրության այն իրավական նորմը, որը նման կարգավորում է պարունակում: Որպես նշվածի տրամաբանական շարունակություն ինքը նշել է, որ ՀՀ օրենսդրությունն այդպիսի կարգավորում նախատեսող իրավական նորմ չի սահմանել, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, որից հետևում է նաև, որ բողոքարկվող դատական ակտն առհասարակ չի համապատասխանում օրինականության սկզբունքին, քանի որ Դատարանը բողոքարկվող դատական ակտի հիմքում դրել է այն վերլուծությունը, որ ինքը չի ապացուցել հարուցված հայցի մասով իր իրավական շահագրգռվածությունը, և ավելին` քանի որ կողմերի միջև աշխատանքային հարաբերություններն այլևս դադարած են, ուստի իր իրավական շահագրգռվածությունը բացակայում է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը եկել է այն եզրահանգման, որ իր դատական պաշտպանության իրավունքն ունի ձևական բնույթ և հայցը քննության է առել միայն իր իրավական շահագրգռվածության տեսանկյունից, որի հետևանքով անտեսվել է իր նյութական շահագրգռվածության հանգամանքը, ինչպես նաև խախտվել է իր դատական պաշտպանության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

2.1. Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման ամբողջությամբ հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով Դատարան ներկայացված հայցը մերժվել է ոչ թե աշխատանքային հարաբերությունները դադարած լինելու հիմքով, կողմերի միջև վեճն ըստ էության սպառված լինելու հետևանքով, այլ հայցը մերժվել է Դատարանի կողմից գործը բազմակողմանի, օբյեկտիվ քննության, ինչպես նաև կողմերի ներկայացրած բոլոր ապացույցների մանրակրկիտ ուսումնասիրության հետևանքով այն օրինական եզրահանգման հիմքով, որ հայցվորը չի ապացուցել ներկայացված պահանջում իր վկայակոչված փաստերը և հատկապես` վերջինիս ներկայացված պահանջում իրավական շահագրգռվածության առկայությունը: Նման պայմաններում հերքվում է բողոքաբերի այն փաստարկները, որ Դատարանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները քննության է առել և հետազոտել է կրկին անգամ:

Բողոքաբերի բարձրացրած հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները ոչ միայն ճիշտ և օրինական են, այլ նաև բխում են քաղաքացիական դատավարության ու սահմանադրական նորմերով սահմանված անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման նպատակային նշանակությունից` բացառելով դատական պաշտպանության իրավունքը չարաշահելու ցանկացած միտում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և Տիգրան Էվոյանի միջև 08.01.2020 թվականին կնքվել է թիվ ԱՊ 001126 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գ. թ. 13, 14).

2) Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 14.10.2020 թվականի թիվ 029-Տ հրամանի համաձայն` Տիգրան Էվոյանի նկատմամբ կիրառվել է «Նկատողություն» կարգապահական տույժը (հատոր 1-ին, գ. թ. 17).

3) Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 16.10.2020 թվականի թիվ 030-Տ հրամանի համաձայն` Տիգրան Էվոյանի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը (հատոր 1-ին, գ. թ. 12).

4) Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 30.03.2021 թվականի թիվ 063-Կ հրամանի համաձայն` Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և Տիգրան Էվոյանի միջև 08.01.2020 թվականին կնքված թիվ ԱՊ 001126 աշխատանքային պայմանագիրը լուծվել է, ի թիվս այլնի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (հատոր 2-րդ, գ. թ. 26):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունը դադարած լինելու դեպքում աշխատողի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցը մինչև աշխատանքային հարաբերությունների դադարելը կիրառելու վերաբերյալ անհատական իրավական ակտը վիճարկելու աշխատողի իրավական շահագրգռվածությանը:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և նախկին աշխատավայրերում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն` կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով` տվյալ կարգապահական տույժը կիրառելու մասին իրավական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներով իրավական դիրքորոշումներ է արտահայտել ինչպես անձի դատական պաշտպանության իրավունքի, այնպես էլ այդ իրավունքի իրականացման համար առանցքային նշանակություն ունեցող «իրավական շահագրգռվածության հարցի» վերաբերյալ: Մասնավորապես ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.

1. հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,

2. ներկայացված հայցի նպատակը արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, ու հնարավո՞ր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):

Այսինքն` ցանկացած դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայությունն է հնարավոր դարձնում քաղաքացիական դատավարության կարգով համապատասխան հայց հարուցելը խախտված իրավունքների պաշտպանության նպատակով (տե՛ս Սահակ Կարապետյանն ընդդեմ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԼԴ2/0145/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, ու վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն ու ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):

ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատել այս հասկացությունն ու պարզել, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն (տե՛ս Սահմանադրական դատարանի 05.05.2017 թվականի ՍԴՈ-1365 որոշման 6-րդ կետը):

Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ գործը քննող դատարանը, ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից, պարտավոր է գնահատել հայցվորի` գործի ելքում իրավական շահագրգռվածություն ունենալու հանգամանքը:

Անդրադառնալով կարգապահական տույժի իրավաչափության վիճարկման գործերով կարգապահական տույժի ենթարկված անձի իրավական շահագրգռվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը իրավաբանական փաստ հաստատող անհատական իրավական ակտ է և այն պետք է պարունակի աշխատանքային կարգապահությունը խախտելու փաստական հիմքեր, որպիսի հիմքերի իրավաչափության դատական վերահսկողական իրավական հնարավորություն կարգապահական պատասխանատվության ենթարկված անձը ցանկացած դեպքում պետք է ունենա` անկախ կարգապահական տույժի մարված լինելու և (կամ) աշխատանքային հարաբերությունները դադարած լինելու հանգամանքից: Այլ կերպ` կարգապահական տույժ նշանակելու մասին անհատական իրավական ակտի հիմքում դրվում է աշխատողի աշխատանքային կարգապահությունը խախտելու փաստը, որպիսի փաստը չընդունելն արտահայտում է կարգապահական տույժի մասին անհատական իրավական ակտը վիճարկելու աշխատողի իրավական շահագրգռվածությունը: Այսինքն` կարգապահական տույժի ենթարկված ցանկացած անձ, անկախ նրանից կարգապահական տույժ նշանակելու որոշումը անմիջական իրավական հետևանք կարող է առաջացնել թե` ոչ, պետք է իրավունք ունենա դատական կարգով բողոքարկելու իր նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոց նախատեսող անհատական իրավական ակտը, քանի որ այն պարունակում է աշխատանքային կարգապահությունը խախտելու փաստ, ինչն իրավաբանորեն հերքելու իրավունքով անձը պետք է օժտված լինի:

Բացի այդ, կարգապահական պատասխանատվության ենթարկված անձի` կարգապահական տույժը վիճարկելու իրավական շահագրգռվածությունն արտահայտվում է նաև նրանով, որ կարգապահական տույժի կիրառման իրավաչափության դատական կարգով քննության չենթարկելն աշխատողի նկատմամբ կարող է առաջացնել անբարենպաստ հետևանքներ: Մասնավորապես` աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելը բացասական ազդեցություն կարող է ունենալ աշխատանքի ընդունվելու նրա հետագա հնարավորության վրա, քանի որ նախկին աշխատավայրում իրեն բնութագրող փաստաթուղթը, որը տեսականորեն կարող է լինել նաև ոչ իրավաչափ անհատական իրավական ակտը, կարող է խախտել վերջինիս իրավունքները:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը, զարգացնելով դատական պաշտպանության իրավունքի իրավական շահագրգռվածության հարցի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները և անդրադառնալով կարգապահական տույժի իրավաչափությունը վիճարկելու գործերով կարգապահական տույժի ենթարկված անձի իրավական շահագրգռվածությանը, արձանագրում է, որ կարգապահական տույժի իրավաչափությունը վիճարկելու հայցով աշխատողի իրավական շահագրգռվածությունն առկա է` անկախ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները դադարված և (կամ) կարգապահական տույժը մարված լինելու հանգամանքներից:

 

Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Տիգրան Էվոյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության` պահանջելով անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի 16.10.2020 թվականի «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին» թիվ 030-Տ հրամանը:

Դատարանը 16.09.2022 թվականի վճռով հայցը մերժել է և նշել, որ չի քննարկում վեճը սպառված լինելու կամ չլինելու հարցը, քանի որ այդ հարցի վերաբերյալ սույն գործով իր 18.02.2022 թվականի որոշմամբ վերջնական և պարտադիր եզրահանգում է կատարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը` արձանագրելով, որ վեճը սպառված չէ ու գործն ուղարկել է նոր քննության: Դատարանը, հիմք ընդունելով այն իրողությունը, որ վեճը չի սպառվել, քննարկել է հայցվորի իրավական շահագրգռվածության հարցը, այլ ոչ թե վեճի սպառումը: Դատարանը գտել է, որ դատական ծախսերի առկայության վերաբերյալ ապացույցներով և այդ ծախսերի հատուցման հայցվորի ակնկալիքներով չի ապացուցվում ներկայացված պահանջում հայցվորի իրավական շահագրգռվածությունը:

Վերաքննիչ դատարանը 21.12.2022 թվականի որոշմամբ, մերժելով Տիգրան Էվոյանի վերաքննիչ բողոքն արձանագրել է, որ բողոքաբերը Դատարանում զրկված չլինելով իրավական շահագրգռվածության վերաբերյալ այլ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից` չի իրացրել իր դատավարական իրավունքը և չի ներկայացրել վերաքննիչ բողոքում նշված դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, ավելին, հայցվորն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին Դատարանի 13.07.2022 թվականի որոշման վերաբերյալ «Դիրքորոշում» է ներկայացրել, որով հայտնել է, որ ներկայացրած պահանջում իրավական շահագրգռվածություն ունենալու հանգամանքը պայմանավորված է դատական ծախսերի փոխհատուցմամբ, իսկ դատական ծախսերի հատուցման հայցվորի ակնկալիքներով չի ապացուցվել ներկայացված պահանջում հայցվորի իրավական շահագրգռվածությունը, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել է Դատարանը:

Վերը նշված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չի համարում, քանի որ տվյալ դեպքում Տիգրան Էվոյանը, համաձայն չլինելով «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ նախատեսող անհատական իրավական ակտի իրավաչափության հետ, վիճարկել է այն` ունենալով իրավական շահագրգռվածություն` անկախ Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի և Տիգրան Էվոյանի միջև 08.01.2020 թվականին կնքված թիվ ԱՊ 001126 աշխատանքային պայմանագիրը լուծելու հանգամանքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալու մասին, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 21.12.2022 թվականի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը,

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=30962247438298017

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.01.2024
N ԼԴ2/1922/02/20
Որոշում